Շորժա. գյուղը, մարդիկ, պանսիոնատը

Մեկնել էինք Սևան՝ լճի էկոլոգիական խնդիրները ուսումնասիրելու։ Մեր կանգառը Շողակաթ, ավելի հայտնի որպես Շորժա, գյուղն էր՝ Սևանի արևելյան մասում։

 

Իջանք Շորժայի՝ սննդի միակ խանութի մոտ, որտեղ գյուղի տղամարդիկ շախմատ էին խաղում։ Խաղացողներից էր նաև Աշոտ Կիրակոսյանը, ով անընդհատ կատակում էր, որ ինքն է հաղթելու «էս պարտիան»։ Հաղթեց նրա լուռ խաղակիցը՝ Սամվելը։

 

Աշոտի, Սամվելի և նրանց ընկերների հետ զրուցում էինք գյուղից, մարդկանցից ու քաղաքականությունից։ Աշոտը պատմում էր, որ 90-ականներին ինքն էր կազմակերպել հայերի և ադրբեջանցիների փոխհամաձայնեցված տեղափոխումը։

Աշոտ Կիրակոսյանը (ձախից) և Սամվել Պետրոսյանը (աջից)

Հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող ենք հասնել Շորժայի նկարիչների պանսիոնատ։ Աշոտը երկար բացատրում էր, հետո առաջարկեց մեզ տեղ հասցնել։ Քարքարոտ ճանապարհի կեսին Աշոտը պատմում էր, որ տաքսիները 1500 – 2000 դրամով են պանսիոնատ հասցնում, եթե ճանապարհը լավը լիներ, ինչպես Աշոտն էր նշում, 500 կարժենար։ Մեզնից գումար չվերցրեց, ասաց՝ կսպասեմ, եթե շուտ եք ավարտելու, հետ կտանեմ։

1974 թվականին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը այս ամառանոցը նվիրել է Նկարիչների միությանը։ Տարբեր ժամանակներում այստեղ ստեղծագործել են հայ անվանի նկարիչներ, օրինակ՝ Հակոբ Հակոբյանը, Մարիամ Ասլամազյանը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք։ Այցելության օրն այնտեղ ստեղծագործում էին մեր սերնդի նկարիչները։

Վերադարձին հանդիպեցինք Արմեն Գաբրիելյանին՝ թոռների հետ։ Նրանք պատի տակ սպասում էին ոչխարների տուն գալուն։ Գյուղում հիմնականում զբաղվում են անսանապահությամբ։ Արմենի թոռները՝ Գոհարիկը և Ռուբինան պտտվում էին պապի շուրջը, ծիծաղում, զրուցում մեզ հետ։ Երևում էր, որ նկարվել սիրում են, չնայած փորձում էին հակառակը համոզել։

«Սպասե՛ք, Արթուրը գա, ինքն էլ նկարվի»,- ասաց աղջիկներից մեկը։

Արթուրը եկավ, բարկացավ քույրերի վրա, պարզվեց՝ նկարվել չի սիրում։

Արմեն Գաբրիելյանը և թոռները՝ Գոհարիկը և Ռուբինան

Նկարիչների հանգստյան տուն

Անահիտ Կիրակոսյանը և Աղաս Գաբրիելյանը

Գյուղամիջով շարունակեցինք քայլել։ Հանդիպեցինք Անահիտին և Աղասին։ Ամուսինները ցույց տվեցին իրենց փոքրիկ գործը՝ ջերմոցը։ Մեզ իրենց ջերմոցի լոլիկներից հյուրասիրեցին։ Աղասը պատմում էր, որ ջերմոցը դեռ գումար չի բերում, բայց ապագայի համար հույսեր ունեն։

Մութն ընկել էր, ոչխարները հետ էին եկել գյուղ։ Հայտնվեց Աշոտը՝ իր Մերսեդեսով, ասաց, որ մեզ տեղ կհասցնի։ Ճանապարհին ուժեղ անձրև սկսվեց։ Մեքենայից իջանք՝ նկարներ անելու։ Աշոտը անսպասելի վերադարձավ գյուղ՝ իր հետ տանելով ուսապարկս։ Թրջվելով քայլեցինք դեպի մայրուղու վրայի խանութը՝ միակ տեղը որը գիտեինք Շորժայում, որտեղ  էլ  գտանք Աշոտին և ուսապարկը։

Երբ ավտոբուսը եկավ մեր հետևից, Շորժայում անձրևը դեռ շարունակվում էր։ Հարազատ դարձած խանութի մոտից հեռացանք լավ տպավորություններով, հանգիստ ու ուրախ։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: