Ինչ ենք սովորում
Մենք սովորում ենք
- փորձել ու սխալվել, դասեր քաղել ու նորից փորձել՝ այդկերպ սովորել,
- խորը փորել և գտնել ու ներկայացնել թաքցված փաստերը,
- հետաքրքիր պատմություններ պատմել սովորական մարդկանց մասին
Հետք Մեդիա Գործարանում դասավանդվում է 11 առարկա։
Այս դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթանում են հետաքննական լրագրության հմտություններին և գործիքներին, սովորում են հետաքննությունների թեմաներ ընտրել և «բացել» այդ թեմաները։ Գտնում են աղբյուրներ և հարցազրույցներ են անում, սովորում են կարդալ և հասկանալ պետական ու ֆինանսական փաստաթղթերը։ Քանի որ հետաքննական լրագրությունը հաճախ առնչվում է զգայուն թեմաների, իրավական կամ էթիկական հարցերի հետ, ուսանողները նաև սովորում են որոշումներ կայացնել՝ կողմնորոշվելով երկընտրանքային իրավիճակներում։
Այս դասընթացի շրջանակներում ուսանողներն ուսումնասիրում են տեքստի ոճը և լեզուն, սովորում են պատմել պարզ ու ստեղծագործաբար։ Ուսանողները սովորում են աշխատել աղբյուրների հետ, հասկանում են, թե ինչպես պետք է ճշտել և ամբողջացնել ինֆորմացիան, ինչպես պատրաստվել և վարել հարցազրույց։ Նյութի վերնագիրը, տեքստի կառուցվածքը, ձևի և իմաստի համադրությունը նույնպես ներառված են այս դասընթացի մեջ։
Ուսանողները սովորում են տվյալների լրագրության առանձնահատկությունները, հիմնական մեթոդները և տվյալների հիման վրա նյութերի պատրաստման սկզբունքները։ Դասընթացի շրջանակներում ուսանողներն աշխատում են տվյալների աղբյուրների հետ, սովորում են տվյալների հավաքագրման, վերլուծության և վիզուալացման գործիքներ։ Տեխնիկական հմտությունները զգալիորեն հեշտացնում են լրագրողի առջև դրված խնդիրները և օգնում են ավտոմատացնել և արագացնել աշխատանքը։ Այլընտրանքային տվյալներ «քերելու» համար ուսանողներն ուսումնասիրում են նաև Python ծրագրավորման լեզու, ինչը հնարավորություն է տալիս վերհանել շեղումները և պատմություններ գտնել տվյալների հետևում։
Այս դասընթացի շրջանակներում ուսանողները նախ սովորում են, թե ինչ ասել է փաստերի ստուգում և «ֆեյք նյուզ», ուսումնասիրվում են կեղծ լուրերը բացահայտելու և փաստերը ստուգելու մեթոդներն ու գործիքները, օգտագործվում են թե՛ բաց ռեսուրսներ, թե՛ ուսումնական ձեռնարկներ, թե՛ տարբեր հրապարակումներ։ Դասընթացի տեսական մասն ուսանողներին օգնում է ընկալել փաստերի ստուգման կարևորությունն այսօրվա լրագրության և ընդհանրապես իրականության մեջ, իսկ գործնական մասը սովորեցնում է հմտորեն տարբերակել կեղծ լրահոսն իրականից և ապացուցել տեղեկատվության կեղծ լինելը։
Ուսանողներն ուսումնասիրում են վիդեո պատմությունների բովանդակային ու ստեղծագործական կողմը, սովորում են աշխատել տարբեր իրավիճակներում ու միջավայրերում, տարբեր թեմաների ու հերոսների հետ, զարգացնում են լրագրողական, օպերատորական, մոնտաժային մտածողությունը վիդեոարտադրության բոլոր փուլերում՝ նախաարտադրական, արտադրական, հետարտադրական:
Ուսանողները գործնականում կիրառում են վիդեո պատմությունների ստեղծման անհրաժեշտ գործիքները, կանոններն ու հնարքները, սովորում են անկախ ձեռքի տակ եղած սարքավորումներից տեսնել կադրը, հետևել բովանդակությանը, մեծ ծավալի հում նյութից ստանալ պատմություններ տարբեր վիդեո ձևաչափերում՝ հաշվի առնելով լսարանի առանձնահատկությունները:
Ուսանողները նախ և առաջ մարզում են իրենց աչքերը: Այս դասընթացի շրջանակներում այնքան էլ կարևոր չէ, թե ինչով ես նկարում, այլ՝ թե ինչ ես նկարում և ինչու։ Այս ամենն ուսումնասիրելուց հետո ուսանողներն իրենց ֆոտոպատմություններով պատմում են իրենց հետաքրքրող թեմաները։
Հաճախ տրվող հարցեր
Ուսումն անվճա՞ր է։
Այո, Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։
Որքա՞ն է տևում դասապրոցեսը։
Հետք Մեդիա Գործարանում սովորելը տևում է մեկ ուսումնական տարի՝ երկու կիսամյակով. սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մայիս։
Լրագրողական կրթություն չունեցող անձինք կարո՞ղ են դիմել։
Այո, մեդիայով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ կարող է դիմել՝ անկախ մասնագիտությունից։
Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում։
Կարող են դիմել 18 տարեկանը լրացած անձինք։
Ինչպե՞ս է կատարվում ուսանողների ընտրությունը։
Դիմորդներն ընդունվում են հետևյալ փուլերը հաջողությամբ անցնելու դեպքում.
- դիմում-հայտի, մոտիվացիոն նամակի և ինքնակենսագրության դիտարկում,
- հարցազրույց, որը տևում է 15 րոպե։
Կարո՞ղ եմ ընտրել առարկաներից միայն մեկը կամ մի քանիսը։
Ոչ, կրթական ծրագրում ներառված բոլոր առարկաները պարտադիր և փոխկապակցված են։ Հետք Մեդիա Գործարանը հաջողությամբ ավարտելու համար կարևոր է առաջադիմությունը յուրաքանչյուր առարկայից:
Հնարավո՞ր է Մեդիա Գործարանի դասերը համատեղել համալսարանում սովորելու կամ աշխատանքի հետ։
Հնարավոր է, բայց պետք է հաշվի առնել, որ դասերն անցկացվում են ամեն օր, իսկ հանձնարարությունները պահանջում են օրական 3 ժամ աշխատանք՝ լիարժեք արդյունք ունենալու համար։ Անհարգելի բացակայությունների սահմանված քանակը գերազանցելու դեպքում կարող եք դուրս մնալ կրթական ծրագրից։
Ուսանողները լրագրողական նյութեր անելո՞ւ են։
Այո, Հետք Մեդիա Գործարանում կիրառում ենք «սովորել՝ անելով» մեթոդը։ Ուսուցման ընթացքում տրված հանձնարարությունները հրապարակվելու են որպես լրագրողական արտադրանք։
Դասերին հնարավո՞ր է առցանց միանալ։
Ոչ, Հետք Մեդիա Գործարանում դասապրոցեսն առցանց չէ։