Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոց

Մեդիան մշտապես համարվել է կառավարության աշխատանքը վերահսկող կարևորագույն օղակ։ Հանրային վերահսկողության մեխանիզմների թուլացման պայմաններում՝ անգամ ամենավստահելի կառավարությունները կարող են ձախողել թափանցիկ կառավարման, կոռուպցիայի կանխարգելման և հաշվետվողականության մեխանիզմների ձևավորման գործընթացը։ Մեդիայի հրապարակումների շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բացահայտվել են կոռուպցիոն խոշոր գործարքներ, հրաժարական են տվել պաշտոնյաներ։

Հայաստանի կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է իրագործվել գիտելիքահեն և ուժեղ մեդիայի օգնությամբ, որը, բացի կոռուպցիոն գործընթացների բացահայտումից, պետք է նաև հանրությանը իրազեկի հաշվետվողական կառավարման պրոցեսների վերաբերյալ։

Հետք Մեդիա Գործարանը նախաձեռնել է Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան առցանց դպրոցը, որի նպատակն է ստեղծել համագործակցային կրթական միջավայր, որտեղ գործող/ապագա լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և պետական հատվածի աշխատակիցները ինտերակտիվ մեթոդով կուսումնասիրեն «կոռուպցիա» երևույթը։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցում սովորելն անվճար է։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրելու են՝

  • տեղական և միջազգային մեդիայում կոռուպցիան հետաքննելու մեթոդները՝ օֆշորային գործարքներ, փողերի լվացում, կեղծ ընկերությունների ցանցեր և այլն,
  • կոռուպցիայի մարդաբանական և մշակութային առանձնահատկությունները,
  • տեղական և միջազգային բաց տվյալների շտեմարաններ. ընկերությունների ռեգիստր, գնումներ, հանքարդյունաբերություն, պաշտոնյաներին փոխկապակցված անձինք, համայնքային և պետական բյուջեներ,
  • համընդհանուր հակակոռուպցիոն օրենքները և կարգավորումները։

 

Դասախոսությունները վարելու են տեղի և միջազգային մասնագետներ՝ լրագրողներ,  իրավաբաններ և այլն։ Դպրոցի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև պետական և քաղաքական գործիչների։

Դասընթացի օրեր և ժամեր

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցը բաղկացած է տեսական և գործնական մասերից։

 

Առաջին հերթափոխի տեսական դասընթացը տևելու է մեկ ամիս՝ սեպտեմբերի 7 – հոկտեմբերի 1-ը՝ երկուշաբթիից հինգշաբթի օրերին, ժամը 19։00-21։00-ն։

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին մասնակիցներն անցնելու են թեմատիկ դասընթաց, չորեքշաբթի օրերին՝ տեղի է ունենալու հրավիրյալ բանախոսի հետ քննարկում, իսկ հինգշաբթի օրերին՝ մասնակիցները միասին դիտելու են ֆիլմեր։

Առաջին հերթափոխի գործնական փուլը տևելու է երկու ամիս՝ հոկտեմբեր-նոյեմբեր, որի ընթացքում մասնակիցները փոքր խմբերով կուսումնասիրեն իրենց ընտրած թեմաները և կհրապարակեն հոդվածներ Հետքի և Հետք Մեդիա Գործարանի կայքերում։ Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցներին օգնելու են մենթորները՝ ըստ ոլորտի և թեմայի։

Գործնական փուլում արված աշխատանքի դիմաց մասնակիցները վարձատրվելու են։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի յուրաքանչյուր հերթափոխում սովորելու են 15 մասնակից, որոնք ընտրվելու են մրցութային կարգով՝ հայտերի հիման վրա։

Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի ծրագրին կարող են դիմել՝

  • գործող լրագրողները,
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները,
  • ուսանողները։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: