food-security
Long ReadՕգոստոս 22/2022

Պարենային անվտանգություն. որքանով է Հայաստանն ինքնաբավ ձեթի, շաքարի ու մսի գծով

Ռուս-ուկրաինական ընթացող պատերազմը ստիպել է նշված երկու երկրների հետ աևտուր անող երկրներին լրջորեն մտածել պարենային անվտանգության մասին: Հայաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ ունի պարենային ապրանքաշրջանառություն և որոշ ապրանքների գծով, ինչպես ցորենի, թռչնամսի, ձեթի և այլ պարենի, կախում ունի այդ շուկաներից:

Ցորենի շուկային անդրադարձել ենք մեր հետազոտություններից մեկում՝ պարզելով, որ Հայաստան ներմուծվող ցորենը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է: Այս անգամ Հետք Մեդիա Գործարանի ուսանողներն ընտրել են ևս չորս պարենային ապրանք` ձեթ, շաքար, խոզի և տավարի միս, որոնք լայն սպառում ունեն և գնային կտրուկ տատանումներ են գրանցում վերջին տարիներին։ Փորձել ենք հասկանալ, թե Հայաստանը որքանով է ինքնաբավ այդ ապրանքների գծով:

Բուսական յուղի ինքնաբավության աստիճանը 0.9% է

food_security4-1024x680.jpeg

2021 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 30 տոննա բուսական յուղ, մինևնույն ժամանակ՝ ներմուծվել 3926 տոննա։

Բուսական յուղի գծով Հայաստանը երբեք ինքնաբավ չի եղել։ Վերջին տասը տարիներին դրական միտումներ են նկատվել միայն 2013-2014 թվականներին։

Հետագայում` մինչև 2020 թվականը, ինքնաբավությունն աստիճանաբար ընկել է և 2020-ին հասել 0.9%-ի: 2021 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն դատելով արտադրության ցածր ցուցանիշներից՝ էական փոփոխություններ չեն գրանցվել։

Տեղական բիզնեսի համար բուսական յուղի արտադրությունն այնքան էլ եկամտաբեր չէ:

Ձեթի արտադրությամբ զբաղվող «Թության» ՍՊԸ-ի տնօրեն Շամիրամ Մկրտչյանը ասում է, որ, ի տարբերություն ներմուծված ձեթի, տեղական արտադրանքը բարձր ինքնարժեք է ունենում՝ դառնալով ոչ մրցակցային: Ընկերությունը արտադրում է արևածաղկի ձեթ, ինչպես նաև ձիթայուղեր՝ կտավատի, ծիրանի, դեղձի, խաղողի կորիզներից և այլն։

«Մեր ընկերության արտադրության ծավալները փոքր են, արևածաղկի ձեթի դեպքում՝ մեր հզորությունը ժամում 50 կգ է։ Մենք հիմնականում օգտվում ենք հումքի մեր տեղական շուկաներից, այսինքն՝ Ռուսաստանից կամ Ուկրաինայից հումք չենք ներմուծում: Բայց միևնույն է, քանի որ մեզ մոտ գյուղատնտեսությունը թանկ է՝ ի տարբերություն Ռուսաստանի, Ու կրանիայի, Ղազախստանի, մենք տեղական հումքի վրա աշխատելուց էլ, ներկրված հումքի վրա աշխատելուց էլ ստանում ենք բարձր ինքնարժեք։ Դրա համար էլ շահութաբեր չի ստացվում»,- ասում է գործարարը:

Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական տևական պատերազմի հետևանքով՝ մեզ մոտ ձեթի շուկայում նոր թանկացումններ կարող են լինել, կա նաև դեֆիցիտի վտանգ։

«Ձեթի միջազգային շուկայում Ռուսաստանը, Ուկրաինան մշտապես առաջատարներ են եղել։ Մենք հիմա կարող ենք մեծացնել մեր արտադրության ծավալները, մտնել միջազգային շուկա ու լրացնել այն բացը, որը պատերազմի հետևանքով առաջացել է համաշխարհային շուկաներում։ Սակայն պետք է ներդրումներ լինեն այս ոլորտում: Սովորաբար խոշոր պետություններն օգնում են արտադրողին՝ նմանատիպ վիճակներում»,֊ նշում է Շամիրամ Մկրտչյանը։

food_security3-1024x680.jpeg

Էկոնոմիկայի նախարարությունում նպատակահարմար չեն համարում արևածաղկի ու ձեթի մշակումն ու արտադրությունը զարգացնելը։ Մեկնաբանում են, որ Հայաստանում բնակլիմայական առանձնահատկություններով պայմանավորված՝ յուղատու արևածաղիկ չի մշակվում:

«Արևածաղկի, շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի արտադրություն ներդնելու ուղղությամբ փորձեր ձեռնարկվել են, սակայն դրանք մասսայականություն չեն ստացել։ Այդ պատճառով տվյալ ապրանքախմբերի արտադրությունը զարգացնելու մասով նպատակային ծրագրեր չեն իրականացվում»,- նշված է էկոնոմիկայի նախարարությանն ուղարկված մեր հարցման պատասխանում։

Շաքարի գծով ինքնաբավության աստիճանը կտրուկ նվազել է՝ հասնելով 38%֊ի

2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում շաքարի ինքնաբավության աստիճանը կազմել է 38%, այնինչ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 73%: Վերջին տասը տարում ինքնաբավության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2011 թվականին՝ 96%:

Tntes_1-1024x799.png

Շաքարի հումքը մեծամասամբ ներմուծվում է։ Նաև ներմուծվում է պատրաստի շաքար։

Հայաստան ներմուծվող բուսական յուղի մոտ 99%-ը, իսկ շաքարի 30%-ը Ռուսաստանից է։ Այսինքն, եթե Ռուսաստանը ձեթի և շաքարի արտահանման արգելք կիրառի, Հայաստանը փաստի առաջ կկանգնի։

ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ Հայաստանում պարենային ինքնաբավության խնդիրը ոչ ճիշտ ագրարային քաղաքականություն վարելու հետևանք է:

«Ցավոք սրտի Հայաստանը դասվում է աշխարհի այն եզակի երկրների թվին, որ, ունենալով պարենային ապահովության լրջագույն մարտահրավերներ, չունի գյուղատնտեսության նախարարություն։ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որ անգամ հացահատիկի առումով ունի շատ ցածր պարենային ապահովություն։ Դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք մեկ ագրարային քաղաքականություն, որի մեջ պետք է անկյունաքարային լինի գյուղատնտեսական էքսպանսիան, այսինքն՝ գյուղատնտեսության ընդլայնումը: Մենք շատ ավելի շատ քանակությամբ սնունդ պետք է արտադրենք և չունենանք այդքան չօգտագործվող հողեր»,- ասում է փորձագետը:

Ինքնաբավության ցուցանիշի նվազմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում աճել են այս ապրանքների ներմուծման ծավալները։ Ռուս-ուկրաինական պատերազմը, սակայն, բավականին դժվարացրել է դրանց ներմուծումը և օրակարգային դարձրել պարենային անվտանգության խնդիրը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վահան Ամիրխանյանի կարծիքով պարենային անվտանգության տեսանկյունից Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը բավականին ռիսկային է Հայաստանի համար, քանի որ հայտնի չէ, թե այն ի՞նչ ընթացք կստանա։

«Պրեմիում ֆուդ» ՍՊԸ-ն արդեն 6 տարի է՝ զբաղվում է Ռուսաստանից Հայաստան բուսական յուղի ներմուծմամբ:

«Իհարկե, պատերազմն ազդել է այս ամեն ինչի վրա։ Ե՛վ գներն են բարձրացել, և՛ բերելն է դժվարացել: Այն ընկերությունները, որոնց հետ աշխատում էինք, կրճատել են վաճառքի ծավալները, էլ այն քանակությամբ մեզ չեն տալիս, ինչ որ առաջ: Մենք փորձում ենք նոր գործընկերներ գտնել ու կայուն պահել ներկրվող ձեթի քանակությունը։ Ամեն ինչ անում ենք, որ շատ մեծ գնաճ չլինի. օրինակ, եթե առաջ բերում էինք թանկ ու լավ մեքենայով, որ ապրանքին բան չլինի, հիմա ավելի մատչելի մեքենա ենք ընտրում, բայց էլի չի ստացվում, ապրանքը թանկանում է»,֊ ասում է ընկերության տնօրեն Արսեն Համբարձումյանը։

2021 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, յուղերի և ճարպերի ապրանքախումբը, որի ներքո նաև ձեթն է, թանկացել է մոտ 15%-ով։ Թանկացել է նաև շաքարավազը՝ մոտ 20%֊ով։

Այս տարի որոշակի գնանկում է գրանցվում ձեթի գծով։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արևածաղկի ձեթի գինը նվազել է 3%-ով։

Իսկ շաքարավազը շարունակում է թանկանալ։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 6.9%։

Շաքարի ներմուծմամբ հիմնականում զբաղվում է «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

tntes_2-1024x849.png

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վահան Ամիրխանյանի կարծիքով հիմնական խնդիրը շաքարի շուկայում մրցակցության պակասն է . «Շաքարի առումով խնդիրն այն է, որ հումք բերող ու արտադրող կազմկերպությունը նույնն է, և իրենք ինչպես ճիշտ են գտնում, այդքան էլ բերում են, որ իրենց ձեռնտու լինի»,- ասում է Վահան Ամիրխանյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից էլ վստահեցնում են, թե պարենային ապահովության վերաբերյալ անհանգստանալու, առավել ևս՝ խուճապի մատնվելու կարիք չկա։

«Պատերազմական իրավիճակով պայմանավորված` Հայաստանում ոչ միայն նշված, այլև՝ պարենամթերքների մյուս տեսակների համար սահմանափակ օգտագործման խնդիրը բացակայում է և առկա պաշարները բավարարում են ազգաբնակչության ամբողջ պահանջարկն ապահովելու համար»,- նշված է նախարարության գրավոր պատասխանում։

Խոզի մսի շուկայում ինքնաբավության աստիճանը 45.1% է, տավարի մսի շուկայում՝ 87.3%

food_security2-1024x680.jpeg

Վերջին երկու տարում գնային կտրուկ տատանումներ են գրանցվում նաև մսի շուկայում։ Խոսքն ինչպես թռչնամսի, այնպես էլ խոզի ու տավարի մսի մասին է։ Գնային տատանումների վրա ազդում են տեղական շուկայի զարգացումները և միջազգային շուկայում գրանցվող գնաճը։

Թռչնամսի պարագայում հայկական շուկան կախում ունի ինչպես Ուկրաինայից, այնպես էլ՝ ԱՄՆ֊ից, Բրազիլիայից ու Ռուսաստանից։ Հայաստան ներմուծվող թռչնամսի 34%-ը Ուկրաինայից է։

Խոզի մսի շուկայում ինքնաբավության աստիճանը համեմատաբար բարձր է եղել, սակայն վերջին տարիներին գնալով նվազել է՝ հասնելով 45%-ի։ Տավարի մսի պարագայում այն շատ ավելի բարձր է՝ 87%։

Ներմուծվող խոզի մսի 60%-ը Բրազիլիայից է, իսկ տավարի մսի 87%-ը բաժին է ընկնում Հնդկաստանին։

Երևանյան մսի շուկաներից մեկի վաճառողներն ասում են, որ 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո լուրջ խնդիրներ են առաջացել՝ արոտավայրերի կրճատվելու հետևանքով։

food_security1-1024x680.jpeg

Անասնակերը նույնպես նվազել է վերջին երկու տարում՝ ինչպես երաշտի, այնպես էլ արոտավայրերի կրճատման հետևանքով։

«Մենք պետք է հասկանանք, որ հարկավոր է ունենալ համապատասխան ծրագրեր՝ կերային բազայի ստեղծման։ Չէ՞ որ անասնապահության մեջ հաջողությունը կախված է կայուն կերի բազայի ստեղծման խնդրից։ Դու պետք է կայուն կերի բազայի խնդիրը լուծես, հետո նոր սկսես զարգացնել անասնապահությունը»,- ասում է փորձագետ Դավիթ Պիպոյանը։

Ձեթը, շաքարավազը, տավարի ու խոզի միսն ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե որքանով է Հայաստանը կախված դրսի շուկաներից և թե որքան կարևոր է ճիշտ պետական ռազմավարություն ունենալը։ Հակառակ պարագայում, արտաքին աշխարհից ստացվող ցանկացած ազդակ կարող է այնպիսի խուճապ առաջացնել Հայաստանում ու հանգեցնել կտրուկ գնաճի և դեֆիցիտի վերաբերյալ մտավախությունների, ինչպես եղավ Ռուսաստանից ցորենի արտահանման հնարավոր արգելքի մասին լուրերից հետո։

Կան ապրանքախմբեր, որոնց պարագայում ևս Հայաստանի պարենային ինքնաբավության աստիճանը չափազանց ցածր է՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։ Օրինակ՝ հատիկաընդեղենային մշակաբույսերի գծով ինքնաբավության աստիճանը 37.3% է։

Որոշ ապրանքների գծով էլ ինքնաբավության աստիճանը բավականին բարձր է կամ պետությունը լիարժեք ինքնաբավ է, ինչպես մի շարք մրգերի ու բանջարեղենների, այնպես էլ՝ ձվի ու կաթնամթերքի։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Մարիաննա

Դանիելյան

Ուսանողներ

Մովսես

Խաչատրյան

Ուսանողներ

Լիլիթ

Նազարեթյան

Ուսանողներ

Էլեն

Հովհաննիսյան

Ուսանողներ

Արմինե

Դանիելյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սեդա

Հերգնյան