Մեղուների մարող բզզոցը

«ամեն առավոտ մի գդալ մեղր կեր,​

որ առողջ լինես»

«Մաքուր մեղրի» և առողջ ապրելակերպի փնտրտուքներում՝ մենք չենք պատկերացում անգամ, թե ինչ բնապահպանական մարտահրավերների և հիվանդությունների են հանդիպում այդ մեղրը ստեղծող  փոքրիկ միջատները։

Արարատի մարզի 20 մեղվապահներ 2021 թվականի գարնանը կորցրել են ընդհանուր 300 փեթակ։

Մեղուն ու մեղրը վտանգված են

Մեղուները, հանդիսանալով գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում են պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի բերքատվությունն ու սերմնակալումը, ինչը կենսական անհրաժեշտություն է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանական աշխարհի սննդային շղթայի կայունության համար։ 


Արարատի մարզի 20 մեղվապահներ 2021 թվականի գարնանը կորցրել են ընդհանուր 300 փեթակ։

2017

2018

2019

2020

2021


Այսօր մեղվաընտանիքների մասսայական կրճատումը ողջ աշխարհում օրակարգային հարց է դարձել։ ԱՄՆ-ի գյուղատնտեսական ազգային վիճակագրության համաձայն` 1947-ից 2008 թվականներին երկրում գոյություն ունեցող փեթակները կրճատվել են 60%-ով՝ 6 միլիոնից հասնելով 2,4 միլիոնի: Անկման պատճառներից են կլիմայի փոփոխությունն ու դրա վատ հետևանքները, մեղուների շրջանում տարածված տզային հիվանդությունները, մեղվակեր թռչունների պոպուլյացիայի աճն ու այգեգործության մեջ օգտագործվող թունաքիմիկատները։

 

Արդյո՞ք մեղվաընտանիքների նվազման միտում է նկատվում նաև Հայաստանում։ Ի՞նչ դժվարությունների են բախվում մեղվապահները վերջին տարիներին և արդյո՞ք համաշխարհային աղետալի փորձը տարածվում է նաև տեղական գյուղատնտեսության և էկոհամակարգի վրա:

Այս հարցերի պատասխանները ստանալու համար իրականացրել ենք հետազոտական հարցում Արարատի մարզի 20 բնակավայրի մեղվապահների շրջանում: Մարզի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ ծիրանենին ու մի շարք այլ կուլտուրաներ շուտ են ծաղկում, ուստի մեղվապահական սեզոնն այստեղ ավելի շուտ է սկսվում և ավարտվում:

Դեմոգրաֆիա

Հարցումն իրականացրել ենք Արարատի մարզի 20 բնակավայրերի մեղվաբույծների շրջանում։ Բնակավայրերն ընտրվել են աշխարհագրական տեղեկատվական համակարգի «QGIS» ծրագրով, որն 95 բնակավայրերից պատահականորեն ընտրել է 20-ը։ Հարցմանը մասնակցել են նշված բնակավայրերի անհատ-մեղվապահներ, որոնց ընտրությունը կատարվել է «առաջին պատահածի» սկզբունքով։

Մեղվապահների զգալի մասը տարեցներ են , իսկ մեղվապահությունը` հիմնականում ժառանգաբար փոխանցվող գործ: Հարցված  20 մեղվապահների կեսը այս գործով զբաղվում են ավելի քան 20 տարի։

Պատահական ընտրված հարցվածների շրջանում հանդիպեցինք մեկ կին մեղվապահի և մեկ ազգային փոքրամասնության՝ ասորի համայնքի ներկայացուցչի։

Փեթակներ

1 մեղվաընտանիք = 1 փեթակ

Հարցման արդյունքում ստացված տվյալների համաձայն` 2017 թվականից նկատվում է մեղվաընտանիքների քանակի ընդհանուր նվազման միտում, իսկ արդեն 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ շեշտակի նվազում։ Հարցված 20 մեղվապահներից 15-ը կարծում են, որ վերջին 5 տարիներին մեղվաընտանիքների թիվը պակասում է։


Մեղվապահներից շատերը հայտնում են, որ կորուստներ են եղել նաև այլ մարզերում՝ իրենց ծանոթ մեղվապահների մոտ։

Գրաֆիկում պատկերված է բոլոր 20 մեղվապահներին ընկնող մեղվաընտանիքների միջին քանակը՝ ըստ վերջին 5 տարիների։

 

Մեղվաընտանիքների նվազման մասին են փաստում նաև Արարատի մարզպետարանի տրամադրած տվյալները: Առանձնանում է հատկապես 2018 թվականը, որը նախորդ տարվա համեմատ 1200-ից ավել կորուստ է գրանցել։ Հաջորդող տարիներին նվազման միտում նույնպես կա, սակայն ոչ այնքան շեշտակի։ Եթե տվյալները դիտարկենք ըստ շրջանների, ապա 2200-ից ավել կորուստ է ունեցել Արարատ քաղաքը, որը մեղվապահությամբ զբաղվող ամենաակտիվ և հարուստն է մարզում, Մասիս շրջանում նվազումը եղել է մոտավորապես 150 փեթակի չափով, մինչդեռ Արտաշատի շրջանում մեղվաընտանիքների թիվն ավելացել է մոտ 300-ով։

Անկման պատճառներ

Իրենց մեղուների մասսայական անկումների պատճառների մասին շատ մեղվապահներ գաղափար չունեն. շատերը ենթադրություններ են անում, իսկ  հարցման արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը.

Մեղվապահների մեծ մասը կարծում է, որ մեղվաընտանիքների կորուստների գլխավոր պատճառը հիվանդություններն ու ոչ մեղվապահական պարարտանյութերն են, անվստահություն կա նաև մեղվապահական դեղամիջոցների նկատմամբ։ 

 

Տեսանյութը պատմում է Հովտաշատ, Ջրաշեն և Ավշար գյուղերի մեղվապահների կորուստների մասին։

Թունաքիմիկատներ

Ողջ աշխարհում մեղուների անկման մեծ խթան են հանդիսանում նաև ոչ մեղվապահական պարարտանյութերը, այսինքն՝ գյուղատնտեսության, այգեգործության մեջ կիրառվող թունաքիմիկատները։ Հարցված 20 մեղվապահներից 13-ը սեփական այգում կամ դաշտում պարարտանյութեր են կիրառում կամ սրսկում ծառերը նշված նյութերով։

Կլիմայի փոփոխություն և օդի աղտոտվածություն

«Կլիմայի փոփոխությունը համապարփակ խնդիր է, որը թե՛ հրատապ է, և թե՛ չափազանց լուրջ»,- Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության իր խոսքի մեջ նշել է ՀՀ  Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը։


Կլիմայի փոփոխությունը ներառում է կլիմայի բոլոր տատանումները, որոնք ավելի երկար են տևում, քան կոնկրետ եղանակային իրադարձությունները և վերաբերում են միայն այն տատանումներին, որոնք պահպանվում են ավելի երկար ժամանակով`սովորաբար տասնամյակներ և ավելի: Այդ փոփոխությունը մարդածին գլոբալ տաքացումն է, որն ըստ գիտնականների,
սկսել է 1800-ական թվականներին 


Ըստ «Մեղվաբույծների ազգային միության» տվյալների՝ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012թ. մեղրի արտադրությունը երկրում նվազել է ավելի քան 10 անգամ: 30 °C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում՝ մեղուների աշխատանքի տեմպը ընկնում է. ամենաժրաջան աշխատանքը մեղուները կատարում են 18-25 °C-ի պայմաններում։ 


Կլիմայի փոփոխությունը ոչ միայն մեղվի աշխատունակությունն է նվազեցնում, այլև առաջացնում է ժամանակային անհամաչափություն: Երբ գարունը շուտ է գալիս, այսինքն՝ ջերմաստիճանը նորմայից բարձր է լինում, ծառերի և գյուղատնտեսական մշակաբույսերի ծաղմկան գործընթացը շուտ է սկսվում, իսկ ձմեռումից նոր արթնացած մեղուն այդ ընթացքում պատրաստ չի լինում նեկտար հավաքել:

1955 – 2019 թվականների օդի ջերմաստիճանի (°C-ով) տատանումների վերաբերյալ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Արարատի մարզում նկատվում է ջերմաստիճանի բարձրացման միտում։ Տվյալները հավաքագրվել են մարզում տեղակայված երեք օդերևութաբանական կայաններից. Արարատ, Ուրցաձոր և Արտաշատ։

2015-2020 թվականներին մթնոլորտային օդում փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների վերաբերյալ նույն ՊՈԱԿ-ի տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածության բարձրացման միտում կա Արարատի մարզում։ Փոշին և նշված քիմիական տարրերի կոնցենտրացիան հինգ տարիների ընթացքում աճի միտում են գրանցում։

Տզեր և մակաբույծներ

Մեղվի բնականոն գործունեությանը խոչընդոտող մյուս վտանգը տզերն ու մակաբույծներն են, որոնք առաջացնում են հիվանդություններ, ինչպիսին օրինակ շատ տարածված վարրոատոզն է: Տաք ջերմաստիճանը և  հաճախ կրկնվող ջերմային ալիքները բարենպաստ պայմաններ են ստեղծում մակաբույծ օրգանիզմների զարգանալու և բազմանալու համար: Կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում հանրապետության որոշ տարածաշրջաններ կարող են դասվել այդ հիվանդության նկատմամբ առավել խոցելի շրջանների շարքում: 

Հիվանդություններ

Որպես մեղվաընտանիքների անկման հիմնական պատճառ՝ հարցմանը մասնակցած մեղվապահները նշել էին հիվանդությունները։ Վերջին 5 տարիներին մեղուների մոտ հիվանդություններ են բացահայտել 6 մեղվապահ։ Տարածված հիվանդություններից է վարրոատոզը, եվրոպական փտախտն ու փորլուծությունը։

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում աշնանը, ձմռանը և գարնանը մեղվաընտանիքների անկման դեպքերի հիմնական պատճառը Varroa Jacobsoni տիզն է։ Վարրոատոզ հիվանդության առաջանալու դեպքում՝ մեղվաընտանիքի անկման տոկոսը կարող է հասնել մինչև 100 տոկոս (Մեղրատու մեղուների զանգվածային անկման պատճառները աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում, 2011թ․, ՀԳԱԱ, Հայաստանի կենսաբանական հանդես):

Մեղվակերներ

Մեղվակեր թռչունները (լատիներեն անվանում) մեղվապահների մշտական անցանկալի հյուրերն են, որոնք փեթակներին մոտենում են ամպամած եղանակին, հատկապես անձրևից առաջ կամ հետո։

Rehman Abubakr, WilpattuNationalPark – February 2018 – Green bee-eater (1), CC BY-SA 4.0

Հարցված 20 մեղվապահներից 9-ը կարծում են, որ վերջին հինգ տարիներին շատացել են թե մեղվակեր թռչունների կողմից մեղուների վրա հարձակվելու դեպքերը, թե, ընդհանրապես, այդ թռչնատեսակի պոպուլյացիան։ Տվյալ վարկածի հետ համաձայն չէ 7 մեղվապահ, իսկ 4-ը փոփոխության որևէ միտում չեն նկատել։

 

Մեղվակեր թռչունների դեմ պայքարելիս՝ մեղվապահները դիմում են տարբեր հնարամտությունների, որոնցից ամենատարածվածը ձայնով նրանց տարածքից քշելն է։ Փետրավոր գիշատիչների դեմ ձայնային պայքարի մի ձևը մետաղյա տարբեր իրերով իրար հարվածելն ու նրանց վախեցնելն է, մյուսը, այսպես ասած՝ «մանկական» կամ ամանորյա պայթուցիկներով, երբեմն էլ պարսատիկի օգնությամբ օդ կրակելը։ Որոշ մեղվապահներ նշում են սև վառոդով օդ կրակելու, իսկ ոմանք էլ, հենց թռչունների վրա կրակելու տարբերակները։ Նշենք, որ մեղվակեր թռչունների Կանաչ տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում (ՀՀ Կառավարության 2010 թ. Հունվարի 29-ի N 71-ն որոշում) և ունի խիստ վտանգված կարգավիճակ։ Քանի որ այն շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակով ոչնչացվում է մեղվապահների կողմից:

Մայր մեղու

Մայր մեղուն մեղվաընտանիքի երեք անդամներից՝ աշխատող մեղվից, բոռից (արու) և մայր մեղվից ամենամեծն է (մինչև 25 մմ երկարություն)։ Վերջինիս միակ պարտականությունը սերնդի վերարտադրումն է՝ ձվեր դնելու միջոցով: Բարենպաստ պայմաններում օրական ձվադրման քանակը կարող է հասնել 2000 և ավելիի: Մայր մեղուն կարող է ապրել 5 տարի, բայց 2 տարեկանից հետո նվազում է  ձվադրման արդյունավետությունը, ուստի անհրաժեշտ է 2 տարին մեկ ծեր մորը փոխարինել երիտասարդով:

Ամեն տարի մայր մեղվի գույնը այլ է։ Անցյալ տարի այն կապույտ էր։

Ըստ «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանի՝ Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում մայրաբուծություն չկատարվելով` մեղվաընտանիքները դարձել են սակավ բերքատու։ Այսինքն 25-30 կգ միջին բերքի փոխարեն ստացվում է 5-10կգ:

Հարցված բոլոր մեղվապահները մայր մեղուն իրենք են բուծում, որոնցից երկուսը նաև գնում են։

Չնայած վերջին տարիներին մայր մեղուների հետ կապված խնդիրների բարձրաձայնմանը, մեր հարցումը տվյալ հիպոթեզը չապացուցեց, քանի որ հարցվածների կեսն ասում է, որ վերջին 5 տարիներին մայր մեղվի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, 8-ը ոչ համաձայն էին, ոչ էլ համաձայն չէին տվյալ գաղափարի հետ, և միայն 2-ը նշեցին խնդիրների առկայության մասին։ Նրանք մատնանշեցին մայր մեղուների փախնելն ու չվերադառնալը, ինչը, անպայման, անդառնալի հետևանք է թողնում մեղվաընտանիքի վրա, և մեղվակերների հարձակումները։

Փոշոտման վայր

Մեղվապահական ակտիվ սեզոնը՝ մեղուների նեկտար հավաքելու շրջանն, ավարտվում է, երբ թափվում են ծառերի ծաղիկները և մնացած այլ խոտերն ու բուսականությունը բավարար չեն մեղուների մեղր պատրաստելու համար։ Այդ պատճառով Արարատի նման բնակլիմայական պայմաններ ունեցող մարզի գրեթե բոլոր մեղվապահներն իրենց փեթակները տեղափոխում են ծաղկած ծառերով և բուսականությամբ լի այլ տարածքներ։ 

 

Լեռնային շրջանները համարվում են ամենալավ մեղրատու գոտիները, որտեղ տաք և խոնավ տարիներին առատ մեղր է ստացվում։

Հարցված 20 մեղվապահներն իրենց փեթակները տեղափոխում են հիմնականում Արարատի մարզի արևելյան կամ բարձրադիր հատվածներ (Արարատի կամ Վեդու շրջան), Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզ։ Նախկինում տանում էին նաև Արցախի այն տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։

Գիտափորձ

Երևանի պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում արդեն հինգ տարի է, ինչ ուսումնասիրում են մեղուների աղիքային հիվանդությունների և բակտերիաների կապն օդի աղտոտվածության հետ։ 

 

«Ամեն ինչ սկսեց նրանից, երբ մի հոդված կարդացի, որ մեղուների միկրոբիոմի մեծ մասը կաթնաթթվային բակտերիաներ են»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ինգա Բազուկյանը։

Անահիտ Սահակյան, կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժնի շրջանավարտ

Մեղվի աղիքային բակտերիան պինդ սննդային արգանակի մակերեսին

Միկրոբիոմը միկրոբների հավաքական գենոմն է, բաղկացած մանրէներից, բակտերիոֆագներից, սնկերից, նախակենդանիներից և վիրուսներից, որոնք ապրում են կենդանի օրգանիզմի մարմնի, տվյալ դեպքում՝ մեղվի ներսում (աղիներում)։


«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեղվի մահը կախված է հենց դրանց աղիների միկրոբիոմի փոփոխության հետ։ Ամենահետաքրքիրը, որ գիտափորձերի ժամանակ բացահայտել ենք, մեղվի աղիներում մարդու համար վտանգավոր բարտոնելլա բակտերիաների առկայությունն է, որոնք մարդու համար ախտածին են։ Դեռ չենք հասել տեսակի բացահայտմանը, որ հստակ ասենք՝ արդյոք դրանք մարդու համար վտանգավոր տեսակներն են, թե ոչ, բայց մտածում ենք, որ մեղվի աղիներում առկա կաթնաթթվային բակտերիաները ճնշված են պահում այդ հիվանդության հարուցիչներին, դրա համար էլ մեղուն չի մահանում կամ չի համարվում այդ հիվանդությունների հարուցիչ»,- մանրամասնում է Ինգա Բազուկյանը։ 


Ի սկզբանե գիտական թիմի գաղափարն այն էր, որ մեղվի աղիներում բակտերիաները կարող են կարգավորել նաև միջատների առողջությունն ու իմունիտետը, կարող են ավելի կայուն դառնալ պարարտանյութերի, տարբեր հիվանդությունների նկատմամբ, ինչն էլ միգուցե օգներ լուծել մեղուների մասսայական անկումների խնդիրը։

Գիտափորձի ընթացքում պահպանվել են էթիկական բոլոր նորմերը, մեղուները եղել են սառեցված կամ արդեն մահացած։

Մահացած մեղվի որովայնի հեղուկը, որում աղիքը գրեթե ամբողջովին լուծվել էր (2000 անգամ խոշորացրած, մշակված մեթիլեն կապույտով)։

Մեղուների տեսակների միախառնման հետևանքով առաջացել են գենետիկորեն ոչ մաքուր ենթատեսակներ

Հայաստանի տարածքում ապրում են մեղուների տարբեր տեսակներ, որոնցից հայկական դեղինը վերացող տեսակ է։ Խորհրդային տարիներին մարդիկ տարբեր երկրներից տարատեսակ մեղուներ են բերել, որոնք հայկականի հետ ունենալով ցեղային նմանություններ, միախառնվել են։ Միախառնումից առաջացել է գենետիկորեն ոչ մաքուր ենթատեսակ, որը գտնվում է ենթատեսակային մակարդակում, այսինքն՝ նոր տեսակ չի ծնվում։ Այդ երևույթը կոչվում է մետիզացիա։ 

«Այսօր մենք չունենք մաքուր տեսակ, կորցրել ենք աբորիգեններին»,- ասում է ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայի ավագ հետազոտող, մակաբուծաբանության գիտությունների թեկնածու Մարտին Ռուխկյանը։

Մահացած մեղվի մարմնի տարբեր մասերը մանրադիտակի տակ՝ խոշորացրած 40 և 100 անգամ։

Բնության մեջ ամեն ինչ «փոխադարձ համաձայնության» սկզբունքով է աշխատում։ Յուրաքանչյուր տարածքին հատուկ են այն մեղուները, որոնց կնճիթի երկարությունը թույլ է տալիս հավաքել տվյալ տարածքի ծաղիկների նեկտարը։ Մեղուների ցեղերն իրարից տարբերվում եմ նաև կնճիթի երկարությամբ։ Տարածքին ոչ բնորոշ ֆիզիկական տվյալներով մեղուն կարող է ծաղիկից չստացող կամ մասնակիորեն ստացող սննդի պատճառով սովից անկել, ինչը ենթադրում է, որ տեղի և ներկրված  ցեղերի միախառնումից առաջացած ենթատեսակները նույնպես այդ վտանգի տակ են։


Տզաբան Ռուխկյանը կարծում է, որ մեղուների միախառնումը կարող է լինել Հայաստանում մեղուների անկման պատճառ, ուստի պետք է աշխատել մեղվի գենետիկան մաքրելու ուղղությամբ, ինչը մոլեկուլյար գենետիկայի ոլորտում է։

Մեղուներին պետք է բուժել ժամանակին՝ հետևելով դեղատոմսի ցուցումներին

«Արարատի մարզում մեղուների հիմնական կորուստները ժամանակին չբուժելու պատճառով է լինում, ինչը վնաս է տալիս ոչ միայն կորուստ ունեցող մեղվապահներին, այլ նաև ինձ և մյուս մեղվապահներին նույնպես. մեղուները մշտական շրջապտույտի մեջ են, որի արդյունքում մի ամբողջ գյուղի մեղվաընտանիքներ կարող են վարակվել»,- ասում է Արարատի մարզի մեղվապահների միության նախագահ Սուքիաս Բադալյանը։

Փեթակի նոր շրջանակին մեղրամոմի ամրացման ավանդական եղանակ։


Տասնամյակների փորձ ունեցող մեղվապահի կարծիքով դեղամիջոցները պետք է նախ մեկ մեղվաընտանիքի վրա փորձել, հետո տալ մյուսներին՝ կարդալով դեղատոմսի վրա գրված ցուցումները, որոնցից է օրինակ՝ փեթակի մեջ շրջանակների տակ յուղոտ թուղթ փռելը, աշխատնիշներին հետևելը և այլն։ 

 

«Անհրաժեշտ է մոտ հինգ տարին մեկ թարմացնել մեղուների սերունդը՝ այլասերումից խուսափելու համար։ Նույն ընտանիքի «քույր-եղբայր» մեղուների սերունդները մաքուր չեն լինում»,- ասում է մեղվապահը։ 

 

Սուքիաս Բադալյանը խորհուրդ է տալիս նաև ընթերցել Մարկոսյանի «Մեղվաբուծություն» դասագիրքը, որը կպատասխանի թե’ սկսնակ, թե’ փորձառու մեղվապահների գրեթե բոլոր հարցերին։

Սուքիաս Բադալյան, Արարատի մարզի մեղվապահների միության նախագահ։


Ուսումնասիրելով միայն Արարատի մարզի մեղվապահների փորձը՝ ի հայտ եկան մի շարք գործոններ և հիմնախնդիրներ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ մեղվաընտանիքների նվազման համար։ Վերջնական եզրակացության կարելի է հանգել Հայաստանի բոլոր մարզերն ուսումնասիրելուց հետո։ Ամռանը հարցումներ ենք իրականացնելու ՀՀ բոլոր մարզերի 100 մեղվապահների շրջանում։

Շարունակելի


Պատրաստվել է Հայաստանում «Բրիտանական Խորհրդի» և Future News Worldwide-ի աջակցությամբ

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: