Ֆոտո պատմությունՀունվար 14/2023

Գյուղի դպրոցները՝ գետից աջ ու ձախ

Գեղարոտ գետի աջ և ձախ կողմերում ժամանակին երկու դպրոց է գործել՝ 8-ամյա և 10-ամյա։ Դրանցից մեկն այսօր մանկապարտեզ է, մյուսի շենքը դատարկվել է վաղուց։ Գյուղի երեխաների մի մասը հաճախում էր նորաբաց ութամյա դպրոց, մյուսը՝ տասնամյան: «Որոշողը» եղել է Արագած գյուղի միջով անցնող Գեղարոտ գետը: Աջ ափին ապրող երեխաները հաճախել են ութամյա, ձախ ափին ապրողները՝ տասնամյա դպրոցը։

Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց

1921-ին Խորհրդային Հայաստանում անգրագիտության վերացման կայաններ (լիկկայաններ) և մեծահասակների համար հատուկ դպրոցներ ստեղծվեցին: Գյուղերում լիկկայանները գործում էին գոմերին կից սենյակներում՝ օդաներում։ Արագածում լիկկայան բացողներից մեկը Արշակ Գրիգորյանն էր, հետո նա դարձավ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենը։

01_01_DSC_0673.jpg
Արագած գյուղի լիկկայանը

Դպրոցի շինարարությունն սկսվել է 1940-ին։ Հարևան գյուղերից սայլերով շինանյութ են բերել, բանվորներ, քարհատներ և քարտաշներ ուղարկել։

Ջուլիետտա Գրիգորյանը՝ Արշակ Գրիգորյանի դուստրը

Նա հիշում է, որ հայրը գյուղի անգրագետ կանանց և տղամարդկանց կանչում էր դպրոց, և երեխաների ուսուցիչները դասավանդում էին նաև այդ մարդկանց. «Պապաս դպրոցում լիկկայան բացեց։ Տարիքով մարդիկ երեկոները գալիս էին, մեր դասատուները հետները պարապում էին։ Ես երրորդ դասարանում էի սովորում։ Դպրոցի առաջին տնօրենը Հովհաննիսյան Գառնիկն է եղել։ 1957-ից տնօրեն դարձավ հայրս, նա պատմության մասնագետ էր։ Դպրոցը ուներ 750 աշակերտ, գալիս էին Շենավանից, Հարթավանից, Վարդենուտից, Արայիից, Ափնագյուղից։ Դպրոցում «ինտերնատ» կար, որտեղ մնում էին դրսի երեխեքը, որոնք անապահով էին կամ դժվարանում էին ամեն օր դպրոց գալ»։

01_02_01_DSC_0273.jpg
Մեջտեղում Արշակ Գրիգորյանն է՝ աշակերտների հետ
01_03_01_DSC_0409.jpg
Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտը
01_04_DSC_0665.jpg
Դպրոցի ուսուցչական կազմը
01_05_01_DSC_0252.jpg
Դպրոցն այսօր դարձել է մանկապարտեզ

«Ես մեխանիզատորի գրքույկ ունեմ, դպրոցում եմ սովորել։ Աշխատանքի ուսուցման համար մեծ արհեստանոց ունեինք, մուրճ էինք սարքում, խարտոց։ Երբ ես 6-րդ դասարանում էի, ամեն օր ժամը 4-ին գնում էինք կոլխոզի գոմեր, հորթերին կերակրում էինք, գոմը ավլում, խոտ գցում։ Բոլոր տները կով ունեին, իրարից հոտ չէին առնում»,— պատմում է Ջուլիետտան։

Նա դպրոցն ավարտելուց հետո, երկար տարիներ դասավանդել է դպրոցում։

«1966-ին ավարտել եմ տասնամյան, աշխատել եմ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի, հետո երգ-երաժշտության ուսուցչուհի։ Եղել եմ նաև կազմակերպիչ ու ջոկատավար։ Դպրոցում կազմակերպվում էին երգի, պարի մրցույթներ, սպորտային միջոցառումներ, սպարտակիադաներ։ Շրջանի բոլոր գյուղերից գալիս էին մեզ մոտ մրցելու»։

02_01_DSC_0263.jpg
Ջուլիետտան և ուսուցչական կազմը
02_02_DSC_0268.jpg
02_03_DSC_0270.jpg
02_04_DSC_0290.jpg
02_05_DSC_0604.jpg
Գրիգորյան Ջուլիետտայի նշած կոլխոզի գոմը, այժմ՝ քանդված

Արագածի ութամյա դպրոցը

Արագածի ութամյա դպրոցը հիմնվել է 1969-ին՝ Գեղարոտի ձախ ափին։ Գյուղի բնակիչները, որոնք հիշում են այդ ժամանակները, ասում են՝ երբ դպրոցը նոր էր բացվել, տասնամյայի աշակերտները փախել-գնացել են այնտեղ, աջ ափից վազել են ձախը։

03_01_DSC_0195.jpg
Դպրոցի ուսուցչական կազմը
03_04_DSC_0199.jpg
Դպրոցի առաջին դասվարը՝ աշակերտների հետ
03_06_DSC_0219.jpg
«Վերջին զանգ» ութամյա դպրոցում

Հիմնադրման օրվանից մինչև փակվելը՝ 1985-ը, դպրոցը միայն մեկ տնօրեն է ունեցել՝ Անուշավան Կարապետյանը։

Անուշավան Կարապետյանի թոռը՝ Արման Կարապետյան

Նա այսօր դպրոցի տնօրենն է։ Իր պապի մասին պատմելիս՝ շեշտում է, որ ուզում է նմանվել նրան. «Պապս բանիմաց ու մարդամոտ էր, բայց շատ խիստ է եղել։ Իրեն հենց այդպես էլ հիշում են՝ ամենախիստ տնօրենը։ Խիստ, բարի և կամեցող․ ես ուզում եմ նմանվել նրան, դեռ մասամբ է ստացվում։ Պապս եղել է աշխարհագրագետ, լավագույններից մեկն էր տարածաշրջանում։ Պապիս կողպված տանը դա հավաստող բազմաթիվ պատվոգրեր և շքանշաններ կան»։

04_01_DSC_0679.jpg
Անուշավան Կարապետյանը
04_02_DSC_0680.jpg
03_05_DSC_0614.jpg
Ութամյա դպրոցից մնացած փաստաթուղթ՝ ամանորյա միջոցառման մասին

Լաուրա Սարգսյանը՝ ութամյա դպրոցի առաջին դասվարը

Նա դպրոցում աշխատած առաջին ուսուցիչներից է։

Պատմում է, որ իր դասավանդման տարիներին գյուղում շատ մասնագետներ չկային, և դասավանդում էին նաև Երևանից ու այլ քաղաքներից եկած ուսուցիչները։ «Մեր կոլեկտիվն արտակարգ կոլեկտիվ էր, ո’չ իրար հետևից բամբասել կար, ո’չ՝ վիճել։ Շատ մտերիմ էինք, ոնց որ մեկ ընտանիք։ 79 ռուբլի ես էի ստանում, 120 ռուբլի՝ դիրեկտորն ու ուսմասվարը, բայց լավ էինք ապրում։ Աշակերտներից մեկին հայրը հարցնում է՝ Արմինե ջան, էսօր ի՞նչ ես ստացել, պատասխանում է՝ պրյանիկ ու մի բաժակ կաթ։ Տարրական դասարանում սովորող աշակերտները պրյանիկ ու կաթ էին ստանում»։

05_01_DSC_0202.jpg
05_02_DSC_0152.jpg
Լաուրա Սարգսյանը

Նախկին դասվարը հիշում է, որ այդ տարիներին երկուշաբթի օրերը համարվում էին մաքրության ստուգման օր. «Աշակերտների մոտ պիտի պարտադիր թաշկինակ լիներ։ Դրսից շատ էին գալիս ստուգման։ Վերահսկողությունը շատ ուժեղ էր։ Ասում էի՝ մի թաշկինակը մի գրպանում դրեք, մեկը՝ մյուս, որ երբ գան ստուգելու, մաքուրը ցույց տաք»։

05_03_DSC_0235.jpg
Նրա աշակերտների նվերը՝ իրենց ավարտելու կապակցությամբ
05_05_DSC_0232.jpg
05_04_DSC_0184.jpg
Լաուրա Սարգսյանի մատյանը

Իշխան Աբրահամյանը՝ ութամյա դպրոցի նախկին աշակերտներից

Նրա սիրելի ուսուցիչը եղել է Լաուրա Սարգսյանը։ Իշխանը Արագածի 8-ամյա դպրոցի առաջին աշակերտներից է. «Ընդունվել եմ դպրոց 1968-ին։ Առաջին դասարանում 27 հոգի էինք, 8-րդ դասարանում մնացինք 19 հոգի։ Մենք էդ դպրոցի առաջին դասարանն էինք։ Երբ դպրոցը բացեցին, միջնակարգ դպրոցի շատ աշակերտներ, որոնք մեր թաղից էին, գետի էն կողմից, տեղափոխվեցին մեր դպրոց։ Մեր դպրոցը նոր էր վերանորոգված, տաք էր, սիրուն, պատերի կեսը կանաչ գույն էր, սենյակներն էլ ածուխով էին տաքացնում»։

06_01_DSC01435.jpg
Երկրաչափության գրքի մնացորդներից
06_03_DSC01454.jpg
Իշխան Աբրահամյանը

Իշխանը հիշում է դպրոցի տնօրենին և իրեն դասավանդած բոլոր ուսուցիչներին։ Ասում է՝ շատ խիստ էին․ «Փողոցում, որ տեսնում էինք, փախնում էինք, չէինք պատկերացնում, որ դասատուները հաց են ուտում, ուրախանում են։ Սենց առարկաներ էինք անցնում՝ Սովետական պետության և իրավունքի հիմունքներ, ԽՍՀՄ պատմություն, Քաղաքագիտություն։ «Սովորել, սովորել, սովորել», էդ էր։ Ամեն ինչ կա՛մ Լենինի մասին էր, կա՛մ՝ Հայրենական պատերազմի։ Գյուղի զոհվածների, ԽՍՀՄ-ի ու Հայաստանի հերոսների նկարները պատերին խփած էին, ով գերազանցիկ էր, նկարը պատին էր, խրախուսում էին»։

Իշխանը հիշում է նաև, թե ինչպիսի աշակերտներ են եղել ինքն ու ընկերները․ «Փոքր միջանցքում վազում էինք։ Կամ մեր սեղանն էինք քանդում, որ դասը «պռավալ» գնար։ Փեջի տրուբայի մեջ շոր էինք մտցնում, որ մուխը տար ներս, դաս չանեինք։ Էն ժամանակ, որ գյուղի երեխեքին տանում էին քաղաք, տարբերվում էին քաղաքի երեխուց։ Գյուղի երեխեն սև, բոստանից հելած, ձյան մեջ լժան (սահնակ) քշած, կարմրած էր»։

Արագածի ուսումնա-արտադրական կոմբինատ

Ութամյա դպրոցի փակվելուց հետո շենքում գործում է ուսումնա-արտադրական կոմբինատը։ Այն հիմնադրվում է 1986-ին։ «Դիրեկտոր» Վահան Արմենակյանը ութամյա դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալն էր։

06_02_DSC_0472.jpg

Վահան Արմենակյանը՝ կոմբինատի տնօրենը

Նախկին տնօրենն ասում է, որ կոմբինատն աշակերտներին մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էր տալիս. «Կոմբինատում մասնագիտական պատրաստություն էին անցնում Արագած, Ծաղկաշեն, Շենավան, Հարթավան և Վարդենուտ ու Արային գյուղերի դպրոցների աշակերտները։ Երկուշաբթին Արագածի երեխեքի օրն էր, երեքշաբթին՝ Շենավանի, չորեքշաբթի՝ էն մյուսինը, էդ սկզբունքով էին դասերը անցկացվում։ Տղաների մասնագիտացումը՝ C կարգի որակավորում և գյուղական մեխանիզատոր՝ տրակտորիստ։ Աղջիկներին տրվում էր տրիկոտաժագործի որակավորում։ Ավտովարորդները ուսումնասիրում էին ավտոմոբիլի կառուցվածքը, սովորում ճանապարհային երթևեկության կանոնները։ Ավտոմոբիլի կառուցվածքի ուսուցիչներից մեկը ես էի»։

07_01_DSC01518.jpg
Վահան Արմենակյանը՝ թիկունքում դպրոցը
07_02_DSC_0492.jpg

Վահանը պատմում է՝ ավտոմոբիլ վարել սովորեցնում էին կոմբինատի բակում, իսկ տրակտոր վարելու համար գնում էին սովխոզի դաշտեր. «Տրիկոտաժի գործի պրակտիկան անցնում էին Վարդենուտի և Շենավանի տրիկոտաժի ֆաբրիկաներում։ 9-10-րդ դասարանի երեխաների տեղափոխումը կազմակերպվում էր ուսումնա-արտադրական կոմբինատի սեփական ավտոբուսով։ Բոլորի ներկայությունը պարտադիր էր, դա հրաման էր»։

07_03_DSC01438.jpg
Վահան Արմենակյանը՝ քանդված դպրոցում

Հռիփսիմե Մկրտչյանը՝ «տրակտորի թեորիա» դասավանդող ուսուցիչը

Գյուղինստիտուտն ավարտելուց հետո նա տեղափոխվել է գյուղ, աշխատանքի է անցել ուսումնա-արտադրական կոմբինատում։

«Ես Գյուղինստիտուտում սովորեցի, տրակտորիստի վկայական ունեմ։ Երեխաները դպրոցից հետո գալիս էին կոմբինատ, ավտոմասերն էի սովորեցնում, դետալները, մեկ դասաժամ մնում էին կոմբինատում։ 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտներն էին գալիս կոմբինատ։ Պրակտիկ դասերի համար երեխաներին տանում էինք կողքի գյուղ՝ Շիրաղալա (այժմ՝ Վարդենուտ), կարի հատուկ արտել կար, որտեղ բամբակե կտորից մանկական հագուստն էին պատրաստում։ Մեր երեխաներն էլ նայում էին, թե ոնց են ձևավորում։ Այս պրակտիկային մասնակցում էին միայն աղջիկները»։

08_02_DSC_1244.jpg
Հռիփսիմե Մկրտչյանը
Հռիփսիմեի վարորդական իրավունքի փաստաթուղթը.jpg

Կոմբինատում կարող էին վարորդական իրավունք ստանալ։ Մելսիդա Տոնոյանը կոմբինատի առաջին և վերջին վարորդական իրավունք ստացած աղջիկն է։

Մելսիդա Տոնոյանը՝ վարորդական իրավունքով աղջիկը

«Ես կոմբինատ գնացել եմ 1986-1987-ին։ Դպրոցից բացի, շաբաթը երկու անգամ գալիս էինք կոմբինատ՝ ավտոյի դասերի։ Մեր ժամանակ տրակտորի, կար ու ձևի դասեր դեռ չկային։ Մի ժամով գալիս էինք ավտոյի դասի, հետո գնում դպրոց։ Մեր դասարանի աղջիկներից մենակ ես վարորդական իրավունք հանեցի, մյուսները չէին էլ ձգտում։ Մենք езда-ի (վարելու) դասեր շատ չէինք անում, իսկ եթե անում էինք, ապա բեռնատարով և «պիդիսյատով»։ Վարորդական իրավունքս վերցրել եմ Եղվարդից, բայց հիմա դա էլ չի անցնում։ Հիմա մի հատ «կարտչկա» են տալիս, իսկ էն ժամանակ լիքը թուղթ կար»։

09_02_DSC01349.jpg
Մելսիդա Տոնոյանը
09_01_DSC_0507.jpg

Սովետական Միության փլուզումից հետո՝ 1991-ին, կոմբինատը փակվեց, շենքում բացվեց կարի արտադրամաս, որը գործեց 2 տարի։

Գեղարոտ գետի աջ ու ձախ ափերին այսօր էլ դպրոցներ կան։ Մեկը Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցն է, մյուսը՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 դպրոցը։ Գյուղում դրանք պայմանական անուններ ունեն՝ Ներքի դպրոց և Վերի դպրոց, թեպետ գտնվում են գրեթե նույն բարձրության վրա։ Անցյալի չգրված կարգը, որ աջ ափին ապրողներն աջ դպրոցն են գնում, ձախում ապրողները՝ ձախը, այսօր այլևս չի գործում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Ուսանողներ

Աննա

Հարությունյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան