Լրագրող եմ ու վավերագրող ռեժիսոր: Հետք Մեդիա Գործարանի ուսանողներին օգնելու եմ իրենց գաղափարները ներկայացնել վիդեո պատմությունների ձևաչափով:


Լրագրությունը որպես մասնագիտություն սկսել եմ ուսումնասիրել 2006 թ-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2010 թ-ին ուսումնական պրակտիկաս անցել եմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնում, որտեղ շարունակել եմ աշխատել մոտ երկու տարի:

2011-12 թթ. լրագրություն ու մեդիա մենեջմենթ եմ ուսումնասիրել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA):

 

2014-ից աշխատել եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (ՄՆԿ)՝ սկզբում որպես ծրագրի համակարգող, ապա՝ կազմակերպության հաղորդակցության մենեջեր: ՄՆԿ-ի media.am կայքում հեղինակել եմ «Դեպքի վայրում» շարքը՝ կարևոր իրադարձությունների կիզակետում հայտնվող լրագրողների մասին:

Որպես ֆրիլանսեր պատմություններ եմ պատրաստել տարածաշրջանային chai-khana.org հարթակի, «Երևան» ամսագրի, imyerevan.com կայքի համար:

 

Իմ ընկեր-գործընկեր Մարինե Քոչարյանի հետ համահեղինակել եմ երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»-ը (2014 թ.) և «Մուրատ»-ը (2017 թ.), որոնք մասնակցել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոների:  

Ֆիլմարտադրության ոլորտում ակադեմիական կրթության բացը լրացնելու ժամանակն էր. 2019-ից «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի աջակցությամբ սովորում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) «Էթնոգրաֆիկ և դոկումենտալ ֆիլմարտադրություն» բաժնում:

Կրթության ոլորտում ներգրավվել եմ 2018 թ-ից. «ՋԻՊԱ Մեդիա Լաբ» ծրագրի շրջանակում որպես դասախոսի օգնական Ջավախքի ավագ դպրոցականներին աջակցել եմ իրենց մեդիա նախագծերը զարգացնելու ու իրականացնելու գործում:

Հետք Մեդիա Գործարանի թիմին միանալով՝ ուզում եմ Հայաստանի մեդիա կրթության ոլորտում այս նոր ու հետաքրքիր մշակույթի ձևավորման մաս դառնալ: Կարծում եմ` ուսանողների հետ միասին կստանանք միջավայր, որտեղ կստեղծագործենք, կոգևորվենք ու կսիրենք մեր մասնագիտությունը:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: