Պատերազմի դաշտում մնացած զոհվածների ճակատագրերը

2020թ հոկտեմբերի 20-ին ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորում և խոցում հայկական կողմի «Ուրալ» մեքենան։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին՝ Ջրականից Իշխանաձոր ճանապարհին, մեքենայում են եղել Մեղրիի զորամասի 9 զինծառայողներ և մեկ պահեստազորային։ Արկի հարվածից զոհվել են թափքում գտնվող 4 հրետանավոր, մեկն անհետ կորել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել։ Զոհվածների մարմինները տարածքից չեն կարողացել դուրս բերել։ Այս մասին պատմում է զինծառայողների հրամանատար, կապիտան Արսեն Հայրապետյանը, որը նույն մեքենայի առաջնամասում է նստած եղել՝ 2 զինծառայողի և մեկ պահեստազորայինի հետ։ 

Պայթյունի տեսանյութը

Դեպքից միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին է հնարավոր եղել մտնել Իշխանաձորի այդ հատվածը, և ԱԻՆ-ի աշխատակիցների ու հրամանատարի ուղեկցությամբ՝ դուրս բերել 4 աճյուն։ Գտնվել են Արգիշտի Շիրինյանի, Արտակ Գրիգորյանի, Սերգեյ Երիցյանի և Հրաչյա Թադևոսյանի մարմինները, Խաչատուր Ավետիսյանը, որը ենթադրաբար նույնպես եղել է մեքենայում, համարվում է անհետ կորած։

Վերջին ամիսներին Հետք Մեդիա Գործարանի թիմը հանդիպել է զոհված և անհետ կորած հինգ զինծառայողների ընտանիքներին և նրանցից անձամբ տեղեկացել դեպքի մանրամասներին։


Արտակ Գրիգորյանի հայրը՝ Սեյրան Գրիգորյանը, որը պատերազմի ընթացքում նույնպես գտնվել է ռազմաճակատում՝ որպես պահեստազորային, պատմում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը հինգին, մյուս տղաները ընտանիքի հետ խոսել են ավելի վաղ՝ դեպքի նախորդ օրը կամ այդ օրն առավոտյան։ Արտակը հոր հետ խոսելիս ասել է, որ իրենց մեքենայի առաջնամասին հենց նոր արկ է ընկել, հիմա իրենք մեքենաներից իջել են ու տարածքում սպասում են։ 


«Ես իրեն զգուշացրի, որ հանկարծ նորից մեքենան չնստեն, ոտքով գնան, ինքն ինձ ասեց՝ լավ, պապ, կանչում են ու հեռախոսն անջատեց։ Դրանից հետո ես էլ իր հետ չկարողացա կապվել»,- ասում է Սեյրան Գրիգորյանը։


Զինծառայողների հրամանատար կապիտան Արսեն Հայրապետյանը, թեև լավ չի հիշում, թե երբ է տեղի ունեցել դեպքը, բայց նշում է մոտավորապես ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածը։ Տարածված տեսանյութում մեքենայի ստվերից, սակայն, կարելի է հասկանալ, որ դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ։ Քարտեզի վրա՝ Իշխանաձորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա երևում է խոցված «Ուրալ» մակնիշի մեքենայի մնացորդները։ Մեքենայի տեղադիրքից երևում է, որ այն շարժվելիս է եղել դեպի արևմուտք, իսկ տեսանյութում երևացող ստվերից կարելի է հասկանալ, որ արևն արդեն արևմուտքում է, հետևաբար հավանական չէ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը մեկից երկուսն ընկած հատվածում։


Մինչև դեկտեմբերի 19-ը ծնողները և’ առանձին, և’ միասին գնացել են Մեղրիի զորամաս և Ստեփանակերտ՝ փորձելով գտնել և դուրս բերել որդիների մարմինները։


Արգիշտի Շիրինյանի հայրը՝ Սուրեն Շիրինյանը, պատմում է, որ չնայած մի քանի անգամ գնացել են Արցախ և սպասել թույլտվության, բայց այն ստացել են միայն դեկտեմբերի 19-ին։


«Հադրութ, Ջաբրայիլ մտնել թույլ տալիս էին, բայց Իշխանաձոր՝ չէ։ Ամսի 19-ին նոր կարողացանք մտնել՝ դեպքից ուղիղ երկու ամիս հետո։ Չնայած մենք էնտեղ էինք, Արտակի հայրը, Խաչատուրի հայրը ու ես, բայց մեզ չթողեցին մասնակցել որոնողական աշխատանքներին, ասեցին՝ վիդեո կանենք, կբերենք, կտեսնեք։ Ասում եք էլի, դեպքը հոկտեմբերի 18-ին ա տեղի ունեցել, իրենք կարող էին մինչև ադրբեջանցիների՝ տարածքը վերցնելը մտնել հանել երեխեքի մարմինները»,- պատմում է Սուրեն Շիրինյանը։


Արգիշտի Շիրինյանի հայրը՝ Սուրեն Շիրինյանը

Դեկտեմբերի 19-ին Իշխանաձորի տարածքից դուրս են բերել ընդհանուր 12 աճյուն, բայց քանի դեռ ԴՆԹ փորձաքննությամբ դրանց ինքնությունները հաստատված չէին, ծնողները որոնումները շարունակում էին։ Մինչև հունվարի մեկը նրանք սպասել են տարածք նորից մտնելու նոր թույլտվության։ Այդ ժամանակ ասել են, որ չարժի սպասել ու ավելի լավ է տուն գնալ, իրենք կտեղեկացնեն, երբ նորություն լինի։ Հունվարի մեկին Արցախից վերադարձել են, ամսի երեքին նորից կանչել են, բայց որոնումները արդյունք չեն տվել։


«Արդեն գիտեինք, որ մարմիններ են հանել, բայց շարունակում էինք ամեն տեղ փնտրել, հիվանդանոցներ էինք գնում, դիահերձարաններ, ոչ մի տեղ չկար։ Ինչքան ԴՆԹ-ի պատասխանն ուշանում էր, էնքան ուրախանում էինք, հույս ունեինք, որ գոնե գերի ա, այնինչ մարմիններն էնքան շատ էին, որ հերթն ուշ էր հասնում»,- պատմում է Մեսրոպը՝ Հրաչյա Թադևոսյանի քեռին։


Հրաչյա Թադևոսյանի մայրը՝ Մարինե Մեսրոպյանը և քեռին՝ Մեսրոպ Մեսրոպյանը

Մոտ երեք ամիս որոնումներից հետո, ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվում է  4 զինծառայողի աճյուն։ Բոլորը, բացի Արտակ Գրիգորյանի ընտանիքից, հանձնում են կրկնակի փորձաքննություն, Հրաչյա Թադևոսյանից նույնիսկ մասունք են ուղարկում Ռուսաստան, որտեղ նորից համընկնում է ծնողների ԴՆԹ-ի հետ։ Բոլոր չորսի աճյուններն արդեն հուղարկավորվել են, միայն Վարդան Ավետիսյանն է, որ դեռ շարունակում է փնտրել որդուն։


«Իմ տղայից ոչ մի բան չեն կարողացել գտնել, անգամ զենքը, մի կտոր, մի մասունք, ո՞նց ա հնարավոր, որ գոնե մի փոքր մաս իրենից չմնա, ինչ պայթյուն ուզում ա եղած լինի։ Ինձ մենակ թվումա, որ ինքը գերի ա, ես ուրիշ բան չեմ պատկերացնում»,-ասում 

Է անհետ կորած Խաչատուր Ավետիսյանի հայրը։

Խաչատուր Ավետիսյանի հայրը՝ Վարդան Ավետիսյանը

Նախնական տվյալներով՝ Խաչատուրը նույնպես մեքենայի մեջ է եղել։ Հրամանատար Արսեն Հայրապետյանի հետ զրույցում կապիտանը չի հաստատում, թե տեսել է Խաչատուրին մեքենա նստելիս. «Շատ խառը պահ էր, ես իրեն չեմ տեսել, որ նստի։ Հնարավոր ա՝ չի նստել, փախել ա այլ ուղղությամբ, հազար բան կարող ա լինի»,-ասում է կապիտանը։ 


«Ես, որ հանդիպեցի հրամանատարին, ասեցի՝ նայի աչքերիս մեջ, ասա՝ ուր ա իմ տղեն, դու հիմա ինձ ինչ որ ասես, ես էդ քո ասածով սաղ կյանքս պիտի ապրեմ։ Ինքը նայեց ինձ, ասեց՝ չգիտեմ, հոպար, չեմ կարա ասեմ»,- ասում է Վարդանը։


Դեպքի առնչությամբ Արգիշտիի, Արտակի և Սերգեյի ծնողները դիմում են ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ծնողները կատարվածի մեջ մեղադրում են կապիտանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենա նստեցնելը իր հրամանը չի եղել, ինքը ևս հրաման է կատարել։


«Էս պահին ինձ համար ավելի դժվար է քան պատերազմի ժամանակ։ Մտածում եմ, նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե ես էլ ողջ չմնայի»,- ասում է Արսեն Հայրապետյանը։


Որոնողական աշխատանքները նոյեմբերի 13-ից առ այսօր

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա արցախյան պատերազմից հետո հայուրավոր զինծառայողներ, կամավորականներ մնացին անհետ կորած, հարյուրավոր աճյուններ մնացին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։   

2020թ. նոյեմբերի 13-ից ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՆ-ի փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարական ջոկատները  սկսել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարծքներում։


«Հետքը» որոնողական աշխատանքների առաջին օրվանից տարբեր աղբյուրներից հավաքագրել է աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ։ Փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքներն ըստ օրերի և տեղանքների համեմատելով և ճշգրտելով՝  ԱՀ ՆԳՆ ԱԻՆ-ի ունեցած տվյալների հետ՝ կազմել ենք նոյեմբերի 13-ից մինչ օրս ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների վերաբերյալ տվյալների շտեմարան:     

Հիմնվելով այդ շտեմարանի վրա՝ կազմել ենք ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են հայտնաբերված աճյունների տեղանքը, թիվը և ամսաթիվը։ Քարտեզի աջ մասում որոնողական աշխատանքների օրացույցն է, սեղմելով  ցանկացած օրվա վրա՝ կարող  եք տեսնել այդ օրը հայտնաբերված աճյունների տեղամասերը և դրանց թիվը, իսկ սեղմելով «ցույց տալ ամբողջը» կոճակին՝ կտեսնեք նոյեբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների հայտնաբերման վայրերի բոլոր կետերը։ Սեղմելով յուրաքանչյուր կետի վրա՝ կարող եք ծանոթանալ հայտնաբերված վայրի տեղանվանը, այդ տեղանքից հայտնաբերած աճյունների թվին և հայտնաբերման ամսաթվին։




Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից նոյեմբերի 13-ից մինչ օրս հայտնաբերել և տարհանել են 1557 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձիք են։ Հայտնաբերված աճյունների, մասունքների վերջնական նույնականացումը կատարվում է դատաբժշկական փորձաքննությունից հետո։


Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները կատարվում են փրկարարական մեկ կամ մի քանի  ջոկատներով, տեղանքին ծանոթ ուղեկցողի (սպա, կամավորական) և տարածքը նախապես ստուգող սակրավորի հետ։ Փրկարարական ջոկատի ամեն ելքից մեկ օր առաջ տվյալ տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելը համաձայնեցվում է ադրբեջանական կողմի հետ։ Վերջնական ճշգրտումները ադրբեջանական կողմի հետ՝ ըստ ուղղությունների, որոնվող կետերի քանակի կատարվում են որոնողական աշխատանքների օրը՝ կողմերի անմիջական հանդիպումով. առավոտյան 9։00-ին՝ ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում։ 


Լինում են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը մերժում է որոնողական աշխատանք անցկացնել՝ տարբեր պատճառաբանություններով. տվյալ տարածքում տարվող աշխատանքներ, հերթափոխ, տոն օրեր, մերժումներ՝ առանց մեկնաբանության։ Նախապես պայմանավորված որոնողական աշխատանքները լինում է նաև, որ հետաձգվում են ԱՀ ԱԻՆ-ի կողմից՝ աշխատանքների համար անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով (տեղափոխվում է ուրիշ օր)։ Որոնողական աշխատանքների ելքերի ինտեսիվությունը կախված է ԱԻՆ փրկարար ուժերի վարչություն դիմողներից, ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների գտնվելու հավանական վայրերի մասին տեղեկություններից։


Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները թե’ պատերազմի օրերին, թե’ պատերազմից հետո բազմակողմանիորեն ներգրաված են պատերազմով պայմանավորված աղետների հաղթահարման, խնդիրների լուծման աշխատանքներում։


Փրկարարների համար աշխատանքները բարդ են նաև հոգեբանական առումով. փրկարարները դուրս են գալիս  որոնողական աշխատանքների ոչ թե փրկելու կյանքեր, այլ փնտրելու արդեն վեց ամիս առաջ զոհվածների աճյուններ, մասունքներ։ Փրկարարների հետ աշխատում է հոգեբան՝ չնայած իրենց խոսքերով ոչ մի խնդիր չունեն, բարդույթը հաղթահարել են առաջին օրերին։ Նրանք նշում էին, որ ամենածանրն այն օրերն են, երբ հեթական տարածքից վերադառնում են առանց արդյունքների՝ հասկանալով ինչ նշանակություն ունի ամեն մի զոհվածի աճյունը, մասունքը պատերազմում անհայտ կորածի հարազատների համար։ Լինում են դեպքեր, երբ փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում, վտանգում են իրենց կյանքը։ Երբեմն, երբ ադրբեջանական կողմը տալիս է շատ կարճ ժամանակ տարածքը զննելու համար, փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ առանց սակրավորների տարածքի զննության (գրեթե բոլոր տարածքները, որտեղ իրականացվում են որոնողական աշխատանքները ականապատված են), որպեսզի հասցնեն տարածքը զննել ամբողջությամբ և համոզված լինեն, որ արել են հնարավոր ամեն ինչ տարածքից առանց արդյունք չվերադառնալու համար։


«Որոնողական աշխատանքների ամենամեծ խնդիրը  ինֆորմացիայի պակասն է՝ պատերազմին մասնակից  ականատես կամ տեղեկություն իմացող զինծառայողների, կամավորների տված տեղեկությունները զոհվածների աճյունների հնարավոր գտնվելու վայրերի  մասին։ 


Փրկարարները դուրս են գալիս ելքի՝ ստուգելու տեղանքը մանրամասնորեն՝ նույնիսկ քիչ հավանական տեղեկությունների դեպքում, որ վստահ լինեն, որ անում են իրենց ուժերի և լիազորությունների սահմանում ամեն ինչ՝ գտնելու և իրենց հարազատներին հանձնելու համար պատերազմում զոհվածների աճյունները»,- մեզ հետ հարցազրույցում ասաց ԱՀ ՆԳՆ ԱԻՆ օպերատիվ շտաբի պետ Դավիթ Աբաղյանը։

 

Դավիթ Աբաղյանը

Որոնողական աշխատանքների օպերատիվ շտաբի պետ Աբաղյանը անհետ կորած զինծառայողների, կամավորների ծնողների, հարազատների հետ անընդհատ կապի մեջ է։

«Փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցելու խնդրանքով դիմում են նաև ծնողները, չենք մերժում՝ հասկանալով, որ լինում են դեպքեր, երբ սփոփանքի, հոգու հանգստության համար անհետ կորածի ծնողները անձամբ են ուզում մասնակցել, իրենց  աչքով են ուզում համոզվել»,- պատմում է օպերատիվ շտաբի պետ Դավիթ Աբաղյանը։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: