
«…Պոետ և փիլիսոփա, երաժշտագետ, աշխարհագետ, սուսերամարտիկ, նաև հեգնաբան, ինչպես ճամփորդ օդային, այլև սիրահար, բայց ոչ իր օգտին Հերկյուր-Սավինիեն Սիրանո դը Բերժերակ, որ ամեն ինչ էր…. և միայն Ոչինչ…»:
Էդմոն Ռոստանի այս տողերը ավաղ իմ մասին չեն, բայց կան ընդհանուր եզրեր:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ աշխարհագրության բաժին, ուսման կեսից պարտադիր զինվորական ծառայություն (բանակի գերազանցիկ կրծքանշան, ավագ զինվորական կոչում)։
Մեկնում երկրից, երկար ճամփորդություն, որոնումներ (այդ ընթացքում հասցրի լինել շինարար, խոհարար, ձեռներեց..)։
24 տարեկանում` վերադարձ Երևան, երաժշտություն, ալտ: 25 տարեկանում ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա: Կոնսերվատորիական ընկերներով կազմեցինք «Վելվետ» լարային քառյակը, ստեղծեցինք «Ad
libitum» ազատ արվեստակիրների ուսանողական նախաձեռնությունը:
Ավարտելուց հետո՝ գումարելով բոլոր հակումները, նոր ներքին պահանջմունքները, մղումները ստացվեց մի հանրագումար՝ ժուռնալիստիկա, «մասնագիտություն, որ ձեզ կպահի երիտասարդ ու ապստամբ՝ ձեր ողջ կյանքի ընթացքում» (Խորխե Ռամոս):
Այս նոր ճանապարհի վրա, փորձերի ու որոնումների անորոշության մեջ Հետք Մեդիա Գործարանում սովորելու հնարավորությունը հայտնվեց փարոսի պես, որպես «մի բան, որ իրոք շատ ես ուզում, լինում է»։