Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոց

Մեդիան մշտապես համարվել է կառավարության աշխատանքը վերահսկող կարևորագույն օղակ։ Հանրային վերահսկողության մեխանիզմների թուլացման պայմաններում՝ անգամ ամենավստահելի կառավարությունները կարող են ձախողել թափանցիկ կառավարման, կոռուպցիայի կանխարգելման և հաշվետվողականության մեխանիզմների ձևավորման գործընթացը։ Մեդիայի հրապարակումների շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բացահայտվել են կոռուպցիոն խոշոր գործարքներ, հրաժարական են տվել պաշտոնյաներ։

Հայաստանի կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է իրագործվել գիտելիքահեն և ուժեղ մեդիայի օգնությամբ, որը, բացի կոռուպցիոն գործընթացների բացահայտումից, պետք է նաև հանրությանը իրազեկի հաշվետվողական կառավարման պրոցեսների վերաբերյալ։

Հետք Մեդիա Գործարանը նախաձեռնել է Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան առցանց դպրոցը, որի նպատակն է ստեղծել համագործակցային կրթական միջավայր, որտեղ գործող/ապագա լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և պետական հատվածի աշխատակիցները ինտերակտիվ մեթոդով կուսումնասիրեն «կոռուպցիա» երևույթը։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցում սովորելն անվճար է։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրելու են՝

  • տեղական և միջազգային մեդիայում կոռուպցիան հետաքննելու մեթոդները՝ օֆշորային գործարքներ, փողերի լվացում, կեղծ ընկերությունների ցանցեր և այլն,
  • կոռուպցիայի մարդաբանական և մշակութային առանձնահատկությունները,
  • տեղական և միջազգային բաց տվյալների շտեմարաններ. ընկերությունների ռեգիստր, գնումներ, հանքարդյունաբերություն, պաշտոնյաներին փոխկապակցված անձինք, համայնքային և պետական բյուջեներ,
  • համընդհանուր հակակոռուպցիոն օրենքները և կարգավորումները։

 

Դասախոսությունները վարելու են տեղի և միջազգային մասնագետներ՝ լրագրողներ,  իրավաբաններ և այլն։ Դպրոցի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև պետական և քաղաքական գործիչների։

Դասընթացի օրեր և ժամեր

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցը բաղկացած է տեսական և գործնական մասերից։

 

Առաջին հերթափոխի տեսական դասընթացը տևելու է մեկ ամիս՝ սեպտեմբերի 7 – հոկտեմբերի 1-ը՝ երկուշաբթիից հինգշաբթի օրերին, ժամը 19։00-21։00-ն։

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին մասնակիցներն անցնելու են թեմատիկ դասընթաց, չորեքշաբթի օրերին՝ տեղի է ունենալու հրավիրյալ բանախոսի հետ քննարկում, իսկ հինգշաբթի օրերին՝ մասնակիցները միասին դիտելու են ֆիլմեր։

Առաջին հերթափոխի գործնական փուլը տևելու է երկու ամիս՝ հոկտեմբեր-նոյեմբեր, որի ընթացքում մասնակիցները փոքր խմբերով կուսումնասիրեն իրենց ընտրած թեմաները և կհրապարակեն հոդվածներ Հետքի և Հետք Մեդիա Գործարանի կայքերում։ Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցներին օգնելու են մենթորները՝ ըստ ոլորտի և թեմայի։

Գործնական փուլում արված աշխատանքի դիմաց մասնակիցները վարձատրվելու են։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի յուրաքանչյուր հերթափոխում սովորելու են 15 մասնակից, որոնք ընտրվելու են մրցութային կարգով՝ հայտերի հիման վրա։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի ծրագրին կարող են դիմել՝

  • գործող լրագրողները,
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները,
  • ուսանողները։

 Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում՝ մասնակիցները կստանան հավաստագրեր։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի բանախոսները

Հանրային կառավարման մասնագետ

Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման և հանրային ֆինանսների փորձագետ, Հարվարդի համալսարանի շրջանավարտ։ Սովորել է նաև Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Ջորջիայի պետական համալսարանում։ 2004-2011 թվականներին աշխատել է ՀՀ պետական համակարգում` ֆինանսատնտեսական ոլորտներում։ Այժմ զբաղվում է պետական և մասնավոր հատվածի խորհրդատվությամբ։


Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Հովհաննես Ավետիսյանը խոսելու է կոռուպցիա երևույթի էության և սահմանումների մասին։ Անդրադառնալու է նաև հայաստանյան պետական համակարգի կոռուպցիոն հնարավոր երևույթներին։

Լուսանկարի աղբյուրը՝ hetq.am

Սոցիալական մարդաբան

Էվիյա Հովհաննիսյան

Էվիյա Հովհաննիսյանը սոցիալական մարդաբան է։ Նրա հետազոտական շրջանակները ներառում են ինքնությանը, ազգայնականությանն ու էթնոքաղաքական հակամարտություններին, միգրացիոն ու փախստականության խնդիրներին առնչվող թեմաները։ Էվիյա Հովհաննիսյանը նաև Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողն է։

 

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Էվիյա Հովհաննիսյանը կխոսի կոռուպցիայի մարդաբանական ասպեկտների, կոռուպցիոն գործընթացների վրա հասարակական, մշակութային և անհատական հանգամանքների ազդեցության մասին։

ԱԺ պատգամավոր

Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտ։ Դասավանդել է Միջազգային որակյալ դպրոցների Երևանի մասնաճյուղում, եղել է «Իմեջին» (Imagine) կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրենը, ինչպես նաև տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգողը:  

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Մարիա Կարապետյանը խոսելու է պատգամավորական բարեվարքության մասին՝ ըստ «Հանրային ծառայության մասին օրենքի» և դրանից անդին։
Լուսանկարի աղբյուրը՝ civilnet.am

«Nordea» բանկի ֆինանսական հանցագործությունների կանխարգելման փորձագետ

Գեղամ Ֆահրադյան

Կազմակերպված ֆինանսական հանցավորության կանխարգելման փորձագետ։ Տարտուի համալսարանի շրջանավարտ՝ Ակտուարային և ֆինանսական ճարտարագիտության ոլորտում։ Աշխատել է նաև որպես փողերի լվացման դեմ պայքարի և պատժամիջոցների մշակման ոլորտի մասնագետ, տվյալների վերլուծաբան։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Գեղամ Ֆահրադյանը խոսելու է փողերի լվացման, դրա դեմ պայքարի միջազգային կարգավորումների մասին։
Լուսանկարի աղբյուրը՝ rau.am

Հետաքննող լրագրող, OCCRP-ի համահիմնադիր

Փոլ Ռադու

Հետաքննող լրագրող, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) համահիմնադիր։ Ղեկավարում է կազմակերպության հետաքննական մեծ նախագծերը, զբաղվում է տարածաշրջանային ընդլայնմամբ, մշակում նոր ռազմավարություններ և տեխնոլոգիաներ՝ միջսահմանային կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման համար։

Փոլը «Հետաքննական վահանակ» (Investigative Dashboard) գործիքի համահեղինակն է։ Այս գործիքը միավորում է տարբեր տվյալների շտեմարաններ` օգնելով լրագրողներին գտնել պաշտոնյաների, ընկերությունների և ֆինանսական հոսքերի մասին տվյալներ։  Հետաքննող լրագրողների միջազգային ցանցի (GIJN) խորհրդի անդամ է, նաև անդամակցում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ)։ Իր հետաքննությունների համար արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Փոլը պատմելու է՝ ինչու և ինչպես հետաքննել կազմակերպված հանցավորությունը, դրանց ռիսկերն ու արդյունքները։
Լուսանկարի աղբյուր՝ dor.ro

«Հետք»-ի խմբագիր,«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ

Էդիկ Բաղդասարյան

«Հետք»-ի խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ։ Մասնակցել է միջազգային հետաքննական մի շարք նախագծերի։

2001-2017 թվականներին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում վարել է «Հետաքննական լրագրություն» դասընթացը:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) անդամ է։ Ստացել է տեղական և միջազգային մրցանակներ։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Էդիկ Բաղդասարյանը կպատմի միջազգային կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության սխեմաների մասին, ինչպես նաև օֆշորների և դրանցում հայաստանյան մասնակցության սխեմաների մասին։
Լոււսանկարի աղբյուրը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

իրավագետ

Արփինե Հովհաննիսյան

Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ։ 2003 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է պետական կառավարման ոլորտում։ 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ Տարբերի տարիների զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականի, ԱԺ նախագահի խորհրդականի, Արդարադատության նախարարի և ԱԺ պատգամավորի պաշտոնները։

Գիտական հետազոտությունների շրջանակներում են անշարժ գույքի, քաղաքացիաիրավական պայմանագրերի, գործարարական գործունեության պետական կարգավորման, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի իրավական կարգավորման մի շարք հիմնահարցեր:

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը խոսելու է հակակոռուպցիոն օրենսդրության, կոռուպցիայի օրենսդրական և իրավական կարգավորումների մասին։
Լուսանկարի աղբյուրը` panorama.am

«Հետք»-ի լրագրող

Լարիսա Փարեմուզյան

Լարիսա Փարեմուզյանը 17 տարուց ավելի է, ինչ աշխատում է «Հետքում»։ Լուսաբանել է հանքարդյունաբերության, ապօրինի անտառահատումների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ ոլորտների հիմնախնդիրներ։

Նրա հրապարակումների հիման վրա հարուցվել են տասնյակ քրեական գործեր։ Լարիսա Փարեմուզյանի համահեղինակած հոդվածի շնորհիվ բացահայտվել է մանկապղծության դեպք՝ Լոռվա մարզում, իսկ մանկապիղծը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Լարիսա Փարեմուզյանը պատմելու է, թե ինչպես բացահայտվեց մանկապղծության դեպքը և ինչ կոռուպցիոն սխեմաների պաշտպանության տակ էր գործում մանկապիղծը։
Լուսանկարի աղբյուրը՝ Լարիսա Փարեմուզյանի ֆեյսբուքյան էջ

ԱԺ պատգամավոր

Տարոն Սիմոնյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս։ 2008 թվականից իրավաբանական եւ փորձագիտական աշխատանք է իրականացրել միջազգային եւ մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական միության եւ Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP): 2010 թվականից էլ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։

 

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Տարոն Սիմոնյանը խոսելու է հակակոռուպցիոն քաղաքականության մեջ իրավաստեղծագործության առանձնահատկությունների մասին։

 Լուսանկարի աղբյուրը՝ civilnet.am

«Հետք»-ի լրագրող, Հետք Մեդիա Գործարանի դասախոս

Վահե Սարուխանյան

Լրագրող, 2006 թվականից միացել է «Հետքին», մասնագիտացած է փաստերի ստուգման մեջ։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ։ Հետաքննություններ է արել ավիացիայի, բնապահպանության, առողջապահության ոլորտներում։ Մասնակցել է միջազգային հետաքննությունների՝ գրելով հայ պաշտոնյաների օտարերկրյա ունեցվածքի մասին:

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Վահե Սարուխանյանը պատմելու է, թե ինչպես ուսումնասիրել արտասահմանյան անշարժ գույքի տվյալների շտեմարանները։
Լուսանկարի աղբյուրը՝ mediafactory.am

«Հետք»-ի լրագրող

Տաթև Խաչատրյան

Տաթևը 2014 թվականից աշխատում է «Հետք»-ում։ Լուսաբանում է հիմնականում սոցիալական ոլորտին առնչվող թեմաները, հատկապես՝ առողջապահությանն ու սննդի անվտանգությանը վերաբերող։ Վերջինիս պարբերաբար լուսաբանումն ու խնդիրների վերահանումը մի շարք փոփոխությունների պատճառ  են դարձել, իսկ որոշ հրապարակումներ հասել են նույնիսկ դատախազություն։ Շատերը, մինչ օրս խանութում սննդամթերք ընտրելիս, ճշտում են՝ ինչ է գրել դրա մասին «Հետք»-ը, արժե՞ գնել, թե՞ ոչ։

Բացի այդ, Facebook-ում ստեղծվել է «Անվտանգ սնունդ/ Հետք» խումբը, որն  արդեն հազարավոր սպառողների միջոցով օրեցօր վերհանում և կարգավորում է սննդամթերքի անվտանգությանն ու որակին վերաբերող հարցերը՝ շարունակելով վերահսկել ոլորտը։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Տաթևը կխոսի սննդի ոլորտում առկա խնդիրների, բացթողումների, պատասխանատու պետական կառույցների թերացումների և դրանց հետևանքների մասին։
Լուսանկարի աղբյուրը Տաթև Խաչատրյանի անձնական արխիվի

«Հետք»-ի լրագրող

Տիրայր Մուրադյան

Լրագրող, «Հետք»-ի թիմին է միացել 2018 թվականից: Լուսաբանում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացած գույքերի վարձակալության, օտարման և դրանց առնչվող գորընթացներում առկա խնդիրները: Տիրայր Մուրադյանի  հրապարակումների հիման վրա մի շարք քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում: Ծաղկաձորում 50 հա անտառ սեփականաշնորհելու մասին նրա հրապարակման հիման վրա գլխավոր դատախազությունը դիմել է դատարան, որպեսզի անտառները վերադարձվեն պետությանը:

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Տիրայր Մուրադյանը խոսելու է հողհատկացումների գործընթացում կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին։
Լուսանկարի աղբյուրը՝ Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան էջ

«Հետք»-ի լրագրող

Գրիշա Բալասանյան

Կրթությամբ իրավաբան է, ավարտել է նաև իրավաբանական հոգեբանության մագիստրոսական ծրագիրը: Փաստաբանների պալատի անդամ է: «Հետք»-ում աշխատում է 11 տարի:

Լուսաբանում է մարզային կյանքը, հողային իրավունքին, աճուրդներին վերաբերող հարցերը: Նախընտրած ոլորտներից է նաև քաղաքացիական այլ իրավունքներին, պաշտոնյաների ունեցվածքին վերաբերող հարցերը: Հրապարակած հոդվածների հիման վրա գլխավոր դատախազությունում հարուցվել են մի շարք քրեական գորրծեր: 

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Գրիշա Բալասանյանը խոսելու է համայնքային բյուջեներից հատկացումների կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին։

Լուսանկարի աղբյուրը՝ Գրիշա Բալասանյանի ֆեյսբուքյան է

«Հետք»-ի լրագրող

Դիանա Ղազարյան

Լրագրող, «Հետք»-ին է միացել 2015 թվականին։ Ունեցել է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք հրապարակումներ՝ տեղական ինքնակառավարման, գնումների և այլ ոլորտներում: Լուսաբանում է հասարակական, սոցիալ-տնտեսական ոլորտները:

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Դիանա Ղազարյանը պատմելու է, թե ինչպես կարելի է բաց աղբյուրների միջոցով կատարել ուսումնասիրություն պետական գնումների ոլորտում, գտնել գնումներին մասնակցող ընկերությունների և պաշտոնյաների կապերը, գնումների ոլորտում կոռուպցիոն գործարքեր բացահայտելիս որ հանգամանքներին ուշադրություն դարձնել:
Լուսանկարի աղբյուրը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ֆեյսբուքյան էջ

«Հետք»-ի լրագրող

Տրդատ Մուշեղյան

Լրագրող, աշխատում է «Հետք»-ում։ Գրում է սոցիալական և հանրային նշանակության թեմաների մասին։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում Տրդատ Մուշեղյանը խոսելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից օգտվելու կանոնների, ռեգիստրի կարևոր ու անկարևոր տվյալներն իրարից զատելու մասին։

Լուսանկարի աղբյուրը՝ Տրդատ Մուշեղյանի ֆեյսբուքյան էջ

 

«Հետք»-ի լրագրող

Սեդա Հերգնյան

Լրագրող, աշխատում է «Հետք»-ում։ Լուսաբանում է տնտեսական ոլորտը: Վերլուծում ու պատմում է առօրյա երևույթները, որոնք թաքնված են թվերի ու բազմաթիվ տվյալների հետևում:


Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում խոսելու է արտաքին առևտրի վիճակագրության կարևորության, դրանց միջոցով պատմություններն ամբողջացնելու, կոռուպցիոն հնարավոր երևույթները բացահայտելու քայլերի մասին:

Լուսանկարի աղբյուրը՝ Սեդա Հերգնյանի ֆեյսբուքյան էջ

 


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: