Ֆոտո պատմությունՀուլիս 4/2026

«Տատիի դերն էլ չկա». Աիդային տանը «մամա» են ասում

zoom
Աիդան ու իր «երեխեքը»

55-ամյա Աիդան երկու թոռնիկ ունի, բայց տատիկ չէ արդեն 13 տարի։ Աննան ու Արմենը նրան «մամա» են ասում։

13 տարի առաջ Աիդայի աղջիկը՝ Գյուլիզարը, մահացավ ավտովթարից։ 23 տարեկան էր։ Ընտանիքի կյանքը փոխվեց։ Երեխաները՝ 2 տարեկան Աննան և 3 ամսական Արմենը, մնացին Աիդայի հույսին։

zoom
Արմենը մոր նկարի մոտ

Աիդայի առավոտը շուտ է սկսում՝ տուն, հող, կենդանիներ․ հանգստի ժամանակ չունի։ Ասում է․ «Ես որ հանգստանամ, իմ երեխաներին ո՞վ կպահի»։

zoom
Ծաղիկները խնամել չի մոռանում

Աիդայի սիրած անկյունն է։ Սիրած ծաղիկը կալան է։

«Իմ երեխեքը». ասում է Աիդան թոռների մասին խոսելիս։

zoom
Աննան ու Արմենը

— Շատ ծանր էր,— Աիդան հիշում է աղջկա մահվանը հաջորդած ամիսները։

Մի կողմից՝ կորստի ցավը, մյուս կողմից՝ երկու փոքր երեխաների խնամքը։

— Ո՛չ պատմելու ա, ո՛չ պատկերացնելու,— ասում է Խաչիկը՝ Աիդայի որդին։

Խաչիկն ավտովթարի ժամանակ զինծառայող էր։ Գյուլիզարի թաղումը հետաձգեցին մինչ նրա գալը։

— Իմ աղջկան ես պահեցի, չթողեցի, որ թաղեն։ Ասեցի՝ մնա, մինչև տղես բանակից գա,— հիշում է Աիդան։

Մոր մահից հետո երեխաների հայրը փորձել է վերցնել խնամակալությունը, բայց ընտանիքը չի համաձայնել. երեխաները մնացել են Աիդայի հետ։

zoom
Նույն աչքերից ու ժպիտից՝ երեք զույգ

Աիդան երեխաներին ամուսնու՝ Գրիգորի հետ է մեծացրել։ Յոթ տարի առաջ Գրիգորը մահացավ չարորակ ուռուցքից։ Աիդան ջերմությամբ է հիշում նրան։

zoom
Տան գործը շատ է, բայց երեխաներն արդեն մեծ են, օգնում են

Մայիսին Աննայի վերջին զանգն էր։ Երազում է մատնահարդար դառնալ։

— Մորքուրից ա սովորել, հիմա իմ ձեռքին ա փորձում,— ասում է Աիդան:

zoom
Աննայի և Աիդայի ձեռքերը

Արմենը մորն օգնում է հող մշակելիս, պատահում է՝ ոչխարները սարն է տանում։ Ազատ ժամանակ ընկերոջ՝ Արամի հետ հեծանիվ են քշում, ֆուտբոլ խաղում։

Աիդան ասում է՝ Արմենն ու Աննան իրեն հասկանում են մեկ հայացքից։ Նկատողություն լինի, թե խնդրանք՝ խոսքի կարիք չի լինում։

zoom
Հասկացող հայացքներ
zoom

Երեխաները սիրում են գյուղը, բնությունը։ Աիդան էլ ասում է՝ գյուղից դուրս չի կարող ապրել. ամուսինն ու աղջիկն այստեղ են։

Գիշեր լինի, թե ցերեկ, Աիդան տան դուռը չի կողպում, ասում է՝ ինչի՞ց վախենամ։

2022-ի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը կրակում էր նաև Գեղարքունիքի ուղղությամբ, Աիդան պայթյունից չի վախեցել, մտածել է՝ երկրաշարժ է։ Ուզում է, որ իր երեխաներն էլ քաջ լինեն։

zoom
Աիդան

Աիդան մեզ ամուր գրկեց ճանապարհելիս։ Օրեր անց զանգեց, հրավիրեց Աննայի վերջին զանգի միջոցառմանը։

Խաչիկն ասում է՝ տանը տատիկի դերն արդեն վաղուց փոխվել է։

— Տատիի դեր էլ չկա… դարձել ա մամայի դեր։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Նարե

Առուշանյան

Ուսանողներ

Անի

Մարգարյան

Ուսանողներ

Սոնա

Խարազյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան