Ջրափիում ոռոգման ջուրը միայն վարչական ղեկավարի համար է

Ջրափի գյուղի բնակիչներն այս տարի ոռոգման ջուր չեն ստացել և չեն կարողացել ոռոգել իրենց հողատարածքները և տնամերձերը։ Շատերը ստիպված են եղել տնամերձ հողերը ոռոգել խմելու ջրով, մյուսները, չունենալով հնարավորություն, սպասում էին տեղումների։ Գյուղում, սակայն, կա չորս ջրվող հողակտոր, որ մշակում է Ջրափիի վարչական ղեկավարը։

 

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով վերլուծել ենք հողի խոնավությունը ցույց տվող արբանյակային պատկերները և արձանագրել, որ 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ՝ Ջրափիի չորացող ցանքատարածքների կողքին կան հողակտորներ, որոնք գերխոնավ են։

Ըստ Կադաստրի կոմիտեից ստացած տեղեկատվության՝ 4 հողակտորից գրանցում ունի միայն մեկը, որի սեփականատերը Պարգև Բալասանյանն է, մյուսների մասին տեղեկություն չկա, նշված կադաստրային ծածկագրերով անշարժ գույք գրանցված չի եղել։

Ջրափին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակավայրերից է։ Դիմեցինք Անիի համայնքապետարան՝ պարզելու, թե ում են պատկանում կադաստրային գրանցում չունեցող այդ 3 հողատարածքները, մշակվո՞ւմ են, թե ոչ, եթե այո, ո՞վ է մշակում։ Մեր գրավոր հարցմանը համայնքապետարանը չի պատասխանել։ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը հեռախոսազրույցի ընթացքում խոստացավ պատասխանել, սակայն այդպես էլ տեղեկություն չփոխանցեց։

Մեր հարցերի պատասխանը գտնելու հույսով ուղևորվեցինք Ջրափի

Ջրափին սահմանամերձ գյուղ է Շիրակի մարզի Անի համայնքում։ Գտնվում է մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա, ունի 846 բնակիչ։ Մինչև 1974 թվականն  այս տարածքում եղել է երկու գյուղ՝ Ներքին և Վերին Ջրափիներ։ Ներքին Ջրափի գյուղի տարածքում կառուցվել է Ախուրյանի ջրամբարը։ Գյուղը տեղափոխվել է Վերին Ջրափի։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, մի մասն էլ աշխատանք է գտնում դրսում՝ Գյումրիում, Երևանում, արտերկրում։

«Ճիշտ ա, գյուղը Գյումրիից կտրված ա, ոչ ոռոգման ջուր ունենք, ոչ էլ աշխատատեղ, բայց իմը Ջրափին ա, էստեղից ոչ մի տեղ չեմ գնա»,— ասում է դպրոցի նախկին տնօրեն Մարիետա Թառլանյանը։ Նրանից բացի՝ շատերն են բողոքում ոռոգման ջրի բացակայությունից։ 

Ջրափիի բնակիչ Հովիկ Ներսիսյանը մշակում է դպրոցի պտղատու ինտենսիվ այգին, որը, սակայն, ոռոգվում է խմելու ջրով։ 

«Դե տնամերձը հազիվ ենք ջրում, բայց արտերը ոռոգելու հնարավորություն չկա, ոչ մեկն էլ չի ոռոգում։ Աստծո կամոք թե անձրև լինի, էդ տարի բերք կունենանք, թե չլինի՝ կմնանք առանց բերքի»,—  ասում է Հովիկ Ներսիսյանը։ Նրա կարծիքով՝ ոռոգման ջրի առկայության դեպքում գյուղացիներից շատերը կմշակեն իրենց հողատարածքները։

«Չեն ուզում աշխատեն». վարչական ղեկավարը մեղադրում է գյուղացիներին

Գյուղամիջում քայլում էինք, երբ մեզ մոտեցավ մի տղամարդ և զրույցի բռնվեց։ Հարցնում էր, թե շա՞տ են բողոքում գյուղացիները, երևի ասում են՝ ջուր չունեն։ Պարզվեց մեզ հետ զրուցող տղամարդը Ջրափիի վարչական ղեկավար Կամո Սարգսյանն էր։ 

Տեղեկություն ունեինք, որ խոնավ հողակտորները մշակում է հենց ինքը՝ Կամո Սարգսյանը։ Երբ նրան հարցրինք դրա մասին, նախ հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, որ բուժարձակուրդում է։ Բայց երբ իմացավ, որ խոսել ենք բնակիչների հետ, որոշեց պատասխանել մեր հարցերին։ Նա չժխտեց, որ գյուղի մերձակա որոշ հողեր, այդ թվում՝ վերոնշյալ 4 հողակտորը ինքն է վարձակալել ու մշակում։ Իսկ գյուղացիներին հակադարձելով՝ ասաց, որ ցանկության դեպքում իր վարձակալած ոռոգվող արտերի մոտ գտնվող մի քանի այլ հողակտորների տերեր նույնպես կարող են ոռոգել, քանի որ այնտեղ միշտ էլ ջուր կա։

«Բոլորը սեփականութուն ունեն, կարան կարտոշկա էլ, կաղամբ էլ դնեն, ջուրը կունենան։ Ճիշտ ա, ես փող եմ ծախսել, տեխնիկա եմ բերել տվել, որ հեշտ լինի, բայց եթե մյուսները դրա հնարավորությունը չունեն, թող գնան բահով ցանեն։ Չեն անում, որովհետև չեն ուզում աշխատեն»,— ասում է վարչական ղեկավարը։ Կամո Սարգսյանն իր վարձակալած հողատարածքներում եգիպտացորեն է աճեցնում ու իրացնում։

Պոմպը միացնող մասնագետ գյուղում «չի ճարվում»

Ջրափիի վարչական ղեկավար Սարգսյանն ասում է, որ գյուղացիները հավասարապես հասանելիություն չունեն ջրին՝ պոմպի անսարքության և այն միացնող մասնագետ չլինելու պատճառով։ Պոմպը չի մղում ջուրը մինչև տնամերձ այգիներ, ընդամենը մի քանի հողակտորի է հասնում։ «Մի ժամանակ եղբորս տղան կարողացել է պոմպի աշխատանքից գլուխ հանել ու միացրել է այն, բայց հիմա արդեն նա էլ է մեկնել արտագնա աշխատանքի»,— ասում է վարչական ղեկավարը։

Ոռոգման ջուր Հայաստանում տրամադրում են ջրօգտագործման ընկերությունները, որոնք Ջրային կոմիտեի ենթակայության տակ են գործում։ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) Ջրափի բնակավայրի ջրօգտագործողների հետ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կնքել է պայմանագիր 63 բնակչի հետ։ Մեզ չհաջողվեց հանդիպել որևէ բնակչի, որն ուներ պայմանագրի իր օրինակը։ Երբ ՋՕԸ-ին հարցրինք՝ գյուղացիներից որևէ մեկին տրվել է պայմանագրի օրինակ, ստացանք անորոշ պատասխան. «Պայմանագիրը կնքվել է մեկ օրինակից, և ջրօգտագործողի պահանջով նրան տրվում է պայմանագրի օրինակ»։ Պոմպակայանը ամբողջ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին 11 օր է աշխատել։ Ըստ ՋՕԸ-ի՝ Ջրափիից գանձվել է 287 300 դրամ ոռոգման ջրի վարձ։

Ջրափին նախորդ երկու տարիներին կանոնավոր ոռոգման ջուր է ունեցել։ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) կատարել է իր պարտականությունները՝ 2018 թվականին կնքված պայմանագրերով։ Այս տարի պոմպի անսարքություններ են ի հայտ եկել, իսկ այն միացնող աշխատակիցը մեկնել է արտագնա աշխատանքի, ինչի հետևանքով էլ գյուղացին մնացել է առանց ոռոգման ջրի։ Միայն գյուղի վարչական ղեկավարն է ինքակամ միացրել պոմպը և ջրել իր հողատարածքները։ Վերջինիս, սակայն, մյուս գյուղացիների չոռոգվող հողատարածքները չեն հետաքրքրել։

Շիրակի մարզի Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Խաչատուր Խաչատրյանը հեռախոսազրույցում ասաց, որ վատառողջ է և աշխատանքի չի գնում։ Ըստ պայմանավորվածության՝ տնօրենի փոխարեն հարցազրույց պետք է տար կա՛մ փոխտնօրեն Մանվել Նահապետյանը, կա՛մ ինժեներ Արթուր Մկոյանը։ Գնացինք Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող ՋՕԸ-ի գրասենյակ։ Փոխտնօրենը տեղում չէր, իսկ ինժեները հրաժարվեց տեսագրվել կամ ձայնագրվել, բայց համաձայնեց պարզաբանումներ տալ։ 

Արթուր Մկոյանի խոսքով՝ Ջրափի գյուղում ոռոգման ջրի խնդիրը կապված է պոմպի աշխատանքն ապահովող աշխատակից չլինելու հետ։ Ինժեներն ասում է, որ տվյալ աշխատանքի համար սահմանված 55 000 դրամ աշխատավարձով չեն կարողանում աշխատող գտնել։

«Հեռուստատեսությամբ էլ ենք հայտարարություն տվել, մի հոգի եկավ, նախ՝ 6000 վոլտի տակ աշխատելու լիցենզիա չուներ, հետո էլ իմացավ պայմանների մասին, ասեց՝ հաջողություն։ Համայնքի ներկայացուցիչն էլ գտավ կողքի գյուղից մեկին, բերեց, 1 ամիս աշխատեց, թողեց գնաց»,— ասում է ՋՕԸ ինժեներ Մկոյանը։

 

Ըստ ինժեների՝ Շիրակի մարզի բոլոր պոմպակայանները դուրս գրման ենթակա են։ Պոմպի շահագործման ժամկետը 30 տարի է, իսկ Ջրափիում բոլորը 30-ից ավել են։ Նախ պետք է պոմպերը փոխել, հետո աշխատողի աշխատավարձը պիտի բարձրացնել։ «8 ժամ սահմանամերձ կետում, գետի ափին մենակ մնա ու 55 000 ստանա՞»,— հավելում է ինժեները։

Ջրային կոմիտեից Հետք Մեդիա Գործարանին հայտնել են, որ  2021 թվականի մայիսի 21-ին հաստատված հաստիքացուցակով նախատեսվել է Ջրափի 1 և Ջրափի 2 կայանների համար յուրաքանչյուրում երկուական պոմպավար՝ երեք ամիս տևողությամբ, 93000 դրամ աշխատավարձով՝ ներառյալ հարկերը և դրոշմանիշային վճարը։

Ջրափի 1 ջրհան կայանում որպես պոմպավար աշխատանքի է ընդունվել մեկ աշխատող, իսկ երկրորդ պոմպավարի հաստիքը թափուր է մնացել` պոմպավար աշխատելու ցանկություն չհայտնելու պատճառով։ Ջրափի 2֊րդ ջրհան կայանում աշխատանքի են ընդունվել երկու պոմպավար։

Ջրափի 1 և Ջրափի 2 ջրհան կայաններում պոմպավարները աշխատել են 15 օր և իրենց գրավոր դիմումի համաձայն՝ ազատվել աշխատանքից։

«Շիրակ» ՋՕԸ-ն և Արթուր Մկոյանը տեղյակ են, որ վարչական ղեկավարն ինքնակամ  միացնում է պոմպը՝ վտանգելով իր կյանքը։ «Ես իրենց ասել եմ, որ դուք հանկարծ գնացիք, միացրիք ու մեռաք ըտեղ, ես պատասխան չեմ տալու։ Ասում են՝ չէ, ես պիտի գնամ, իմ բերքը պիտի փրկեմ։ Ես ոնց ասեմ մարդուն՝ մի գնա բերքդ փրկի։ Օրենքով կարամ արգելեմ, բայց մարդկայինով չի լինի արգելել»,- ասում է Արթուր Մկոյանը։

«Շիրակ» ՋՕԸ ինժեներ Արթուր Մկոյանի պնդմամբ՝ իրավիճակն էլ ավելի վատացավ, երբ «Հայկական կարիտաս» կազմակերպությունը վերանորոգեց ջրագծերը։ Նա ասում է, որ վերանորոգման ժամանակ ոռոգման խողովակների մի մասը փոխարինվել է փոքր տրամագծով խմելու ջրի խողովակներով։

Ինժեները «Կարիտասին» չի մեղադրում, որովհետև նրանք փորձել են բարեգործություն անել իրենց հնարավորությունների սահմաններում, ըստ նրա՝ մեղավոր է նախագծողը։ Հարցին՝ ինչո՞ւ իրավապահներին չեն դիմել, երբ իմացել են, որ առանց նախագիծը հաստատելու շինարարություն է կատարվել, Մկոյանը պատասխանեց, որ դա ինչ-որ կերպ իրեն կամ ՋՕԸ-ին օգուտ չէր տա։ Միևնույնն է, արդեն կառուցված է, չեն քանդելու։

«Հայկական Կարիտաս» կազմակերպության՝ Ջրափիում 2017 թվականին իրականացրած բարեգործական ծրագրի համակարգող Արտաշես Մարգարյանը, իրենց հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասխան ասում է, որ անպայման հանդիպում կկազմակերպեն ՋՕԸ-ի հետ, քանի որ առանց քննարկման մեղքն ուրիշի վրա բարդելը շատ հեշտ է։

Վերանորոգումն իրականցվել է «Գյուղական համայնքերի կայուն զարգացում» ծրագրի շրջանակում։ Ներառված է եղել Ջրափի համայնքի ոռոգման ջրագծի, ներքին ցանցի և կոյուղագծի կառուցումը, վերանորոգումը։ Ոռոգման ջրագծի վերակառուցման ժամանակ գյուղացիների խնդրանքով 500 մետրի չափ խողովակաշար է ավելացվել։ Տեղադրել են նույն տրամագծով խողովակներ, ինչ տեղադրված էր առաջ, իսկ արդեն տնամերձերի համար նեղացրել են՝ 150 մմ-ի փոխարեն դնելով ¾ չափի խողովակներ։ Աշխատանքների համար Կարիտասը ներդրել է 9 մլն 699 հազար դրամ, համայնքը՝ 1 մլն դրամ։ Ոռոգման գծին հատկացվել է 5 մլն 379 հազար դրամ։

Այսպիսով, Ջրափիում ջուրը հասանելի է միայն վարչական ղեկավարին, ում վարձակալած հողատարածքները ոռոգելուն չի խանգարել ո՛չ համապատասխան աշխատակցի բացակայությունը, ո՛չ պոմպի հնությունն ու ցածր հզորությունը, ո՛չ էլ «Կարիտասի» ջրագծի վերանորոգումը։  

Ջրափիի տների դռները

Նյութը պատրաստել են 

Լուսինե Գրիգորյանը, Լուսինե Մանվելյանը, Քրիստինա Ավանյանը, Աստղիկ Ներսիսյանը, Լիլիթ Նազարեթյանը, Մարգարիտա Հարությունյանը, Սերինե Աղաբեկյանը

 

Դասախոսներ՝

Ստեփան Խաչատրյան, Էդիկ Բաղդասարյան, Սոնա Քոչարյան, Կատյա Մամյան, Տիգրան Պասկևիչյան

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: