ՏեքստԴեկտեմբեր 27/2022

Երեք պատերազմով անցած արավուսցին խաղաղություն է ուզում

Արավուս գյուղը Տեղից հետո է, բաժանված են ընդամենը մեկ փողոցով։ Գյուղերը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում են, 2016-ից ընդգրկված են Տեղ խոշորացված համայնքում։

Թամարա Հայրապետյանն ընտանիքով Արավուս է տեղափոխվել 2 տարի առաջ՝ Արցախի Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղից՝ 44-օրյա պատերազմից հետո։ Ասում է․ «Կրակոցների ձայներին սովոր ենք։ Ուր գնում ենք, պատերազմի վտանգը կա։ Էստեղ էլ վախը սրտներումս ենք ապրում»։

Նա չգիտի, թե ուր կգնան, եթե նորից պատերազմ լինի։ Ձեռքով ցույց է տալիս գյուղից վերև երևացող թշնամու դիրքը․ մտահոգված է՝ երևի մեր ամեն շարժը հսկում են։

Արավուս 4.png
Թամարա Հայրապետյան

Ուխտասարից պատերազմի օրերին դուրս են եկել մեքենայով։ Ղեկին եղել է ամուսինը՝ Անուշավանը։ Իրենից, թոռից և ավագ որդուց՝ 24–ամյա Ալենից բացի, Ֆորդում եղել է ևս 7 մարդ՝ հարևան–բարեկամ։ Միասին գնացել են Պատարա՝ կրտսեր որդու՝ Դավիթի ընկերոջ տուն։ Դավիթը դիրքերում էր։ Գիշերը մնացել են այնտեղ։ Հետո իրենք եկել են Արավուս, մյուսները՝ գնացել ծանոթ–բարեկամի տուն։ Անուշավանն էլ կռիվ է գնացել։

Մոր պատմությունը շարունակում է Ալենը․ «Եղբայրս Հադրութում վիրավորվել է, տեղափոխել են Տեղ, ճանապարհին վթարի են ենթարկվել։ Սկզբում հույս չկար, թե կքայլի, բայց փառք Աստծո, Դավիթը հաղթահարեց էդ դժվարությունը»։

Դավիթն ու հայրը հիմա էլ ծառայության մեջ են, սահմանին են։ Թամարան ասում է՝ երբ կրակոցներ են լսում, գնում են սկեսրոջ տուն՝ այնտեղ հարմար նկուղ կա պաշտպանվելու համար։

Տանտիրուհին 13-ամյա թոռան հետ թեյի պատրաստություն է տեսնում։ Ասում է՝ Նինան իրեն շատ է օգնում․ «Աշխատասեր է, լավ ձեռք ունի։ Զբաղվում է տնային գործերով, կարով, երազում է դիզայներ դառնալ։ Դպրոցի լավ սովորողներից է»։ Նինան Թամարայի վաղամեռիկ աղջկա երեխան է։

Շունը՝ անունը՝ Սիրուն, սկսում է հաչել։ Տանը մոտեցող ոտնաձայներ ենք լսում. «Ամուսինս է, սարի գլխից է իջել»,— ուրախ ասում է Թամարան ու գնում նրան ընդառաջ։ Գյուղից երևացող բլրին հայկական հենակետն է, դիմացը՝ թշնամունը։ Եթե մառախուղ չլիներ՝ մենք էլ կտեսնեինք, թե որտեղից է իջել Անուշավանը։

Անուշավանի տեսողությունը վատացել է 44-օրյայից հետո: Կինը հաճախ խնդրում է տանը մնալ, բայց նա հակառակվում է: «Ես Դավիթիս ավելի շատ եմ պետք, դրա համար էլ դիրքերում եմ»։ Հիշում է օրը, երբ իմացավ տղայի վիրավորվելու մասին. «Տեսողությունս էդ ժամանակ գրեթե կորցրի։ Հիմա վատ եմ տեսնում»։

Արավուս 2.png
Անուշավանը պատմում է 44-օրյայի մասին

Ալենը բերում է աչքերի դեղը՝ օգնում կաթեցնել։ Հայրը պատմում է կռվի օրերից, իր և մարտական ընկերների քաջություններից։ Երեք պատերազմի միջով է անցել. «Առաջվա ուժը չունեմ, բայց կռվել կարողանում եմ։ 90-ականներին մեր ջոկատով մինչև վերջ կռվել ենք։ Մինչև առաջին պատերազմը էլի Արավուսում էինք ապրում, կռիվը վերջացավ, գնացի Ուխտասար»։

Չսիրած բանը հայաստանցի–ղարաբաղցի բաժանումն է։ «Ես Ղարաբաղի գրանցում ունեմ, բայց հայ եմ, չէ՞»։

Անուշավանը կյանքում ուրախ օրեր քիչ է տեսել․ առանձնացնում է միայն երկու որդիների ու աղջկա ծննդյան օրերը։ Երազում է, որ տղաների կյանքն ավելի լավը լինի․ «Ուզում եմ տղաներն ամուսնանան, ընտանիք կազմեն։ Խաղաղություն լինի, որ իրենց երեխաները չտեսնեն պատերազմ»։

Ավարուս 3.png
Ձախից աջ․ Ալենը, Անուշավանը, Նինան, Թամարան

Հրաժեշտից առաջ ամուսինները մեզ ուղեկցում են Անուշավանի հոր տուն՝ տեսնելու նկուղը, որտեղ հարկ եղած դեպքում ապաստանում են։ Պատրաստվել են ձմռանը՝ ինչպես կարողացել են․ նկուղում պահածոներ կան, վառելափայտ, արկղերով խնձոր։ «Էս գյուղի վատն էն է, որ հողը բերրի չէ, պիտի համոզես, որ բերք տա»,— ասում է Թամարան։

Արավուս 4.png

Հեղինակներ՝

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Ուսանողներ

Սվետլանա

Մովսիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան