Խորհրդային Միության ժամանակների սերունդը, հավանաբար, ժպիտով կհիշի Սևանի Ռակետա նավերը: Ռակետաների մասին շատ եմ լսել, ասում են, որ այն Խորհրդային միության ժամանակ զբոսաշրջային պարտադիր այցելության կետերից էր, ով այցելում էր Սևան, պետք է նավով զբոսներ. Ռակետաները երկուսն են եղել։ Ասում են՝ նավավարները միշտ կոկիկ հարդարված նավավարի համազգեստով էին, ոչ թե հողաթափ-շապիկներով…
Սեպտեմբերի 26
Ռակետաներից մեկի մեջ եմ… չէ, կոկիկ հարդարված նավավարը չկա, ոչ էլ զբոսաշրջիկներին եմ տեսնում: Արտաքուստ Ռակետա նավը սիրուն համադրվում է Սևանի կապույտի հետ, որ հետևից ուշադիր եմ նայում, թվում է՝ դեռ լողում է: Ներսի պատկերն ինձ համար տխուր է. պարզվում է՝ Ռակետա նավը երկրորդ կյանքում ռեստորան է եղել, որի գործունեության դադարից հետո՝ հիմա, նավը կիսաքանդ ու լքված մնացել է Սևանի ափին, շատ դեպքերում էլ այն ոչխարների ու կովերի համար լավ հանգստավայր է:
Ամեն ինչ շատ սիմետրիկ ու Խորհրդային Միության բնորոշ ճարտարապետական լուծումներով է: Դեռ չեմ ուզում գուգլել, դեռ հավես է, բացահայտում եմ, ներսում եմ… Դե՜, կիսաքանդ վիճակ, մեկ-մեկ մտածում եմ՝ իմ ծանրությունից հատակը կփլվի ու ես էլ կդառնամ Ռակետայի ու էս շինության նման կիսաքանդ, դե կամ էլ քանդ…չգիտեմ 😀
Բակում լողավազան է, որը կրկնօրինակում է Սևանի ուրվագիծը:
Չէ, բայց իրոք, շա՜տ սիրուն է, պատշգամբները, պատուհանները: Ամենասիրունը երրորդ հարկի պատշգամբն է. Էստեղից Սևանը Ատլանտյան օվկիանոսին իր հմայքով չի զիջում: Մինչև վերջին հարկ չեմ բարձրանում, արդեն ասացի՝ վտանգավոր է, բայց արդեն տպավորված եմ : Գիտե՞ս, կիսաքանդ է էլի, վատ վիճակում, բայց հիմա ինձ էստեղ ամեն ինչ տպավորում է, չգիտեմ, գուցե երկրորդ անգամ գամ ու դառնա սովորական, բայց էս շենքի կիսաքանդ լինելն ինձ չի հուզում:
Մի խոսքով Խորհրդային միության ժամանակվա պանսիոնատ է` արդեն լքված: Մարդիկ եկել են` իրենց արձակուրդը էստեղ անցկացնելու. ափը հարմար ու սիրուն է, հիմա մաքրությամբ չի փայլում, բայց ժամանակին ամենամաքուր ափերից է եղել:
Հիմա էլ գնում եմ Սևանի ազգային պարկ…Սպիտակ ավազով պատված ափ Սևանում առաջին անգամ էի տեսնում: Էստեղ մտնելն արգելվում է, որովհետև տարածքը բնապահպանական կարևոր նշանակության կետ է, որը վերահսկվում ու պահպանվում է : Դե, լրագրողական մի փոքր համառության շնորհիվ կարողացա մտնել էս սիրուն ափ:
Պարկի տարածքում արգելվում են տարատեսակ միջոցառումները, ինձ էլ թույլ չտվեցին շատ լուսանկարել:
Սեպտեմբերի 26-ը դեռ երկար եմ հիշելու, փաստորեն՝ Սևանը թաքնված ու սիրուն շատ տարածքներ ունի: Ռակետաները, պանսիոնատը ինձ համար մի քանի ժամով կենդանացան, բայց հիմա, որ գնամ, էլի իրենք լքված ու կիսաքանդ են մնալու: