mediafactory-vs-alen-simonyan
ՏեքստՀուլիս 7/2022

Դատարանը բավարարել է Մեդիա Գործարանի պահանջն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները 2021թ-ի հոկտեմբերի 25-ին տեղեկատվության հարցում էին ուղարկել Ազգային Ժողով՝ խնդրելով տրամադրել ԱԺ աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը, դրանց մակնիշը, համարանիշը, տարեկան ծախսը և ում է սպասարկում յուրաքանչյուր մեքենան։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը տեղեկատվության հարցմանը պատասխանել է մասնակի` տրամադրելով ավտոմեքենաների մակնիշը, համարանիշը, թողարկման և ձեռքբերման տարեթվերն ու օգտագործվող վառելանյութի տեսակը։ Թե ում է սպասարկում յուրաքանչյուր մեքենան և տարեկան որքան ծախս է արվում այդ մեքենաների վրա, ԱԺ աշխատակազմի ղեկավարը համարել է «տրամադրման ոչ ենթակա տեղեկություն»։

Պատասխանը ստանալուց հետո՝ նոյեմբերի 15-ին, կրկին գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային Ժողով՝ խնդրելով մասնավորեցնել, թե որ օրենքի որ կետով են առաջնորդվել՝ տեղեկատվությունը համարելով տրամադրման ոչ ենթակա։

Երկրորդ հարցմանը ԱԺ-ից կրկին պատասխանել էին, որ տեղեկությունը, թե մեքենաներից յուրաքանչյուրն ում է սպասարկում, ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը։ Այն սահմանում է, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, բացահայտում է բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք, խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։

Ազգային ժողովը, սակայն, չի նշել, թե հատկապես ինչպիսի գաղտնիք է պարունակում հայցվող տեղեկությունը, որի սահմանափակումը գերակա է հանրային շահից։ Ինչպե՞ս կարող է զաղտնիք համարվել քաղաքացու քվեով ձևավորված Ազգային ժողովի աշխատակազմի պաշտոնյայի անունը, ում սպասարկում է հանրային միջոցներով գնված ավտոմեքենան։ Ինչպե՞ս կարող է զաղտնիք լինել, թե հանրության հարկերից տարեկան որքան է հատկացվում ներկայացուցչական մարմնի ավտոմեքենաներից յուրաքանչյուրի ծախսերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2021թ-ի դեկտեմբերին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դիմել է դատարան ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հայցված տեղեկությունները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

Դատարանը մասնակի բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին տրամադրել տեղեկություն առ այն, թե ում են սպասարկել 43 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը և պետական բյուջեից տարեկան կտրվածքով որքան է կազմել ավտոմեքենաներից յուրաքանչյուրի վառելիքի ծախսը: Դատարանը մերժել է մեքենաների սպասարկման, ապահովագրության և գույքահարկի վերաբերյալ ծախսերի մասին տեղեկատվության պահանջի հատվածը` համարելով, որ ներկայացված հարցադրումից հնարավոր չէր ենթադրել, որ «Ծախս» եզրույթն իր մեջ պետք է ներառեր նաև սպասարկման, ապահովագրության ծախսերը, գույքահարկը և այլն, «ուստի և օբյեկտիվ պատճառներով Պատասխանողը հնարավորություն չի ունեցել տրամադրել համապատասխան տեղեկությունը»,- նշվում է վճռում։

Հետք Մեդիա Գործարանի ուսանողների՝ ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ հոդվածը կհրապարակվի շուտով։

Թիմ՝

Թիմ

Հետաքննող

թիմ