Դե, մենք գնացինք

Մանկությանս հուշերում Վանաձորի ավտոկայանն իմ գյուղ Դսեղից դեպի տատիս տուն տանող ճանապարհի հիմնական կանգառն էր: Մոդեռնիստական ոճով շենքի ամենաառեղծվածային անկյունը տոմսավաճառի սենյակն էր, ուր թեկուզ մի քանի վայրկյանով ապակուց հայացք գցելու հնարավորությունը երբեք բաց չէի թողնում: Երբ որպես ուսանող տեղափոխվեցի Երևան, ուղևորություններիս հիմնական ճանապարհները նույնպես փոխվեցին: Բայց ավտոկայանը շարունակեց մնալ գլխավոր կանգառ դեպի իմ տուն՝ Դսեղ: Սկսեցի ավելի հաճախ այնտեղ լինել, ավելի շատ մարդկանց հետ ասել-խոսել, ու կապվածությունս վայրի հետ ավելացավ: Երբ հասկացա, որ պատմություններ լսելուց բացի ուզում եմ նաև պատմել դրանց մասին, վերցրի տեսախցիկս ու գնացի իմ հարազատ վայրը՝ տոմսարկղի պատուհանից ու փակ դռներից այն կողմ պատմությունները հերթով բացահայտելու: 

Կիմա Արզումանյանը 20 տարուց ավելի ավտոկայանի տոմսավաճառն է: Անունով ճանաչում է բոլոր վարորդներին, գիտի՝ ով որ ժամին կգա, որ ժամին կգնա, համբերատար պատասխանում է ուղևորների կրկնվող հարցերին, իր մեկ քառակուսի մետրանոց աշխատասենյակում միշտ տեղ ունի նաև կենդանիների համար: 

Հասմիկ Չարչյանն ավտոկայանի բուժքույրն է: Ամեն առավոտ ջերմաչափում ու ստուգում է վարորդների առողջական վիճակը, ցուցակում նշումներ անում ու «բարի ճանապարհ» մաղթում: Անհրաժեշտության դեպքում բուժօգնություն է ցույց տալիս ուղևորներին, իսկ ազատ ժամանակ ռադիոյին զուգահեռ միացնում է հեռախոսի ձայնագրիչն ու վայելում իր սիրած երաժշտությունն ու հաղորդումները: Արդեն 400 ձայնագրություն ունի, որոնց մեջ կարող ես գտնել ամեն ինչ՝ Բիթլզից մինչև Բեթհովեն: 

Ավտոկայանի շենքի դիմաց վարորդների խոսակցություններին միախառնվում են ուղևորների ոտնաձայներն ու տոպրակների խշխշոցը՝ մինչև ավտոբուսը կլցվի ուղևորներով ու վարորդն ինձ  կասի՝ «դե մենք գնացինք, դու շաբաշ արա»: 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: