Մարդիկ պատմելու բաներ ունեն

Պատմություններն ամենուր են, մնում է դրանք տեսնել, նկատել ու նկարել: Հետք Մեդիա Գործարանում փորձեցինք զարգացնել ուսանողների մասնագիտական հոտառությունը՝ փնտրել ու գտնել հետաքրքիր մարդկանց, նրանց մասին պատմել վիզուալ լեզվով: 

Պատմության հերոսը՝ Մանե Ոսկերչյան
Հեղինակներ՝ Շուշան Աբրահամյան, Լուսինե Վարդանյան

«Մեր տնից նոր ապրանքի հոտ չի գալիս»,- Մանե Ոսկերչյանն այսպես է նկարագրում իր ընտանիքին արդեն մի քանի տարի շրջապատող միջավայրը: Մանեն ու նրա ամուսինը՝ Ժան Մարկը, գնումները հիմնականում “second hand” խանութներից են անում ու կայուն ապրելակերպ են վարում՝ հրաժարվելով նորաձևությունից, արագ սննդից, գերսպառումից: Նրանց տան անկյուններում կահույքը, հագուստը, անգամ երեխայի խաղալիքները երկրորդ կյանք են ստանում: Ամուսինները ծանոթացել են Հնդկաստանում, որտեղ զարգացրել են սպառողականության մասին իրենց գաղափարները։ Դստեր՝ Լունայի ծնունդը նրանց կյանքում շատ բաներ վերարժևորելու ևս մեկ առիթ էր: 

Պատմության հերոսը՝ Սուսաննա Մակարյան
Հեղինակ՝ Ռիմա Գրիգորյան

Կորի փողոցը կամ նախկինում Կրիվոյի թաղը Երևանի կենտրոնում է՝ այնպես որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից պարզ երևում է։ Փողոցը նման է լաբիրինթոսի. տները փոքր են՝ իրար կիպ-կիպ, իսկ բնակիչները՝ խիստ զգուշավոր։ Այստեղ մարդիկ երազում են, որ իրենց թաղը քանդեն, ու այլ տեղում տներ ստանան՝ լոգարանով ու նորմալ կենսապայմաններով։ Սուսաննա Մակարյանը Կրիվոյի բնակիչ է արդեն 40 տարի: Ամուսինը մահացել է, երեխաներ չունի։ Ամեն օր հետևում է լրահոսին, որ հանկարծ բաց չթողնի իրենց փողոցի ճակատագրի մասին նորությունները, և ամեն երեկո պառկում է քնելու՝ ակնկալելով, որ գոնե հաջորդ օրը որոշակիություն կբերի։

Պատմության հերոսը՝ Քրիստինա Ավանյան
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Քրիստինա Ավանյանը երիտասարդ նկարչուհի է, որը խոսում ու կարդում է ճապոներեն, ունի հագուստի ընդգծված ոճ և անիմեներից «փախած» սանրվածք, ուստի ամբոխի մեջ նրան նկատելը դժվար չէ։ Ճապոնիայի ու ճապոնականի հանդեպ սերն այսքանով չի սահմանափակվում. Քրիստինան հինգ տարուց ավելի հաճախում է կենդո սպորտաձևի հայկական ակումբ, որտեղ միակ աղջիկն է: Հույս ունի, որ շուտով նաև իր դեմ կռվող ընկերուհիներ կունենա։

Պատմության հերոսներ՝ Մանուշակ Բարսեղյան, Սոնա Գրիգորյան
Հեղինակներ՝ Մարինե Հովակիմյան, Մարիամ Թերզյան 

Հեքիաթի դասերը կարող են նաև ստեղծագործական հմտություններ բացահայտել, հատկապես երբ մայրիկի հետ ես հաճախում դրանց։ Մայր ու աղջիկ՝ Սոնա Գրիգորյանն ու Մանուշակ Բարսեղյանը, կիսվում են ոչ միայն գաղտնիքներով ու խորհուրդներով, այլև նկարչությամբ ու տուրիստական բիզնես հմտություններով։ Եթե սկզբում սկսնակ և անփորձ էին համարում, ինստագրամյան համատեղ էջն ավելացրեց գնորդների թիվը, յուրաքանչյուր նկար գտավ իր տիրոջը։ Տարբեր ոճական ձեռագրերն էլ չեն խանգարում նրանց այլ իրավիճակներում միևնույն հայացքն ունենալ: 

Պատմության հերոսը՝ Սմբատ Հակոբյանը
Հեղինակներ՝ Հասմիկ Կնյազյան, Լիլիթ Ալեքսանյան

Կան պնդումներ, որ սոցիալական գիտություններում հետազոտողը հենց այնպես չի ընտրում իր ուսումնասիրության թեման․ այդ ընտրությունը ոչ միայն պայմանավորված է լինում հետազոտական հետաքրքրությամբ, այլ նաև նրան  անձամբ հուզող հարցերի պատասխանների փնտրտուքով, նույնիսկ եթե այն ենթագիտակցական մակարդակում է: Սմբատ Հակոբյանը մշակութային մարդաբան է, զբաղվում է մահվան ուսումնասիրություններով։ Նրա մեկնաբանություններն օգնում են որոշակի գաղափար կազմել մահվան և թաղման ծեսի մասին, հասկանալ, թե ինչ մոտեցումներով է ուսումնասիրում թաղմած ծեսը, կամ ինչպես է այս թեմայի ընտրությունը ազդել կյանքի ընկալման իր պատկերացումների վրա։

Պատմության հերոս՝ Լուսի Թոփալյան
Հեղինակներ՝ Սոնա Ներսեսյան, Աննա Արզումանյան 

Լուսի Թոփալյանը ծնվել ու մեծացել է Լիբանանում: 1970-ականներին պատերազմի պատճառով տեղափոխվել է Քուվեյթ, որտեղ մոտ 20 տարի այլ բնագավառում աշխատելուց հետո հիմնադրել է Դար Ալ Ֆունուն պատկերասրահը: Այն, որպես այդպիսին, առաջինն էր Քուվեյթում, որտեղ ցուցադրվել են Ամերիկայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Կորեայի, նաև Հայաստանի արվեստագետների աշխատանքներ։ Տեղափոխվել ու վերջին երկու տարին ապրում է Հայաստանում՝ հույսով, որ այստեղ նույնպես հնարավորություն կունենա ցուցադրություններ կազմակերպելու:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: