Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը (բակալավր): 2006-ին, երբ դեռ երկրորդ կուրսի ուսանող էի, միացել եմ «Հետքին»: Մինչ այդ՝ 2005-2006 թթ., թղթակցել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 2009-2010 թթ. էլ Արցախի պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի լրագրող եմ եղել: Մինչեւ հիմա աշխատում եմ «Հետքում»:

Ժամանակի ընթացքում ինձ համար նախապատվելի են դարձել սպորտին, ավիացիային և պաշտոնյաների օտարերկրյա ունեցվածքին վերաբերող թեմաները: Ընդհանրապես, սիրում եմ ժամանակ անցկացնել տարբեր արտասահմանյան ռեգիստրներում: Հայ պաշտոնյաների գույքի և ընկերությունների համատեղ հետաքննությունների փորձ ունեմ արտասահմանցի (Չեխիա, Բուլղարիա, Ուկրաինա) գործընկերների հետ: Հետաքննություններս հրապարակվել են ոչ միայն «Հետքում», այլև OCCRP-ում (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ), որի անդամ է «Հետքը»:

Տարբեր տարիների մասնակցել եմ վերապատրաստման դասընթացների Երևանում, Թբիլիսիում, Բեռլինում: Համոզված եմ, որ գործնական աշխատանքին զուգահեռ լրագրողը պետք է միշտ ձգտի նոր գիտելիքներ ստանալ, քանի որ հատկապես հիմա աշխարհը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, իսկ լրագրողները պետք է միշտ մատը այդ զարգացումների ու փոփոխությունների զարկերակի վրա պահեն:

Մասնակցել եմ Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի (GIJN) կազմակերպած վերջին 3 կոնֆերանսներին (2015, 2017, 2019 թթ.), ինչպես նաև լրագրողական կոնֆերանսների Ուկրաինայում եւ Էստոնիայում, որոնցում ներկայացրել եմ հետաքննական լրագրության հայկական փորձը: Արտասահմանցի գործընկերների հետ նոր կապերի ձևավորումը հետաքննող լրագրողի կարևորագույն գործիքներից է, ինչը հնարավորություն է տալիս, մասնավորապես իմ դեպքում, պաշտոնյաների բիզնես գործունեությանը հետևել նաև արտերկրում՝ օգտագործելով տվյալ երկրի տեղեկատվական բազաներն ու ինֆորմացիոն հոսքերը:

Չնայած հետաքննությունների մեջ փաստերի ստուգումը միշտ էլ ունեցել է և հիմա էլ ունի իր կարևոր տեղը, փաստերի ստուգման ոլորտի մեջ խորացել եմ այս տարվանից: Ծրագիր ունենք «Հետքում» փաստերի ստուգման թիմ ձևավորել: Ընդհանրապես թիմային աշխատանքը «Հետքի» կողմից կիրառվող էֆեկտիվ ու սիրված մեթոդներից մեկն է: Այս տարի մասնակցել եմ փաստերի ստուգման դասընթացավարների վերապատրաստման՝ կանադացի հայտնի մասնագետի ղեկավարությամբ: Հատկապես վերջին տարիներին մեծ կարևորություն ստացած այս ոլորտը հայկական լրատվամիջոցների կողմից դեռ լայն ճանաչում չունի, բայց կարծում եմ, որ «fake news»-ի ներկա դարաշրջանի զարգացումները տեղական մեդիային ստիպելու են գոնե մասամբ փոխել մոտեցումը և փաստերի ստուգմանը շատ ավելի լուրջ մոտենալ: 

 

Ուրախ կլինեմ փորձս ու գիտելիքներս փոխանցել մեր ուսանողներին և գործընկերներին: 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: