Նորք-Մարաշի գրադարանը կփակվի, եթե քաղաքային իշխանությունը տարածք չհատկացնի

Նորք-Մարաշ վարչական շրջանի միակ գրադարանը կփակվի, եթե նոր տարածք չգտնի։ Սա Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 27 մասնաճյուղն է, որը սպասարկում է Նորք-Մարաշ վարչական շրջանը։ Գրադարանը 1990-ականներից գործում է Նորքի 5-րդ փող. 65 ԱՀԿ (ավտոմատ հեռախոսակապի կայան)-ի շենքի առաջին հարկում։

Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը պատմում է, որ նախկին տարածքը կորցնելուց հետո գրադարանի ֆոնդը ժամանակավոր տեղափոխվել է ԱՀԿ֊ի շենք։ Այդ ժամանակ շենքը կապի նախարարության ենթակայության տակ էր, և գրադարանն անհատույց օգտագործում էր տարածքը։

2009 թվականին ԱՀԿ-ի շենքը աճուրդում սեփականության իրավունքով ձեռք է բերել «ԱրմենՏել»-ը։

Հասմիկ Կարապետյանը պատմում է, որ նույն թվականին «ԱրմենՏել»-ի հետ կնքված պայմանագրով գրադարանը թույլտվություն է ստացել շարունակել գործունեությունն այդ շենքում մինչև քաղաքապետարանի առաջարկով այլ տարածք տեղափոխվելը։ 

Պայմանագիրը պարբերաբար թարմացվել է մինչև 2020թ դեկտեմբեր, որից հետո կնքվել է եռակողմ նոր պայմանագիր կողմերի և բանկի միջև։ Շենքն այժմ գրավադրված է բանկում, և գրադարանի տնօրինությունը զգուշացված է, որ ցանկացած պահի պատրաստ լինեն ազատել տարածքը։

«Մեր բոլոր մասնաճյուղերի մեջ սա միակ գրադարանն է, որ անմխիթար վիճակում է, բայց քանի որ տարածքը մեր տիրապետության տակ չէ, մենք չենք կարող որևէ վերանորոգում իրականացնել, մեզ չի թույլատրվում»,- ասում է Հասմիկ Կարապետյանը։ 

Տնօրենը բազմիցս դիմել է  Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարությանը, որն առաջարկել է շրջանի դպրոցներից մեկի կիսանկուղային հարկում մեկ դասարանի չափով տարածք։ Բայց քանի որ այն գտնվում է ոչ բարեկարգ վիճակում, դրանից հրաժարվել է թե՛ մասնաճյուղի տնօրեն Նաիրա Բեջանյանը, թե՛ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ 

Տիկին Բեջանյանի խոսքով` առաջարկված տարածքը չէր համապատասխանում գրադարանի համար նախատեսվող պայմաններին, քանի որ նախ վերանորոգման համար խոշոր ծախսեր էր պահանջում, խոնավ էր և տեսադաշտից դուրս։

Նորք-Մարաշ համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Արմեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիտարկել են իրենց ենթակայության տակ գտնվող այլ տարածքներ, բայց դրանց տնօրինողների հետ ընդհանուր հայտարարի չեն եկել։ 

Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է հետևյալը. «Գրադարանի տնօրինությանն առաջարկվել է վարչական շրջանում տեղակայված  դպրոցներից մեկում ազատ տարածք հատկացնել, ինչից տնօրենը հրաժարվել է՝ որոշակի (սեփական) հիմնավորումներով: Խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, և ելնելով ստեղծված իրավիճակից՝ քաղաքապետարանը փորձում է գտնել այլընտրանքային լուծում՝ հարցի քննարկմանը մասնակից դարձնելով շահագրգիռ բոլոր կողմերին»:

Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը բացառում է Նորք-Մարաշի միակ գրադարանի փակվելու տարբերակը՝ նշելով, որ ամեն կերպ փորձելու է գտնել նոր տարածք։

Գրադարանը 2021թվականին ունի 1443 գրանցված ընթերցող, որոնցից 731-ը դպրոցականներ են, ովքեր օգտվում են պարտադիր գրականության ցանկի գրքերից։ 

Մասնաճյուղն ունի 20 896 կտոր գրականություն, գրքերի տարեկան շրջանառությունը 23 373 է։

Գրադարանից օգտվում են նաև Նորք-Մարաշի տուն-ինտերնատի տարեցները։

Տեղաշարժման խնդիր ունեցող բնակիչների համար գրադարանը նախաձեռնել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը, որով գիրքը հասցվում է ընթերցողին։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: