Քովիդ վիճակագրություն. պատմություններ՝ թվերի հետևում

Սա այն պատկերն է, որը մենք սովորաբար տեսնում ենք COVID-19 պատվաստվատումների մասին վիճակագրություն փնտրելիս։ 

 

Միջազգային և տեղական տվյալների շտեմարանները տալիս են «չոր» տվյալներ. 

– մեկ դեղաչափով պատվաստված բնակչության տոկոս,

– երկու դեղաչափով պատվաստված բնակչության տոկոս։

Իսկ ովքե՞ր են այս տոկոսների մեջ ընդգրկված կամ դրանից դուրս մնացած մարդիկ։ Մեզ այս անգամ հետաքրքիր են ոչ միայն թվերը, այլ դրանց հետևում ընկած պատմությունները։ 

 

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները շրջել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և լսել ավելի քան 300 ընտանիքի պատմություն՝ պարզելու, թե ինչպես են մարդիկ որոշում կայացնում՝ պատվաստվել կամ ոչ։ 

Քարտեզում ներկայացված է այցելած բնակարանների տեղակայումը. կլաստերային և պարզ պատահական ընտրանք

Մեզ հանդիպած մարդկանց պատմությունները շատ են, կարծիքները՝ տարբեր և բազմազան։ Այնպես որ դուք հաստատ կգտնեք քովիդյան աժիոտաժի մասին մտքեր, որոնց հետ համամիտ եք կամ հակառակը՝ բացարձակ չեք կիսում։ 

-

Մանկական դիմակս պոկվել ա, մամ, թափել եմ։

Ոչինչ, ես քեզ մեծերինը կտամ, – ասում է առաջին դասարանի աշակերտ Արթուրի մայրը՝ Արմենուհին, ու ավելացնում, որ դիմակը կողքերից կապում են, որ հարմար լինի:

Արմենուհին պատմում է, որ ամեն առավոտ հետևում են, որ երեխաներն առանց դիմակի դպրոց չգնան, քանի որ պարտադիր է. «Դիմակը դրած տնից դուրս են գալիս, բայց թե հետո ինչ են անում, արդեն չգիտենք»։

 

Արմենուհին դեռ չի պատվաստվել, քանի որ չի վստահում պատվաստանյութերին, սակայն պարտադիր թեստավորման պահանջի հաճախակի դառնալուց հետո ստիպված մտածում է պատվաստվել։ 

Մեզ հանդիպած մարդկանցից 50-ն աշխատում են կրթական հաստատությունում։ Նրանց 6o տոկոսը պատվաստված է։

-

Հայաստանում կորոնավիրուսի տարածման օրից ի վեր 85-ամյա տիկին Մեքսիդան տնից դուրս չի եկել: Ապրում է մենակ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. «Վախենում եմ վարակվեմ. ինչ անհրաժեշտ է լինում, տղաներս ու հարսներս բերում են. իրենք պատվաստված են»:

Չի պատվաստվում, որովհետև որևէ մեկի հետ չի շփվում. «Իմ տարիքում պետք չէ, որ օտար մարմին մտնի օրգանիզմս, հնարավոր է՝ հակառակ ազդեցություն ունենա: Չնայած, օրինակ, Ֆրանսիայում բնակվող հասակակից ընկերուհիս արդեն երրորդ անգամ է պատվաստվել, որ ազատ ճամփորդի»:

-

Ֆրանսիայում է նաև Քանաքեռ-Զեյթունի բնակիչ Գոհարի ամուսինը, ով  արտագնա աշխատանքի է և արդեն պատվաստվել է։ Գոհարն աշխատել է մաքսատանը, իսկ այժմ զբաղվում է իր սիրելի հոբբիով՝ ասեղնագործությամբ։ Երկու աղջիկներն ուսանող են, փոքր տղան իններորդ դասարանում է սովորում.

«Եթե շարունակեի աշխատանքը, հավանաբար կպատվաստվեի, բայց քանի դեռ ստիպող ոչինչ չկա, խուսափում եմ անհայտ ծագման դեղից։ Ես էլ, էրեխեքս էլ մենակ Ֆրանսիա գնալու դեպքում կպատվաստվենք»։

-

32-ամյա Լիլիթի ամուսինը ևս արտագնա աշխատող է, սակայն համավարակի պատճառով արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում է: 

Լիլիթը բազմազավակ մայր է. ընտանիքում ապրում են 9 հոգով: Մենք հանդիպեցինք Լիլիթին, երեխաներին ու նրա սկեսրոջը։ Պատերազմի ժամանակ Լիլիթն աշխատում էր զինվորական ճաշարանում։ Այդ ժամանակ ունեցել է COVID-19-ի ախտանշաններ, սակայն թեստի պատասխանը բացասական է եղել: Տարբեր տեղեկություններ է լսել պատվաստումների մասին, անհանգստանում է հետևանքների համար: «Ընդհանուր ստուգումներ չեն անցկացնում, գնում ես, ու միանգամից սրսկում են»։ Կպատվաստվի, եթե այն պարտադիր պայման դառնա նաև նպաստ ստանալու համար:

-

Փնջիկն ու Մարտունը 62 տարվա ամուսիններ են: 60-ականներին Գորիսից տեղափոխվել են Երևան: Մեր հարցին՝ պատվաստվելու են, թե ոչ, իր քաշած օղին բերելով, Մարտուն պապն ասաց. «Էդ հիվանդությանը մեկ սա ա օգնում, մեկ՝ սխտորը. ուտելու հետ օրը երեք անգամ մեր տնական արաղն ենք խմում։ Նման արաղ խմողը, հարյուր տարի էլ մնա, չի հիվանդանա»։

-

75-ամյա Լարիսա Մանվելյանը նոյեմբերին վարակվել է քովիդով, բայց հիվանդությունը ծանր չի տարել, ջերմությունն էլ 37.4-ից չի բարձրացել։ Միայն անհանգստացել է ոտքերի տրոմբների համար։

«15 օր տանը էղա, ապրանքս մնաց, փչացավ, թափեցի։ Դե համ էլ հետ ընկա էլի աշխատանքի տեմպից»։ Նա դեռ չի պլանավորում պատվաստվել, բայց հակահամաճարակային կանոնները խիստ պահպանում է։ 

 

«Հենց մարդ ա մտնում խանութ, միանգամից դիմակ եմ դնում, դիմակ չունեցողներներին էլ, էն ա, ընդեղ դիմակներ ունեմ, ես եմ տալիս»։

Լարիսան համացանցում կարդացել է, որ սխտորն օգտակար է, և մի քանի ամիս անընդմեջ սկսել է օգտագործել։ «Առավոտն իջնում էի, մանր կտրտում էի, կուլ էի տալիս ջրով։ Կարող ա դրա համար թեթև տարա քովիդը, չգիտեմ»։

-

71-ամյա Շուշան Քելեմյանն է, ով եղբոր՝ Ավետիսի հետ ապրում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում: «Մեր տանը մշտապես օղի կա. սա քովիդից պաշտպանվելու լավագույն տարբերակներից է», – ասում է նա։ Օղին փոխարինում է ալկոգելին։

Շուշանն ու Ավետիսը որոշել էին աշնանը գնալ պոլիկլինիկա, պատվաստվել: Բայց 2021թ. հոկտեմբերի 14-ին եղբայրը թուլություն, հոգնածություն է զգացել, մյուս օրը նույն ախտանշաններն ինքն է ունեցել: Քովիդի թեստի արդյունքը դրական էր. «Բժիշկը որոշեց մեզ հիվանդանոց ուղարկել, պետք է շտապօգնության աշխատակիցները տանեին, բայց էդպես էլ չեկան: Վարակակիրները շատ են, հավանաբար չեն հասցնում: Տանը բժշկի նշանակումով սիստեմաների ու վիտամինների օգնությամբ բուժվեցինք»:

 

Շուշան Քելեմյանն ու եղբայրը վարակվելուց հետո գրեթե ոչինչ չեն կարողացել ուտել, միայն ջուր են խմել, իսկ սուրճից կտրականապես հրաժարվել են։

 

Վարակվելուց առաջ օրական չորսից հինգ բաժակ սուրճ էին խմում. «Մինչև հիմա էլ նորմալ համ ու հոտ չեմ զգում: Հիվանդության ընթացքում ջերմություն չեմ ունեցել, սակայն երեկոյան ժամերին մեջքիս հատվածում ուժեղ ցավ էի ունենում, լույսը բացվելուն պես անհետանում էր»:
Սպասում են, որ սահմանված 90 օրը լրանա, գնան պատվաստվելու:

62-ամյա Կարո Սահակյանն իր վեց հոգանոց թիմով Նուբարաշենի սանմաքրման պատասխանատուն է: «COVID-19-ով վարակված եղե՞լ եք» հարցին ի պատասխան ծիծաղում է։ 


«Մեզ գրող չի կպնում, օրենքով առաջինը մենք պիտի վարակվեինք, բայց երեք տարվա մեջ ոչ մի անգամ չենք հիվանդացել, բուժական արձակուրդ չենք ստացել» – ասում է Կարոն։ Նա հեռուստացույցով է լսել պատվաստման կարևորության մասին, առաջին դեղաչափից հետո իրեն լավ է զգացել, սպասում է երկրորդին:

Էրեբունի թանգարանի մոտ ծաղիկներ է վաճառում  65-ամյա Հայկը։ Հարցին, թե քովիդը ինչ փոխեց իր կյանքում, լռեց՝ հայացքը գետնից չկտրելով։

Ոնց չէ, մեռնելուց պրծավ խեղճ մարդը, – միջամտեց ընկերը։

Հայկի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մյուս որդին բնակվում է Ռուսաստանում: Հիմա կնոջ և զոհված տղայի երեխաների հետ է ապրում: Ծաղիկների վաճառքից գոյացած եկամուտը, իր թոշակն ու թոռներին հատկացվող նպաստը ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն է. «Որ էս երկու ծաղիկն էլ չվաճառեմ, սոված կմնանք»: 

-

Հայկի հարևանությամբ է գտնվում կոշկակար Հովհաննեսի արհեստանոցը։
Նա մեկ ու կես տարի առաջ է վարակվել քովիդով, նրա խոսքով՝ «դեղորայք ընդունել է, բայց աստված է բժշկել իրեն»։ Չի պատվաստվել եւ չգիտի՝ արդյոք պատվաստումը կանխարգելում է մահը, սակայն դեմ է պատվաստումներին։
«Ես ավարտել եմ 10-րդ դասարանը, շատ շնորհակալ եմ աստծուն, որ գիտության ճանապարհով չեմ գնացել, այլ իր գիտությունն եմ սովորել»,- եզրափակում է Հովհաննեսը։

-

«Լոքդաունի ժամանակ մազերս կանաչ ներկեցի, հետո՝ կապույտ, կարմիր, դեղին»,- ասում է 19-ամյա Հասմիկ Խաչատրյանը, որը փորձում էր տխուր ժամանակահատվածը գունավորել։ Մյուս ուրախությունը տանը շան հայտնվելն էր: Առօրյայում շատ բան չէր փոխվել. «Ոչ մի հետաքրքրություն չկար, բոլորս նույն ռեժիմով աշխատում էինք, սովորում, զբաղված էինք»

Հասմիկը չի վարակվել քովիդով, պատվաստված չէ և դեմ է պատվաստմանը․

«Յուրաքանչյուր պատվաստանյութի ընդունման համար 20 տարի հետազոտություն է արվել, իսկ քովիդի պատվաստանյութը գտել են երկու ամսվա ընթացքում։ Եվ դա ընդհանրապես կապ չունի այսօրվա տեխնոլոգիաների զարգացման հետ»։ 

Հասմիկի խոսքով՝ սա փորձարկում է մարդկանց վրա։

 

«Հայերը թքած ունեն քովիդի վրա», – ասում է մեկ տարի առաջ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Արտակը։ Չնայած համավարակը մասնագիտական կյանքի վրա այդքան էլ ազդեցություն չի ունեցել, բայց հասարակական կյանքի վրա շատ է ազդել։ Պատմում է, որ երեխան ոչ ոքի հետ հնարավորություն չուներ շփվելու, մարդիկ տներից դուրս չէին գալիս, շատ զգույշ էին շփման մեջ։ Երբ եկան Հայաստան, ամեն ինչ փոխվեց։

 

Արտակը վաղուց է պատվաստվել, բայց պատվաստանյութի արդյունավետությանը այդքան էլ չի հավատում։ Պատվաստվելու պատճառը ճամփորդելն է եղել։

-

«Հավայի շուխուռ ա. սովորական տաքություն ա էլի, նույն գրիպը: 82 տարեկան պապաս ինձնից բեթար չի հավատում։ Սկի դեղ չի խմում, ուր մնաց գնա, պատվաստվի», – ասում է 43-ամյա Սահակ Փիլոյանը։

Նա չի հավատում նաև քովիդից մահացության բարձր ցուցանիշներին. «Դու գիտե՞ս կորոնայից մեռնողի համար դրսից ինչքան փող ա գալիս։ Առողջապահության ոլորտում ծանոթս պատմում ա, որ իրանց ասում են՝ ոնց ուզում եք արեք, հազար հատ դեպք ներկայացրեք (խմբ. վարակման)։ Ես չեմ, դուք եք, էդ լսելուց հետո ո՞նց հավատամ վիրուսին էլ, պատվաստմանն էլ»:

-

68-ամյա էմման միայնակ է ապրում և խնամող չունի, փորձում է զգույշ լինել, ալկոգելը միշտ գրպանում է պահում: 

Պատվաստանյութի առաջին դեղաչափն արդեն ստացել է, դեկտեմբերին նաև երկրորդը կստանա. «Չինականն ա, բայց չեմ հիշում՝ որ մեկն ա: Թղթի վրա գրած ա, չեմ էլ նայել»։

-

63-ամյա Սամվելը պատվաստվել է չինական Սինոֆարմով, մեկ շաբաթ հետո վարակվել է: «Հիմնարկում տուգանքներ էին գալու, եթե չպատվաստվեի: Դա էլ չլիներ, արդեն որոշել էի. եթե ողջ աշխարհը պատվաստման կողմնակից ա, ես էլ ի՞նչ ասեմ»: Երկրորդ չափաբաժինը դեռ չի ստացել, սպասում է բժիշկների ցուցումներին: Հարցման պահին Սամվելի կինը վարակված էր ու գտնվում էր հիվանդանոցում. «Կինս հակացուցումներ ուներ, հակառակ դեպքում նա էլ կպատվաստվեր»։ 

 

«Քովիդի անունը չեմ ուզում լսել, դա ինձ էդքան չվնասեց, ինչքան սիստեմաներն ու անտիբիոտիկները, դրանցից շատ վատացա, հետո սկսեցի դրանց դեմ բուժվել», – ասում է Հայկը, որ ի տարբերություն կնոջը՝ Ռուզաննային, ծանր է տարել Covid-19-ը, չի հոսպիտալացվել, սակայն ստացել է բժշկական օգնություն։

 

Հայկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, որ նորից չվարակվի։ Նա կարծում է, որ եթե ողջ աշխարհն է պատվաստվում, ապա դա է ճիշտը: 

Ռուզաննան տանն այս ու այն կողմ էր անում դիմակով, երբ հանկարծ ծիծաղելով նկատեց, որ տուն մտնելուց հետո մոռացել է դիմակը հանել։  «Այ քեզ բան», – ասում է նա և դիմակն աղբարկղի մեջ գցում, նշելով՝ որ աշխատավայրում դիմակի համար հատուկ աղբաման ունի:

-

Շենգավիթում բնակվող 42-ամյա Լուսինե Հովհաննիսյանը գրեթե միշտ լվանում է դիմակները. «Ոնց որ ամենօրյա գործողություն լինի. մտնում ենք տուն, լվացվում, հետո դիմակները լվանում, փռում, չորացնում»:

Լուսինեն, գործատուի պահանջով պատվաստվել է։

 

-

19-ամյա Էլիզա Կրիկորյանը սահմանափակումների ժամանակ տանից մի քանի օր դուրս չէր եկել, չէր տեսել ավտոտնակում ապրող շանը: «Կարոտել էր ու բուռն ռեակցիա տվեց, երբ դադարից հետո առաջին անգամ տեսավ ինձ»

Էլիզան դիմակ  է դնում ոչ միայն վարակից պաշտպանվելու համար, այլ նաև շան մազերը սանրելիս: Շանն այգի տանելուց առաջ լրացնում էր ձևաթուղթը՝ որպես նպատակ նշելով շանը զբոսանքի տանելու հանգամանքը: Ձևաթուղթը երբեք էլ պետք չեկավ։

 

Էլիզան քովիդով չի վարակվել, պատվաստված չէ։ Չի ցանկանում պատվաստվել, քանի որ մտածում է՝ վատ հետևանքներ կթողնի իր առողջության վրա։

Հարյուրավոր երևանաբնակների հետ մեր զրույցներից կարելի է եզրակացնել, որ անորոշություն և անվստահություն կա համավարակի կանխարգելման համար տարվող թե համընդհանուր, թե տեղական քաղաքականության հանդեպ։  

 

Տարաբնույթ տեղեկությունները, կարծիքներն ու սահմանափակումները ոչ թե օգնում, այլ ավելի են խճճում քաղաքացիներին, ինչի արդյունքում մարդիկ նախընտրում են զերծ մնալ գործողություններից այնքան ժամանակ, քանի դեռ դրանք պարտադրված չեն։

Մեթոդաբանություն

Նյութը պատրաստել են Հետք Մեդիա Գործարանի բոլոր ուսանողները՝ «Տվյալների լրագրություն» և «Մուլտիմեդիա լրագրություն» առարկաների շրջանակում։ 

Ընտրանքը ձևավորվել է կլաստերային և պարզ պատահական մեթոդով, օգտագործելով QGIS աշխարհագրական տեղեկատվական ծրագիրը՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» առարկայի շրջանակում։

 

Նյութում ներկայացված ինֆոգրաֆիկաների հիմքում ընկած են ուսանողների կատարած հարցումների տվյալները։ Հարցումներն իրականացվել են նոյեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: