Երևանի դամբարանը, ամրոցը, քարայրը, այգին, բերդը, բլուրն ու բնակատեղին
Գիտեի՞ք, որ Երևանում գոտիավորված 7 հնավայր կա։ Մայրաքաղաքի քարտեզի վրա դրանք դժվար կգտնեք, քանի որ ոչ բոլորն ունեն հստակ գրանցման հասցե և փաստաթուղթ։
Հնավայրերից երեքը՝ «Էրեբունի» թանգարան-արգելոցը, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ են, չորսը՝ Բիայնական դամբարանը, Հրազդանի կիրճի քարայր-բնակատեղիները, Դալմայի այգիները և Ծիծեռնակաբերդի ամրոցը ՝ ԿԳՄՍ նախարարության։ Մատչելի թվացող այս տեղեկատվությունը մենք ստացանք տարբեր գերատեսչություններ ուղարկած 4-5 հարցումից և 10-15 զանգից հետո միայն։
Այս տարածքները ներառված են Հայաստանի հուշարձանների ցանկում, որոնք ավելի քան 25.000 են։ Կան հուշարձաններ, որոնք չունեն փաստաթուղթ՝ վկայագիր։ Կան, որ գտնվում են սեփականաշնորհված տարածքներում, ինչպես, օրինակ, Բիայնական դամբարանը՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։
Հայոց պատմության դասագրքերում էլ այս վայրերի մասին ոչինչ չեք գտնի. Երևանի տարածքում գտնվող այս 7 հնավայրերից դպրոցական դասագրքերում հիշատակում կա միայն «Էրեբունի» արգելոց-թանգարանի մասին:
Հնավայրերի պահպանությունը իրականացնում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ հուշարձանների պահապանների միջոցով։ Յուրաքանչյուր մարզում աշխատում են հուշարձանների պահապաններ, որոնք իրականացնում են որևէ կոնկրետ տարածքի պահպանության և վերահսկողության աշխատանքները. պետք է հետևեն մաքրությանը, կանխեն հնարավոր շինարարությունները, պեղումները տարածքում։ Ծիծեռնակաբերդի հնավայրի պահապանն ասաց, որ հաճախ այդ գործողությունը սահմանափակվում է «հեռվից նայել-դիտարկելով», քանի որ որոշ տարածքներ, օրինակ՝ հենց ամրոցը, դժվար հասանելի են. ավտոմեքենայի ճանապարհ չկա: Մեկ պահապանը պատասխանատու է մի քանի հուշարձանի համար և ֆիզիկապես ուղղակի չի կարող բոլորին նույնքան ուշադրություն և ժամանակ տրամադրել: Հուշարձանների պահպանության նման պայմանները կարող են գայթակղել ոչ մասնագետներին․ եթե նրանք որոշեն գիշերային «պեղումներ» իրականացնել, առավոտյան ոչ ոք, նույնիսկ պահապանները, չեն իմանա այդ մասին։
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ կադրեր չկան․
«Դժվար է պատկերացնել, որ երբևէ այնքան աշխատակիցներ կլինեն, որ հնարավոր կլինի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և վերահսկել 25.000 և ավել հուշարձաններ ամբողջ Հայաստանի տարածքում, բայց մեր պահապանները փորձում են հատուկ գրաֆիկով մշտապես շրջայցեր կատարել»:
«Էրեբունի» թանգարան-արգելոց / 40.140685,44.537988
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968-ի հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևանի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերից՝ Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։
«Էրեբունի» արգելոց-թանգարանում է պահվում մեր քաղաքի «անձնագիրը»՝ Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը՝ Էրեբունի ամրոցի կառուցման մասին։ Ամրոցը կառուցել է Արգիշտի I արքան՝ Ք․ ա․ 782-ին։ Պեղումները, որոշ ընդմիջումներով, տևել են 20 տարի՝ 1930-1950թթ: Երևանը, որպես բերդաքաղաքի ուղիղ ժառանգորդ, համարվում է աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։
«Էրեբունի» արգելոց–թանգարանը Երևանի հնավայրերից «ամենահյուրընկալն» է. 2023-ին 37.182 այցելու է ունեցել։ Նրանցից ոմանք՝ «տիկոները», «բաբոները», տարածքում լինելու մասին գրություն են թողել. հուշարձանի պատերին վանդալիզմի բազմաթիվ հետքեր և մերօրյա գրություններ կան:
Շենգավիթ հնավայր-հուշարձան / 40.156744, 44.476959
Վաղ բրոնզեդարյան Շենգավիթ հնավայր-հուշարձանը գտնվում է Երևանի հարավարևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին: Բնակավայրը հիմնադրվել է մոտ հինգ ու կես հազար տարի առաջ, սկզբնական անունը հայտնի չէ. «Շենգավիթ» է կոչվում հետագայում տարածքում կառուցված թաղամասի անունով։
Հնավայրում առաջին պեղումներն իրականացրել է Եվգենի Բայբուրդյանը՝ 1936-1938 թվականներին։ Պարզվել է, որ բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով և ունեցել է դեպի Հրազդան գետը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի։ Պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։
1968-ին ստեղծվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը, որը գործում է մինչ օրս։
Որոշ գտածոներ պահվում են «Էրեբունի» արգելոցի պահպանության ֆոնդում և Երևանի պատմության թանգարանում:
Հնավայր-թանգարանը գտնվում է Երևանյան լճի հարակից տարածքում, բայց չկա ճանապարհը ցույց տվող որևէ նշան կամ ցուցանակ։ Սգո սրահը և երկու բժշկական կենտրոններն անցնելուց հետո միայն երևում է թանգարանի ցուցափեղկը։
Թանգարանի էքսկուրսավարն ասում է՝ հետաքրքրվածությունը քիչ չէ, տեղեկացվածությունն է ցածր․ մարդիկ չգիտեն հնավայրի մասին։ Թանգարանի աշխատակիցները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջնորդությամբ փորձում են ծրագրեր իրականացնել դպրոցների և կրթական հաստատությունների հետ, արդյունքը դեռ չեն զգում․ թանգարան այցելողները շատ չեն։
Ծիծեռնակաբերդի ամրոց / 40.18783829152259, 44.498715760966526
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շատերն են եղել, բայց քչերը գիտեն, որ այդ տարածքում նաև հնագույն ամրոց կա։ Մինչև ամրոցին հասնելը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ–ի գերատեսչական՝ կառավարական առանձնատներն են․ տարածքը հսկվում է, հետևաբար, ամրոցին մոտենալ չի կարելի։ Մեզ ևս չհաջողվեց մոտենալ և լուսանկարել. ամրոցի լուսանկարը մեզ պատմաբան Հայկ Դեմոյանը տրամադրեց իր արխիվից։
1925-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի կառուցման ժամանակ Հրազդանի ձախ ափին հայտնաբերվել են բրոնզի դարի դամբարաններ։ Ավելի ուշ՝ այլ շինաշխատանքների ընթացքում, գետի աջ ափին՝ բլրի վրա, բացվել են նոր դամբարաններ և բնակավայրերի հետքեր։
1998-ին պեղումներ կատարվեցին Ծիծեռնակաբերդի հնավայրի այն հատվածում, որի հարևանությամբ կառուցվում էր բարերար Վահագն Հովնանյանի առանձնատունը (նա նաև «Վահագնի թաղամասի» հիմնադիրն է): Այն Հրազդանի աջ ափին է՝ Երևանի մանկական երկաթուղու դիմաց:
Գտնված նմուշներից մոտ տասը, որոշ վերականգնումից հետո, հանձնվել են Վահագն Հովնանյանին: Հնագետ Աշոտ Փիլիպոսյանը մասնակցել է պեղումներին։ Ասում է. «Այդ ժամանակ մտածում էինք ու հույս ունեինք, որ բարերարը մի օր միջոցներ կտրամադրի հնավայրի պեղումները շարունակելու համար»: Գտածոները, ըստ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի, որոշ ժամանակ անց պետք է վերադարձվեին։ Դրանց մի մասը, գիտնականի խոսքով, դեռ «Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ» ընտանեկան հիմնադրամի պահպանության տակ է: Հիմնադրամ կատարած մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին, իսկ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում այդ պատմությանն առհասարակ ծանոթ չէին:
Գտածոների մյուս հատվածը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում են՝ չուսումնասիրված, տոպրակների մեջ։ Պեղածոները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում չեն ցուցադրվում, քանի որ, ըստ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի՝ դրանք թեմատիկայից դուրս են։
Ծիծեռնակաբերդի հնավայրն ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Հնագետները կարծում են, որ ամբողջ տարածքը պետք է դառնա մշակութային արգելոց, և պեղումները պետք է շարունակվեն, բայց դրա համար ներդրումներ են պետք։ Քանի դեռ ներդրումներ չկան, հնագետները հողով ծածկել են հայտնաբերածն ու սպասում են:
Բիայնական դամբարան / 40.155205, 44.498545
Մայրաքաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկի՝ «Երևան մոլի» տարածքում է գտնվում Բիայնական դամբարանը՝ հազարամյակների պատմությամբ։ Բրոնզեդարյան է` թվագրված Ք. ա. 8-րդ դարով։ Դամբարանը 1984-ին գտել են շինարարները՝ «Ավտոագրեգատ» գործարանի (ներկայիս «Երևան մոլի») տարածքում աշխատելիս։ Հետո ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները պեղումներ են արել ու պարզել, որ դամբարանը բիայնական է՝ կառուցված հին ու մեծ դամբարանադաշտում:
2014-ին՝ «Երևան մոլի» պաշտոնական բացումից առաջ, դամբարանի մասին խոսակցություններն ակտիվացան։ «Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակիցների օգնությամբ մոլի տնօրինությունը սեփական միջոցներով դամբարանը ռեզերվացրեց, տարածքը բարեկարգեց՝ կենտրոնի հաճախորդներին հնարավորություն տալով գիդի ուղեկցությամբ այցելել դամբարան։
Հետո գիդի հաստիքը կրճատվեց՝ առևտրի կենտրոնի այցելուները դամբարանով հետաքրքրված չէին։ Այսօր դամբարանի դռները բացվում են հազվադեպ՝ զբոսաշրջիկների կամ տարածքով հետաքրքրվող մասնագետների համար՝ առևտրի կենտրոնի անձնակազմի որևէ աշխատակցի ուղեկցությամբ։ Կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով՝ վերջին մեկուկես տարվա այցելուները մենք էինք։
Բիայնական դամբարանը վկայագիր չունի։ Դրան վերաբերող որևէ փաստաթուղթ՝ կնքված «Երևան մոլի» և ԿԳՄՍ նախարարության միջև, չկա։ Կենտրոնը ռեզերվացիան իրականացրել է սեփական միջոցներով։ «Հնարավո՞ր է՝ մի օր էլ որոշեք դամբարանը քանդել»,— մեր այս հարցին «Երևան մոլի» տնօրեն Վազրիկ Սեկոյանը պատասխանեց․ «Երբեք նման բան չի լինի, բայց՝ այո, փաստացի կարող ենք»։
Բիայնական դամբարանից պեղված իրերը ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Թեյշեբաինի ամրոց (Կարմիր բլուր) / 40.153727, 44.451955
Կարմիր բլուր հնավայրը գտնվում է Երևանի հարավարևմտյան արվարձանում՝ բլրի վրա, Չարբախի «փոսի» (տարածքի բնակիչների ձևակերպումն է) հարևանությամբ։
Տեղանքը հետազոտվել է 1936-ի՝ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ։ Բացահայտել են, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված են հնագույն շինությունների քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել է այրված հում աղյուսից։ Հողի գույնով պայմանավորված՝ տարածքն անվանվել է «Կարմիր բլուր»։ Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարերն օգտագործել են շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Բլրի մակերեսից դուրս են եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ, ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ։
Կարմիր բլուրի տարածքում պարբերաբար պեղումներ են իրականացվում, այն համարվում է արգելավայր, որտեղ, սակայն, մուտքն արգելված չէ՝ գոնե գանձագողերի համար։
Հրազդանի կիրճում Երևանյան 1 քարայր / 40.166377396879405, 44.485515615256155
Հին քարի դարի մասին է պատմում «Երևանյան 1» քարայրը։ Այն գտնելու համար պետք է անցնել Երևանյան լճի տարածքում կառուցվող այգով, Ամերիկյան դեսպանատան հարակից տարածքով դուրս գալ այնտեղ, որտեղ Հրազդան գետը թափվում է լիճ, և երկար քայլել հունին հակառակ՝ կոտրված ծառերի ու թփերի միջով։ Հրազդանի կիրճում քարեդարյան վկային հնարավոր է գտնել միայն հնագետի օգնությամբ․ ուղղորդող որևէ նշան կամ ցուցանակ տարածքում չկա։
Քարայրում պեղումներ արվել են 1970-ականներից սկսած։ Հայտնաբերված նյութերը վկայում են, որ քարայրը նախնադարյան որսորդ-քարագործների «արհեստանոց» է եղել։
Հնագետ Բորիս Գասպարյանը կարծում է, որ կիրճում պետք է պեղումներ անել՝ հասկանալու համար դրա պոտենցիալը, «պետք է նորից հասակագրել քարայրը»։ Քարայրում, մասնագետի խոսքով, համակարգված պեղումներ չեն կատարվել, իսկ այն, ինչ բացահայտվել է, ամբողջությամբ չի ներկայացվել։ «Տարիներ են պետք արդեն գտնված նմուշները հավուր պատշաճի ներկայացնելու համար»,– ասում է Բորիս Գասպարյանը։
«Երևանյան 1»–ից բացի, Հրազդանի կիրճում 120-ից ավելի քարայրեր կան․ դրանցից ոչ բոլորն են պեղված ու գոտիավորված, որոշ քարայրեր անգամ հուշարձանի կարգավիճակ չունեն և մնում են չբացահայտված։
Դալմայի այգիներ / Գինու հնձան / 40.178621, 44.482348
Կիսաքանդ շինության մասին հնագետ Արման Նալբանդյանն այնքան պատկերավոր է պատմում, որ մտովի տեղափոխվում ենք 19-րդ դար, հետո՝ մինչև ուրարտական շրջան։
Պետության կողմից պահպանվող հուշարձանի տարածքում շինարարություն սկսելու համար պետք է դիմել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Հնագիտական շերտ հայտնաբերելու դեպքում դիմումը մերժվում է։
2023-ին սկսվեցին Դալմայի այգիների հնձաններից հերթականի՝ 6-րդի պեղումները: Դրանք տևեցին մոտ 3 ամիս. հնագետի խոսքով, կառույցն ամբողջությամբ թաղված էր աղբի մեջ, և ժամանակի մեծ մասը հենց աղբը մաքրելու վրա է ծախսվել:
Միջնորդ պատով անցնում ենք բուն հնձան, որտեղ պատրաստվել է գինին, այստեղ են գտնվել կարևոր նշանակության շատ իրեր, օրինակ, սրվակների հավաքածուն։ Այս սրվակներով, ըստ նախնական ուսումնասիրության, գինի է նմուշառվել։
20-րդ դարավերջին այս հնձանում մարդիկ են ապրել՝ երևի չենթադրելով, որ ուրարտական շրջանում իրենց տանն ինչ-որ մեկը գինի է պատրաստել: Առաստաղը փլուզվելու պատճառով բնակիչները տեղափոխվել են։
Զբոսաշրջության և կրթության արդիականացման անհրաժեշտությունը
Երևանի 7 հնավայրերը ունեցել են տարբեր նշանակություն ու պատմություն, իսկ այսօր ունեն գրեթե միանման խնդիրներ։ Պեղումները մնացել են կիսատ, դրանք ավարտին հասցնելու համար բավարար ռեսուրսներ չկան, հնավայրերի պահպանությունը չի իրականացվում հավուր պատշաճի, հնավայրերի մասսայականացման ու ներկայացման նախադրյալներ անգամ չկան։
Ըստ տուրիզմի մասնագետ Գևորգ Բաբայանի՝ առաջարկվող ցուցադրությունները, օրինակ՝ «Էրեբունի» թանգարան-ամրոցում, Շենգավիթի թանգարանում, հնացած են և ստատիկ, իսկ նոր մտքեր գեներացնելու և հատկապես իրագործելու համար մեծ ռեսուրսներ են պետք, որոնք հուշարձանների պահպանությանը չեն հատկացվում։
«Հինն ու նորը միախառնելու ու նորովի մատուցելու հրաշալի տարբերակներ կան։ Առաջին հայացքից դրանք կարող են տարօրինակ թվալ, բայց արդյունավետ են»,— նշում է Գևորգ Բաբայանը։
Լիլիթ Խաչատուրյանը երկար տարիներ աշխատել է Զբոսաշրջության կոմիտեում, այսօր բլոգեր է։ Պատմում է Հայաստանի գողտրիկ վայրերի ու ճամփորդական խնդիրների մասին։ Ասում է՝ մարքեթինգային փաթեթավորում չունենք։
«Մենք ներկայացնելու շատ լուրջ խնդիր ունենք։ Եվրոպայում հասարակ քարի կտորն այնպես են ներկայացնում, որ շշմում ես, լիարժեք պատկերացնում ես՝ որ ժամանակաշրջանից է, որ տարածքից։ Մեզ նոր մեխանիզմներ, պայծառ մտքեր ու ռեսուրսներ են պետք»:
Կան շահագրգիռ կողմեր, թվում է՝ ուր որ է՝ զբոսաշրջային և կրթական կարևոր կենտրոններ կունենանք, բայց խնդիրները չափազանց շատ են, ռեսուրսները՝ քիչ:
Մեր շատ հնավայրեր քարտեզի վրա գտնելը դժվար է, երբեմն՝ անհնար։ Մենք փորձել ենք հեշտացնել՝ ենթավերնագրերի կողքին նշելով Երևանի յոթ հնավայրերից յուրաքանչյուրի կոորդինատները։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Միլենա
Գևորգյան
Ուսանողներ
Սոնա
Սարգսյան
Ուսանողներ
Մարգարիտա
Շալջյան
Ուսանողներ
Ալիսա
Հարությունյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան