Հայկական գինու-կոնյակի շուկան տուժում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում
2020 թվականի անկումից հետո՝ հայկական գինի և կոնյակ արտադրողները կարողացան վերականգնել արտադրության և արտահանման ծավալները՝ հասցնելով վերջին տասը տարիների ամենաբարձր ցուցանիշին։
Այս տարի, սակայն, շուկայում նոր դժվարություններ առաջացան՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, քանի որ հայկական գինու և կոնյակի արտահանման գլխավոր շուկան Ռուսաստանն է։ Արտահանման խնդիրներ են առաջացել նաև ուկրաինական շուկայում։
Ինֆոգրաֆիկայում ներկայացված են կոնյակի և խաղողի բնական գինու արտադրության ծավալները վերջին տասը տարիներին։
Կոնյակն ու գինին Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում են։ Հատկապես կոնյակն առաջատար հորիզոնականներում է. 2021 թվականին Հայաստանի արտահանման կազմում կոնյակը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն պղնձի խտանյութին։
Մասնավորապես, նշված տարում Հայաստանից արտահանվել է 769 մլն դոլարի պղնձի խտանյութ, իսկ կոնյակի արտահանումը կազմել է 242 մլն դոլար։ Գինին այս ցանկում ոչ բարձր հորիզոնականներում է՝ մոտ 11 մլն դոլարով։
Հայկական կոնյակի և գինու արտահանման հիմնական շուկան եղել և այժմ էլ մնում է Ռուսաստանը։ Ըստ Հայաստանի մաքսային ծառայության տվյալների՝ 2021 թվականին, ըստ ֆիզիկական ծավալների, արտահանված կոնյակի 83%-ը, իսկ գինու՝ 58%-ն ուղղվել է Ռուսաստան։
Ռուս-ուկրաինական ընթացող պատերազմը, ըստ «Կանաչ այգի» գինու գործարանի տնօրեն Գագիկ Աղաբաբյանի, խնդիրներ է ստեղծել հայկական գինու և կոնյակի արտահանման համար։ Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող տնտեսական անորոշությունը, գնողունակության անկումը, ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդել և ազդում հայկական խմիչքի պատվերների ու առաքումների վրա։
«Ուկրաինայի հետ շատ լուրջ պայմանագիր ունեինք, հայտնի պատճառներով հետաձգվում է։ Մոսկվայում էլ ֆիրմային խանութներ էինք վարձել, բայց ներկա պահին ռուբլու անկման պատճառով իմաստ չեմ գտնում արտահանելու»,- ասում է Գագիկ Աղաբաբյանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով արտադրության և արտահանման նվազման միտում է կանխատեսում նաև «Արենիի գինու գործարանի» փոխտնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը: Գործարանը իր արտադրանքի մի մասն արտահանում է Ռուսաստան, սակայն այժմ ստիպված է արտահանման այլընտրանքային շուկաներ փնտրել։
«Ամենահավանական շուկաներից մեկը Չինաստանն է։ Քովիդ-19 համավարակի ժամանակ ևս խոչընդոտներ եղան, սակայն այս ամենին լավատեսությամբ ենք վերաբերվում՝ մտածելով, որ այն ժամանակավոր բնույթ է կրում»,- ասում է Ռաֆիկ Սիմոնյանը:
Հայաստանում արտադրվող գինու 20-30%-ն արտահանվում է։ Վերջին տարիներին արտահանման ծավալներն աստիճանաբար աճել են։ Միևնույն ժամանակ, ոչ մեծ քանակությամբ գինի է ներմուծվում Հայաստան՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և այլ երկրներից։ 2020 թվականին ներմուծվել է 623 հազար լիտր խաղողի գինի՝ 2.5 մլն դոլար արժեքով։
Կոնյակի արտահանումը թե՛ արժեքով, թե՛ ֆիզիկական ծավալներով անգամներով գերազանցում է գինուն։
Եթե ամփոփենք վերջին 10 տարիների արտահանման տվյալները, ապա կտեսնենք, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2019 թվականին․ այդ տարի Հայաստանից արտահանվել է 33 մլն լիտր կոնյակ։ 2020 թվականին այդ ցուցանիշը նվազել է, որից հետո կրկին աճել։
Իջևանի գինու-կոնյակի գործարանի արտահանման բաժնի աշխատակից Ահարոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա արտահանումը դեպի Ուկրաինա բարդացել է, իսկ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն առայժմ կարողանում են պահպանել։
«Ուկրաինա չենք արտահանում՝ պատերազմ է, ո՞ւմ ուղարկենք կամ ո՞ւմ համար։ Մոտակա մի տարին հաստատ այնտեղ ապրանք չենք ուղարկելու, նույնիսկ եթե խաղաղություն հաստատվի»,- պարզաբանում է Ահարոն Մկրտչյանը։
Նույն խնդիրներին է բախվել նաև Մասիսի գինու-կոնյակի գործարանը։ «Ինչ պատերազմը սկսվել է՝ 2-3 ամիս է, նույն հունով չենք աշխատում։ Շատ վատ է անդրադարձել մեզ վրա, ռուբլու փոխարժեքի անկումն էլ է կապ ունեցել, գումարած դրան՝ Լարսում կուտակումներ են։ Մեքենաները մեկ ամսից ավել կանգնում են Լարսում, մեկ ամիս էլ պետք է, որ հետ գան»,- ասում է Մասիսի գինու-կոնյակի գործարանի տնօրեն Սեդրակ Սարգսյանը:
Կոնյակի և գինու ավելի խոշոր մի շարք արտադրողներ առայժմ հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը։ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ միայն մեկ նախադասությամբ պատասխանեցին. «Ինչպես բոլոր այն ընկերությունների պարագայում, որոնց սպառման ամենամեծ շուկան հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության շուկան, մեր կոմբինատի պարագայում ևս, ռուս-ուկրաինական պատերազմը թողնում է իր բացասական ազդեցությունը»։
Կոնյակի արտահանման ամենացածր ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացում գրանցվել է 2015 թվականին։ Այդ ժամանակ Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցները բացասաբար ազդեցին նաև մեր տնտեսության՝ մասնավորապես կոնյակի և գինու արտահանման վրա։
Բացի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներից՝ հայկական կոնյակի համար այսօր ևս մեկ «փորձություն» կա՝ Հայաստանը առաջիկայում ստիպված է լինելու առհասարակ հրաժարվել «կոնյակ» բառից։ Այս մասին գրել ենք մեր հաջորդ հոդվածում։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լիլիթ
Խլղաթյան
Ուսանողներ
Նելլի
Եղիազարյան
Ուսանողներ
Մարիաննա
Դանիելյան
Ուսանողներ
Մովսես
Խաչատրյան
Ուսանողներ
Աստղիկ
Ներսիսյան
Ուսանողներ
Զարուհի
Տոնիկյան
Ուսանողներ
Արփի-Ստեֆանի
Դեմուրչյան
Դասախոս՝
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան