Ոչ ոքի տունը

Տեղափոխում, արտագաղթ, մահ. այս երևույթների հետևանքով են լքված մնացել ֆոտոպատմությունում պատկերված տները։

Երևանում և հարակից շրջաններում  լքված տներն ավելի շատ են, քան մենք նկատում ենք։ Ինձ հատկապես հետաքրքիր էր, թե ինչ կա լքված տների ներսում, երբ սկսում էի նկարել ֆոտոպատմությունս։ 

Սկսեցի շրջել քաղաքի տարբեր հատվածներով ու ծանոթանալ տասնյակ մարդկանց հետ, որոնք էլ հենց ուղղորդել են նկարներում պատկերված տները։ «Գնա Կոնդ, շատ տներ կան վատ վիճակում, որ նկարես, չեն էլ իմանա, որ լքված են»,-զրույցի ընթացքում ասաց գազանանոցի աշխատակիցներից մեկը։ 

Գնացի։ 

Կոնդի փողոցներից մեկում ծանոթացա Էրիկի հետ, որը դպրոցական տարիքի տղա է։ Մի տուն կար, որտեղ Էրիկը վաղուց ուզում էր մուտք գործել, բայց չէր համարձակվել։ Ինձ ուղեկցելը լավ առիթ էր, որ ինքն էլ հայտնվի լքված այդ տանը։ 

Իր և ընկերների հետ միասին շրջեցինք Կոնդի փողոցներով։ Երբ արդեն նկարները մշակման փուլում էին, ու մտածում էի՝ էլ չեմ նկարի, Էրիկը հեռախոսով արված մի քանի նկար ուղարկեց նոր գտած տնից ու միասին գնացինք։ 

Չնայած մտերիմներիս անհանգստությանը՝ շարունակում էի շրջել լքված, բայց կարծես «տիրություն արվող» տներում։ Տները լքված են, բայց անտեր չեն, քանի որ դրանց հեռակա հետևում են հարևանությամբ ապրող մարդիկ կամ նախկին տերերի բարեկամները։

Կահույք, սպասք, նկարներ, թոշակի գրքույկ և նման այլ առարկաները միակ վկան են, որ նախկինում այս տներում  կյանք է եղել։

Ամեն տանը կարելի էր պատկերացնել, թե ինչպիսին է եղել այդտեղի առօրյան, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր պահերը, բայց ինչ որ մի պահի կյանքը կանգնել է այստեղ։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: