Լրագրող և հաղորդավար եմ: 2018 թվականից վարում եմ Atv հեռուստաալիքով հեռարձակվող «Հաջողության բանաձև» կրթական հաղորդումը, որի ընթացքում զրուցում եմ ամենատարբեր մասնագիտությունների մեջ հաջողության հասած մասնագետների հետ՝ հեռուստադիտողին օգնելով մասնագիտության ճիշտ և գրագետ ընտրության հարցում:
Բազային կրթությունս ստացել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (հեռուստառադիոլրագրության բաժին): Այժմ կրթությունս շարունակում եմ նույն բաժնի մագիստրատուրայում: 2019 թվականին ավարտել եմ ՀՊՄՀ-ի և Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի համատեղ իրականացրած «Ամառային դպրոց» միջազգային կրթական ծրագիրը: Ուսումնառության տարիներին թղթակցել եմ «Ճամփորդ» շաբաթաթերթին, մասնագիտական հմտություններս փորձել նաև մի շարք այլ լրատվամիջոցներում:
Մասնագիտության մեջ առավել զարգանալու ու անընդհատ սովորելու իմ մոտիվացիան նախ գալիս է այն շատ սիրելուց. վստահորեն ամենուր ասում եմ՝ լրագրությունն է ինձ ընտրել, այլ ոչ թե ես նրան: Ուղիղ 7 տարի է անցել լրագրության մեջ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու իմ առաջին որոշումից: Այդ տարիների ընթացքում հասկացա, որ կայացրել եմ ճիշտ որոշում, և որ սա մասնագիտություն է, որը սովորում են փորձի ու դրա փոխանակման ընթացքում: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է լինել պատասխանատու սեփական աշխատանքի նկատմամբ, լինել սթրեսակայուն, նախաձեռնող, ունենալ մարդկանց լսելու, արագ կողմնորոշվելու և թիմային աշխատանք կատարելու կարողություն ձեռք բերել:
Հետք Մեդիա Գործարանում սովորելը տարբեր ծանոթությունների և մասնագիտության մեջ էլ ավելի զարգանալու հիանալի փորձ է. ժամանակակից լրագրությունը պահանջում է անընդհատ թարմացվող գիտելիքներ տարբեր ոլորտներից: Այս մասնագիտության մեջ աճելու միակ ճանապարհն անընդհատ սովորելն է, բայց, անշուշտ, աշխատելով: