one_card
Long ReadԱպրիլ 29/2022

One Card-ին գումար վստահելը «ռիսկային» է

Ապրիլի 25-ին Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, որ One Card հավելվածում ֆինանսական միջոցներ ներդրողները «գործում են բացառապես սեփական ռիսկով», քանի որ ընկերության ֆինանսական գործունեությունը որևէ կերպ չի վերահսկվում։

Հետք Մեդիա Գործարանը մի քանի ամիս ուսումնասիրել է One Card-ի գործունեությունը, մի շարք հարցումներ ուղարկել պատկան մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկ։ ԿԲ-ն անցյալ ամիս մեզ պատասխանել էր, որ One Card-ին լիցենզիա չի տրամադրել և հորդորում է զերծ մնալ նմանատիպ ընկերությունների մատուցած ծառայություններից օգտվելուց:

Ավելին, ԿԲ-ն հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ One Card-ի գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով։

Չնայած դրան՝ Երևանի կենտրոնական փողոցները շարունակում են լցված մնալ One Card հավելվածի՝ «ամեն օր է 1 %» կարգախոսով գովազդային վահանակներով: Ըստ գովազդների՝ One Card հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին կուտակել միավորներ և ամեն օր ստանալ իրենց հաշվեկշռում առկա միավորների 1%-ը։

Ի՞նչ ենք պարզել՝

  • «Վան քարտ» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը պաշտոնյային փոխկապակցված անձ է, որն այս պահին այլևս չի հանդիսանում բաժնետեր։
  • «Վան քարտ» ՍՊԸ-ն կառավարում է հանրության լայն շրջանակի ֆինանսական ակտիվները, ծավալում փաստացի ֆինանսական գործունեություն՝ առանց Կենտրոնական Բանկի լիցենզավորման։

Ի՞նչ է One Card հավելվածը

«Վան Քարտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի հուլիսին: Ընկերությունը ստեղծել է One Card բջջային հավելվածը, որի միջոցով էլ օգտատերերին առաջարկում է գնել cryptoone (կամ CRONE) կոչվող միավորները և խոստանում ամեն օր 1%-ով ավելացնել դրանք։ Հավելվածը հնարավորություն է տալիս նաև կուտակել միավորներ, դրանցով կատարել վճարումներ և ստանալ հետվճար (քեշբեք) մոտ 200 գործընկեր կազմակերպություններից՝ սրճարաններ, ժամանցի վայրեր, տեխնիկայի խանութներ, հյուրանոցներ և այլն:

Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը

One Card հավելվածով գնումներ կարելի է կատարել՝ ձեռք բերելով ընկերության կողմից առաջարկվող CRONE կոչվող միավորը։ CRONE -ի արժեքը փոփոխվում է: Այժմ 1 CRONE-ը կարելի է ձեռք բերել 3 դրամով, կանխիկացնել՝ 1 դրամով: Մեկ ամիս առաջ՝ 1 CRONE-ը հնարավոր էր ձեռք բերել 2 դրամով:

Օրինակ՝ 1000 CRONE ձեռք բերելու համար օգտատերը վճարում է 3000 ՀՀ դրամ (1 CRONE = 3դր)։ Ամեն օր օգտատիրոջ հաշվեկշռին ավելանում է հաշվին առկա CRONE-ի 1%-ը։ Այս դեպքում, եթե ունեք 1000 CRONE, առաջին օրը ձեր հաշվեկշռին կավելանա 10 CRONE, երկրորդ օրը՝ 10.1 CRONE և այդպես շարունակ։

Ձեր միավորները (CRONE-ները) կանխիկացնելու կամ այդ միավորներով գնումներ կատարելու դեպքում՝ One Card-ը միանվագ գանձում է 10% միջնորդավճար:

Կիրառելով One Card-ի պայմանները՝ փորձեցինք հաշվարկել, թե որքանով է եկամտաբեր այս մեխանիզմը։ 3000 դրամով 1000 CRONE ձեռք բերելու և մեկ տարի շարունակ գումար չկանխիկացնելու, որևէ գործարք չկատարելու դեպքում՝ ներդրված գումարն ավելանում է մոտ 3,5 անգամ կամ 350 տոկոսով։

Հայաստանի բանկերը, որոնք գործունեության համար լիցենզիա են ստանում և վերահսկվում են Կենտրոնական բանկի և միջազգային կարգավորումներով, տարեկան առավելագույնը 10 տոկոս են ավելացնում հաճախորդների ավանդին։

One Card-ի՝ տարեկան 350 տոկոսով գումար ներդնելու առաջարկը կարող է չափազանց շահավետ թվալ, բայց նաև խիստ կասկածելի է և ռիսկային, մանավանդ այն դեպքում, երբ ընկերությունը որևէ կերպ չի վերահսկվում։

One Card-ի օֆերտայում նշված է, որ հավելվածը կարող է աշխատանքային կազմակերպման փոփոխություններից ելնելով՝ անորոշ ժամկետով դադարեցնել օգտատերերին տրամադրվող 1% եկամուտը:

Ովքե՞ր են «Վան քարտ» ՍՊԸ-ի ներկա և նախկին բաժնետերերը

2019-ի հուլիսին ընկերությունը հիմնել են Նորիկ Հովհաննիսյանը և Նարեկ Գիչյանը։ Բաժնեմասերի կեսը պատկանում էր Նորիկ Հովհաննիսյանին, իսկ մյուս կեսը՝ Նարեկ Գիչյանին։ Վերջինս ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական՝ Արմեն Գիչյանի որդին է։ Արմեն Գիչյանն աշխատել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում՝ զբաղեցնելով արարողակարգի վարչության պետի պաշտոնը:

one card_final.png
«Վան քարտի» սեփականատերերը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին Արմեն Գիչյանին ազատեց զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնանկությունից մոտ 1 ամիս անց՝ մարտի 1-ին, «Վան քարտ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում Նարեկ Գիչյանին փոխարինեց Նորիկ Հովհաննիսյանի հայրը՝ Կոնստանտին Հովհաննիսյանը։ Այժմ ընկերությունն ամբողջությամբ պատկանում է հայր և որդի Հովհաննիսյաններին։ Կոնստանտին Հովհաննիսյանը նաև 20% բաժնետեր է «Ավակրեդ» ՍՊԸ-ում, որը գրավատների գործունեություն է ծավալում։

One Card-ի գրանցված և ծավալած գործունեությունները միմյանց չեն համապատասխանում

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի՝ «Վան քարտ» ՍՊԸ-ի գործունեության տեսակի կոդը «Տ96.09.0» է: Այս կոդով գրանցված ընկերությունները ծավալում են ընտանեկան կենդանիների խնամքի, մարմնի դաջման և դակման, կոշիկ մաքրողների, բեռնակիրների և այլ նմանատիպ ծառայությունների գործունեություն:

«Վան քարտ» ընկերության իրական գործունեությունն այստեղ նշված դասակարգիչներից որևէ մեկին չի համապատասխանում:

Այս մասին Էկոնոմիկայի նախարարությանն արված մեր բանավոր հարցմանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Անահիտ Խեչոյանը պատասխանեց, որ նախարարությունը սահմանում է կոդերի բովանդակությունը, սակայն չի վերահսկում, թե որ տնտեսվարողը փաստացի ինչ գործունեություն է ծավալում։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ ուղղորդեցին նաև, որ վերահսկող մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է։

Գրավոր հարցումով դիմեցինք ՊԵկ՝ հասկանալու, թե ինչու «Վան քարտ» ՍՊԸ-ի փաստացի գործունեությունը չի համապատասխանում ՊԵԿ-ում նշված տնտեսական գործունեության տեսակին։ Պետական եկամուտների կոմիտեն էլ, իր հերթին, առաջարկեց այդ հարցով դիմել Էկոնոմիկայի նախարարություն։

«Հաշվի առնելով, որ տնտեսական գործունեության տեսակի դասակարգման լիազոր մարմինը հանդիսանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հետևաբար՝ նշված տնտեսական գործունեության (համապատասխան կոդով) տեսակի՝ կազմակերպության իրականացրած գործունեության անհամապատասխանության վերաբերյալ պարզաբանում տրամադրելը դուրս է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակներից» ,- նշված էր ՊԵԿ-ի պատասխանում:

Ստացվում է, պատկան մարմինները չեն կողմնորոշվում, թե որ կառույցը պետք է իրականացնի վերահսկողություն։ Տնտեսվարողը կարող է գրանցվելիս նշել մի դասակարգիչ, իսկ փաստացի ծավալել այլ գործունեություն:

Ի դեպ՝ ՊԵԿ-ից մեզ նաև տեղեկացրին, որ «Վան քարտ» ընկերությունը պետական գրանցման օրվանից մինչև 2022 թվականի հունվարի 1-ն աշխատել է շրջանառության հարկով, իսկ դրանից հետո մինչ օրս աշխատում է հարկման ընդհանուր համակարգով (ԱԱՀ, շահութահարկ)։

«Օգտատերերն ընկերության առաջարկած ծառայություններից օգտվում են իրենց ազատ կամքի արտահայտմամբ». «Վան քարտի» տնօրեն

Ի վերջո, փորձեցինք մեզ հուզող հարցերի պատասխանը ստանալ հենց ընկերությունից: Մեր գրավոր հարցին, թե արդյոք երաշխավորված են օգտատերերի ֆինանսական ներդրումները եւ եթե այո, ինչպե՞ս են դրանք երաշխավորված, ընկերության տնօրեն Կոնստանտին Հովհաննիսյանը պատասխանել է. ««Վան քարտ» ՍՊ ընկերությունը օգտատերերի կողմից որևէ ներդրումներ չի ընդունում»։

«Վան քարտի»-ի տնօրենը համոզված է, որ ընկերությունը գործունեություն է ծավալում ծառայությունների մատուցման ոլորտում, իսկ «օգտատերերն ընկերության առաջարկած ծառայություններից օգտվում են իրենց ազատ կամքի արտահայտմամբ և ինքնուրույն են որոշում ընկերության ծառայություններից օգտվելու պատճառները»,- նշված է տնօրենի պատասխանում։

Մեր հարցին, թե ինչու «Վան քարտ» ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից, Կոնստանտին Հովհաննիսյանը պատասխանել է. ««Վան քարտ» ՍՊԸ-ն չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությունում նման կառուցակարգի բացակայությամբ: ՀՀ Պետական մարմինների կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ վերահսկողության ընդհանուր կառուցակարգերով»,- նշված է գրավոր պատասխանում։

Ստացվում է՝ փաստացի ֆինանսական գործունեություն ծավալող այս ընկերությունն աշխատում է բացառապես առանց վերահսկողության։ Չկան մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն քաղաքացիների ներդրած ֆինանսական միջոցների անվտանգությունը։ One Card հավելվածի չլինելու դեպքում՝ օգտատերերի ներդրած գումարները կարող են միանգամից անհետանալ։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Նելլի

Եղիազարյան

Ուսանողներ

Մարիաննա

Դանիելյան

Ուսանողներ

Աստղիկ

Ներսիսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Թիմ՝

Թիմ

Անի

Հովհաննիսյան