Միացել եմ Հետք Մեդիա Գործարանի թիմին 2020 թվականին։ Ղեկավարում եմ Մեդիա Գործարանի կրթական բաժինը՝ դասախոսների և ուսանողների՝ նորարարական մեթոդներով դասավանդելու և ուսում ստանալու գործընթացը։ 

Բարձր եմ գնահատում նախագծի նպատակը՝ լրագրությամբ հետաքրքրվողների համար հասանելի մի հարթակ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի և՛ կրթվել, և՛ ստեղծագործել։

 

Երջանիկ եմ, որ կարող եմ իմ փորձն ու գիտելիքները ներդնել այս հրաշալի նախագծում և նպաստել դրա կայացմանն ու զարգացմանը։ 


Երկար տարիներ աշխատում եմ կրթական ոլորտում։ Կարծում եմ, որ ցանկացած մարդ այս աշխարհում կրթվելու իրավունք ունի և ուժերիս ներածին չափով փորձում եմ իմ ներդրումն ունենալ կրթական նոր հարթակների ստեղծման և զարգացման գործում։ 2013-2019 թվականներին համակարգել եմ Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրերը, որի շրջանակներում հարյուրավոր ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ հնարավորություն են ստացել մասնակցել ազատ գիտելիքի ստեղծմանը Հայաստանի ամենամեծ առցանց հանրագիտարանում՝ Վիքիպեդիայում։ 


2013 թվականին մի շարք երկրների կրթական ծրագրերի ղեկավարների հետ հիմնադրել ենք «Վիքիպեդիա Կրթական համագործակցություն» ցանցը, որտեղ մասնակիցները կիսվում են իրենց գիտելիքներով և փորձով՝ աջակցելով այլ կրթական ծրագրերի հասնել իրենց առջև դրած նպատակներին։


Շուրջ 9 տարի է, ինչ զբաղվում եմ առցանց կամավորությամբ։ Իմ կարծիքով կարևոր է ոչ միայն ինչ-որ բան ստանալը, այլև տալը։ Բացի այդ, կամավորությունն ինքնակրթվելու հրաշալի հնարավորություն է․ Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի, Կոնգրեսի գրադարանի և Գուտենբերգի նախագծի ակտիվ կամավորներից եմ։ 


2008 թվականին ավարտել եմ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ եմ։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: