Աբովյան 10 հասցեի իրական տերերը
1892-ին Իտալիայից բերված հայելին՝ Աբովյան 10 հասցեում
Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 8 հասցեում, երկաթե դուռ կա: Երկար աստիճաններով գնում ես ներս ու հայտնվում անցյալում։ Սենյակի մի անկյունում երեք մետր բարձրությամբ հայելին է։ Արխիվային լուսանկարներում երևում է, որ հայելին տարիների ընթացքում միշտ նույն տեղում է մնացել։ Այն դուստրերի՝ Աստղիկի և Զարուհու համար 1892-ին Իտալիայի Միլան քաղաքից բերել է Գրիգոր Ամիրեանցը: Հայելին սերունդներին ժառանգություն է մնացել Աստղիկ Ամիրեանցից:
Սենյակում արտասովոր լռություն է։ Ճամփորդում ես ժամանակի միջով ու տեսնում, թե ինչպես են ապրել Երևանի կենտրոնում՝ դարուկես առաջ։
Նման զգացողություններ ունեցա նաև ամիսներ առաջ՝ Աբովյան փողոցի «Դալան» սրճարանում: Հետո պարզեցի, որ գտնվում եմ նույն մարդու՝ Գրիգոր Ամիրեանցի տանը:
Մեծահարուստ, բազմաթիվ կալվածքների տեր Գրիգոր Ամիրեանցն ապրել է Աբովյան 12 հասցեում՝ ծնողների երկհարկանի առանձնատանը, իսկ Աբովյան 10-ի շենքը նրա կալվածքի մի մասն է եղել:
Աբովյան 10 և 12 հասցեներում գտնվող շենքերը լրացնում են միմյանց:
Պատմամշակութային հուշարձան համարվող նարնջագույն այս շենքը պատմում է 19-րդ դարի մասին:
Շենքի հետևի հատվածի՝ Պուշկինի 8 հասցեի դուռն ինձ տարել է հնաբնակ երևանցի, Գրիգոր Ամիրեանցի ծոռ՝ Արմեն Ներսեսյանի տուն: Արմեն Ներսեսյանն ու կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, շենքի միակ բնակիչներն են:
Լուսանկարում Արմեն Ներսեսյանն է, Գրիգոր Ամիրեանցի դստեր՝ Աստղիկ Ամիրեանցի թոռը: Արմեն Ներսեսյանը 66 տարի ապրում է այս շենքում, պապին չի տեսել, սակայն նրա և շենքի պատմությունը լավ գիտի, տատն է պատմել:
«Գրիգոր Ամիրեանցն ունեցել է երեք զավակ՝ երկու դուստր և մեկ որդի: Կինը՝ Իզաբելլա Կամսարականը, իշխանական տոհմից է: Կամսարականներն ապրել են Շիրակի մարզում։ 1937-ին՝ ստալինյան ռեպրեսիայի տարիներին, բոլորին գնդակահարել են:
Գրիգոր Ամիրեանցն ունեցվածքը բաժանել է երեք երեխաների միջև: Այս շենքը կտակել է տատիս՝ Աստղիկ Ամիրեանցին: Նա սովորել է Տամբովյան գիմնազիայում, ստացել բարձրագույն կրթություն: Տիրապետել է հինգ լեզվի։
1928-ին Աստղիկ Ամիրեանցը այս շենքում մեկ գիշեր հյուրընկալել է ռուս գրող Մաքսիմ Գորկուն»,— պատմում է Արմեն Ներսեսյանը:
Ամիրյան Գրիգոր, Ամիրյան Զարուհի, Ամիրյան Աստղիկ. «Կալվածաթերթում» նշված այս անունները փաստում են, որ 171,08 քառ. մետր տարածքով կալվածքը պատկանել է Ամիրեանցների ընտանիքին:
Արմեն Ներսեսյանի խոսքով՝ 1920-ականներին տատից՝ Աստղիկ Ամիրեանցից վերցրել են բոլոր փաստաթղթերը։ Միայն գույքաթերթի շնորհիվ են կարողացել ապացուցել, որ Աբովյան 10 հասցեում գտնվող շենքն ու Պուշկինի 8 հասցեի բնակարանը Գրիգոր Ամիրեանցից հետո փոխանցվել են աղջիկներին՝ Աստղիկին և Զարուհուն, իսկ Գնունի փողոցում գտնվող տունը պատկանել է Գրիգոր Ամիրեանցի որդուն՝ Գևորգին:
Արմեն Ներսեսյանը պատմում է, որ Գրիգոր Ամիրեանցին են պատկանել մեծ տարածքներ նաև Կոնդում, Նորք Մարաշում: Նրա մահից տարիներ անց բոլշևիկյան իշխանությունը բռնագրավել է ողջ ունեցվածքը՝ Ամիրեանցի ժառանգներին թողնելով միայն Աբովյան 10, 12 և Պուշկինի 8 հասցեների շինությունները:
«Իրենց հասարակ տեսքով այս շինությունները ներկայացնում են ամեն ինչ` պատմություն, մշակույթ, ապրելակերպ: Ցավ ենք ապրում, երբ որևէ բան քանդում են, վերացնում, փորձում նոր շունչ հաղորդել, որովհետև այդ շունչը աղճատում և աղավաղում է թողնվածը: Դա միայն մեր ընտանիքի ժառանգությունը չէ, նաև ժողովրդինն է»,— ասում է Արմեն Ներսեսյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը:
Աբովյան 10 և 12 հասցեների շենքերը կառուցվել են որպես իջևանատուն։ Բակային հատվածն ընդգրկել է 779,08 քմ տարածք։ Այստեղ առանձին շինություններով գործել են լվացքատունը, խոհանոցը, սպասարկող անձնակազմի հանգստավայրը, լողավազանը: Լողավազանի տեղում այսօր «Դալան» սրճարանն է:
Ճարտարապետ Մարիետտա Գասպարյանը գրում է, որ հին Երևանում շենքի առաջին հարկ է համարվել ավանդական թաղակապ ծածկով նկուղը:
Ըստ ճարտարապետի՝ շենքի պատմական կարգավիճակն ավելի արժեքավոր է դարձնում այն․ տասներեք տարի՝ 1884-1888 և 1898-1907 թվականներին, շենքում գործել է Քաղաքային խորհրդարանը՝ Դուման և վարչությունը, 1910-1911 թվականներին՝ Երևանի աչքի հիվանդանոցը, իսկ 1937-ից, շենքի երկրորդ հարկում, գործել է Երկրաբանության թանգարանը: Առաջին հարկում Երկրաբանության ինստիտուտն էր:
«Գրիգոր Ամիրեանցը Քաղաքային դումայի անդամ է եղել, մասնակցել է բոլոր խորհրդակցություններին և անձամբ է Քաղաքային Դումային և վարչությանը իր շենքում գործելու հնարավորություն տվել։ Խորհրդարանին հատկացված մասը միշտ առանձնացված է եղել: 1910 թվականին՝ Գրիգոր Ամիրեանցի մահից հետո, տատիկս` Աստղիկ Ամիրեանցն է ընդունել նրանց»,— պատմում է Գրիգոր Ամիրեանցի ծոռը՝ Արմեն Ներսեսյանը:
Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը ասում է, որ նախկինում փակ թանգարան էր, այցելությունների համար հատուկ օրեր կային:
«2008-ին շենքը ճանաչեցին հանրային գերակա շահ, ասացին, որ պիտի տեղափոխվենք այլ հասցե: Աբովյան փողոցի շենքը կորցրինք: Մեր ցուցանմուշները շատ են, ցուցադրելու տարածք չունենք: Եթե թանգարանը լիներ նախկին հասցեում, ավելի հարմար կլիներ»,— ասում է թանգարանի տնօրենը:
Երկար աստիճանները, որոնք տարիներ շարունակ այցելուներին տարել են դեպի թանգարան, 2012-ից տանում են դեպի «Գարեջրի ակադեմիա» գարեջրատուն:
2008-ին Կառավարության որոշմամբ՝ շենքի տարածքը համարվել է հանրային գերակա շահ, իսկ թանգարանը տեղափոխվել Բաղրամյան 24 հասցե:
Աբովյան 10 հասցեի շենքը՝ հանրային գերակա շահ
Ըստ Կադաստրի կոմիտեի տեղեկանքի՝ Աբովյան 10 հասցեում գտնվող շենքի սեփականատերն այսօր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ընկերությունն է: Շենքի 621.2 քմ տարածքը վարձակալությամբ տրվել է «Ինդիկում» ՍՊԸ-ին, իսկ 266.4 մ-ն՝ «Քրաֆթ ընդ թվիսթ» ՍՊԸ-ին: Շենքը գրավադրված է Ամերիաբանկ ՓԲԸ-ում:
Ըստ որոշման՝ ծրագրի իրականացմամբ Երևանում պիտի վերանար կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ, հիմնականում բնակելի ֆոնդը: Փոխարենը նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ տվյալ հատվածը` իր բակային տարածքով, անկազմակերպ է, տարերայնորեն ձևավորվել է ցածրահարկ, խարխուլ բնակելի անհատական տներով, մետաղական և քարե տնակներով: Իսկ Պուշկինի փողոցի երկայնքով առկա են պահանջվող նորմերին չհամապատասխանող ցածրահարկ բնակելի շենքեր:
Նախատեսվում էր կառուցապատումն ավարտել, իրականացնել տարածքի արմատական վերակառուցում` կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ, պատմամշակութային միջավայրի պահպանմամբ։ Պիտի ստեղծվեին կանաչապատ բակային տարածքներ, խաղահրապարակներ և ստորգետնյա ավտոկայատեղիներ:
Կառավարության որոշումից հետո տարածքում բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել։ Կառուցապատման ծրագրերն անկատար են մնացել։
Աբովյան 10 հասցեի շենքի սեփականաշնորհման գործընթացում դատախազությունը ապօրինություններ է հայտնաբերել։
Դատախազության ուսումնասիրության համաձայն՝ հանրային գերակա շահ ճանաչելուց առաջ Կառավարությունը 2007-ին 1250 քմ մակերեսով շենքը և 56 քմ մակերեսով ավտոտնակը հետ է վերցրել «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Նախնական գին է սահմանվել 166 մլն 318 հազար դրամը: Պետական գույքի կառավարման վարչության պետի և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, Սամվել Մայրապետյանը պարտավորվել է գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով ներդնել 150 մլն դրամ: Ներդրումը չկատարելու դեպքում պետությունն իրավունք ուներ դատական կարգով ետ ստանալ գույքը։
Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից 2008-2009 թվականներին գրություն է ուղարկվել Սամվել Մայրապետյանին՝ 150 մլն դրամի ներդրումային պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, սակայն վարչությունը Մայրապետյանից այդպես էլ պատասխան չի ստացել:
Դատախազությունը հայտնաբերել է առերևույթ հանցանքի դեպք, որի հիման վրա հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023-ի նոյեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն պետական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել:
Բացի այդ, գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, սկսել է միջոցներ ձեռնարկել Աբովյան 10 հասցեի գույքը պետությանը վերադարձնելու նպատակով: Դատական կարգով վիճարկվում են շենքի սեփականաշնորհման որոշումները։
Հեղինակ՝
Ուսանողներ
Անի
Հարությունյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան