
Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետի չորրորդ կուրսում, ապագա ծրագրավորող եմ: Մաթեմատիկական ճշգրիտ առարկաներից բացի հետաքրքրվում եմ նկարչությամբ: Ավելին, նկարչությունը համարում եմ իմ տարերքը:
2008–2016 թթ. ավարտել եմ «Կտորի գեղարվեստական ձևավորման» (բատիկայի) դասընթացը, որով մինչ օրս զբաղվում եմ: Ազատ գրաֆիկով աշխատում եմ որպես նկարիչ: Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների և մրցույթների, որոնցից կառանձնացնեմ «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդես-մրցույթը. աշխատանքս իմ տարիքային խմբում ճանաչվել է հաղթող ու երկու ամիս շարունակ ցուցադրված է եղել ՀՀ Ազգային ժողովում:
2019 թվականին անցնելով հայաստանյան նախընտրական փուլը՝ մասնակցել եմ Մոսկվայի Բաումանի համալսարանի կողմից կազմակերպվող տիեզերագնացության միջազգային դպրոցին: Այնտեղ ուսումասիրել ենք տիեզերքը, կազմել ենք մարդկանց Մարս ուղարկելու ամբողջական ծրագիր՝ ճշգրիտ հաշվարկներով, որը ապագայում կարող է նաև իրականացվել: Ծրագրի շրջանակներում այցելել ենք Մոսկվայում գտնվող Mission control center-ը, ուղիղ կապով զրուցել այդ պահին տիեզերքում աշխատող մարդկանց հետ:
2019թ. հոկտեմբերին փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ սովորել եմ Լեհաստանի Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանում: Մասնագիտական առարկաներից բացի, այնտեղ ուսումնասիրել եմ նաև նկարչություն և լեհերեն:
Սիրում եմ զբաղվել ինքնազարգացմամբ, միշտ փորձում եմ ինքս ինձ մարտահրավերներ նետել և բացահայտել նորը: Ինֆորմացիայի ճիշտ ընկալումն ու մատուցումը համարում եմ հասարակական կյանքի գլխավոր բացերից մեկը:
Սովորելով Հետք Մեդիա Գործարանում՝ հուսով եմ, որ կունենամ իմ փոքրիկ ներդրումը ինֆորմացիայի արդարացի ու ճշգրիտ ներկայացման մեջ: