Հայ արտադրողները ստիպված են հրաժարվել «կոնյակ»-ից. նոր անվանում դեռ չկա
Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համաձայնագրով՝ մինչև 2043 թվականը, հայաստանյան կոնյակ արտադրողները պետք է հրաժարվեն խմիչքի «կոնյակ» անվանումից։ Այս մասին հայտնի է առնվազն 2017 թվականից, սակայն կառավարությունն ու արտադրողները դեռևս որոշման չեն հանգել նոր անվան հարցում, հետևաբար չկա նաև ռազմավարություն՝ անվանումից հրաժարվելու հետևանքով շուկան վնասներից փրկելու համար։
«Կոնյակ» անվանումից հրաժարվելու հիմքը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Հայկական կոնյակ արտադրողները պետք է աստիճանաբար այս անվանումից հրաժարվեն նախ տեղական շուկայում վաճառվող (մինչև 2032 թվականը), ապա արտահանվող խմիչքի համար (մինչև 2043 թվականը)։
«Կոնյակ» տերմինը, ըստ ԵՄ-ի կանոնադրության, պաշտպանված աշխարհագրական անուն է, որը կարելի է օգտագործել Ֆրանսիայում, քանի որ այն ծագել է նշված երկրի Կոնյակ քաղաքի անունից։
Հիշեցնենք, որ ներկայում կոնյակը Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող երկրորդ ապրանքն է՝ զիջում է միայն պղնձին։ Արտահանվող հայկական կոնյակի շուրջ 80%-ի գնորդը Ռուսաստանն է։
2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` ոլորտի մասնագետներից և կոնյակ արտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներից։ Աշխատանքային խումբը, սակայն, մինչև այժմ չի որոշել ինչով են փոխարինելու «կոնյակ» բառը։
«Արարատի Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը Էկոնոմիկայի նախարարության քննարկումներին նույնպես մասնակցել է։ Նա նշում է, որ քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում՝ «Արարատ»-ը։
«Բայց Երևանի կոնյակի գործարանը, որին պատկանում է «Արարատ» ապրանքանիշը դեմ է եղել։ Ամեն առաջարկ չէ, որ բոլորը դրական են ընդունում, ինչը բարդություններ է առաջացնում։ Լուծումներից մեկն այն է, որ ապրանքանիշը նյութական արժեք է, ամեն դեպքում կարելի է համաձայնության գալ, օգտագործման իրավունք վերցնել, բայց յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է որոշում իրեն պատկանող անուն ապրանքանիշը թույլ տա՞լ մյուսներին օգտագործել, թե՞ ոչ»,- ասում է Խաչիկյանը։
Ըստ Խաչիկյանի` «կոնյակ» բառից հրաժարվելը գոնե սկզբնական փուլում բացասական ազդեցություն կունենա հայկական կոնյակի շուկայի վրա, քանի որ արտահանվող հիմնական երկրում՝ Ռուսաստանում, խմիչքն այդ անունով է հայտնի։
«Առաջին հարվածը կոնյակ արտադրողի վրա կլինի, որը կբերի վաճառքների անկման, իսկ պետությունը կտուժի նրանով, որ արտադրողները չեն կարողանա վճարել հարկերը: Կոնյակ արտադրող գործարաններում կկրճատվի աշխատակիցների քանակը, չի բացառվում, որ որոշ գործարաններ կփակվեն»,- կանխատեսում է Խաչիկյանը։
Ըստ նրա, եթե ընկերություններն առաջիկա տարիներին կարողանան իրականացնել համապատասխան գովազդային քաղաքականություն ու արդյունավետ ռազմավարություն, գուցե, վնասները քիչ լինեն։
Գինեգործների ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը սպասելի էր համարում «կոնյակ» բառից հրաժարվելու պահանջը, քանի որ այն, ամեն դեպքում, հայկական չէ։
Ավագ Հարությունյանը կարծում է, որ կոնյակի անվանափոխությամբ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում ոչ մի էական փոփոխություն չի լինի հայկական կոնյակի շուկայում։ Ըստ Հարությունյանի՝ խնդիրներն ավելի ուշ ի հայտ կգան։
«10 տարի հետո հայկական կոնյակի արտահանումը կնվազի 50%-ով, բայց պետությունը, մեծ հաշվով, չի տուժի, քանզի չկա ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ), բրենդի անվանափոխությունը կազդի միայն կոնյակ արտադրող ընկերությունների վրա: Գործարաններում աշխատուժը կկրճատվի 10-15%-ով։ Հայաստանը պետք է իր ներուժն ուղղի ի նպաստ նոր ստեղծվելիք բրենդի զարգացման և առաջխաղացման համար»,- ասում է Ավագ Հարությունյանը։
Ըստ նրա՝ կոնյակ արտադրող ընկերությունները սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել գինու արտադրությանը, քանի որ այն եկամտաբեր է, բացի այդ՝ «կոնյակ» բառից հրաժարվելու պահանջի արդյունքում սպասվող վնասները կարող են մեղմվել։
«Հնարավոր է, որ հրաժարվենք կոնյակ խմիչքից՝ անցնելով գինու, եթե այժմ խաղողի 90%-ից է արտադրվում կոնյակ, իսկ 10%-ից գինի, ապա տասը տարի հետո մոտավորապես խաղողի 30%-ից կարտադրվի կոնյակ, իսկ 70%-ից՝ գինի»,- կանխատեսում է Հարությունյանը։
Էկոնոմիկայի նախարարությունում աշխատում են, բայց դեռ արդյունք չկա
Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է 3 մլն եվրո աջակցություն՝ հայկական կոնյակի նոր անվանման շուրջ աշխատանքները կազմակերպելու համար։
Մասնագիտական շրջանակներում «կոնյակին» փոխարինող բազմաթիվ անուններ են քննարկվում՝ «Արարատ», «Նոյ», «Նոյակ», «արբուն», «բրենդի»։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ուսումնասիրվել և վերլուծվել են «կոնյակի» վերաբրենդավորման միջազգային լավագույն փորձերը։ Կատարվել են աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենսդրության համադրում ԵՄ գործող կանոնակարգերին և կարգավորումներին, քննարկվել են հնարավոր անվանումները։
«Նախարարությունում այս ուղղությամբ քննարկումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են ՝ վերջնական դիրքորոշումներ ձևավորելու նպատակով»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են Էկոնոմիկայի նախարարությունից։
Այսպիսով, «կոնյակ»-ին փոխարինող անվանում Հայաստանում դեռևս չեն որոշել։
Ի դեպ, նույն համաձայնագրով Հայաստանից պահանջվում է նաև հրաժարվել «շամպայն» անվանումից, սակայն քանի որ շամպայնի արտադրությունը և առավել ևս արտահանումը Հայաստանում մեծ ծավալների չի հասնում և չի կարող էական բացասական հետևանքներ ունենալ, հրաժարվելու պահանջը արտադրողներին ու կառավարությանը չի անհանգստանում այնպես, ինչպես կոնյակի պարագայում է։
Հայաստանում կոնյակի խոշոր արտադրության սկզիբը դրվել է դեռևս 1887 թվականից՝ «Երևանի կոնյակի գործարանի» գործարկմամբ, որից հետո տարիների ընթացքում երկրում կոնյակագործությունը նոր թափ է հավաքել, կառուցվել են նոր գործարաններ ու տարածվել է կոնյակ ըմպելու մշակույթը։
Կարդացեք նաև՝ Հայկական գինու-կոնյակի շուկան տուժում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում
Գլխավոր լուսանկարը՝ Franck Metois/Getty Images
Հեղինակներ՝
Ուսանողներ
Էլեն
Հովհաննիսյան
Ուսանողներ
Արմինե
Դանիելյան
Ուսանողներ
Շուշանիկ
Միսկարյան
Ուսանողներ
Մարիամ
Բադալյան
Դասախոս՝
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան