hayravank
Ֆոտո պատմությունԴեկտեմբեր 23/2020

Հայրավանքի հիշողությունները

Հայրավանքի մոտակայքում եղանակը մեղմ էր, Սևանի թափանցիկ ջուրն էլ շատ գրավիչ էր ամբողջ օրը թափառած երկու զույգ հոգնած ոտքերի համար։

Ողջ օրը մենք քայլել էինք գյուղի մի անկյունից մյուսը, զրուցել գյուղի բնակիչների հետ, տեսել ու նկարել կարտոֆիլի դաշտերում աշխատող մարդկանց, կերել տնական գաթա ու ծառից քիչ առաջ քաղված խնձոր ու տանձ։

Harivanq_20200926_0001-768x512.jpg

Հայրավանքի առաջին տունը մտանք կեսօրին։ Այն կառուցվել էր 1952 թվականին՝ Սևանի մակարդակի փոփոխությամբ պայմանավորված՝ լճին ավելի մոտ։ Անուշն ու Էլմիրան բացեցին իրենց ընտանեկան ալբոմը և առանձնացրին լճափին արված հին լուսանկարներ։

Harivanq_20200926_0003-683x1024.jpg
Լուսանկարում Անուշի որդին է, Էլմիրայի եղբայրը՝ Վահրամը, 1985-86 թվականներին։ Նա այժմ ապրում է Վոլգոգրադում։
Harivanq_20200926_0005-768x489.jpg
Վահրամը և Էլմիրայի հայր Միշան, 1980-ականներ
Harivanq_20200926_0004-768x528.jpg
Harivanq_20200926_0006-768x512.jpg
Էլմիրայի հայրը` խոտ հնձելիս
Harivanq_20200926_0008-768x512.jpg
Արխիվային լուսանկար, 1960-70-ականներ
Harivanq_20200926_0007-768x512.jpg
Արխիվային լուսանկար, 1960-70-ականներ

Տնական թարմ գաթաները ձեռքներիս նրանց տնից հեռանալիս՝ մեր քայլերը մեզ տարան մի փոքր այլ ուղղությամբ։

Harivanq_20200926_0011-768x512.jpg
Harivanq_20200926_0009-768x512.jpg

Հայրավանքը գտնվում է Սևանի ափին, ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա։ Գյուղը հայտնի է դրա հյուսիսարևելյան մասում գտնվող Հայրավանքի վանական համալիրով, որը կառուցվել է 9-րդ դարում։

Գյուղի վերևի հատվածում հանդիպեցինք Գոհարին, ով նույնպես արխիվային լուսանկարների հարուստ հավաքածու ուներ։

Հին ընտանեկան ալբոմներում հատկապես աչքի էին ընկնում այն երկու լուսանկարները, որոնց տեղանքը նա դժվարությամբ էր հիշում՝ դրանով իսկ մեզ ակամայից «մարտահրավեր» նետելով գտնել այդ տարածքները և լուսանկարել նույն տեսարանները։

Harivanq_20200926_0012-683x1024.jpg
Գոհարը «Գեղամա» հանգստյան տան տարածքում

Առաջին լուսանկարի հետքերով գնալով՝ մենք հայտնվեցինք նախկին «Գեղամա» հանգստյան տան տարածքում։

Հսկիչից իմացանք, որ այն երկար ժամանակ է՝ ինչ չի գործում։ Դրա որոշ հատվածներում աղբակույտեր էին, մյուս մասում՝ շրջված նավակներ։ Գրեթե համոզված էինք, որ տարածքի չգործելը պայմանավորված էր Սևանի ջրի մակարդակի փոփոխությամբ։ Մինչդեռ, իրականում, դրա տիրոջ մահվանից հետո՝ նրա որդին, ում այսուհետ պատկանում էր տարածքը, պարզապես չէր «աշխատացնում» այն։ Նա Ռուսաստանում է ապրում։

Harivanq_20200926_0013-768x512.jpg
«Գեղամա» հանգստյան տուն

Մենք գտանք այն անկյունը, որտեղ արվել էր լուսանկարը։ Այն վայրը, ուր ժամանակին երեխաները գալիս էին ճամբար, մարդիկ գալիս էին հանգստանալու, այժմ լքված է։ Այն, ինչ կար սկզբի
լուսանկարում ու այն, ինչ կար այժմ իդենտիկ էր առաջին հայացքից, բայց շատ տարբեր բնույթով։

Harivanq_20200926_0010-768x512.jpg
«Գեղամա» հանգստյան տան տարածքն այժմ

Harivanq_20200926_0014-768x576.jpg
Harivanq_20200926_0015-768x512.jpg

Մյուս լուսանկարի տարածքը մենք ավելի դժվարությամբ գտանք։ Համեմատելով տեսարանները՝ հայտնվեցինք ճիշտ կետում։ Մտանք ջուրը, լուռ կանգնեցինք մի քանի րոպե՝ դասավորելով ուղեղում այն ամենը, ինչ տեսել ու զգացել էինք օրվա ընթացքում։

Ֆիզիկապես հոգնած, բայց նոր տպավորություններով ու մտքերով ուշ երեկոյան հեռացանք Հայրավանքից։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սոնա

Ներսեսյան

Ուսանողներ

Շուշան

Աբրահամյան

Դասախոս՝

Դասախոսներ

Իննա

Մխիթարյան