Փնթի սենյակ չի փլվել

Թվաց՝ վատ երազ եմ տեսնում, բայց էդքան արագ չէի արթնանա երազից, մի քիչ կտանջվեի՝ նոր: Վեր թռա ուժեղ, տևական դղրդյունից, բոբիկ դուրս վազեցի սենյակիցս.

— Մաաաամ
— Շող, դուրս արի արագ, երկրաշարժ ա:

Մամայից առաջ ընկնելով վազեցի ներքև, որ բանալին գտնեմ: Միշտ թարս պահերին կորում են բոլոր չորսը: Հասկանալով, որ սխալ եմ անում ՝ որոշեցի կոշիկներս վերցնել.

— Մամ, դուրս արի գալիս եմ:
— Ո՞ւր ա բանալին, չգտա՞ր:
— Չգիտեմ, ասում եմ ու կոշիկի թայն եմ խցկում կիսակախ բրդյա գուլպան, հետո՝ ոտնաթաթիս կեսը: Ընթացքում ամաչում եմ կոշիկիս թափված թանաքի համար ու հիշում եմ քիմ. մաքրման աշխատողին, ով հրաժարվեց մաքրել թանաքը։ Ամաչում եմ, որ կոշիկներս երբեք չեմ մաքրում, որ ալարել եմ ցայվել, որ մի քանի շերտ անճոռնի տնային հագուստ ա հագիս, որ հեռախոսն ու համակարգիչը չվերցրի, որ սենյակս թափած էր։ Տեսնես  որ տունը փուլ գա, փլատակների տակ թափթփված իրերի տեղից կհասկացվի՞, որ փնթի սենյակ ա փլվել, հետո զգում եմ  ցուրտը, աղքատությունը, սովը, հիվանդությունները, արտագաղթը,  խղճում եմ ազգի բախտը, հասցնում հայհոյել իշխանություններին, անգամ նրանց, ում ժամանակ ծնված չէի:

Պարզվեց բանալին գտել էի, դուռը բացել  ու մոռացել: Դռան առաջ հայրիկի կատուներն էին հանգիստ շարված, մի տեսակ ուռցրած մորթով՝ ճիշտ մանկության բարձերի պես, որ քնելուց առաջ մամայի ձեռքերը շպրտում ու մի թեթև խփելով բռնում էին առանց սեղմելու, ուռացնելով բարձերը։ Թվում էր՝ մամայի ձեռքերում բարձերը փխրուն են դառնում ու կարող են ծխի պես չքանալ, ամպի պես փոխել ձևը ու քշվել քամուց։ Գլուխներս դնելն ու քնելը մեկ լիներ։  Փափկությունից  երազելը կիսատ էր մնում ու տեղափոխվում հաջորդ գիշերվան:

Կատուների կողքին մյուս կոշիկս եմ հագնում կիսաքունից ճոճվելով: Իջնում եմ շքամուտքի աստիճաններով ու վրաս հսկա մի բան է ընկնում ու ցնցում ինձ։ Գլուխս եռում է, ավելի ուժգին երկրաշարժ եմ ապրում. մեր հարևանի անդաստիարակ հասկի շունն է, որ երկու ամիս առաջ փոքր ձագ էր։ Ճանկռում է, հրմշտում, տերն էլ հպարտ  նայում ու ժպտում է իր «տղուն»՝ քանի ես փորձում եմ սաստել։

Տան առջև ենք, մաման հայրիկին ա զանգում, բայց հայրիկը չի վերցնում: Մամայի հեռախոսով ընկերոջս եմ զանգում՝ չի վերցնում:
Հայրիկը մեր փողոցի ծայրից սկսվող դաշտում էր,  ու երկրաշարժը թույլ էր զգացել։

Հետո վազում եմ տուն, դուրս եմ բերում համակարգիչը, որ տեղեկություններ գտնեմ երկրաշարժի մասին։

Մտածում եմ թե՞ ինչի էսպես արագ դուրս վազեցի, առաջ հանգիստ պառկած կմնայի։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: