
Ես բանասեր եմ, ավարտել եմ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը:
Լրագրությունը` որպես մասնագիտություն, խորությամբ ուսումնասիրելու ցանկությունը դեռ վաղուց եմ ունեցել և ուրախ եմ, որ այժմ սովորելու եմ Հետք Մեդիա Գործարանում, որտեղ ազատ մտածելու, ամենատարբեր մտքերը քննարկելու, ստեղծագործելու, որակյալ և գրագետ մեդիա արտադրանք ստեղծելու հնարավորություն եմ ունենալու: Մանկուց լուսանկարչության արվեստին տիրապետելու և լուսանկարների
միջոցով կենդանի պատմություններ պատմելու թաքուն երազանք եմ ունեցել և շատ ուրախ եմ, որ հենց այս ծրագրի շրջանակում եմ քայլելու երազանքիս հետքերով:
2017 թվականին մասնակցել եմ ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող կանանց մենթորական ծրագրին, որի շրջանակում իմ մենթորի օգնությամբ առաջին անգամ սկսել եմ հոդվածներ գրել հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ:
Այնուհետև մասնակցել եմ Օքսֆորդի համալսարանի կողմից իրականացվող Eurasian Female Ancestors ծրագրին, որի շրջանակում հոդված-պատմություն եմ պատրաստել մեր ժամանակներում ապրող հայ ֆեմինիստ կնոջ մասին: Այս ծրագրին մասնակցելու արդյունքում սկսեցի ուսումնասիրել մեր օրերում ապրող ժամանակակից կանանց պատմություններ և հիմա հանդես եմ գալիս «Կանայք մեր ժամանակներում» նախաձեռնությամբ, որի շրջանակում փոդքասթեր եմ պատրաստում մեր ժամանակներում ապրող ամենատարբեր կանանց մասին:
Բանասիրությանը և լրագրությանը համընթաց աշխատում եմ «Արևիկ» հրատարակչությունում որպես ծրագրերի ղեկավար, որտեղ իրականացնում ենք «Ամեն բարություն» բուլինգի իրազեկման ծրագիրը:
Սովորելով Հետք Մեդիա Գործարանում` նպատակ ունեմ ստացածս գիտելիքները ծառայեցնել որակյալ մեդիա արտադրանք ստեղծելուն և դրանք ժամանակի պահանջներին համապատասխան ներկայացնելուն: