children-with-disabilities
Long ReadՄայիս 20/2022

Հաշմանդամությունը՝ երեխաների կրթությունից զրկվելու պատճառ

Հետք Մեդիա Գործարանը դիմել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ)՝ խնդրելով հայտնել երբևէ դպրոց չհաճախած դպրոցահասակ երեխաների թիվը, որը, սակայն, մեզ չեն տրամադրել՝ համարելով այն հրապարակման ոչ ենթակա տվյալ։ ԿՏԱԿ-ը գրավոր պատասխանում որևէ կերպ չի բացատրել, թե ինչու է կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը հրապարակման ոչ ենթակա։ Միայն Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը հեռախոսային զրույցում նշել է, որ անվտանգային նպատակով թիվը չեն կարող հրապարակել։

Եթե չկա թիվ, դեռ չի նշանակում, որ չկան նաև կրթության իրավունքից զրկված երեխաներ Հայաստանում։

edu_1-1024x683.jpg

12-ամյա Լիդիա Պոդոսյանը գրել և կարդալ ինքնուրույն է սովորել։ Նա ի ծնե հենաշարժողական խնդիր ունի, որի պատճառով էլ ծնողները որոշել են դպրոց չուղարկել։

Պոդոսյանների բազմազավակ ընտանիքը ապրում է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում։ Փոքր, տեղ-տեղ ճաքած պատերով միհարկանի տան դարպասների մոտ մեզ դիմավորեց ընտանիքի հայրը՝ Արմեն Պոդոսյանը։

Նա նշեց, որ Լիդիային դպրոց չի տանում, քանի որ կարծում է, որ երեխան երկար նստելուց կարող է ոտքի ցավ ունենալ։ «Թեպետ մի կողմից օրենքին հակառակ բան ա, բայց այն կապված ա երեխայի առողջության հետ»,— ասում է հայրը։

Հարցրինք, թե արդյոք գրավոր է հրաժարվել երեխային դպրոց ուղարկելուց, ասաց. «Ես չեմ հիշում՝ դիմում գրել եմ, թե չէ, բայց բանավոր իրենց ասել եմ, որ առողջական խնդրի պատճառով էրեխեն չի գալու»։

edu_2-1024x683.jpg

— Ուզո՞ւմ ես դպրոց գնալ,— հարցնում եմ Լիդիային։

— Հա, ուզում եմ սովորել,— պատասխանում է նա՝ նայելով հոր դեմքին։

Լիդիայի հետ դուրս եկանք բակ։ Ցույց տվեց իրենց տնից մոտ 400 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցը։

Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծնողն իրավունք չունի երեխային արգելել կրթություն ստանալ։

«Դպրոցը պետք է դիմի երեխայի պաշտպանության մարմիններին։ Իհարկե, երեխայի համար ամենակարևոր որոշումներ կայացնողը ծնողն է, բայց եթե այն ի շահ երեխայի չի գործում, բնականաբար, այն մարմինը, որը պատասխանատու է երեխայի իրավունքի պաշտպանության համար, պետք է միջամտի»,— ասում է Արաքսյա Սվաջյանը։

Լեռնագոգի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Ռուզաննա Մկրտչյանն ասաց, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել Լիդիայի մասին։ Մկրտչյանը կարծում է՝ ծնողը փորձում է արդարացում գտնել՝ ասելով, թե չկան պայմաններ, բայց դպրոցում սովորում են ներառական կրթության շահառուներ։

«Գերմանիայից որ եկել են, հայրը չի բերել երեխային, թաքցրել է։ Մենք չենք էլ իմացել, որ այդ տարիքի երեխա ունի։ Մյուս դստեր համար սոցիալական աշխատողը այց է կատարել, այդ ժամանակ է տեսել Լիդիային։ Հետո սոցիալական աշխատողը եկավ, ասեց՝ սենց երեխա ճանաչո՞ւմ եք՝ ասեցի չէ»,— պարզաբանում է դպրոցի տնօրենը։

Լիդիայի ոտքը վիրահատելու նպատակով մի քանի տարի առաջ Պոդոսյանները մեկնել են Գերմանիա, բայց Արմեն Պոդոսյանն ասում է, որ վիրահատությունը չի իրականացել, վերադարձել են։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) սոցիալական աշխատող Մարինե Խաչատրյանն այցելել է Պոդոսյանների ընտանիքին։ Նա ասաց՝ համաձայնություն ունեն ծնողի հետ, որ աղջիկը սեպտեմբերից դպրոց հաճախի: Լիդիան Գերմանիայում դպրոց է գնացել։ Այդ ամենը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացվեն, որից հետո կորոշվի, թե որ դասարանում է նա սովորելու։

«Կարծրատիպ կար հայրիկի կողմից, թե երեխան կգնա դպրոց, կծիծաղեն իր վրա, բայց աշխատանքի արդյունքում այդ ամենը հաղթահարել ենք»,— ասաց Մարինե Խաչատրյանը։

Երեխայի հաշմանդամությամբ պայմանավորված՝ կրթությունից դուրս մնալու ևս երկու դեպքի ականատես եղանք, որոնցից մեկը կրկին Արմավիրի մարզում, իսկ մյուսը՝ Արագածոտնում։ Ծնողները հրաժարվում են դպրոց տանել երեխաներին՝ պատճառաբանելով նրանց մտավոր խնդիրները։ Նրանք չցանկացան նկարահանվել՝ միայն ասացին, որ դպրոցն առաջարկել է երեխաներին կրթություն տրամադրել, սակայն իրենք հրաժարվել են։

Արագածոտնի մարզի բնակիչը պատմում էր, որ տարիներ առաջ որդին Աշտարակում հատուկ դպրոց է գնացել, որի փակվելուց հետո կրթություն չի ստացել։ Ըստ ծնողի՝ երեխան ունի «ագրեսիվ վարք», չունի որևէ հետաքրքրություն, ամբողջ օրը մենակ խաղում է դրսում։

Տղան արդեն 16 տարեկան է, բայց ծնողները չեն պատկերացնում, թե ինչպիսին է լինելու իրենց որդու ապագան։ Նրանք միակ լուծումը համարում են «համապատասխան վայր» տեղափոխելը։ Այդ արտահայտությունն ասելով՝ հայրը նկատի ունի հատուկ հաստատությունը։

Ներառական կրթության համակարգը ներդնելուց 8 տարի անց, Հայաստանում դեռ կան կրթությունից զրկված հաշմանդամություն ունեցող երեխաներ

2014 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, և ներդրվեց համընդհանուր ներառական կրթության համակարգը, ըստ որի՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը պետք է կազմակերպվի հանրակրթական դպրոցում։

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման՝ կրթությունից դուրս մնալու հիմնական գործոներն են վատ սոցիալական պայմանները, հաշմանդամությունը, երեխաների վերաբերյալ բացահայտումներին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ առանձին էթնիկ խմբերի դեպքում՝ վաղ ամուսնությունը։

Ծնողները, որոնք ընտրում են երեխաներին ներառական կրթության ուղարկել, հաճախ խնդիրների առաջ են կանգնում

education_down_syndrom-768x1024.jpeg
Untitled-1.png

Դաունի համախտանիշ ունեցող Նարեկը սովորում է առաջին դասարանում։ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) գնահատմամբ՝ երեխան իրավունք ունի սովորել հանրակրթական դպրոցում։

Նրա մայրը՝ Գայանե Ավագյանն ասում է, որ երեխայի կրթական գործընթացում, սակայն, լինում են դժվարություններ։ Ծնողի պնդմամբ՝ ուսուցիչները վերապատրաստված են, սակայն հաճախ չեն կարողանում ապահովվել հավասար պայմաններ բոլոր երեխաների համար։

«Նարեկը կարող է երաժշտության դասին մեկ այլ երգ երգել կամ արդեն կազմված խմբերով աշխատանք կատարելիս՝ խաղալ այլ խմբի երեխաների հետ։ Նրա պահվածքը երբեմն զայրացնում է ուսուցիչներին»,— ասում է Գայանեն։

Մայրը պատմում է, որ բացի ուսուցիչներից, երեխայի վարքը դժգոհություն է առաջացնում նաև համադասարանցիների ծնողների շրջանում։ Նրանք նույնիսկ ժողովներից մեկի ժամանակ նշել են, թե ինչու իրենց նախօրոք չեն տեղեկացրել Նարեկի՝ դպրոց ընդունվելու մասին։

«Միգուցե փոխեին դասարանը կամ դպրոցը։ Չգիտեմ՝ ինչ պետք է անեին՝ իմանալու դեպքում»,— արձագանքում է Նարեկի մայրը։

Եղել է դեպք, երբ Նարեկի համադասարանցու ծնողը երեխայի ձեռքից քաշել է մի կողմ, որ Նարեկի կողքով չանցնի։ Գայանեն կարծում է, որ այդպես ոչ թե վնասում են Նարեկին, այլ՝ հենց իրենց երեխաներին։

Չնայած թվարկած խնդիրներին՝ Նարեկը շատ է սիրում դպրոցը, դասվարին և դասընկերներին։ «Կարելի է ասել՝ ապրում է դպրոցով»,— ասում է Գայանեն։

edu_3_-1024x683.jpg
edu_4_-1024x683.jpg

11-ամյա Ալեքսն ունի Դաունի համախտանիշ, սովորում է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում։ Նրա մայրը՝ Սյուզաննա Համբարձումյանը, պատմում է, որ դասարանում բոլորը նրան սիրում և օգնում են։

Դպրոցից բացի տղան հաճախում է լողի, զբաղվում կավագործությամբ ու փայտամշակմամբ։

«Սոցիալական միջավայրում խնդիրներ չունենք, բայց ուսումնական հարցերում ունենք»,- ասաց Սյուզաննան։ Ըստ նրա՝ դասագրքերը բարդ են և հարմարեցված չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։

Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանի կարծիքով՝ ոչ բոլոր դպրոցներն են ապահովված մասնագետներով, և այդ խնդիրը իրենց առջև դրված էլ չէ։

«Կան դպրոցներ, որտեղ սովորում են, օրինակ, մեկ կամ երկու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, և, բնականաբար, մենք չենք կարող մեկ-երկու երեխայի համար ունենալ հաստիք։ Դրա համար ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, որոնց մասնագետները այցելում են դպրոցներ և տրամադրում այդ ծառայությունները»,— ասում է Սվաջյանը։

Ըստ Արաքսյա Սվաջյանի՝ դեռ կան երեխաներ, որոնք փաստացի գրանցված են դպրոցներում, բայց հավասարապես չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը, որի առաջնահերթություններից է նաև որակյալ ներառական կրթության իրավունքի մատչելիությունը։

Տարեցտարի նոր համալիր ծրագրեր և օրենսդրական բարեփոխումներ են նախատեսվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և մատչելիության ապահովման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում՝ պատկան մարմինների անտարբերության կամ անտեղյակության պատճառով։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Ուսանողներ

Քրիստինա

Ավանյան

Ուսանողներ

Սոնա

Հովսեփյան