arm_science
Long ReadԴեկտեմբեր 14/2021

Փնտրվում է «հայկական գիտություն» արտասահմանյան ամսագրերում

Հետք Մեդիա Գործարանն ուսումնասիրել է Հայաստանի 33 գիտական կազմակերպության հրապարակած հոդվածները` 2012-2020 թթ-ին։ Նշված 8 տարիներին, ըստ ԳԱԱ հաշվետվության, Հայաստանի գիտական համայնքը հրապարակել է ընդհանուր առմամբ 18 517 գիտական հոդված, որոնց 39տոկոսը՝ արտասահմանյան ամսագրերում։ Գիտությունների ակադեմիան արտասահմանյան ամսագիր է համարել ինչպես անգլիալեզու, այնպես էլ ռուսալեզու ամսագրերը։

Մենք փորձել ենք պարզել, թե այդ հրապարակումներն ինչ կշիռ են ավելացրել միջազգային գիտական գործընթացներին՝ ուսումնասիրելով բոլոր այն ամսագրերի ազդեցության գործոնը, որտեղ հրապարակվել են հայ գիտնականները 2020թ-ին։

Ի՞նչ է գիտական ամսագրի ազդեցության գործոնը (Impact factor)

Որպես քանակական չափանիշ՝ ազդեցության գործոնը (ԱԳ-ն) ցույց է տալիս, թե այլ գիտական հոդվածներում տվյալ գիտական ամսագրին միջինում քանի հղում է արվել նախորդ երկու տարվա ընթացքում։ Որքան բարձր է ազդեցության գործոնի ցուցանիշը, այնքան մեծ է տվյալ ամսագրի ազդեցությունը գիտական գործընթացների վրա։

Ամսագրի ազդեցության գործոն 2020 =.png

SCI-ը և Scopus-ը տվյալների բազաներ են, որոնք պարունակում են գիտական պարբերականների բոլոր հոդվածների մատենագրական նկարագրությունը, հոդվածում մեջբերված այլ աշխատանքների հղումները։

Հայաստանցի գիտնականների հոդվածները 2020թ-ին հրապարակվել են 545 ամսագրում, որից միայն 230-ն ունի ազդեցության գործոն։ Այսինքն հայ գիտնականների հոդվածները հրապարակած ամսագրերի 58% չունի ազդեցության գործոն։ Մենք դասակարգել ենք մնացյալ 42% հոդվածներն ըստ հրապարակված ամսագրի ազդեցության գործոնի։

Այդ հոդվածների 30 տոկոսը հրապարակվել է ամենացածր՝ 0-1 ազդեցության գործոն ունեցող ամսագրերում։ Ուսումնասիրված հոդվածների 22 տոկոսը տեղ է գտել՝ 1-2, 16 տոկոսը՝ 2-3, 10 տոկոսը՝ 4-5, իսկ 12 տոկոսը՝ 5 և ավելի բարձր ազդեցության գործոն ունեցող ամսագրերում։

Հայաստանի գիտական հոդվածները հրապարակած ամսագրերի քանակն ըստ ամսագրի ազդեցության գործոնի

Ամսագրերի ազդեցության գործոնները վերցված են Resurchify -ից, որն էլ հիմնված է Scopus-ի տվյալների բազայի վրա։

Եթե գիտական հոդվածը հասանելի է համացանցում էլեկտրոնային տարբերակով, դրա ազդեցության գործոնը կարող է բարձրանալ, քանի որ հասանելի է դառնում ավելի մեծ թվով գիտնականների։

Հայաստանում հրապարակվող գիտական ամսագրերից միայն 6-ն ունեն ազդեցության գործոն և բոլորն էլ 0-1 միջակայքում են։

Դրանցից միայն Wisdom-ի անգլիալեզու տարբերակն է հումանիտար ոլորտի ամսագիր, մնացածը բնագիտատեխնիկական են։

Journal of Contemporary Mathematical Analysis – 0.3

Armenian Journal of Mathematics – 0.3

Astrophysics – 0.7

Journal of Contemporary Physics – 0.5

The new Armenian Medical journal – 0.1

Wisdom – 0.2

Իսկ ի՞նչ գիտական արդյունք են ունեցել Հայաստանի ԳԱԱ գիտական ինստիտուտները 2012-2020 թվականներին

Գիտության զարգացման գործընթացը ճիշտ գնահատելու համար, բացի ազդեցության գործոնից, գոյություն ունեն այլ քանակական մեթոդներ, որոնցով զբաղվում է գիտաչափությունը։ Գիտական արդյունք կա, եթե գիտական հրապարակումների թիվը տարեցտարի ավելանում է։ Հայաստանում այդ թիվը տատանվում է։

Ի՞նչ է նշանակում «գիտական արդյունք»

Գիտնականից առաջին հերթին ակնկալվում է գիտական արդյունք. հոդվածներ կամ գիտական այլ հրապարակումներ։ Գիտական գործունեության մաս է կազմում նաև ոլորտում նոր կադրերի պատրաստումը, ինչպես նաև գիտական սեմինարների մասնակցելը, զեկույցները, դասախոսությունները և այլն։

«Գիտնականի աշխատանքի արդյունքի «ապացույցը» հիմնականում հրապարակումներն են, սակայն ընդունված է հաղորդակցությունն ապահովել նաև ելույթների կամ դասախոսությունների միջոցով։ Գիտելիք ստեղծող գիտնականը փորձում է հանրայնացնել իր գիտելիքը՝ աշխարհին և մասնագիտական հնարավորինս լայն շրջանակներին հասանելի դարձնելով իր ուսումնասիրության բուն էությունը։ Սա առնվազն արվում է նույն թեմայով զբաղվող մյուս գիտնականներին ուսումնասիրությունդ ավելի հասանելի դարձնելու և համագործակցության ճանապարհներ գտնելու ու հնարավորություններ ստեղծելու համար»,- ասում է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջի գիտաշխատող, տեսաբան-ֆիզիկոս Կարապետ Մկրտչյանը:

Գիտությունների Ազգային Ակադեմիա (ԳԱԱ)

ԳԱԱ-ն հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնն է, որը միավորում է իր համակարգի մեջ գտնվող գիտական կազմակերպությունները, ԳԱԱ անդամներին, գիտնականներին և գիտական աշխատողներին, համակարգում է հիմնարար գիտական հետազոտությունները:

Գիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները դասակարգված են հինգ բաժանմունքներում.

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի,
  • բնական գիտությունների,
  • քիմիայի և երկրի մասին գիտությունների,
  • հայագիտության և հասարակական գիտությունների։

Գրաֆիկում պատկերված է, թե 2012-2020 թթ-ին քանի գիտական հրապարակում է ունեցել ԳԱԱ ինստիտուտներից յուրաքանչյուրը՝ արտասահմանյան և տեղական ամսագրերում։

ԳԱԱ բնագիտատեխնիկական ոլորտի ինստիտուտների հրապարակումները հանրապետական և արտասահմանյան ամսագրերում։

ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ինստիտուտների հրապարակումները հանրապետական և արտասահմանյան ամսագրերում։

Տվյալներում ներառված են նաև զեկույցները, քանի որ հաշվետվություններում դրանք հրապարակումներից առանձնացված չեն։

Հայաստանի գիտության միջազգայնացումը

Գիտության կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան փաստում են, որ հրապարակումների միջազգայնացումը խնդիր է, բայց յուրաքանչյուրը տարբեր կողմից է այն մեկնաբանում։

ՀՀ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ասում է, որ պետք է երկարատև աշխատանք տանել հումանիտար-հասարակական ճյուղի ինստիտուտների հետ՝ արտասահմանյան ամսագրերում տպագվելու փորձը կիրառելու համար։

«Իրենք, իհարկե, ունեն չհրապարակվելու իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները. օբյեկտիվ պատճառներից է սովետական ազդեցությունը. միայն տեղական ամսագրերում հրապարկվելը և սահմանափակ թեմաները։ Սուբյեկտիվ պատճառներն ավելի վատն են, օրինակ, կապված են օտար լեզվի չիմացության կամ հեղինակային ամսագրերում տպագրվելու, այսինքն՝ միջազգայնորեն տեսանելի գիտությամբ զբաղվելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր պահանջող քայլեր չանելու հետ»,- ասում է Արթուր Մովսիսյանը։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, նախագահության անդամ Արթուր Իշխանյանը նույնպես խորհրդային ազդեցությունն է համարում միջազգային ամսագրերում հրապարակումներ չունենալու պատճառ. «Գիտնականներն իներցիայով շարունակում են տպագրվել հայերեն։ Երկրորդը` իշխանությունների անտարբերությունն է, արհամարհանքը, ինչն աններելի է, մասնավորապես, գիտական և տեխնոլոգիական մրցավազքի, ինչպես նաև տեղեկատվական պատերազմի դարաշրջանում։ Կային օրգաններ, որոնք դեռ շատ վաղուց պարտավոր էին գիտական ինստիտուտներին ասել՝ կանգ առեք։ ԱԱԾ-ն, նախարարությունը պետք է ուղղորդեին, չէ՞ որ գիտնականը ինքնուրույն չի գործում, այլ գործում է պետական պատվերի շրջանակում»,- ասում է Իշխանյանը։

Գիտկոմիտեն սկսել է աշխատել Հայաստանի գիտնականների՝ արտասահմանյան ամսագրերում տպագրությունները խրախուսելու ուղղությամբ. մրցույթներ են հայտարարվում անգլալեզու հրապարակումների համար:

ԳԱԱ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը միակն է, որի արտասահմանյան հրապարակումները 9 տարի շարունակ գերազանցում են տեղականներին։ Ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանի խոսքով` ցուցանիշի հիմքում ընկած է աշխարհին հետաքրքրող թեմաներ ուսումնասիրելը և այդ մասին գրելը:

«Մեր ինստիտուտի գիտաշխատողներն անգլերեն գրելու խնդիր չունեն։ Եթե մարդը դարձել է գիտնական, ուրեմն պետք է իմանա նաև գիտության լեզուն՝ անգլերենը: Գիտնականը որքան խորանում է իր մասնագիտական ուղղվածության մեջ, նույնքան պետք է ուշադրություն դարձնի այն ներկայացնելու լեզվի վրա»,- ասում է Արամ Պապոյանը:

Հումանիտար-հասարակական ոլորտի ինստիտուտները տարեկան հրապարակումների քանակով գերազանցում են բնագիտատեխնիկական բլոկին։ Սակայն բնագիտատեխնիկական ոլորտի գիտական կազմակերպությունները արտասահմանյան ամսագրերում հրապարակումների քանակով մի քանի անգամ գերազանցում են հումանիտար-հասարակական ոլորտին։

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը քիչ տպագրվելու միակ պատճառը համարում է ֆինանսական չափազանց սուղ միջոցները: Բանն այն է, որ յուրաքանչյուր հրապարակման համար պետք է վճարի հենց ինքը` գիտնականը:

«Եթե ուզում ենք Scopus-ի համակարգում ընդգրկված ամսագրերում հրապարակվել, ապա պետք է նախ վճարելու հնարավորություն ունենանք: Ամեն հոդվածն ամսական 70.000 դրամ աշխատավարձ ստացող գիտաշխատողի վրա «նստում է» 500-1000 ԱՄՆ դոլար։ Մեզ ասում են, որ կան անվճար ամսագրեր, սակայն որոնում-որոնում ենք և չենք կարողանում գտնել»,- ասում է տնօրեն Կատվալյանը:

Մյուս կողմից էլ Վիկտոր Կատվալյանը կարծում է, որ ամենևին պարտադիր չեն արտասահմանյան ամսագրերում հայոց լեզվի մասին հոդվածներ տպագրելը, քանի որ իրենց գլխավոր նպատակը հայ մարդու համար գիտություն ստեղծելն է։

Հումանիտար-հասարակական ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ` ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար, ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Մուրադյանի կարծիքով՝ լեզվին տիրապետելու հարցը լուծված է. տպագրվելու հարցում թեմատիկան է հիմնական որոշիչը։

«Մեր ժողովրդի պատմության այս կամ այն նեղ հարցն աշխարհին չի հետաքրքրում, դրա համար նախապատվությունը տալիս ենք տեղական ամսագրերին»,- ասում է գիտաշխատողը:

Հակոբ Մուրադյանի խոսքով` Պատմության ինստիտուտի հետազոտությունների հիմնական ուղղությունները տասնամյակներ շարունակ նույնն են մնացել. հայոց պետականությունը և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, հայ ազգային-ազատագրական շարժումները և հասարակական-քաղաքական մտքի պատմությունը, ինչպես նաև աղբյուրագիտությունը և պատմագրությունը:

Գիտության բյուջեն

Այս տարի ՀՀ պետական բյուջեի 0.81%-ն (14,945,747 հազ. դրամ) ուղղվել է գիտական և գիտատեխնիկական գործունեությանը։ Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ոլորտի ֆինանսավորման համար պետությունը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ։

Այսինքն՝ պետ․ բյուջեում եկամտի աճին զուգահեռ գիտությանն ուղղվող հատկացումները նույնպես պետք է աճեն։

Պետական գիտական կազմակերպությունների ընդհանուր ֆինանսավորումը ձևավորվում է ըստ այդ կազմակերպությունների սահմանած կարիքների։

Պետական ֆինանսավորումն իրականացվում է երեք ձևով.

  • Բազային. ամենամեծ ֆինանսավորումն է, ուղղված ենթակառուցվածքների պահպանմանն ու զարգացմանը, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը, գիտական կադրերի պատրաստման, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներին։
  • Նպատակային-ծրագրային ֆինանսավորում. իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնոլոգիաների առաջնային ուղղություններին համապատասխանող պետական ծրագրերի կատարմանը։
  • Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, որն էլ տրամադրվում է գիտնականներին և հետազոտական խմբերին` մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերն իրականացնելու համար:

Ներկայացված 33 գիտահետազոտական կազմակերպությունների հիմնական միջոցները ձևավորվում են պետական ֆինանսավորման հաշվին, թեև լինում են նաև արտաբյուջետային միջոցներ (ոչ պետական աղբյուրներից տրամադրված` անվերադարձ և չփոխհատուցվող ֆինանսական միջոցներն ու հատկացումներն, ինչպես նաև դրամաշնորհները)։

Ի՞նչ են կարծում երիտասարդ գիտնականները

Այսպիսով, գիտական էկոհամակարգի երկու կարևորագույն օղակները՝ պետական կառույցն ու գիտական համայնքը համաձայն են, որ արտասահմանյան ամսագրերում հայաստանցի գիտնականների հրապարակումները քիչ են, բայց կողմերի պատկերացումները պատճառների վերաբերյալ տարբեր են։

Գիտության կոմիտեի համար գիտնականի հնացած մեթոդներն ու անգլերեն չիմանալն է խնդիրը, գիտնականի ու գիտական ինստիտուտի համար՝ պետության հատկացրած ֆինանսների սղությունը, ուղղորդման բացակայությունը, երբեմն էլ թեմատիկ առանձնահատկություններն ու «մեր ստեղծած գիտությունը հայի համար է» սկզբունքը:

Տեղի գիտնականների վեր հանած խնդիրների գործնական լուծումների վերաբերյալ զրուցել ենք արտասահմանում ապրող և աշխատող երիտասարդ գիտնականներ Ռուբինա Դավթյանի և Կարապետ Մկրտչյանի հետ:

Շվեդիայի Լունդի համալսարանի ասպիրանտ Ռուբինա Դավթյանը ուսումնասիրում է կենսաֆիզիկա և դասավանդում է բակալավրի ուսանողներին։

«Ամեն ինչ պետք է սկսել համալսարաններից, պետք է առանձին ֆոնդ ունենալ՝ գիտական գործունեությամբ զբաղվել ցանկացողներին միջազգային կոնֆերանսների ուղարկելու համար։ Երբ ստեղծվում է այդ կապը, համագործակցության հնարավորություններ էլ են ստեղծվում»,- ասում է կենսաֆիզիկոսը:

Լոնդոնի իմպերիալ քոլեջում աշխատող տեսաբան-ֆիզիկոս Կարապետ Մկրտչյանը ուսումնասիրում է բարձր էներգիաների տեսական ֆիզիկա։ Գիտնականը նույնպես կարծում է, որ լեզվի իմացությունը կարևոր է․ «Առանց համաշխարհային թարմ գիտելիքին հաղորդակցվելու անհնար է գիտությամբ զբաղվել։ Եթե ամեն գիտնական իր լեզվով անի ուսումնասիրությունը, ոչ մեկը չի կարողանա համեմատական հետազոտություն անել, իսկ նույն ոլորտում ուսումնասիրություն անող գիտնականը չի կարողանա կարդալ, օգտվել մեկ ուրիշի գիտելիքից։ Սակայն որակյալ աշխատանքների բացակայությունը դժվար է բացատրել միայն լեզվական խոչընդոտով»,- ասում է Մկրտչյանը:

Ռուբինա Դավթյանն իր հերթին նշում է,որ եթե գիտնականը չի գրում անգլերեն, ապա չի էլ հետևում անգլերեն գրվող հրապարակումներին և, այդպիսով, տեղեկացված չէ` իր ոլորտում ինչ է կատարվում։

«Եվ գուցե մեկն արդեն հերքել է այն տեսությունը, որի շուրջ տեղական գիտական խումբն «իր ներսում» հետազոտություն է անում»,- ասում է Դավթյանը:

Հետազոտությունն արվել է «Գիտուժ» նախաձեռնության եւ ISTC հիմնադրամի կողմից իրականացրած «Գիտություն եւ տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում:

Պատկեր՝ Aleksey Chalabyan (a.k.a. Xelgen), Main Building of National Academy of Sciences from the air, September 2017, CC BY-SA 4.0 // Undark

Հեղինակ՝

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան