Հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող ենք հասնել Շորժայի նկարիչների պանսիոնատ։ Աշոտը երկար բացատրում էր, հետո առաջարկեց մեզ տեղ հասցնել։ Քարքարոտ ճանապարհի կեսին Աշոտը պատմում էր, որ տաքսիները 1 500-2 000 դրամով են պանսիոնատ հասցնում, եթե ճանապարհը լավը լիներ, ինչպես Աշոտն էր նշում, 500 կարժենար։ Մեզնից գումար չվերցրեց, ասաց՝ ,կսպասեմ, եթե շուտ եք ավարտելու։
1974 թվականին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը այս ամառանոցը նվիրել է Նկարիչների միությանը։ Տարբեր ժամանակներում այստեղ ստեղծագործել են հայ անվանի նկարիչներ, օրինակ՝ Հակոբ Հակոբյանը, Մարիամ Ասլամազյանը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք։ Այցելության օրն այնտեղ ստեղծագործում էին մեր սերնդի նկարիչները։
Վերադարձին հանդիպեցինք Արմեն Գաբրիելյանին՝ թոռների հետ։ Նրանք պատի տակ սպասում էին ոչխարների տուն գալուն։ Գյուղում հիմնականում զբաղվում են անսանապահությամբ։ Արմենի թոռները՝ Գոհարիկը և Ռուբինան պտտվում էին պապի շուրջը, ծիծաղում, զրուցում մեզ հետ։ Երևում էր, որ նկարվել սիրում են, չնայած փորձում էին հակառակը համոզել։
Սպասե՛ք, Արթուրը գա, ինքն էլ նկարվի,- ասաց աղջիկներից մեկը։
Արթուրը եկավ, բարկացավ քույրերի վրա, պարզվեց՝ նկարվել չի սիրում։