ՏեքստԴեկտեմբեր 15/2021

Լեռան վրա` պահելով գիտությունը

«Նոր Ամբերդ» կայանից Արագած բարձրանալու ճանապարհի նեղ արահետներից մեկով՝ Պրոսպեկտով քայլելիս, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի նախկին տնօրեն Աշոտ Չիլինգարյանը պատմում է Արագածի հրաբխային ծագման պատմությունը: Ճանպարհի այդ հատվածից լեռը երևում է իր չորս գագաթներով:

Ավելի քան 3000 մետր բարձրության վրա գտնվող «Արագած» գիտական կայանը Քարե լճի մոտակայքում տեղակայված սարքերի միջոցով ամեն րոպե տեղեկատվություն է հավաքում տիեզերական ճառագայթների մասին՝ ինֆորմացիան ուղարկելով Երևան՝ Ֆիզիկայի ինստիտուտ: Կայանն աշխատում է առանց դադարի, իսկ դրա անընդհատությունն ապահովում է երեք մարդ:

Կայանի աշխատողները Նոր Ամբերդ-Արագած ճանապարհի տարբեր հատվածներին անուններ են տվել, որ ձյան մեջ խրվելու դեպքում այդտեղ հայտնված մեքենան կարողանա բացատրել իր տեղը օգնության հասնողներին, որովհետև եկած ձյունը հաստ շերտով ծածկում է տարածքը ու հորիզոնում կողմնորոշող կետեր չեն մնում։

Էդիկը, որը կայանի երեք աշխատակիցներից մեկն է, մեզ հետ վերադառնում է Արագած։

Սովորաբար աշխատակիցների երեք հոգանոց խումբը կայանում մեկ ամիս է մնում՝ մինչև հաջորդ հերթափոխը, բայց այս անգամ, ատամի ցավի պատճառով, Էդիկը ստիպված էր ժամանակից շուտ մի քանի օրով գյուղ իջնել: Նա իր հետ նաև փոքր լիմոնի ծառ էր վերցրել, որը պիտի համալրեր Արագածում եղած մյուս սենյակային բույսերի շարքը:

Կայանի մյուս աշխատակիցը՝ Գուրգենը, ավագ գիտաշխատող է և այս խմբի ղեկավարը: Նա սիրում է լուսանկարել լիճն ու Արագածը: Հեռախոսում տասնյակ լուսանկերներ կան, որոնցում երևում է, թե ինչ տեսք ունեն դրանք տարվա տարբեր եղանակներին: Գուրգենը, սակայն, զրուցել չի սիրում, նրան ամենահազվադեպը կհանդիպես ընդհանուր սենյակում՝ սուրճ խմելիս կամ հեռուստացույց դիտելիս:

Էդիկն ու Գուրգենը պատմում էին, թե ինչ դժվարությամբ են հաղթահարել այն կարճատև շրջանը, երբ կայանը խոհարար չուներ, և ստիպված իրենք էին պատրաստում իրենց ուտելիքը՝ երկար աշխատանքից հետո։ Հիմա լավ է, կա Գոհարը՝ կայանի խոհարարը, որը հաճույքով պատրաստում է ու փորձում ամենքի սրտով գնալ:

Կայանը ստեղծվել է 1943 թվականին՝ Արտեմ Ալիխանյանի ջանքերով, ում նկարներն էլ կարելի է հաճախ հանդիպել կայանի պատերին: «Պիոն» լաբորատորիան, որը հիմնական շենքի կողքի բրգաձև կառույցն է, արդեն վաղուց չի աշխատում: Տարածքի մի քանի շենքեր ևս չեն օգտագործվում, որովհետև դրանք նախատեսված էին մի քանի տասնյակ աշխատակիցների կեցության ու գործունեության համար:

Չնայած դրան` կայանը շարունակում է առանց դադարի տվյալներ հավաքել: Դրանք բաց են բոլոր հետազոտողների համար, և ողջ աշխարհի գիտնականները կարող են օգտագործել այդ տվյալները իրենց աշխատանքներում՝ տիեզերական ճառագայթների վարքը և դրա պատճառները ուսումնասիրելու համար:

Հեղինակ՝

Ուսանողներ

Անի

Ղուլինյան