
Ես լրագրող եմ, ղեկավարում եմ Հետք Մեդիա Գործարանի թիմի աշխատանքները։ Ես պատասխանատու եմ թիմի անդամների և ուսանողների ազատ ինքնարտահայտման միջավայրի ապահովման համար։ Հետք Մեդիա Գործարանն ինձ համար կրթվելու, ստեղծագործելու, համագործակցելու և ստեղծելու վայր է։
2009թ-ից աշխատում եմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում՝ սկզբում որպես բլոգեր, այնուհետև որպես մուլտիմեդիա պատմություններ պատմող և տվյալներ ուսումնասիրող լրագրող։
Իմ (համա)հեղինակած հոդվածների արդյունքում քրեական պատասխանատվության է ենթարկվել գիշերօթիկ դպրոցի տնօրեն՝ յուրացումներ անելու համար, բացահայտվել է Երևանում գործող կազմակերպված հանցավորության խումբ, վերանայվել և փոփոխվել են որոշումներ։
Մասնակցել եմ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի «Տրոյկա լանդրոմատ» միջազգային հետաքննությանը, որն արժանացել է 2020թ-ի Սիգմա մրցանակին՝ որպես տվյալների լրագրության լավագույն օրինակ։
2016 – 2018թթ.-ին Ֆուլբրայթ ծրագրի շնորհիվ սովորել եմ ԱՄՆ Արևմտյան Վիրջինիայի համալսարանի լրագրության մագիստրատուրայում։ Որպես ավարտական աշխատանք հիմնել եմ «Հետքի» տվյալների լրագրության թիմը, և միասին ստեղծել ենք հայ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերի բաց տվյալների շտեմարանը՝ data.hetq.am-ը։ Իմ համահեղինակած երկու հետազոտական հոդվածներ արժանացել են առաջին և երկրորդ մրցանակների՝ ԱՄՆ Հեռարձակման կրթական ասոցիացիայի գիտաժողովի շրջանակում։
2011 – 2012թթ-ին սովորել եմ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) լրագրության մագիստրատուրայում։ 2010 – 2011թթ.-ին իրականացրել եմ Եվրոպական կամավորական ծառայություն՝ Լիտվայի Վիևիս գյուղի սոցիալապես ծանր իրավիճակում հայտնված երեխաների ցերեկային կենտրոնում։ 2006 – 2010թթ.-ին սովորել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։