Մինչև 19-րդ դարի սկիզբ Երևանում եղել է 8 շիա պարսկական մզկիթ։ Խորհրդային միության տարիներին մզկիթները ոչնչացվել են՝ կրոնի հանդեպ պետական անհանդուրժողականությունից ելնելով։ Ամբողջությամբ պահպանվել է միայն Կապույտ մզկիթը՝ շնորհիվ Եղիշե Չարենցի և այլ հայ մտավորկանների ջանքերի։
Կապույտ մզկիթը կառուցվել է 1766 թ-ին։ Խորհրդային տարիներին մզկիթը ծառայել է որպես Երևանի պատմության թանգարան։ Հայաստանի անկախացումից հետո մզկիթը հանձնվել է Իրանի կառավարությանը՝ որպես կրոնական կառույց։ Մզկիթը վերակառուցվել է 1994-1998 թվականներին։ Հայաստանի փոքրիկ պարսկական համայնքի համար մզկիթը ոչ միայն կրոնական, այլ նաև մշակութային և համայնքային կենտրոն է։ Այստեղ անց են կացվում հայերեն և պարսկերեն լեզուների դասընթացներ։ Մզկիթի տարածքում գործում է գրադարան և, ինչքան էլ որ զարմանալի չթվա, նաև ատամնաբուժարան։
Մզկիթի հոգևոր առաջնորդը Իմամ Մահմուդն է, ով Հայաստան է եկել 2018-ին։ Մզկիթում աղոթքներ լինում են ամեն օր, օրվա ընթացում 3 անգամ։ Սակայն Իմամ Մահմուդը նշում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, մարդկանց թիվը նվազել է։ Երեկոյան աղոթքը սկսվում է 18:30-ին։ Բուն աղոթքից հետո տեղի է ունենում Ղուրանի ընթերցում, այնուհետև քարոզ՝ տեղական համայնքին հուզող հարցերի շուրջ։