aesthetic-lip-fillers
Լոնգ րիդՄայիս 27/2025

Ներարկումներ առանց իրավունքի․ ինչ է թաքցնում «գեղեցկության» շուկան

Դեմքի Էսթետիկ միջամտություններն արդեն դուրս են եկել բժշկական կենտրոններից։ Շրթունքներն ու այտերը լցնելու, մաշկը ձգելու կամ քիթը ուղղելու ծառայությունները հաճախ մատուցվում են ոչ թե բուժհաստատություններում, այլ սոցիալական ցանցերում լայնորեն տարածված «մասնագետների» առանձնասենյակներում, գեղեցկության սրահներում կամ գրավիչ անուններով բիզնես կենտրոններում։

Ի՞նչ է թաքնված գեղեցկացնելու խոստումների հետևում, ովքե՞ր են «գեղեցկացնողները» և կա՞ պետական մարմին, որը վերահսկում է նրանց․ այս նյութը թվարկված հարցերի պատասխանները գտնելու փորձ է։

Ֆիլերներն այն նյութերն են, որոնք ներարկվում են մաշկի տակ՝ շրթունքները ծավալային դարձնելու, կնճիռները հարթեցնելու, այտերն ընդգծելու կամ դեմքի տարբեր հատվածները ձևափոխելու նպատակով։ Դրանք կարող են լինել հիալուրոնաթթվային, կոլագենային կամ այլ բաղադրությամբ։ Շուկայում ֆիլերների գները տատանվում են՝ մեկ սրվակի համար 20-30 հազար դրամից մինչև 100-120 հազար դրամ՝ կախված արտադրողից և որակից։

Սակայն միայն ֆիլերով չեն որոշվում միջամտության գինն ու արդյունքը. կարևոր է մասնագետի որակավորումը, կիրառման տեխնիկան ու գործիքների՝ նշտարի կամ ասեղների որակը։

Էժան ծառայությունները հաճախ առաջարկում են ոչ լիցենզավորված գեղեցկության սրահներում կամ սոցիալական ցանցերում իրենց «մասնագետ» հռչակած անձինք։ Շատերը հենց մատչելի գնի պատճառով են դիմում այդպիսի «մասնագետների»՝ անտեսելով հնարավոր ռիսկերը։

Գեղեցկության ձգտումը երբեմն առողջության հաշվին է լինում, երբ միջամտությունն արվում է ոչ պատշաճ պայմաններում ինքնահռչակ վարպետի կողմից. մաշկի տակ ներարկվող ցանկացած նյութ կարող է բարդություններ առաջացնել՝ այտուց ու բորբոքումից մինչև լուրջ վարակներ։

Ինչո՞ւ են մարդիկ դիմում էսթետիկ միջամտությունների

Արփինեն բոտոքս է արել շրթունքները։ Ասում է՝ մինչև ներարկումը դրանք ասիմետրիկ էին. ներքևինը՝ հաստ, վերևինը՝ շատ բարակ։ Դրանից քիթն ընդգծվում էր, ինքը՝ բարդութավորվում։ Վերին շրթունքը հաստացնում էր շրթներկով և մատիտով, բայց դա երկար չէր մնում, մաքրվում էր։ Խնդիրը լուծվել է էսթետիկ միջամտությամբ։

Աննա Պետրոսյանը պատմում է.

«Լավ կլինի, որ մարդ իրեն սիրի և ընդունի ինչպես կա, առանց միջամտությունների, բայց սա անձնական հարց է։ Ինքս կատարել եմ շուրթերի ծավալի մեծացում և գոհ եմ։ Եղած ծավալն ինձ այնքան էլ դուր չէր գալիս, ունեի նաև մի փոքր լնդային ժպիտ, և կոմպլեքսավորվում էի։ Ես այդպես էլ էի ինձ ընդունում, բայց եթե բժշկությունը տվել է գրագետ շտկումների հնարավորություն, ինչու՞ չօգտվել դրանից և ավելի ինքնավստահ դառնալ»։

Ինստագրամ սոցիալական հարթակում կոսմետիկ միջամտություններ կատարող բազմաթիվ մասնագետներ կան։ Նրանցից մեկը՝ Սյուզաննա Վարդանյանը, ունի 30 900 հետևորդ, գործունեություն է ծավալում Երևանի Պարոնյան 4 հասցեում։

Զանգեցինք Սյուզաննային, ներկայացանք ու փորձեցինք ճշտել՝ կոսմետիկ միջամտություններ կատարելու համար համապատասխան լիցենզիա ունի՞։ Այո-ի կամ ոչ-ի փոխարեն Սյուզաննան խուսափողական պատասխաններ էր տալիս, հետո հեռախոսն անջատեց, ու մեր մյուս զանգերը մնացին անպատասխան։

Նույն հարթակում դիտարկեցինք նաև dr_astghik-ի էջը, ինֆորմացիոն դաշտում նրա ազգանունը նշված չէր։ Զանգեցինք ու նույն հարցը տվինք՝ լիցենզիա ունե՞ք։ dr astghik-ը պատասխանեց, որ ունի համապատասխան դիպլոմներ և սերտիֆիկատներ։ Գործունեություն ծավալելու համար, սակայն, դիպլոմն ու սերտիֆիկատը բավարար չեն․ դրանք լիցենզիային չեն փոխարինում։

Այցելեցինք նաև Երևանում գործող գեղեցկության սրահներ, որտեղ կատարվում են կոսմետիկ միջամտություններ։

SyuzArt գեղեցկության սրահը գործում է Նալբանդյան 25/27 հասցեում։ Երկու ընկերուհիներով այցելեցինք սրահ ու ասացինք, որ ուզում ենք մեծացնել շրթունքները։ Մելան անունով ներկայացած մասնագետը՝ 35-40 տարեկան մի կին, ասաց, որ կարող է կատարել պրոցեդուրան, սակայն իմ շուրթերը չարժի մեծացնել։ Մեր հարցին՝ կա՞ ալերգիայի դեպքում որևէ հակացուցում, նա պատասխանեց.

«Այս դեղերը ալերգիկ չեն, դրանք «խորը ուսումնասիրված» դեղեր են, և ալերգիա չեն առաջացնում։ Ուղղակի խտությունից ու քանակից է կախված, թե շուրթը ոնց կվերցնի»։

Խորհրդատվության ժամանակ հարցրինք՝ իսկ կենտրոնը և մասնագետը ունե՞ն լիցենզիա, մասնագետը ցույց տվեց պատից կախված հավաստագրերը և դիպլոմները՝ լիցենզիա չկար։

Ավելի ուշ զանգեցինք SyuzArt գեղեցկության սրահ։ Հեռախոսազրույցի ընթացքում, տիկինը, որ ներկայացավ սրահի տնօրեն, նշեց, որ իրենց սրահում կոսմետիկ միջամտություններ չեն կատարվում։

Հայաստանում կոսմետիկ միջամտությունների իրականացումը վերահսկում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իսկ մասնագետներին և կենտրոններին լիցենզիա է տրամադրում Առողջապահության նախարարությունը: Լիցենզավորման գործընթացը օրենսդրորեն կարգավորվում է

ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորում։

ԱՆ-ը մեզ տրամադրել է 2024-ի դեկտեմբերի դրությամբ լիցենզավորված մասնագետների և կենտոնների ցանկ, որում առկա է 205 լիցենզավորված կենտրոն։

Առողջապահության նախարարության տրամադրած ցանկում փնտրեցինք մեր այցելած ու զանգած կենտրոնները՝ չգտանք։

«Երկու անգամ տարբեր մասնագետների մոտ կատարել եմ շուրթերի ծավալի մեծացում։ Առաջին ներարկումից երեք օր հետո ֆիլերը միգրացվեց, այսինքն, ի սկզբանե նախատեսված տեղից շարժվել էր և հիմնականում հավաքվել էր ձախ կողմի վրա։ Գնացի այլ մասնագետի մոտ և նյութը հեռացրի։

Երկրորդ անգամ դիմեցի ճանաչված և հայտնի մասնագետի՝ մտածելով, որ լավ աշխատանք կանի։ Սակայն նյութը ամբողջությամբ գնդավորվեց և կախվեց։ Այս անգամ էլ նյութը հեռացրի»։

«Իսկ ո՞վ է եղել այդ մասանգետը» հարցն այդպես էլ անպատասխան մնաց։ Հերոսուհին չցանկացավ բարձրաձայնել իրեն վնասած մասնագետի անունը։ Հատկանշական է, որ նրան մասնագետը խաբել է, շուրթերն՝ այլանդակել, բայց նույնիսկ այս փորձից հետո նա չի ցանկանում բացահայտել այդ մասնագետի անունը։

«Ամեն անգամ հայելու մեջ նայելիս տրամադրությունս ընկնում էր, որովհետև շատ տհաճ էր տեսնել կախված և ոչ սիմետրիկ շուրթեր»,— պատմում է Անահիտը։

Ասում է, որ արդեն մի քանի անգամ տուժել է «մասնագետների» ներարկումներից, որոնք արվել են սխալ տեխնիկայով։

Անահիտը հույսը չի կտրել և ֆիլեր ներարկելու համար դիմել է նաև երրորդ մասնագետին։ Արդյունքից գոհ էր։

2024-ին Էլենը շուրթերի ծավալի մեծացման համար դիմել է «Բարեկամության» մի դալանում գործող կենտրոն։

«Սկզբում շատ էի հավանել, բայց մեկ օր անց շուրթերս ամբողջությամբ քարացել էին, ո՛չ հաց էի կարողանում ուտել, ո՛չ ջուր խմել»,— ասում է Էլենը։

Էլենն ստիպված դիմել է մեկ այլ մասնագետի, որ հեռացնի ներարկված ֆիլերը։

zoom
Էլենի շրթունքները՝ միջամտությունից հետո

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղած հարցմամբ փորձել ենք պարզել՝ 2020-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 1-ը լիցենզավորված և չլիցենզավորված կոսմետոլոգիական կենտրոններում ստուգումներ իրականացվե՞լ են։

Տեսչական մարմնից իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Մարիամ Մովսեսյանը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման բաժինը վարչական վարույթ է իրականացրել 14 կոսմետոլոգիական կենտրոններում։

«Վերահսկողությունն իրականացվում է պարբերաբար՝ դիմում բողոքների հիման վրա՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ»,— նշեց Մովսեսյանը։

Ասաց, որ արձանագրվել են խախտումներ, և տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ 6 տնտեսվարողի՝ չլիցենզավորված գործունեության մասին արձանագրությունը փոխանցվել է Պետեկամուտների կոմիտե։

ՊԵԿ-ին ուղարկված հարցմանը հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը պատասխանեց.

«Խախտումների մասին արձանագրությունների հիման վրա վարչությունն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և եթե հայտնաբերվում են չլիցենզավորված գործունեության փաստեր, կազմվում են խախտումների վերաբերյալ արձանագրություններ, և հարուցվում են վարչական վարույթներ։ ՊԵԿ-ը, սակայն, այդ կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու լիազորություն չունի»։

«Չլիցենզավորված գործունեությունը հաճախ դառնում է բարդությունների պատճառ կոսմետիկ միջամտությունների ժամանակ։ Սխալ ներարկումը կարող է նույնիսկ նեվրոզ հյուսվածքների քայքայում, հեմատոմա, իշեմիա, գանգրենա ու թարախակույտեր առաջացնել։ Որոշ դեպքերում պացիենտի մոտ ներարկվող նյութերից կարող են առաջանալ լուրջ խցանումներ, որոնք կարող են նույնիսկ մահացու լինել»,— նշեց բժիշկ-կոսմետոլոգ Ալինա Հարությունյանը։

«Դու արժանի ես ունենալու քո երազանքի արտաքինը», «Ֆիլերները քո գաղտնի զենքն են», «Մեկ է բոտոքսն ավելի անվնաս է, քան տոքսիկ նախկինդ», «Դու արժանի ես լավագույնին» և այլն։ Սրանք այն բազմաթիվ կարգախոսներից են, որոնք այսօր ակտիվորեն շրջանառվում են էսթետիկ բժշկության և գեղեցկության ոլորտի գովազդային հարթակներում։

«Կոսմետիկ միջամտությունները հաճախ ընկալվում են որպես թեթև և անվնաս պրոցեդուրաներ, բայց դրանց, ինչպես պլաստիկ վիրահատությունների դեպքում, մոտենում ենք նույն պատասխանատվությամբ»,— ասում է մասնագետը։

Ալինա Հարությունյանը մանրամասնում է․

«Բուժառուն միջամտությունից առաջ ստորագրում է իրազեկվածության փաստաթուղթ, որտեղ նշվում են հնարավոր բարդությունները։ Կան նաև հակացուցումներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ հղիությունը, կրծքով կերակրման շրջանը, անվերահսկելի խրոնիկ հիվանդությունները, զարկերակային ճնշման և շաքարային դիաբետի բարդ փուլերը»։

Փաստաբան Մոնիկա Հակոբյանի խոսքով՝ իրազեկման փաստաթուղթը էականորեն տարբերվում է պայմանագրից, որտեղ հստակ նշվում են կատարվող միջամտության տեսակը, ներարկվող դեղորայքի վերաբերյալ տեղեկությունները, հակացուցումները, վտանգները։

Փաստաբանը նշեց, որ կոսմետիկ միջամտությունների ժամանակ բուժառուի և բժշկի միջև պայմանագրի կնքումը պարտադիր չէ։ Սակայն իր պրակտիկայում ունեցել է բուժառուի բողոք բժշկի դեմ և հակառակը։ Բոլոր դեպքերն էլ ավարտվել են փոխհամաձայնությամբ, դատարան որևէ գործ չի գնացել։

Բժիշկ-կոսմետոլոգ Արաքսյա Պետրոսյանը հորդորում է կոսմետիկ միջամտությունների համար գեղեցկության սրահներ չգնալ։ Նրա խոսքով, էսթետիկ միջամտություններ պետք է կատարեն միայն բժիշկները։

zoom
Արաքսյա Պետրոսյանը, լուսանկարը՝ անձնական արխիվից

Ալինա Հարությունյանն էլ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մասնագետի կրթությանը, փորձին և նախորդ բուժառուների արձագանքներին։ Հիշեցնում է՝ բուժառուն լիցենզիա և կրթության վկայական պահանջելու իրավունք ունի։

zoom
Ալինա Հարությունյանը, լուսանկարը՝ նրա ինստագրամյան էջից

Հայաստանում պլաստիկ վիրահատություններ և կոսմետիկ միջամտություններ կատարողների և նրանց դիմողների թվերն օրեցօր ավելանում են։ Այս ոլորտը, թվում է, զարգանում-ընդլայնվում է, բայց կան վերահսկողության և իրավական կարգավորման խնդիրներ, որոնցից մեկը առանց լիցենզիա գործունեություն ծավալելն է։

Խնդրի հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել էսթետիկ միջամտություններ իրականացնող կազմակերպությունների թվի սահմանափակումը և հստակ վերահսկողության մեխանիզմների ներդրումը։ Սա ոչ միայն կկրճատի ցածր որակով ծառայություններ մատուցող կենտրոնների թիվը, այլև կնպաստի միջամտությունների անվտանգության, մասնագիտական ստանդարտների և ընդհանուր վստահության բարձրացմանը ոլորտում։

zoom

Հեղինակներ՝

Ուսանողներ

Մանե

Խանդանյան

Ուսանողներ

Արևիկ

Արզումանյան

Ուսանողներ

Լուիզա

Վարդանովա

Ուսանողներ

Էլիզա Բարխուդարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան