ambulance-armenia
ՏեքստՍեպտեմբեր 27/2024

Մեկ բրիգադ՝ 22 գյուղին․ Շտապօգնության ծառայությունը ՀՀ մարզերում

Փորձեք լուծել այս խնդիրը․ Ծաղկահովիտ համայնքի բուժկենտրոնից մինչև Լեռնապար գյուղ 22 կմ է։ Լեռնապարից համայնքի մեկ այլ գյուղ՝ Նորաշեն՝ 34 կմ։ Ծաղկահովիտից դուրս է գալիս Շտապօգնության մեքենան և ճանապարհի թույլատրելի առավելագույն արագությամբ՝ 40 կմ/ժ, սլանում է Լեռնապար՝ կանչի։ Ճանապարհի կեսին շտապ կանչ է գալիս Նորաշենից։ Հարց՝ քանի՞ րոպեում մեքենան կհասնի Նորաշենի օգնության կարիք ունեցող բնակչին, եթե մեքենայի արագությունը անփոփոխ է, Լեռնապարի կանչի սպասարկումը տևում է 10 րոպե, իսկ համայնքը սպասարկում է Շտապօգնության միայն մեկ բրիգադ։

Մոտավորապես այսպիսի խնդիրներ են փորձում լուծել Ծաղկահովիտ համայնքի բժշկական կենտրոնում ամեն օր։ Եթե ձմեռ է, ճանապարհներն էլ՝ անանցանելի, խնդիրը գրեթե անլուծելի է դառնում։

Որ նկարագրվածն արտառոց դեպք չէ, այլ սովորական առօրյա, համոզվեցինք, երբ Ծաղկահովիտի Շտապօգնության բրիգադի հետ ուղևորվեցինք Նորաշեն՝ կանչի հետևից։ Ճանապարհին ստիպված էինք դանդաղեցնել ընթացքը՝ կովերի նախիրը հայտնվել էր երթուղու մեջտեղում։ Կեսճանապարհին երկրորդ կանչը ստացվեց Հնաբերդ գյուղից։ Գյուղերի միջև հեռավորությունը 7կմ է, բայց մենք առաջին կանչին դեռ չէինք հասել, ու անհնար էր, որ նույն բրիգադը շտապ հասներ երկրորդ կանչին։

Երկրորդ կանչի մասին զանգով հայտնեցին հերթապահ բժիշկ Ավետիսյանին։

«Խորհուրդ տվեցի հիվանդի ճնշումը նորից չափել։ Եթե դեռ շտապ օգնության անհրաժեշտություն լինի, ու մենք չհասցնենք գնալ, հիվանդանոցից երկրորդ բրիգադ կուղարկվի»,— մեքենայի մեջ բացատրեց բժիշկը։

«Առավոտից արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներից կանչեր ենք ստանում։ Համայնքի դիրքով պայմանավորված՝ այս եղանակին ճնշման տատանումները շատանում են»,— ավելացրեց բուժքույրը։

Անկախ ճնշման և եղանակային տատանումներից, Ծաղկահովիտ համայնքի համար նախատեսված է միայն մեկ բրիգադ։

Քիչ անց իմացանք, որ տնօրենը, դիսպետչերը և փոխտնօրենը բրիգադ են կազմել և մեկնել երկրորդ կանչի վայր։ Ասացին, որ համաժամանակյա կանչերի դեպքում միշտ են այդպես անում։ Տնօրենը ստանձնում է վարորդի դերը, և առողջության կենտրոնում հերթապահող բժիշկների ու բուժքույրերի հետ մեկնում են կանչի։

«Սա բարի կամքի դրսևորում է։ Մենք հավելյալ գումար չենք ստանում սրա համար, ուղղակի չենք ուզում, որ մեր համայնքի բնակիչներն իրենց վատ զգան»,— վստահեցրեց տնօրենը։

Հարցի լուծման այս դրսևորումը սակայն նոր հարցեր է առաջացնում․ ինչպե՞ս է առողջության կենտրոնը սպասարկում երկրորդ, երրորդ կանչերը, երբ տնօրենը, ասենք, արձակուրդում է կամ զբաղված է իր հիմնական՝ տնօրենի գործերով։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներում Շտապօգնության ծառայություն է մատուցում բժշկից, բուժքրոջից ու վարորդից կազմված ընդամենը մեկ բրիգադ։ Այն սպասարկում է երկու համայնքների 21 գյուղի, ինչպես նաև Ապարան համայնքի Մելքիգյուղի բնակչությանը, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 16 հազար մարդու։

Շտապօգնության բրիգադների ձևավորման սկզբունքը սահմանված է Առողջապահության նախարարի 2022 թվականի N 27-Ն հրամանով, և չափորոշիչն է՝ 20,000 բնակչին առնվազն 1 բրիգադ։ Մեր հարցին՝ չկա՞ն այլ չափորոշիչներ, որոնք հաշվի են առնում, օրինակ, սպասարկվող գյուղերի հեռավորությունը կամ բնակավայրի առանձնահատկությունները, նախարարությունից պատասխանեցին՝ չկան։

ԱՆ Վիճակագրական տարեգիրքը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում՝ որոշ մարզերում Շտապօգնության բժիշկների և բուժքույրերի թիվը բավարար չէ հերթափոխով աշխատելու համար։ Օրինակ՝ 2022-ին ամբողջ Սյունիքում եղել է Շտապօգնության ընդամենը 3 բժիշկ (հիմա դարձել են 11)։ Փորձեք պատկերացնել՝ ինչպե՞ս են նրանք սպասարկել և սպասարկում մարզը՝ հաշվի առնելով, որ նույն բժիշկը չի կարող ամեն օր 24-ժամյա հերթապահություն իրականացնել։

Արագածոտնում կա 9 բրիգադ։ Նրանք տեղաբաշխված են մարզի Շտապօգնության 4 կայաններում։

20,000 բնակչին առնվազն 1 բրիգադ սկզբունքը խախտվում է Աշտարակի բժշկական կենտրոնում, որտեղ աշխատում է 2 բրիգադ, իսկ Աշտարակի բնակչության թիվն անցնում է 60 հազարը։

Արագածոտնի մարզում Շտապօգնության երկրորդ կայանը Ապարանում է։ Բժիշկ Տաթևիկ Ադիլյանը մինչև 2022-ը Ապարանի բուժկենտրոնի Շտապօգնության բաժանմունքում աշխատել է օրդինատուրան անվճար սովորելու դիմաց՝ համաձայն ԱՆ-ի հետ կնքած պայմանագրի։ Նա պատմեց, թե ինչպես էին սպասարկում համաժամանակյա կանչերը․

«Մի բրիգադը չէր կարող Հարթավանից Երնջատափ ժամանակին կանչի գնալ։ Եթե հերթապահող բրիգադը մեկ այլ վայրում էր, հիվանդի հարազատները կամ պետք է սպասեին, կամ պետք է հիվանդին իրենց մեքենայով տեղափոխեին հիվանդանոց»,— Շտապօգնությունում աշխատելիս, հարկ եղած դեպքում, բժիշկ Ադիլյանը կատարել է նաև ընդունարանի և ռեանիմացիայի բժշկի գործառույթները։

«Ասում էին, նախարարությունը ֆինանսավորում չի տալիս, որպեսզի կարողանանք երկրորդ բրիգադ ավելացնենք»։

«Եթե ընդունարանում ծանր հիվանդ լիներ, ես չէի կարող նրան թողնել ու գնալ կանչի, բուժքույրը մենակ էր գնում»,— հիշում է նա։

Արագածոտնի մարզը՝ օրինակ, բայց ոչ բացառություն

Արագածոտնի մարզը Շտապօգնության կադրերի հագեցվածությամբ Հայաստանում 9-րդն է։ 10-րդը Վայոց ձորն է։ Արագածոտնի մարզում 1 բուժաշխատողն սպասարկում է 3796, իսկ Երևանում՝ 1578 մարդու, չնայած մայրաքաղաքում ՇՕ կայաններն ավելի խիտ են, իսկ ճանապարհները՝ ավելի բարեկարգ։

Արագածոտնի մարզում գործում է Շտապօգնության 4 կայան՝ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Ծաղկահովիտում։ Կայաններն ունեն 4 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ։ Ծաղկահովիտ համայնքի առողջության կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանի խոսքով՝ կենտրոնին կից ՇՕ կայանում չկա ռեանիմացիոն բաժանմունք, հետևաբար, ռեանիմոբիլի կարիք էլ չունեն։ Կայանն ունի Շտապօգնության 4 մեքենա, բայց ծառայությունում հերթապահում է միայն 1 բրիգադ․ անտրամաբանական է, բայց՝ փաստ։

Համապետական խնդրին համապետական լուծում

Կառավարությունը որոշել է ամբողջ հանրապետությունում ստեղծել Շտապօգնության՝ որակյալ ու մատչելի միասնական ծառայություն։ 2022-ի նոյեմբերի 29-ին հաստատվել է «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագիրը» (Առողջապահության նախարարի հրաման–5491–L):

Այդ ծրագրի շրջանակում ստեղծվել է «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ-ն։

«Շտապօգնության նոր ծրագիրը գործող համակարգի բազմամյա խնդիրներին թվային լուծումներ է տալու»,— ասում է միասնական համակարգի թվայնացման և ընդհանուր հարցերով տեղակալ Արմեն Ասլյանը։

Նոր համակարգում բրիգադը կանչերը ստանալու է հավելվածի միջոցով։ Բժիշկ-օպերատորը մուտքագրելու է կանչի տվյալները, և ըստ հրատապության՝ ուղղորդելու է բրիգադներին։ Շտապօգնության բրիգադները, իրենց կցված համայնքներից բացի, սպասարկելու են մոտակա բնակավայրերի կանչերը։

Այսպիսին է լինելու միասնական դիսպետչերական ծրագրի հավելվածով Շտապօգնության բժշկին փոխանցված կանչը։ Արմեն Ասլյանի խոսքով՝ այս եղանակով կանչերի ընդունման ժամանակը կկրճատվի մոտ 2 րոպեով։

image_123650291 (1).JPG
image_123650291.JPG

Ըստ հիվանդի խնդրի՝ կորոշվի հրատապությունը, և բրիգադին կտրվի առաջնային հրատապության կանչ։ Երրորդային կամ չորրորդային հրատապության համաժամանակյա կանչերին կսպասարկեն այլ բրիգադներ։

«Միասնական դիսպետչերական համակարգը թույլ է տալու Շտապօգնության ռեսուրսները ճիշտ կառավարել։ Եթե, օրինակ, Ծաղկահովիտում կանչը սպասարկող բրիգադը զբաղված լինի, կմոտենա Ապարանի՝ այդ պահին ազատ բրիգադը»,— նշում է Ասլյանը։

Ծաղկահովիտի առողջության կենտրոնի փոխտնօրենի ակնկալիքները նոր համակարգից մեծ չեն՝ գոնե սկզբնական շրջանում։

«Եթե այլ համայնքի բրիգադ մեկնի Ծաղկահովիտ՝ կանչի, դժվար թե արագ կողմնորոշվի տեղանքում և գտնի հիվանդի հասցեն։ Զանգողը հաճախ հասցե նշելու փոխարեն բացատրում է, թե ում տան կողքին է իր տունը»,— բացատրում է Գագիկ Սանոսյանը։

Նա երկար տարիներ է՝ աշխատում է Ծաղկահովիտի առողջության կենտրոնում, եղել է նաև տնօրենը։ Ասում է, որ կադրային պակասը պայմանավորված է համայնքի քիչ բարենպաստ պայմաններով՝ Երևան գնացող երթուղի չկա, իրենք էլ չեն կարող այնքան բարձր աշխատավարձ տալ, որ իրենց մոտ աշխատել ցանկացող բուժաշխատողները սեփական մեքենաներով աշխատանքի գան։

Համակարգում օգտագործվելու է Շտապ օգնության կանչերի կառավարման համակարգի քարտեզը, որը, ըստ Ասլյանի, անընդհատ թարմացվում է։

Կավելանա՞ հանրապետական դիսպետչերական համակարգում բրիգադների քանակը, դեռ պարզ չէ։

Պարզ չէ նաև, թե 2022-ին մեկնարկած այս ծրագիրը երբ կհասնի Ծաղկահովիտ կամ նույն խնդիրն ունեցող այլ համայնքներ։ 2024-ի հունվարին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, թե «այս տարի արդեն իսկ կամփոփենք և կավարտենք հանրապետական Շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը: Դրա շրջանակում ամբողջությամբ կվերանայվի նաև Շտապօգնության ծառայության բովանդակությունը»։

Եթե Առողջապահության նախարարը տարեսկզբին չէր կատակում, 3 ամսից Հայաստանում կունենանք նոր բովանդակության՝ արագ, ամենահաս և որակյալ Շտապօգնության ծառայություն։

Սպասում ենք նախարարի տարեվերջյան ամփոփմանը։


Սույն նյութը իրականացվել է «Ուսանողական լրագրողական հետաքննություններ» ծրագրի շրջանակում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն նյութի մեջ արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Նաուման.png

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լենա

Սահակյան

Ուսանողներ

Գոհար

Սարգսյան

Ուսանողներ

Միլենա

Ավետիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան