Երևան-Դիլիջան ավտոճանապարհի առավել վթարավտանգ հատվածները (քարտեզ)

2020 թվականին Հայաստանում ընդհանուր մահերի մոտ 3%-ը գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՃՏՊ-ների վերաբերյալ հրապարակումներում նշել է նաև պատահարների տեսակը։ Հիմնվելով այդ տվյալների վրա՝ դասակարգել ենք Մ4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում (100 կմ) տեղի ունեցած ՃՏՊ-ները՝ ըստ տեսակների։  ՃՏՊ-ների 32.2%-ը տեղի է ունեցել մեքենաների բախման, 21.4%-ը՝ մեքենաների ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ձորն ընկնելու, իսկ 13.2%-ը՝ արգելապատնեշին բախվելու հետևանքով: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ ամենաշատ մահերը գրանցվել են արգելապատնեշին բախման հետևանքով:

Վթարներն ինչ-որ չափով հնարավոր է կանխել, եթե պատկան մարմիններն իրականացնեն տարածական և թվային տվյալների վերլուծություն, դուրս բերեն պատճառներն ու իրականացնեն ճանապարհի վերականգնման և կահավորման աշխատանքներ։

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները վերլուծել են Մ4 միջպետական ավտոճանապարհի Երևան – Դիլիջան հատվածում տեղի ունեցող վթարների հաճախականությունն ու տարածական բաշխվածությունը։ Այցելել ենք ամենավթարաշատ վայրերը և գրանցել ճանապարհաշինարարական, գծանշային խախտումներ և բացթողումներ։

ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները դուրս ենք բերել Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակումներից, որտեղ ներառվել են միայն այն դեպքերը, երբ ԱԻՆ-ի միջամտության անհրաժեշտություն է եղել։ ԱԻՆ-ի կայքից առանձնացրել ենք ՃՏՊ-ների տեղադիրքը, ամսաթիվը, վթարի տեսակը, տուժածների և մահերի թիվը։

Վերլուծության մեջ ներառված չեն ՀՀ ոստիկանության տվյալները, քանի որ, ի պատասխան մեր հարցմանը, ոստիկանությունը տրամադրել է տարեկան ամփոփ տեղեկություն՝ առանց մանրամասն տվյալների։ 

Քարտեզագրել ենք 2013-2021 թվականներին Երևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած 379 ՃՏՊ-ները՝ ըստ վթարի տեղադիրքի: Առավել վթարաշատ են բնակավայրերին, գազալցակայաններին և հետադարձի համար նախատեսված բացվածքներին հարող հատվածները։

Որո՞նք են վթարների պատճառները

ՃՏՊ-ները քարտեզի վրա տեղադրելուց հետո այցելել ենք Երևան-Դիլիջան ավտոճանապարհի այն հատվածները, որտեղ շատ վթարներ են գրանցվել՝ փորձելով մասնագետների օգնությամբ պարզել դրանց պատճառները։

Նոր Հաճնի կամրջին հարող ճանապարհահատվածում (11-րդ կմ) համեմատաբար հաճախ են ավտովթարներ գրանցվում, ինչը, ըստ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանի, դանդաղեցման և արագացման գոտու բացակայության հետևանք է։

Երևան - Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետր. արագացման - դանդաղեցման գոտու բացակայություն

Ըստ Միջազգային ավտոմայրուղիների մասին եվրոպական համաձայնագրի՝ հանգույցներից և մերձակա տարածքներից առաջ և դրանցից հետո խորհուրդ է տրվում նախատեսել դանդաղեցման և արագացման գոտիներ այն տրանսպորտային միջոցների համար, որոնք մտնում են հիմնական ճանապարհ կամ դրանից դուրս են գալիս:

«Արագացման-դանդաղեցման գոտու բացակայութան պատճառով վարորդները կտրուկ անցում են կատարում գլխավոր ճանապարհ, որի հետևանքով վթարների ռիսկը մեծանում է: Վթարային իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել շինարարական աշխատանքներ՝ լայնացնելով ճանապարհը նախ 50, հետո 30 մետր»,- բացատրում է ՃԵԿ հսկողության բաժնի պետը:

Հետադարձերը՝ վթարների պատճառ

Երևան-Դիլիջան ճանապարհի Պտղնի, Բալահովիտ, Սոլակ գյուղերի, «Dargett Craft Beer» գարեջրատան, Հրազդան քաղաքի հարակից հատվածները (12-րդ կմ, 14-րդ կմ, 19-րդ կմ, 40-րդ կմ, 44-րդ կմ, 48-րդ կմ) նույնպես վթարավտանգ գոտիներ են։ Այս հատվածներում ՃՏՊ-ները, ըստ Կոստանտին Կոստանյանի, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում հետադարձ անող մեքենաները։ Որոշ տեղերում, ըստ ՃԵԿ հսկողության բաժնի պետի, կարելի է փակել հետադարձի հատվածները. «Օրինակ՝ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի հարակից տարածքում՝ 14-րդ կմ-ում, Երևանից գալիս են, տարածքում գազ լցնում, մեծ արագությամբ դուրս են գալիս գազալցակայանից՝ հետադարձ կատարելու համար, իրար չեն զիջում: Սա ավելի շատ վարորդի մեղքն է: Մենք առաջարկում ենք, որ այս հատվածի հետադարձը Նոր Հաճնի կամրջի վրայով անեն, որը մի քիչ վերև է, բայց վարորդները բողոքում են, ասելով, որ երկարում է ճանապարհը»,- ասում է Կոստանտին Կոստանյանը:

Ի դեպ՝ 14-րդ կմ-ից մինչև Նոր Հաճնի կամուրջ հեռավորությունն ընդամենը 1.5 կմ է։

Verin_Ptghni_Road
Երևան - Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետր. հետադարձ՝ կամրջից 1.5 կմ հեռավորությամբ։ Քարտեզում կետերով ներկայացված է այդ հատվածում ՃՏՊ-ների քանակը։

«Անվտանգ երթևեկություն» ավտոդպրոցի հրահանգիչ Լևոն Մելիքյանը վարորդներին մեղադրելու փոխարեն առաջարկում է հնարավորինս նվազեցնել Մ4 ավտոճանապարհի հետադարձերի բացվածքները. «Հետադարձերի բացվածքները կարող են փակել եզրաքարերի միջոցով՝ հաշվի առնելով նաև արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացած խնդիրները»,- ասում է Լևոն Մելիքյանը:

Լուսանկարում տեսնում ենք, որ ճանապարհի բացվածքի երկու կողմում էլ տեղադրված է միայն ուղիղ ցույց տվող նշան, ինչը նշանակում է, որ հետադարձն արգելվում է։ Միևնույն ժամանակ,  փակված չէ հետադարձի բացվածքը, իսկ հետքերից պարզ երևում է, որ մեքենաներն այդ հատվածով հետադարձ են կատարում:

Մեր նկարահանումների ժամանակ նկատեցինք, որ «Dargett Craft Beer» գարեջրատան հարակից հատվածում՝ (19-րդ կմ) հետադարձի բացվածքը կար, բայց չկար նշանը, որը կզգուշացներ վարորդին, որ դիմացից ընթացող մեքենաները հնարավոր է՝ հետադարձ կատարեն: Հետադարձը ցույց տվող ճանապարհային նշանից մնացել էր միայն ձողը: Իսկ նույն հետադարձի՝ Դիլիջանից Երևան ուղղությամբ, նշանն առկա էր։

Yerevan_Dilijan_Road_signs2

«Այստեղ չնայած ճանապարհային նշանը կոտրված է՝ կա ընդհատվող գծանշումը: Օրենքով գծանշումը պարտադիր է, իսկ նշանը՝ ոչ, բայց գծանշումները կարող են հեշտությամբ ձյան կամ ցեխի պատճառով ջնջվել: Եթե ուզում ենք խուսափել հետադարձի պատճառով վթարներից, պետք է և՛ գծանշումը, և՛ ճանապարհային նշանը պարտադիր դարձնել»,- ասում է «Անվտանգ երթևեկություն» ավտոդպրոցի ղեկավար, երթևեկության փորձագետ Արմեն Հովհաննիսյանը:

Yerevan_Dilijan_Road_signs3
Երևան - Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետր. հետադարձ՝ առանց այդ մասին զգուշացնող ճանապարհային նշանի։

Երևան-Դիլիջան ավտոճանապարհի Սոլակ, Քաղսի գյուղերի հարակից հատվածներում (36-րդ կմ) ճանապարհի երկու կողմում էլ բացակայում էր հետադարձի ճանապարհային նշանը, բայց դրանից 300 մետր առաջ կար նախազգուշացնող նշան:

Մեր նկարահանումների ժամանակ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրում ոչ թույլատրելի վայրից հետադարձ կատարելու դեպքի ականատես եղանք: Թեթև մարդատար մեքենայի վարորդը ձախ հետադարձ կատարեց ոչ թույլատրելի վայրից։ Ճիշտ է, այդ հատվածում հետադարձի բացվածք կար, բայց տեղադրված էր միայն ուղիղ ցույց տվող ճանապարհային նշան, ինչը նշանակում է, որ հետադարձ կատարելն արգելված էր։

Ավտոդպրոցի հրահանգիչ Լևոն Մելիքյանը նշում է, որ նախկինում հնարավոր է՝ այդ ճանապարհային բացվածքով թույլատրելի է եղել հետադարձ կատարելը. «Եթե հիմա նշաններով կահավորել են, նշանակում է ժամանակին օրինական է եղել, բայց միայն նշանով իրավիճակը փակել [հանգուցալուծել,-հեղ.] արդար չէ, որովհետև, ամեն դեպքում, վարորդը նայելու է` ոչ ոք չկա, փորձելու է հետադարձ կատարել, ինչն էլ, բնականաբար,  վթարային իրավիճակ է ստեղծելու»,- ասում է հրահանգիչը:

Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրը՝  «Չայնիի ոլորաններ» հատվածը, նույնպես վթարաշատ է: 

«Այս հատվածում ձմռանն ավելի շատ են վթարներ լինում: Հատված կա, ոլորան է, Չայնի չհասած, այդտեղ պատ է ու արևկող չէ, միշտ այդ մասում ջուր է լցվում, ամբողջ ճանապարհը չոր է, էդտեղ  միշտ բարակ շերտով սառույց է լինում:  Մեր վարորդները արագ գալիս են ու այդտեղ սղղում»,- ասում է ՃԵԿ վերահսկողության բաժնի պետ Կոստանդին Կոստանյանը։

Մեր շրջայցի ժամանակ նկատեցինք, որ «Չայնիի ոլորաններում» վնասված էր նաև քարե արգելապատնեշը:

«Քանի որ արգելապատնեշը կոտրված է, ռիսկ կա, որ ավազը կլցվի ճանապարհի երթևեկելի գոտի, իսկ նման դեպքերում մերկասառույցի նման սահում է մեքենան»,- պարզաբանում է ավտոդպրոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Երևան - Դիլիջան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետր. արգելապատնեշը վնասվել, բայց չի վերականգնվել։

Դիլիջանի ոլորանների (86-րդ կմ) ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունեցել մեքենաների՝ ճանապարհի երևեկելի հատվածից դուրս գալու և ձորն ընկնելու հետևանքով:

Կոստանտին Կոստանյանը նշում է, որ այս ճանապարհահատվածում անցյալ տարի արգելապատնեշները բարեկարգել են. «Այդտեղ հողն էր պակաս, ավելացվել է, վտանգավոր ոլորան է, մեր վարորդները արագությունը բարձացնում են, հետո կտրուկ արգելակում, բայց քանի որ մեքենան տաք վիճակում է, չի պահում արգելակները»,- մանրամասնում է Կոստանյանը:

Մեր շրջայցի ժամանակ տվյալ ճանապարհահատվածի առաջին ոլորանում ՃՏՊ-ի հետևանքով արգելապատնեշը վնասվել էր և չէր փոխարինվել նորով:

Երևան - Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կիլոմետր. արգելապատնեշը վնասվել, բայց չի վերականգնվել։

«Արգելաշատնեշները կառուցելիս՝ միանշանակ հաշվի են առնում, որ եթե մեքենան բախվի, վտանգը պետք է կանխվի, բայց արգելապատնեշը չի կարող իր վրա անսպառ հարված վերցնել: Տվյալ իրավիճակում մեքենան կա՛մ գերազանցել է արագությունը, կա՛մ ունեցել է որևէ տեխնիկական խնդիր և արգելակման համակարգը չի գործել»,- բացատրում է երթևեկության փորձագետ Արմեն Հովհաննիսյանը:

Վերջին 4 տարիներին Մ4 միջպետական ճանապարհին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով մոտ 100 անձ է մահացել, իսկ մարմնական վնասվածք է ստացել 1000-ից ավել մարդ։ Ընդհանուր առմամբ, Մ4 ավտոճանապարհի երկայնքով տեղի է ունեցել 613 ՃՏՊ (տվյալները ՀՀ ոստիկանությունից)։ 

 

Հեղինակներ՝ Շուշանիկ Միսկարյան, Մարիաննա Դանիելյան, Մարիամ Բադալյան, Էլեն Հովհաննիսյան

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: