Փնտրում ենք ծրագրերի գնահատմամբ զբաղվող անհատների/կազմակերպությունների
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հրավիրում է դրամաշնորհային ծրագրերի գնահատմամբ զբաղվող անհատներին/կազմակերպություններին մասնակցել «Հետք Մեդիա Գործարան» ծրագրի գնահատման բաց մրցույթին։
Ծրագրի նկարագրություն և նպատակ։ «Հետք Մեդիա Գործարան» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 25-30 ուսանող մեկ ակադեմիական տարվա ընթացքում սովորում է հետաքննական լրագրություն, փաստերի ստուգում, տվյալների լրագրություն, վիզուալացում և գրաֆիկ դիզայն, ֆոտո և վիդեո լրագրություն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, տնտեսական լրագրություն և այլ առարկաներ։
Ծրագրի նպատակն է բարձրորակ մասնագիտական կրթություն տրամադրել լրագրությամբ հետաքրքրված անձանց և հայկական մեդիա դաշտը համալրել բանիմաց, մրցունակ և պատասխանատու լրագրողներով, հատկապես` հետաքննական լրագրության ուղղվածությամբ։
Գնահատման նպատակ։ «Հետք Մեդիա Գործարան» (ՀՄԳ) ծրագրի գնահատման նպատակն է ուսումնասիրել ծրագրի արդյունքները, ձեռքբերումներն ու բացթողումները և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին ներկայացնել առաջարկություններ՝ ծրագրի արդյունավետ շարունակության համար։
Տեխնիկական առաջադրանք։
- Մշակել մեթոդաբանություն և ըստ այդմ գնահատել Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրի արդյունավետությունը, այդ թվում՝ ուսուցման կազմակերպումն ու մեթոդները, ուսումնական պլանները և ուսանողների առաջադիմությունը երկրորդ կիսամյակի սկզբում և վերջում։
- Գնահատել ուսանողների հետաքննական, վերլուծական և մուլտիմեդիա պատմությունների որակը, դրանց ազդեցությունը՝ կազմելով հարցաշար՝ գիտելիքը-հմտությունը-մոտիվացիան չափող սինթեզով։
- Գնահատել ծրագրի երկարաժամկետ արդյունքները․ ուսումնասիրել շրջանավարտների մասնագիտական գործունեությունը եւ գնահատել նրանց, ինչպես նաև Մեդիա Գործարանի դերն ու ազդեցությունը հայկական մեդիադաշտի վրա։
- Առաջարկություններ ներկայացնել ծրագրի արդյունավետ շարունակության՝ միջոցների արդյունավետ կառավարման, մեդիա դաշտում ՀՄԳ-ի առավել ամուր դիրքավորման համար։
Գնահատման ժամանակահատված։ Գնահատման աշխատանքը նախատեսվում է սկսել 2023 թվականի նոյեմբերին և ավարտել 2024 թվականի հուլիսին։
Ակնկալվող փաստաթղթեր և միջոցառումներ։ Գնահատումն իրականացնող կազմակերպությունը պետք է պատրաստի և ՀԿ-ին տրամադրի հետևյալ փաստաթղթերը՝
- Նախնական զեկույց (անգլերեն)
- Հակիրճ միջանկյալ զեկույց (անգլերեն)
- Արդյունքների ներկայացման նպատակով երկու հանդիպում (հնարավոր է անգլերեն)
- Գնահատման սևագիր տարբերակ (անգլերեն)
- Գնահատման վերջնական զեկույց՝ ներառյալ առաջարկությունները (անգլերեն)
Մրցույթին մասնակցության պահանջներ։ Գնահատումն իրականացնող կազմակերպությունը պետք է.
- մասնագիտացած լինի ծրագրերի գնահատման և ռազմավարական պլանավորման մեջ,
- վերջին հինգ տարիներին Հայաստանում մատուցած լինի նմանատիպ ծառայություն (գնահատում, հետազոտություն, ռազմավարական պլանավորում, խորհրդատվություն),
- տեղեկացված լինի հայկական մեդիադաշտից և այս ոլորտում իրականացվող կրթական ծրագրերից,
- գնահատումն իրականացնող անձինք տիրապետեն հայերենին և անգլերենին։
Մրցույթին մասնակցության փաստաթղթեր։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- գնահատմանը ներգրավված բոլոր անձանց CV-ները,
- այն կազմակերպությունների ցանկը, որոնց համար իրականացվել է գնահատում՝ նշելով գնահատման ոլորտը,
- տեխնիկական առաջարկ, որը կներառի գնահատման ժամանակ կիրառվելիք մեթոդաբանությունը (որը պետք է գնահատումն իրականացնելուց առաջ համաձայնեցնել ՀԿ-ի հետ), գնահատումն իրականացնող թիմի նկարագիրը, նրանց դերաբաշխումը (3 էջ),
- Գնառաջարկ, որը ներառում է ծառայության ամբողջ արժեքը՝ ներառյալ հարակից հնարավոր ծախսերը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ։ Հոկտեմբերի 29, 2023 թ.
Հայտերի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@mediafactory.am էլ. փոստին՝ վերնագրում նշելով «Գնահատման առաջարկ» և կազմակերպության անվանումը։
Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում զանգահարել 093 044095 հեռախոսահամարով։