modular-schools
Long ReadԱպրիլ 20/2020

Մոդուլային դպրոցների կառուցումն ուշանում է. ապաստարաններն ավելացել են պատերազմից հետո

Սյունիքի մարզի Հարժիս համայնքի ավարտական դասարանի աշակերտները հույս ունեին «վերջին զանգը» տոնել նորակառույց մոդուլային դպրոցում։ Աշակերտների հույսերն, իհարկե, կարող էին արդարանալ, եթե նոր դպրոցի շինարարությունն իրականացվեր պայմանագրում նշված ժամկետներում։

Հարժիսում մոդուլային դպրոցի կառուցումը սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 3-ին, որը, ըստ նախնական պայմանագրի, պետք է ավարտվեր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։ Շինարարության ավարտը նախանշող վերջնաժամկետից անցել է 4 ամիս, բայց այս պահին կատարված են միայն հիմնային աշխատանքները, իսկ շինաշխատանքներն արդեն երեք ամիս է՝ դադարեցված են։

2019թ-ից սկսած՝ կառավարությունը պետական բյուջեից միջոցներ է հատկացնում «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերի մի շարք համայնքներում մոդուլային տիպի միջնակարգ դպրոցների նախագծման և կառուցման համար:

module_school_1.png
Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության կայքից

Մոդուլային դպրոցները մեկհարկանի փոքր կառույցներ են, որոնք պետք է համապատասխանեն սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին, ինչպես նաև հագեցած լինեն անհրաժեշտ գույքով՝ համայնքի աշակերտների կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային կարիքներն ապահովելու համար։

Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի կազմում գտնվող Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցի գործող շենքը մոտ 50 տարեկան է, երբևէ չի հիմնանորոգվել, համարվում է վթարային։ Դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի նվազել է՝ 10 տարվա ընթացքում 131-ից դառնալով 84 աշակերտ։

module_school_2.png
school_7-768x556.jpgԴպրոցի տնօրեն Նորայր Եսայանը, տեսնելով, որ մոդուլային շենքի շինարարությունն առաջ չի գնում, հարցումներ և հրապարակային դիմումներ է ուղղել վարչապետին և Քաղաքաշինության կոմիտե։ Դրան ի պատասխան՝ կոմիտեն վստահեցրել է, որ 2022 թվականի չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-դեկտեմբեր) դպրոցն ամբողջությամբ շահագործման կհանձնվի։

«2022 թվականի առաջին եռամսյակն անցել է, իսկ դպրոցի շինհրապարակում ոչ մի աշխատանք չի կատարվել։ Եվ սա թույլ է տալիս մեզ մտածելու, որ 2022-23 ուսումնական տարում մենք կշարունակենք հին դպրոցի շենքում դաս անել։ Ավելին, անգամ վստահեցրին, որ այս տարվա բյուջեով նախատեսված է դպրոցական գույքի գնման գործընթացը, որովհետև նախատեսվում է նորակառույց դպրոցներում ունենալ ամբողջությամբ նոր գույք, բայց քանի դեռ շենքը չկա, մենք չենք կարող խոսել գույքի մասին»,- ասում է Հարժիսի դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը։

Ըստ նախագծի՝ Հարժիսի նոր մոդուլային դպրոցը պետք է ունենար նաև մշակույթի տուն և նախակրթարան, քանի որ այդ հաստատությունների շենքերը նույնպես հին են և անմխիթար։

Դպրոցի նոր շենքի կառուցման համար քանդվել են հին դպրոցի երկու դահլիճները՝ սպորտդահլիճը և հանդիսությունների սրահը, նոր վերանորոգած ճաշարանը, ինչի հետևանքով գրեթե մեկուկես տարի է՝ դասապրոցեսի բնականոն ընթացքը խախտվել է։ Ֆիզկուլտուրայի դասերը չեն կայանում, իսկ միջոցառումներն անցկացվում են դասարաններում։ Ճաշարան չունենալու պատճառով էլ տարրական դասարանի երեխաներին միայն չոր սնունդ են տալիս։

Տնօրեն Նորայր Եսայանը պատմում է, որ շինարարության մեկնարկին կառուցապատողն առաջարկել է քանդել նաև դպրոցի շենքը՝ խոստանալով մինչև սեպտեմբեր վերջացնել կառուցումը, սակայն ինքը, բարեբախտաբար, չի համաձայնել՝ պատճառաբանելով, որ դասերն անցկացնելու այլ տեղ չկա։ Ի դեպ՝ Սիսիանի Վաղատին գյուղում, որտեղ ևս կառուցվում է մոդուլային դպրոց, ամբողջությամբ ապամոնտաժել են հին դպրոցը, որի հետևանքով աշակերտները մինչ օրս դասերն անցկացնում են գյուղապետարանի շենքում կամ առցանց։

school_1-768x420.jpg
Հարժիսի ներկայիս դպրոցը

«Սիսիանի Դարբաս գյուղի դպրոցը, որի շինարարությունը սկսել է մեր դպրոցի հետ, այժմ բավականին լուրջ առաջընթաց է ապրում։ Տանիքն արդեն դնում են, և դարբասցիները հույս ունեն, որ սեպտեմբերի 1-ին կունենան նորակառույց դպրոց։ Իսկ մենք շատ հետ ենք շինարարության տեմպերի առումով։ Անգամ ոչ մասնագետները կարող են փաստել, որ նման վիճակի շինարարությունը 6 կամ 9 ամսում հնարավոր չէ ավարտին հասցնել»,- ասում է Հարժիսի դպրոցի տնօրենը։

Շինարարությունն իրականացնում է դատական գործերի մեջ «թաթախված» ընկերությունը

Մոդուլային դպրոցի կառուցուման համար 2020-ի ամռանը հայտարարվել է բաց մրցույթ։ Դիմել են 13 ընկերություն, որոնցից հաղթող է ճանաչվել ամենացածր գնառաջարկ ներկայացրած «Գազկոմշին» ՍՊԸ-ն, որի հետ Քաղաքաշինության կոմիտեն պայմանագիրը կնքել է 2020 սեպտեմբերի 10-ին։ «Գազկոմշին» ՍՊԸ-ն, ըստ այդ պայմանագրի, կառուցումը պետք է իրականացներ 595 մլն դրամով։

school_7-768x556.jpg

«Գազկոմշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին, իրականացնում է գազիֆիկացում, ջրամատակարարում/ ջրահեռացում, կապիտալ շինարարություն և վերանորոգում, շենքերի վերակառուցում/ապամոնտաժում։

«Գազկոմշին» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Մաքսիմ Միսակյանն է, որը երկար տարիներ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում՝ որպես «Տրանսգազշին» շինմոնտաժային արտադրա-առևտրային և մատակարարման մասնաճյուղի տնօրեն։ Նաև «Մաքսգազ» ընկերության սեփականատերն է, որը 2011-ին սնանկ է ճանաչվել։

Գնումների մասին օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է պետգնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները. մասնակից ընկերությունը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար`

  1. մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,
  2. մասնագիտական փորձառություն,
  3. տեխնիկական միջոցներ,
  4. ֆինանսական միջոցներ,
  5. աշխատանքային ռեսուրսներ:

«Գազկոմշին» ընկերության վերաբերյալ Datalex դատական տեղեկատվական համակարգում 2010 թվականից սկսած՝ առկա են տասնյակ դատական գործեր, որոնց գերակշիռ մասը «Գազկոմշինից» գումար բռնագանձելու, իսկ մյուսները՝ պատճառած վնասի փոխհատուցման պահանջ են ներկայացնում։ Գնահատող հանձնաժողովը, սակայն, հաշվի չի առել այս ընկերության պատմությունը։

Շինարարներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել

Դպրոցի շինարարությունը մի քանի անգամ ընդհատվել է, քանի որ աշխատողները հրաժարվել են շարունակել գործը՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձը։

Հարժիս համայնքում մենք նկարահանում իրականացրել ենք ապրիլի մեկին։ Այդ պահի դրությամբ՝ շինարարները նշում էին, որ մոտ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ կառուցապատող ընկերությունն իրենց բողոք-պահանջները թողնում է անարձագանք։

Հետք Մեդիա Գործարանը ապրիլի 8-ին շինարարությունն իրականացնողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվության հարցումներ է ուղարկել «Գազկոմշին» ՍՊԸ-ին։ Երեկ՝ ապրիլի 19-ին բոլոր բանվորների աշխատավարձերը վճարվել են։

Շինարարության սկզբից ի վեր՝ աշխատանքային երեք խումբ է փոխվել։ Նախկին աշխատողները որոշ ուշացումներով, բայց ստացել են աշխատավարձերը։

school_5-768x387.jpg

«Գազկոմշինը» և Քաղաքաշինության կոմիտեն պարզաբանում են

Պայմանագրով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու և աշխատակիցների աշխատավարձերն ուշացնելու վերաբերյալ մեր գրավոր հարցմանը «Գազկոմշին» ընկերությունից պատասխանել են, որ դպրոցի շինարարությունն ընդհատվել է երկու անգամ` նախագծա-նախահաշվային փոփոխությունների պատճառով։

school_12-768x454.jpg

Նախագծային և մրցույթի անցկացման փուլերում, այսինքն՝ մինչև 44-օրյա պատերազմը, մոդուլային դպրոցներում ռմբապաստարանների կառուցում նախատեսված չի եղել։ Պատերազմից հետո կառավարությունն անհրաժեշտ է համարել ապաստարանների կառուցումը և որոշել է թույլատրել Քաղաքաշինության կոմիտեին կառուցապատողի հետ պայմանագրում իրականացնել փոփոխություններ և կազմել շինարարական աշխատանքների իրականացման նոր գին և ժամանակացույց։ Պայմանագրի գինն ավելացել է մոտ 114 մլն դրամով՝ դառնալով 709 մլն 113 հազար դրամ, իսկ կառուցապատման աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2022թ-ի դեկտեմբերի 20-ը։

Ըստ կոմիտեի՝ քաղաքաշինական նորմերով 2019 թվականի նախագծում ոչ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների համար ապաստարան նախատեսված չի եղել։ Պատերազմից հետո՝ 2021 թվականին է միայն կառավարությունը որոշել, որ ոչ սահմանամերձ 19 համայնքների մոդուլային դպրոցների նախագծերում ապաստարան է պետք կառուցել, ինչի պատճառով էլ նախահաշվային թիվը փոխվել է։

Բացի նախագծային փոփոխություններից, «Գազկոմշին» ընկերությունը պատճառաբանում է, որ դպրոցի կառուցումն ընդհատվել է ձմեռային անբարենպաստ պայմանների պատճառով։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ «Գազկոմշին» ՍՊԸ-ին հանձնարարվել է ներգրավել լրացուցիչ աշխատուժ և մեխանիզմ՝ բաց թողած օրերը լրացնելու և աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտելու համար:

Թե Քաղաքաշինության կոմիտեն, թե «Գազկոմշինը» վստահեցնում են, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 20-ը:

school_8-768x401.jpg

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 20-ը կառուցումը չավարտելու դեպքում՝ ընկերությունը կենթարկվի տույժ-տուգանքների։

Հետք Մեդիա Գործարանին այս տարվա ապրիլի 11-ին ուղարկած պարզաբանման մեջ ընկերությունը վստահեցրել է, որ շինաշխատանքները կսկսվեն մինչև ապրիլի 17-ը։

Ապրիլի 20-ի դրությամբ՝ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը տեղեկացրեց, որ որոշ քանակությամբ շինանյութ է բերվել շինհրապարակ, սակայն որևէ կառուցապատման աշխատանք դեռևս սկսված չէ։

Ի դեպ՝ 2020 թվականին մոդուլային դպրոցների շենքերի կառուցման աշխատանքներ են տարվել Հայաստանի 17, իսկ 2021-ին՝ 5 համայնքում։Նշված 22 մոդուլային դպրոցներից որևէ մեկի կառուցապատման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

school_6-768x476.jpg

Հեղինակ՝

Ուսանողներ

Լուսինե

Գրիգորյան