Long ReadՀոկտեմբեր 10/2022

Արամյանցի դղյակը կարող է փլուզվել, եթե պետությունը և սեփականատերը քայլեր չձեռնարկեն

Հայաստանի Ախթալա համայնքում գտնվող Արամյանցի դղյակի պատերից մեկը 2016 թվականին փլվել է։ Հուշարձան-դղյակի պահպանության համար կառավարությունը և սեփականատերը տարբեր միջոցներ են ձեռնարկել, սակայն որևէ արդյունք չի եղել։

Արամյանցի դղյակն այսօր

Լոռու մարզի Ախթալա համայնքում գտնվող Արամյանցի դղյակը վթարային վիճակում է, շենքին մոտենալն անգամ վտանգավոր է։

Արամյանցի դղյակ 01.jpg

Դղյակը պատկանում է «Լօզէ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը «Ախթալա» լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է` Մադլեն Թաշճյանը։

Առանց թույլտվության Արամյանցի ամառանոցի տարածք մուտք գործելն անհնար է։

Այս տարվա մայիսի 18-ին տարածք մտանք «Լօզէ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի ուղեկցությամբ։

Արամյանցի դղյակ 02.jpg

Դղյակ ներս մտնել չկարողացանք, քանի որ այն վթարային վիճակում է։ Տանիքը ժանգոտած է, տեղ-տեղ՝ քայքայված։

Պատուհանները կոտրված են, պատերը՝ ճաքճքած ու պատված բորբոսով, իսկ հատակին խորը փոսեր են՝ անձրևաջրերից:

Արամյանցի դղյակ 03.jpg

Շինության հետնամասի պատերից մեկն ամբողջովին փլվել է, իսկ դիմային պատը, ինչպես պատմեց Լուսինե Սահակյանը, դեռևս Սերոբ Տեր-Պողոսյանի կենդանության ժամանակ է ամրացվել երկաթյա ձողերով։

Դղյակը շրջապատված է ճապոնական կիպարիսներով, որոնց մի մասը վերջին տարիներին սկսել է չորանալ։

Արամյանցի դղյակ 06.jpg

Դղյակը կարող է «փրկվել»

Լուսինե Սահակյանի խոսքով, այժմ հնարավորություն է ստեղծվել կառույցը պահպանելու։ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ 6․6 միլիոն եվրո է տրամադրվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի դեռևս փորձնական կարգով իրականացնեն «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող այս ծրագրի շահառուները համայնքներն են, բնակիչները, բիզնես սեկտորի ներկայացուցիչները և պետությունը։ Յուրաքանչյուրը կարող է հայտ-ծրագիր ներկայացնել Տեղական ակտիվ խմբին (ՏԱԽ), հավանության արժանանալու դեպքում այն կարող է իրագործվել։ Ախթալայում գտնվող պատմամշակութային հուշարձանը փրկելու և տարածքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու նպատակով ծրագրային հայտ է ներկայացրել նաև «Լօզէ» ընկերությունը։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 Տեղական ակտիվ խումբ (ՏԱԽ)։

Այս նախագծի մասին խոսելիս Ախթալայի քաղաքապետ Արկադի Թամազյանը նշում է, որ ձևավորվել է հանձնախումբ, որն իրենց ներկայացրել է ծրագիր, և սկսվել են քննարկումներ։ Այլ մանրամասներ Ախթալա համայնքի ղեկավարը չհայտնեց։

«Կան ծրագրեր, պլաններ, բայց ասեմ՝ քանի որ համայնքն արդեն իսկ խոշորացվում է մի քանի ամսից (Ախթալան խոշորացվել է և, այժմ, Ալավերդու համայնքի կազմում է) , սա արդեն կլինի խոշորացված համայնքի ծրագիր։ Այս պարագայում արդեն իսկ մեր ներկայացրած ծրագրերից շատերը, առաջարկները ժամանակավրեպ կլինեն, որովհետև համայնքը որպես մարմին կարող է գոյություն չունենալ»,- ասում է Արկադի Թամազյանը։

Ինչպես դղյակը ճանաչվեց հանրային գերակա շահ, բայց որոշումը կյանքի չկոչվեց

2012 թվականին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստի որոշմամբ Արամյանցի դղյակն ընգրկվել է նորահայտ հուշարձանների ցանկում։

2016 թվականի դեկտեմբերի 22-ին կառավարությունը որոշում է հուշարձանի պահպանման համար այն ճանաչել հանրային գերակա շահ, սակայն գործընթացը տեղից չի շարժվել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը դա բացատրում է նրանով, որ ամառանոցը 2013 թվականից գրավադրված է եղել «Առէքսիմբանկում», ապա՝ «Արդշինբանկում»։ Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2017 թվականի մարտի 1-ը:

Ըստ նախարարության, դղյակի օտարում տեղի չի ունեցել, քանի որ, բացի գույքի գրավադրած լինելը, ընկերությունը դատական գործերի մեջ է եղել։
«Որոշումը չի հասել տրամաբանական ավարտին մի քանի պատճառներով՝ նախ սեփականատիրոջ բացակայությունը երկրից։ Արխիվային փաստաթղթերից իմանում ենք, որ գույքը գրավադրված է եղել, և բանկի հետ ծագած որոշակի խնդիրների պատճառով՝ ժամկետները բաց են թողնվել։ Այս պահին Արամյանցի տունը հանրային գերակա շահ չի հանդիսանում։ Քանզի Արամյանցի տան գերակա շահի ժամանակն ավարտված է, սեփականատերը լրիվ իրավունքներ ունի դղյակի հանդեպ։ Կարող է ինքը ներգրավել միջոցներ դրա վերականգման և պահպանման համար»,- ասում է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Լուսինե Սահակյանն էլ նշում է, որ գերակա շահ ճանաչելուց հետո շատ ներդրողներ են հետաքրքրվել դղյակով, սակայն կառավարության որոշմամբ այն պետք է գներ պետությունը, և իրենք հնարավորություն չեն ունեցել այլ անձանց վաճառելու։ Միևնույն ժամանակ կողմ են եղել, որ գերակա շահ ճանաչելու գործընթացի արդյունքում այն վաճառվի կառավարության ներգրաված ներդրողին։

«Բանակցություններ են եղել ինչպես պետության, այնպես էլ այլ ներդրողների հետ, որպեսզի կարողանանք պահպանել հուշարձանը։ Սակայն, ցավոք սրտի, պետությունը հայատարարեց, որ ֆինանսական միջոցներ չունի, որ գնի Արամյանցի դղյակը՝ գերակա շահի ճանաչման որոշման շրջանակներում»,- նշեց «Լօզէ» ընկերության ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ իրենք, հասկանալով, որ պետությունը գործընթացն ավարտին չի հասցնում, ներդրողներ են գտել։ Նրանք ցանկանում էին գնել տարածքը և վերականգնել հուշարձանը, սակայն ըստ Լուսինե Սահակյանի՝ պետությունից ստացել են պատասխան, որ գերակա շահ է ճանաչված և այլ անձի չի կարող վաճառվել։

Արամյանցի դղյակ 07.jpg

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով՝ կառավարության այդ որոշումից հետո սեփականատիրոջ հետ բանակցություններ եղել են՝ գնման գործընթաց սկսելու համար։ Սակայն այդ շրջանում ընկերության դեմ եղել են դատական գործեր, բացի այդ՝ սեփականատիրոջ հետ համաձայնության չեն կարողացել գալ ֆինանսական և այլ հարցերի շուրջ։

«Սեփականատերը ինչ-ինչ բաների հետ չէր համաձայնում, և մենք ընդհանուր հայտարարի չեկանք։ Գերակա շահ ճանաչելու ժամկետներն այդքան էլ երկար չէին, բայց մենք մինչև 2018 թվականի գարուն այդ պրոցեսն անընդհատ շարունակում էինք, որովհետև ներդրողները մինչև վերջին վայրկյան պատրաստ էին իրենց ներդրումներն իրականացնել»,- ասում է Արթուր Նալբանդյանը։

Դեռ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Ախթալա և հայտարարել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արամյանցի տունը վերանորոգելու և ներդրումներ կատարելու շուրջ։ Սակայն այդ պայմանավորվածությունն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Հանրային գերակա շահի որոշմանը զուգահեռ սնանակության գործընթաց է սկսվել

Արամյանցի տունը հարակից շենք-շինություններով հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշումից մեկ տարի անց գույքի սեփականատիրոջ նկատմամբ սնանկության վարույթ է սկսվում։ 2017 թ.-ի մայիսի 16-ին «ԷյԷլԷյ» ՍՊԸ-ն դիմել է սնանկության դատարան, որպեսզի «Լօզէ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչեն։ Հայցում նշվել է, որ հաշվապահական ծառայություններ են մատուցվել «Լօզէ» ՍՊԸ-ին, որն ինչ-որ պահից սկսել է չվճարել իրենց ծառայությունների համար։ Պարտքը կազմել է 5 միլիոն 822 դրամ (որից 1 մլն դրամը հաշվարկել են որպես տույժ)։ Դատարանը սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակել։ Մինչ այս սնանկության գործը, 2016 թ.-ին «ԷյԷլԷյ» ՍՊԸ-ն դատարանի վճիռ է ստացել, որ «Լօզէ» ՍՊԸ-ն պարտավոր է հաշվապահական ընկերությանը վճարել 3 մլն դրամ գումար՝ մատուցած ծառայությունների դիմաց։

Սնանկության գործը քննած դատարանը 2017-ին վճռել է «Լօզէ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչել։ Նույն թվականի դեկտեմբերին բողոքարկվել է այս վճիռը, որը բավարարվել է, և գործն ուղարկվել է առաջին ատյան՝ նոր քննության։ Ստորադաս դատարանն այս անգամ մերժել է հաշվապահական ընկերության հայցը։ Հետագա բողոքարկումներն արդյունք չեն տվել, և վերջնարդյունքում, 2021 թ.-ի դրությամբ, «Լօզէ» ընկերությունը սնանկ չի ճանաչվել։

Վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի հրամանով ստեղծվել է գերատեսչական հանձնաժողով, որը պետք է քննարկեր հանրային գերակա շահ հանդիսացող, բայց գործընթացն ավարտին չհասած որոշումները։

Վարչապետի աշխատակազմից մեր հարցմանը պատասխանել են, որ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հուշարձանի փաստացի կարգավիճակի վերաբերյալ մի շարք քննարկումներ է ունեցել։

2019 թվականից այս հանձնաժողովը գործում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ։

Քաղաքաշինության կոմիտեն նշում է, որ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքում որոշվել է առաջարկել ԿԳՄՍ նախարարությանը՝ նախապատրաստել նյութեր, ինչպես նաև՝ ««ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի աշխատանքների, մասնավորապես՝ Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմամշակութային անշարժ հուշարձանի վերականգման և հետագա նպատակային օգտագործման խնդիրների լուծման նպատակով՝ սեփականատիրոջ կողմից հուշարձանի պահպանության և օգտագործման պարտականությունները չկատարելու և այլ իրավախախտումների դատական կարգով լուծել հուշարձանի եւ դրա զբաղեցրած տարածքի օտարումը»։

«Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկելու համար առաջարկվել է «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմամշակութային անշարժ հուշարձանը որպես զբոսաշրջության կենտրոն վերաօգտագործելու եւ դրա հետագա կառավարումն իրականացնելու նպատակով գործարար կազմակերպության ներգրավելու հարցը»,- ասվում է քաղաքաշինության կոմիտեի պատասխանում։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ դղյակի վերականգնման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ «Պետք է կատարվեն դիագնոստիկ աշխատանքներ, որոնք ամիսներ տևող գործընթաց են։ Պետք են բավականին լուրջ մասնագետներ, որպեսզի շենքի վիճակը գնահատեն՝ թե՛ պեղումներ կատարելով, թե՛ փորձաքննություններ իրականացնելով, նաև տարբեր սարքավորումներով ստուգումներ պետք է իրականացվեն, որից հետո նոր պետք է նախագծման աշխատանքներ կատարվեն»,- ասում է Լուսինե Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ այս պահին իրենք փորձում են դղյակի պահպանության և վերականգման համար քայլեր իրականացնել, բայց գերակա շահի որոշումն իրենց խանգարում է։ «Ճիշտն ասած, տարօրինակ իրավական իրավիճակ է ստեղծվել, որովհետև գերակա շահ ճանաչելու որոշումը ոչ ոք չի փոփոխել, այն գործում է, բայց կառավարությունը գտնում է, որ քանի որ որոշումը ժամանակին չի կատարվել, ուստի միգուցե այդ որոշումն այլևս չի գործում, բայց դա այդպես չէ»,- նշում է Սահակյանը։

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Արամյանցի դղյակի վերաբերյալ մեր հարցման պատասխանում նշել է, որ «Բնակելի տուն Միքայել Արամյանցի» հուշարձանը մասնավոր սեփականություն է, ուստի սեփականատերն ինքը պետք է իրականացնի հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝ դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմի հետ։

Վերը թվարկված պարտականությունների մասին սեփականատիրոջը տեղեկացրել է նաև ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտնել է, որ «Լօզէ» ՍՊԸ-ն որևէ առաջարկություն չի ներկայացրել։

Մայիսի 30-ին «Տուրիզմը Հայաստանում» ֆեյսբուքյան խումբը տարածել է հայտարարություն, որում նշում է, որ դղյակի մուտքը բոլորի համար բաց է։ Մուտքավճարներն էլ ուղղվելու են տարածքի բարեկարգմանն ու խնամքին։
Հայտարարությունը տարածել է Անդրանիկ Իսպիրյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հայտարարությունը տարածել է Լուսինե Սահակյանի թույլտվությամբ։ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ դղյակի տարածքում զբոսաշրջիկները կարող են հանգիստ շրջել, բայց դղյակին մոտենալ չեն կարող, քանզի այն վթարային վիճակում է:

Ինչպե՞ս է դղյակը սեփականաշնորհվել

Ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերը վկայում են, որ 1922 թվականին Արամյանցի տունն արդեն պետության սեփականությունն էր։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ այնտեղ հանգստացել են գրողներ և նկարիչներ։

Այնուհետև, դղյակը վերածվել է առողջարանի եւ գործել է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ 1941-1946 թվականներին «Արամյանցի դղյակը» եղել է զինվորական հոսպիտալ, ապա մինչև 1980-ականները՝ հակատուբերկուլյոզային առողջարան։

Կոնֆեդերացիայի նախկին նախագահ Էդուարդ Թումասյանը նշում է, որ անկախանալուց հետո տուրիստական բազաների մի մասը տրվել է պաշտպանության նախարարությանը որպես կացարան, իսկ մյուս մասն էլ՝ սեփականաշնորհման նախարարությանը (ներկայիս Պետական գույքի կառավարման կոմիտե)։

«Մեզանից նախարարությունը գույքը վերցրեց, որովհետև մենք սնանկ վիճակում էինք և ի վիճակի չէինք շահագործել կամ պահպանել այն, իսկ իրենք այդ հարցերը լուծում էին»,- ասում է Էդուարդ Թումասյանը։

1989 թվականին ՀԽՍՀ մինիստրների խորհրդը որոշում է ընդունել Արամյանցի առողջարանի վերաբերյալ։ Որոշումից պարզ է դառնում, որ առողջարանը գտնվում էր ՀԽՍՀ Պետագրոարդի «Հայտնտեսառողջարան» միավորման հաշվեկշռում։ Ըստ այդ որոշման՝ 122.375 ռուբլի 40 կոպեկ հաշվեկշռային արժեքով՝ 150 տեղանոց Ախթալա պանսիոնատը հանձնվում է Տուրիզմի եւ էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդին։ Այն վերանվանվել է «Դեբետ» տուրիստական հանգրվան։

1989-1993թթ.-ին դղյակը տրամադրվել է երկրաշարժից տուժածներին և փախստականներին, իսկ 1993-2001թթ.-ին անվարձահատույց տրվել է ԱԱԾ սահմանապահ զորքերին։ Տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի որոշման մեջ նշված է, որ վերջիններիս դուրս գալուց հետո դղյակն այնքան վատ վիճակում է եղել, որ դրա վերականգնումը և շահագործումն այլևս շահութաբեր չի եղել։

Չունենալով դրամական միջոցներ դղյակի պահպանության համար՝ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը 2001 թվականի նոյեմբերի 20-ին հիմնադրամի սեփականություն հանդիսացող 57.000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Ախթալայի «Դեբետ» տուրիստական հանգրվանի տարածքը սեփականության իրավունքով օտարել է «Մեթլ Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիային։ Վերջինիս համասեփականատերը սփյուռքահայ Սերոբ Տեր֊Պողոսյանն էր։

Շենք-շինությունների (ընդհանուր մակերեսը՝ 3682,3 քմ, հողամասի չափը՝ 27,1 հա, պոմպակայանի՝ շենքի ընդհանուր մակերեսը՝ 25 քմ, հարակից հողամասը՝ 2,9 հա, անասնագոմերի շինությունների ընդհանուր մակերեսը՝ 287,5 քմ, հարակից հողամասի չափը՝ 0,35 հա) համար կորպորացիան վճարել է 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ, ներառյալ 200.000 (երկու հարյուր հազար) դրամ ավելացված արժեքի հարկ։

Ըստ Կադաստրի կոմիտեի տեղեկանքի՝ մեկ ամիս անց կորպորացիան գույքն օտարել է «Լօզէ» ընկերությանը, որի սեփականատերը նույնպես Սերոբ Տեր-Պողոսյանն էր։

Կորպորացիան պարտավորվել էր մարել «Դեբետ» տուրիստական հանգրվանի բոլոր պարտքերը՝ մոտ 4 մլն դրամ, ինչպես նաև վերանորոգել և օգտագործել դղյակը որպես հանգստավայր՝ բացելով նոր աշխատատեղեր, չփոխելով հանգրվանի պրոֆիլը 5 տարի ժամկետով։

Սերոբ Տեր-Պողոսյանն Արամյանցի ամառանոցի ձեռքբերումից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ այն դառնալու է տուրիզմի զարգացման կենտրոն, սակայն վերանորոգել է միայն կառույցներից մեկը և մի քանի նոր շինություն կառուցել, որոնցից մեկում ինքն ապրում էր։

Միքայել Արամյանցի մասին

Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող ու բարերար է, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրը։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Նա Բաքվում Մանթաշյանի հետ զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։

1871-ին Միքայել Արամյանցը տեղափոխվում է Թիֆլիս և սկսում իր առևտրական գործունեությունը:

Կարճ ժամանակ անց՝ ընդամենը 28 տարեկանում, Միքայել Արամյանցն արդեն ուներ իր առաջին միլիոնը:

Դղյակի կառուցման պատմությունը

1898 թվականին Միքայել Արամյանցը վրաց իշխան Բարաթովից Ախթալայում հողամաս է գնում։

Վրաց իշխանը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում: Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով կորցնել կալվածքը` Բարաթովը դիմել է Արամյանցին և նրանից մեծ գումար է վերցրել՝ բանկի պարտքը մարելու համար: Բայց նա այդ գումարն էլ է վատնում և բանկի տոկոսները չի վճարում:

Պետական բանկն այդ ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը: Որպեսզի իր տված գումարը չկորցնի, Արամյանցը վճարում է տոկոսներն ու գնում ողջ տարածքը:

1903-1909 թթ. նա շվեյցարական ոճով դղյակ է որոշում կառուցել այնտեղ։

Արամյանցը Եվրոպայում ճամփորդելիս շվեյցարական Ալպերում տեսել էր մի դղյակ և ցանկանում էր նմանատիպն ունենալ Ախթալայում: Դրա համար նա թիֆլիսահայ ճարտարապետ Մ.Վ. Բուզօղլուն ուղարկում է Եվրոպա, որն էլ հետագայում Ախթալայում կառուցում է դղյակը։ Կալվածքի տարածքում ծառեր է տնկում, դղյակը կահավորում է Եվրոպայից բերած գեղեցիկ կահ-կարասիով, ճոխ սպասքով:

Արամյանցի դղյակ 08.jpeg
Արամյանցի դղյակը, լուսանկարը՝ Վիքիպահեստից, հանրային սեփականություն
Արամյանցի դղյակ 09.jpeg
Միքայել Արամյանցի ընտանիքը, լուսանկարը՝ Վիքիպահեստից, հանրային սեփականություն

Այն, Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի, միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Ցարական Ռուսաստանի օրոք դղյակը Լոռվա ձորում լուսավորություն ունեցող միակ շինությունն էր, իսկ Հայաստանում մեծ թենիսի առաջին խաղադաշտը ստեղծվել է հենց դղյակի տարածքում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիլիթ

Նազարեթյան

Ուսանողներ

Էլեն

Հովհաննիսյան

Ուսանողներ

Արմինե

Դանիելյան

Ուսանողներ

Արփի-Ստեֆանի

Դեմուրչյան