Հայ պաշտոնյաների անվերահսկելի կրիպտո ակտիվները

«Կրիպտոարժույթներով կատարվող գործարքները բարձր ռիսկային են, անկայուն, կարող են մաս կազմել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման համար, ինչպես նաև կրիպտոարժույթների սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ»,- հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկը, որը, սակայն, որևէ կերպ չի վերահսկում և կարգավորում երկրում կրիպտոարժույթի շրջանառությունը։

Հայաստանի 19 ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարագրել են կրիպտոարժույթ, որոնցից երեքը նույնիսկ զբաղվում են Bitcoin-ի արդյունահանմամբ (mining)։ 

Կրիպտոարժույթով իրականացվող գործարքներն անվերահսկելի են, հետևաբար կոռուպցիոն բարձր ռիսկ են պարունակում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի գործառույթներից է վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների գույքը, ակտիվներն ու ունեցվածքը, որևէ մեխանիզմ չունի պաշտոնյաների կրիպտոարժույթների շարժը վերահսկելու։

Հետք Մեդիա Գործարանը զրուցել է կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյաների հետ։ Նրանց մեծ մասը համաձայնել են, որ անհրաժեշտ է պետական վերահսկողություն սահմանել կրիպտո շուկայում, բայց քանի դեռ վերահսկողություն չկա, նրանք համարում են, որ իրենք ազատ են արդյունահանել և տնօրինել իրենց կրիպտո ակտիվները։

Ստորև ներկայացված են այն ներկա և նախկին պաշտոնյաները, որոնք կրիպտոարժույթ են հայտարարագրել։ Սեղմելով յուրաքանչյուրի նկարին` կարող եք ծանոթանալ արժույթի տեսակին, քանակին և պաշտոնյայի մեկնաբանությանը։ Պաշտոնյաներից որոշները հայտարարագրում իրենց կրիպտո ակտիվը ներկայացրել են դրամային արժույթով, սակայն չեն նշել քանակը։ 

HETQ MEDIA Factory

Կրիպտոն առաջացել է kriptografi բառից, որը նշանակում է գաղտնագրում: Յուրաքանչյուր կրիպտո առանձին գաղտնագրված կոդ ու բանալի է, որը պահվում է Blockhein բազայում, որում տեղի ունեցող գործողությունները հնարավոր չէ ջնջել կամ փոփոխել:

Հայաստանում կրիպտոարժույթ ունի 33270 մարդ, որոնց թվում են նաև ներկա և նախկին պաշտոնատար անձինք, որոնք ընդհանուր առմամբ հայտարարագրել են 24 տեսակի կրիպտոարժույթ։

Պաշտոնյան եթե չհայտարարագրի կրիպտոարժույթը, ստվերային ճանապարհով պետք է այն վերածի այլ արժույթի կամ գույքի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրման ձևաթղթում կրիպտոարժույթների բաժինը ներմուծել է 2019 թվականին։

Aramayis_Pashinyan

Արամայիս Փաշինյան

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը նույնպես կրիպտոարժույթը ռիսկային է համարում՝ անվերահսկելիության պատճառով։ Հանձնաժողովի անդամը կարծում է, որ կրիպտոարժույթը չհայտարարագրելու դեպքում պաշտոնյան ստիպված է զարտուղի ճանապարհներ գտնել այլ արժույթի վերածելու կամ գույք գնելու համար. «Որն էլ կարող է հասանելի դառնալ և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, և՛ իրավապահ մարմիններին»,- ասում է Արամայիս Փաշինյանը։

Ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Նարեկ Համբարձումյանը, հայտարարագրել է 5.8 Ethereum տեսակի կրիպտոարժույթ, որը 2022թվականի մայիսի 23-ի դրությամբ մոտ 12000 ԱՄՆ դոլար է։ Նարեկ Համբարձումյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշել է, որ 2020 թվականին վաճառել է իր ամբողջ կրիպտոն և հաշվին հետ է ստացել 1815 ԱՄՆ դոլար։

ՀՀ օրենսդրությունը և ԿԲ-ն դեռ չեն կողմնորոշվում՝ կրիպտոակտիվը ապրա՞նք է, ծառայությո՞ւն, նյութակա՞ն, թե՞ ոչ նյութական ակտիվ 

Կենտրոնական բանկը կրիպտոարժույթների վերաբերյալ վերջին պաշտոնական դիրքորոշումը հայտնել է 2018 թվականի մայիսի 5-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Մեր հարցմանը, թե ինչպես է վերահսկվում պետական պաշտոնյաների՝ կրիպտոարժույթով շրջանառությունը, Կենտրոնական բանկը պատասխանել է, որ ներկայումս ՀՀ գործող  օրենսդրությունը կրիպտոակտիվների ոլորտի առանձնահատուկ կարգավորում  դեռևս չի նախատեսում։

«Կրիպտոակտիվների հիմքում ընկած տեխնոլոգիական  լուծումները հնարավորություն են ստեղծում միևնույն կրիպտոակտիվը  միաժամանակ տարբեր հարաբերությունների առարկա դիտարկել (ֆինանսական ակտիվ, ոչ նյութական ակտիվ, ապրանք, ծառայություն), հավանական է, որ կրիպտոակտիվներով գործարքները կարող են ՀՀ գործող  օրենսդրությամբ որակվել որպես ֆինանսական ծառայությունների մատուցում և  ենթակա լինել համապատասխան օրենքներով նախատեսված կարգավորման։  Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների կարգավորման ոլորտում իրականացնում է աշխատանքներ՝ իրավական կարգավորման փաթեթի մշակման ուղղությամբ»,- նշված է հարցման պատասխանում։

Մեկ այլ հարցմամբ՝ ԿԲ-ին հարցրել ենք, թե արդյոք Կենտրոնական բանկը վերահսկում է ՀՀ-ում գործող կրիպտոարժույթների փոխանակման կետերի գործունեությունը, որին ի պատասխան նշել են, որ Կենտրոնական բանկը ներկայումս չի կարգավորում և չի վերահսկում կրիպտոարժույթների շրջանառությունը։

Միջազգային կառույցների դիրքորոշումը կրիպտո ակտիվների մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը կրիպտոարժույթների վերաբերյալ հետազոտություն են իրականացրել 130 երկրում՝ 27 ամիս, որի արդյունքում պարզել են, որ կրիպտոարժույթով իրականացվող գործարքների ակտիվություն նկատվում է տնտեսապես ավելի քիչ զարգացած երկրներում, հատկապես տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։ Հետազոտությունն անվանում է կրիպտոն ռիսկային ակտիվ և միջսահմանային վճարումներին աջակցելու պոտենցիալ գործիք:

Հետազոտությունը մեջբերում է G20-ի երկրների ձևակերպումը. «Կրիպտոակտիվները խնդիրներ են բարձրացնում սպառողների և ներդրողների շրջանում. ներդրողների պաշտպանությունը, հարկերից խուսափումը, փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը»:

Երկրներ, որտեղ կրիպտո ակտիվները հարկվում են

Այդուհանդերձ, կան երկրներ, որտեղ կրիպտոարժույթը հարկվում է սովորական արտարժույթին հավասար։ 

ԱՄՆ-ում 2014 թվականից Ներքին եկամուտների ծառայությունը (Internal Revenue Service) որոշում է կայացրել, որ կրիպտոարժույթը թվային ակտիվ է, որը բաժնետոմսերի, պարտատոմսերի, գույքի նման պետք է հարկվի կապիտալ շահույթից։ ԱՄՆ-ում 10 – 20% հարկ է սահմանվել կրիպտո գործարքների համար: 

Իտալիայի հարկային մարմինները եկել են այն եզրակացության, որ կրիպտոարժույթները պետք է նմանվեն արտարժույթին: Այս երկրում կրիպտոարժույթները հարկվում են 26%-ով:

Գերմանիայում կրիպտարժույթով վաճառք իրականացնելը, մայնինգ կամ խաղադրույք անելը նույնպես ենթակա է հարկման:

Նիդերլանդներում ֆիզիկական անձանց եկամուտը հարկվում է տարբեր դրույքաչափերով և տարբեր մեթոդներով` կախված տվյալ եկամտի տեսակից: Երկիրը 31 տոկոս հարկ է սահմանել կրիպտոարժույթի վրա։

Կան երկրներ, որոնք ոչ միայն չեն հարկում կրիպտոարժույթով գործարքները, այլև խրախուսում են։

Բելառուսում մայնինգը և կրիպտոարժույթներում ներդրումները համարվում են անձնական ներդրումներ և ազատված են եկամտահարկից և կապիտալի շահույթից:

Մալայզիայում կրիպտոարժույթով գործարքները ազատված են հարկերից, և կրիպտոարժույթները չեն հավասարեցվում կապիտալ շահույթի հարկին, քանի որ թվային արժույթները իշխանությունների կողմից չեն համարվում ակտիվներ կամ օրինական վճարման միջոց:

Էլ Սալվադորում բիթքոյնն օրինական վճարման միջոց դարձնելու մասին օրենքի ընդունումից հետո երկիրը կազատի օտարերկրյա ներդրողներին իրենց բիթքոյնից ստացված եկամուտների համար հարկ վճարելուց: Սա արվում է օտարերկրյա ներդրումները խրախուսելու համար:

Կրիպտովերլուծաբանը՝  կրիպտոաշխարհում ունեցած փորձի մասին

24-ամյա Հրաչ Բեգլարյանն արդեն երկու տարի է՝ հետաքրքրված է կրիպտոարժույթներով։ Չնայած ի սկզբանե չի վստահել թվային ակտիվներին` հիմա արդեն 30 տեսակի կրիպտոարժույթ ունի՝ փոքր ու մեծ ներդրումներով (Bitcoin, NEO, Cordano, Solana, Anchor Protocol, Troy, Shiba Inu, Polygon, Litecoin): Հրաչ Բեգլարյանն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կրիպտովերլուծաբան է:

Հրաչը կրիպտոարժույթները գնում է կրիպտոբորսաներից, քանի որ այդ տարբերակով հավելյալ տեխնոլոգիաների օգտագործման կարիք չի լինում։ «Կրիպտո կարող ենք ձեռք բերել նաև մայնինգի միջոցով, դրանք հատուկ համակարգիչներ են, որոնք շատ բարձր ձայն են հանում՝ անգամ գլխացավ առաջացնող: Ստանդարտ մայնինգ սերվերի գինը ամենաքիչը 4000 դոլար է: Այս համակարգչին մեկ ծրագիր է միացված, որն անհրաժեշտ է օրը մեկ անգամ ստուգել՝ առաջացած խնդիրները կարգավորելու համար։ Այստեղ ճիշտ ադմին-մասնագետ է պետք, իսկ կրիպտոբորսաներից գնելու դեպքում՝ կրիպտոակտիվը մնում է օնլայն բորսայի իմ դրամապանակում»,- նշում է կրիպտովերլուծաբանը:

Հրաչ Բեգլարյանը կրիպտոարժույթների փոխանակման երկու տարբերակ է առանձնացնում: Առաջինը կրիպտոարժույթի դրամական փոխանակման կետերն են, որտեղ կրիպտոյի դիմաց ստանում է դոլար կամ դրամ, իսկ երկրորդը՝ փոխանակումն օնլայն իրականացնելն է, որով գումարը փոխանցվում է քարտի հաշվեհամարին։ 

Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ ֆինանսական միջազգային կառույցներ կրիպտոարժույթները համարում են ռիսկային «ակտիվներ» և պարտավորություն չեն կրում դրանց նկատմամբ։

ՀՀ կենտրոնական բանկը, կիսելով միջազգային կառույցների դիրքորոշումը, պարբերաբար հանդես է գալիս նախազգուշացնող հայտարարություններով։

Հատկապես կարևոր է իրականացնել պաշտոնյաների կրիպտո ակտիվների վերահսկողություն՝ նրանց ֆինանսական գործարքներն ու եկամուտները թափանցիկ դարձնելու նպատակով։

Հեղինակներ՝ Լիլիթ Խլղաթյան, Շուշանիկ Միսկարյան

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: