ՏեքստԴեկտեմբեր 24/2022

180 մարդ՝ մեկ հարկի տակ․ հրետակոծության գիշերն առողջարանում

Սեպտեմբերի 13-ի գիշերը Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանում ազատ սենյակ չկար։ Տնօրենը՝ բժիշկ Հովհաննես Հակոբյանն էլ էր ընտանիքի հետ առողջարանում։ Պատմում է, որ երբ ուժեղ ձայն է լսել, կարծել է, թե զինանոցն է պայթել։ Անմիջապես զանգել է ԱԻՆ՝ տեսնելու՝ գուցե իր օգնության կարի՞քն ունեն։ Զանգի ընթացքում շարունակվող ձայներից է հասկացել՝ ինչ է կատարվում․ Ադրբեջանը հրետակոծություն է սկսել։

«Նման պայմաններում ճիշտ գործելը բարդ է, հատկապես որ պատասխանատվությանդ տակ 180 մարդ կա։ Երբ գիշերը դրսից պայթյունի ձայն ես լսում, ի՞նչ պիտի անես, ամենախելամիտ քայլը ո՞րն է․ փախչե՞լը, անտառ մտնե՞լը, դռները փակելն ու պատսպարվե՞լը, թե՞ դանակով, զենքով ինքնապաշտպանվելը»,— ասում է Հովհաննեսը։

Նա չի հիշում՝ այդ օրը շչակի ձայն լսվե՞լ է։ Վստահ էլ չէ, թե դրա կարիքը կար․ պարզ էր՝ ինչ է կատարվում։ Նշում է, որ հյուրերի մի մասի համար պայթյունները սովորական են եղել՝ Տավուշից, Սյունիքից ու Արցախից եկած բուժառուներ կային, խուճապի չեն մատնվել։

Ասում է՝ առողջարանային քաղաքի հրետակոծությունն անսպասելի էր բոլորի համար, բայց աշխատակազմը կարողացել է արագ ինքնակազմակերպվել։ Մշտապես կապ են ունեցել համայնքապետարանի և ոստիկանության հետ։ Հյուրերին տեղափոխել են առողջարանի համեմատաբար անվտանգ հատված՝ պատուհաններից հեռու, կանանց ու երեխաներին իջեցրել են նկուղ։ Բացատրում է՝ դա արվել է մարդկանց վրա հոգեբանորեն ազդելու համար, որ իրենց պաշտպանված զգան։

Հովհաննեսը, անցած օրերը վերհիշելով, արձանագրում է՝ դժվար պահերին մարդիկ լավագույն հատկանիշները դրսևորեցին։ Երբ արդեն հարաբերական անդորր էր, շատերն իրենց մեքենաներով տագնապած հյուրերին տեղափոխեցին անվտանգ վայր։

Հովհաննես Հակոբյան.png
Հովհաննես Հակոբյանը

«Գիտակցմամբ, որ էս պահին զինվորներն էլ մեր սահմանն են պաշտպանում, անթույլատրելի կլիներ խուճապի մատնվելը»,— նշում է տնօրենը։

Այդ օրերից տարբեր պատմություններ է հիշում։ Լսողության խնդիր ունեցող մի կին քնած էր մնացել՝ գիշերային դեպքերից անտեղյակ, ու առավոտյան բողոքել էր, որ ճաշարանի քարտային համակարգից չի կարողացել օգտվել․ ո՛չ գազ կար, ո՛չ լույս։

Նման պայմաններում պետք էր հյուրանոցում մնացած մարդկանց համար ուտելիք պատրաստել։ Առավոտյան նախաճաշ են կազմակերպել։ Խոհարարի հավաստմամբ՝ հյուրերը դժգոհ չեն մնացել։

«Արարատ» առողջարանում հիմնականում վերականգնողական բուժում է իրականացվում։ Բուժումը անավարտ թողած որոշ երեխաներ հոկտեմբերի կեսերից նորից եկել են առողջարան, բայց միջանցքներում մարդկանց շարժ գրեթե չկա։

Հովհաննեսը հասկանում է, թե ինչու մարդիկ առաջվա նման Ջերմուկ չեն գալիս, բայց իրենք աշխատելու են․ կյանքը պիտի շարունակվի։

«Պատերազմի հաջորդ օրվանից պատրաստ էինք աշխատելու։ Այնպես չէ, որ նպատակը բիզնեսն էր։ Ուղղակի հոգեբանական առումով չի կարելի չաշխատել»,— ասում է տնօրենը։

Հեղինակ՝

Ուսանողներ

Նարե

Պետրոսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Կատյա

Մամյան