medical-examinations
Long ReadՀունիս 8/2022

Մարզերի բնակիչների համար առողջ լինելն ավելի ծախսատար է

Մինչև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերելակը 8-րդ հարկ կբարձրանար՝ հասցրինք զրույցի բռնվել Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների հետ, որոնք առավոտյան 5-ին դեպի Երևան էին շարժվել, որ հասցնեին ժամը 9-ին հիվանդանոցում լինել։

«Դու գիտես մարզերո՞ւմ ա մենակ վատ, ստեղ էլ ա վատ, սպասարկում չկա, խայտառակ վիճակ ա։ Մենք առավոտը ժամը 9-ից ստեղ ենք ու դեռ որոշում չի կայացվել, դեռ չգիտենք՝ կգնանք, թե կմնանք Երևանում»,- ասում է տղամարդը։

Հարցին, թե այստեղ մնալու տեղ ունեն արդյոք, ծիծաղով ասացին՝ հա, մեքենայի մեջ։

Մարզային բնակավայրերում մի շարք բժշկական ախտորոշիչ հետազոտություններ ուղղակի չեն արվում՝ սարքերի և բուժանձնակազմի բացակայության պատճառով։ Մարզաբնակները բուժսպասարկում ստանալու նպատակով հաճախ ստիպված են իրենց հեռավոր մարզից հասնել Երևանի բժշկական կենտրոններ (այսուհետ՝ ԲԿ-ներ), ինչն էլ տեղափոխման և կեցության հետ կապված հավելյալ ծախս և դժվարություն է առաջացնում մարդկանց համար։

Սյունիքի մարզն ամենաքիչ հասանելիությունն ունի բժշկական ախտորոշիչ ծառայություններին

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում որոշ ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, մարզի որոշ բնակավայրերի համար առավել դժվար հասանելի դարձան բուժծառայությունները։ Օրինակ՝ Սյունիքի Ծավ գյուղին ամենամոտ բժշկական կենտրոնը, որտեղ հասանելի է համակարգչային շերտագրում (ՀՇ) ախտորոշումը, Գորիսի ԲԿ-ն է, ուր հասնելու համար Ծավի բնակիչները հիմա պետք է կրկնակի երկար՝ 208 կմ ճանապարհ անցնեն։ Մինչև պատերազմը գործող ճանապարհը, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է, 101 կմ էր։

Ինչպես ենք չափել մարզերի հասանելիությունը ախտորոշիչ ծառայություններին

Խորհրդակցելով բժիշկների հետ՝ առանձնացրել ենք առավել տարածում ունեցող հիվանդությունների 12 ախտորոշիչ ծառայություն և փորձել չափել դրանց հասանելիությունը Հայաստանի մարզաբնակ քաղաքացիների համար։

Զանգահարելով մարզային 40 բժշկական կենտրոններ՝ ճշտել ենք, թե նշված 12 հետազոտություններից քանիսն են իրականացվում տվյալ ԲԿ-ում։ Այնուհետև չափել ենք նշված հետազոտություններին հասանելիությունը Հայաստանի բոլոր 965 բնակավայրերի բնակիչների համար՝ օգտագործելով աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS)։

Ախտորոշման ծառայության հասանելիությունը հաշվարկել ենք՝ ըստ բնակավայրի և ծառայությունը մատուցող ամենամոտ ԲԿ-ի միջև ընկած հեռավորության։

Առանձնացրել ենք հասանելիության 4 աստիճան.

  1. հեշտ հասանելիություն (մինչև 50 կմ հեռավորություն),
  2. միջին հասանելիություն (50-100 կմ հեռավորություն),
  3. դժվար հասանելիություն (100-150 կմ հեռավորություն),
  4. առավելապես դժվար հասանելիություն (150 կմ և ավելի հեռավորություն)։

12 ախտորոշիչ ծառայություններին Հայաստանի բնակչության հասանելիությունը ներկայացնում ենք առանձին-առանձին.

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

1MD01-ՄՌՏ-1024x748.png

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) սովորաբար կիրառվում է փափուկ հյուսվածքների, հոդերի և անոթների հետազոտման համար: Այն հեշտ հասանելի է Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի որոշ բնակավայրերի համար։ ՄՌՏ ծառայությունը դժվար հասանելի է Լոռու և Տավուշի որոշ բնակավայրերի բնակիչներին. հետազոտվելու համար նրանք պետք է անցնեն 150 - 200 կմ ճանապարհ։

Համակարգչային շերտագրություն (ՀՇ) հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

2MD02-ԿՏ-ՀՇ-1024x748.png

Համակարգչային շերտագրությունը (ՀՇ) բացահայտում է գանգի ոսկրերի կոտրվածքները, գլխուղեղի վնասված օջախները և ներգանգային հեմատոմաները: Ախտորոշումը հեշտ հասանելիություն ունի Հայաստանի բնակավայրերի 55%-ում։

Այս ծառայությունն առավելապես դժվար հասանելի է Սյունիքի որոշ բնակավայրերի համար։

Մամոգրաֆիայի հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

3MD05-Մամոգրաֆիա-1024x748.png

Մամոգրաֆիան կիրառվում է կրծքագեղձում կասկածելի ուռուցքանման գոյացությունների, կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման համար: Տվյալ հետազոտության ընտրությունը պայմանավորված է կանանց շրջանում կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների հայտնաբերման մեծ թվով։

Ըստ առողջապահության նախարարության տարեկան ցուցանիշների՝ 2020 թվականի դրությամբ Հայաստանում չարորակ նորագոյացություններով պացիենտների 25%-ն ունի կրծքագեղձի քաղցկեղ։

Հայաստանի բնակավայրերի 32%-ում մամոգրաֆիան ունի հեշտ հասանելիություն, դժվար հասանելի է 22%-ում, առավելապես դժվար հասանելի՝ Շիրակի, Սյունիքի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ բնակավայրերում, որոնք ընդհանուր հասանելիության 22%-ն են կազմում։

Ոսկրերի սցինտիգրաֆիայի հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

4MD06-Սցինտիգրաֆիա-1024x748.png

Սցինտիգրաֆիայի մեթոդով հետազոտություններն իրականացվում են ոսկրային համակարգի, լյարդի, փայծախի, վահանաձև և հարվահանաձև գեղձի, երիկամների, սրտի հիվանդությունների, ինչպես նաև լիմֆատիկ համակարգի ախտաբանական փոփոխությունների վաղ հայտնաբերման համար:

Ախտորոշումը հեշտ հասանելիություն ունի Հայաստանի բնակավայրերից 35%-ում, իսկ առավելապես դժվար հասանելի է 19%-ում։

Բջջաբանական հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

5hgffvgf.png

Հետազոտությունն իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքներն ախտորոշելու համար։ Հայաստանի բնակավայրերի 71%-ը հասանելիություն ունի այս հետազոտությանը։ Առավել դժվար հասանելի է Տավուշի՝ Այգեհովիտ, Վազաշեն, Մովսես և Չինարի գյուղերին։ Հետազոտությունն անցնելու համար այս բնակավայրերից մարդիկ պետք է անցնեն 150-170 կմ ճանապարհ։

Բջջաբանական հետազոտությանը դժվար հասանելիություն ունեն Սյունիքի մարզի Սիսիան, Գորայք, Կապան համայնքների, Տավուշի մարզի Բերդ համայնքի մի շարք բնակավայրեր։

Հյուսվածքաբանական հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

6hbghgh.png

Հյուսվածքաբանական հետազոտություններն անցկացվում են ցանկացած օրգան համակարգում հյուսվածքային փոփոխությունը բացահայտելու կամ հերքելու համար։ Հետազոտությունը հեշտ հասանելի է Հայաստանի բնակավայրերի 67%-ում, իսկ 27%-ում՝ ունի միջին հասանելիություն։ Առավելապես դժվար հասանելի է Սյունիքի Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս, Կարճևան, Ագարակ, Մեղրի, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Շիշկերտ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ և Ներքին Հանդ բնակավայրերի համար։

Դոպլեր հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

7gghjk.png

Դոպլերը արյան հոսքի հետազոտություն է, որով գնահատվում է արյան մատակարարումը տարբեր օրգան համակարգեր։ Ախտորոշումը հասանելիություն ունի Հայաստանի բնակավայրերի 90%-ում, առավել դժվար հասանելի է Տավուշում։ Մարզի Դեղձավան, Դեբեդավան, Կողբ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան, Ոսկեպար և շրջակա բնակավայրերից 150-180 կմ ճանապարհ է պետք անցնել՝ դոպլեր հետազոտության համար։

Էնդոսկոսպիկ հետազոտության (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, բրոնխոսկոպիա) հասանելիությունը Հայաստանի մարզերում

8ghbjnkml.png

Էնդոսկոպիան ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման նպատակով իրականացվող հետազոտություն է։ Այն հեշտ հասանելիություն ունի Հայաստանի բնակավայրերի 78%-ում, իսկ միջին հասանելիություն՝ 17%-ում։ Առավել դժվար հասանելիություն ունեն Տավուշի մարզի Դեղձավան, Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան, Կողբ, Կոթի, Ոսկեպար, Պտղավան, Զորական, Բերդավան, Նոյեմբերյան, Դովեղ, Ջուջևավան, Բաղանիս, Բարեկամավան, Ոսկեվան բնակավայրերը։

Պարբերական (Երևանյան) հիվանդության գեների մուտացիաների որոշման հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

9dfcgvhbj.png

Պարբերական կամ երևանյան հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, որի ախտորոշումը կատարվում է արյան գենետիկական հետազոտության միջոցով։

Այս ախտորոշումը հեշտ հասանելիություն ունի Հայաստանի բնակավայրերի 30%-ում, միջին հասանելիություն՝ 22%-ում, դժվար հասանելիություն՝ 22%-ում, իսկ առավելապես դժվար հասանելիություն՝ 26 %-ում։ Շիրակի, Լոռու, Տավուշի որոշ բնակավայրեր և Սյունիքի մարզն ամբողջությամբ ունեն առավելապես դժվար հասանելիություն այս ախտորոշման համար։

Ռենտգեն հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

10MD03-Ռենտգեն-1024x748.png

Ռենտգենը մարդու ներքին օրգանների հետազոտման տոմոգրաֆիկ մեթոդ է՝ ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ։ Ռենտգեն սարքավորումները, ըստ մեր հավաքած տվյալների, առկա են Հայաստանի բնակավայրերի 98%-ում, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ սարքավորումների տարեթվերը ճշգրտված չեն։ Որքան հին է ռենտգեն ապարատը, այնքան կարող է ավելի մեծ դոզաներով ճառագայթել պացիենտին։

Ռենտգեն հետազոտությանն առավելապես դժվար հասանելիություն ունեն Սյունիքի մի քանի բնակավայրեր՝ Ծավ, Շիշկերտ, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ և Շիկահող։

Ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) հասանելիությունը Հայաստանի մարզերում

11fghujik.png

Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով: ՈՒՁՀ-ն 965 բնակավայրերից 98%-ում ունի հեշտ հասանելիություն։ Դժվար հասանելիություն ունեն Սյունիքի Ծավ, Շիշկերտ, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ, Շիկահող բնակավայրերը։

Տարբեր էնդոկրին (հորմոնալ) հիվանդությունների ժամանակ արյան միջոցով հորմոնների ստուգման հետազոտության հասանելիությունը Հայաստանի մարզերում

12dfgh.png

Ներզատական համակարգի խանգարումների ժամանակ արյան միջոցով իրականացվում է մարդու օրգանիզմում հորմոնների ստուգում: Հետազոտությունը բնակավայրերի 89%-ում ունի հեշտ հասանելիություն, միջին հասանելություն՝ 10%-ում, իսկ 1% բնակավայրերի համար՝ դժվար հասանելիություն։

Սյունիքն ու Տավուշը՝ բժշկական ախտորոշման ծառայություններին ամենաքիչ հասանելիություն ունեցող մարզեր

Սյունիքի և Տավուշի մարզերի (հատկապես սահմանամերձ բնակավայրերի) բնակիչներն ամենաքիչ հասանելիությունն ունեն բժշկական ախտորոշման ծառայություններին։

ախտորոշման-հասանելիություն-մարզեր-1024x715.png

Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է վերականգնել և վերազինել մարզային 50 բժշկական կենտրոններ

Կառավարության 2021-2026 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսվում է շուրջ 50 մարզային բժշկական հաստատությունների վերակառուցում, շենքային պայմանների արդիականացում՝ նոր շենքերի կառուցում, հների վերանորոգում, ինչպես նաև բժշկական սարքավորումների հագեցվածություն։ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը նշում է, որ ընթացքի մեջ են հոգեկան առողջության կենտրոնի շենքի վերակառուցման աշխատանքները, Վանաձորի ԲԿ-ի, Սիսիանի ԲԿ-ի, Մասիսի ԲԿ-ի, Թալինի ԲԿ-ի վերակառուցման, Չարենցավանի ԲԿ-ի մի մասնաշենքի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շենքի վերակառուցման աշխատանքները։

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը մարզի բնակիչների համար բուժծառայությունների հասանելիություն ստեղծելն է։

«Պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք մարզերում, որ իրենք չգան Երևան, օրինակ՝ ռենտգեն հետազոտության համար, ուլտրաձայնային հետազոտության համար։ Բոլոր երկրորդային մակարդակի հիվանդանոցները պետք է համալրված լինեն այդ մակարդակի համար անհրաժեշտ և հասանելի բժշկական սարքավորումներով»,- ասում է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը։


Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիլիթ

Խլղաթյան

Ուսանողներ

Նելլի

Եղիազարյան

Ուսանողներ

Մովսես

Խաչատրյան

Ուսանողներ

Լիլիթ

Նազարեթյան

Ուսանողներ

Արմինե

Դանիելյան

Ուսանողներ

Աստղիկ

Ներսիսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Ստեփան

Խաչատրյան

Թիմ՝

Թիմ

Անի

Հովհաննիսյան