Ֆոտո պատմությունՆոյեմբեր 6/2024

Մահվան մահճին

Այն, ինչ այստեղ գրում եմ, մայրս է պատմել՝ Սյուզաննա Գիգոլյանը։ Նա խնամում էր Արեգ Լուսինյանին. կոմպոզիտորը կյանքի վերջին ամիսներին գամված էր անկողնուն։

1.png

Լուսինյանները մորս ընդունել են սիրով ու հարգանքով, ու քանի որ մայրս բարեխիղճ է և հոգատար, արագ են մտերմացել։ Շփումը ջերմ է եղել նաև կոմպոզիտորի կնոջ՝ Վալենտինա Լուսինյանի հետ:

2.png

Մորս հետ առավոտյան սուրճ են խմել՝ կապուչինո։ Դա Լուսինյանի սիրած ամենօրյա արարողությունն է եղել։ Սննդի հարցում նա խստապահանջ չէր՝ ասում է մայրս. «ուտելու հետ սեր չուներ, ուտում էր դանդաղ, դանդաղ էլ քայլում էր»։

7.png

Կոմպոզիտորը փոքրիկ հուշանվերների՝ տիկնիկների, խաղալիքների հավաքածուներ ուներ, որոնք կամ ինքն էր բերել ճամփորդություններից, կամ նվեր էր ստացել։ Ժամանակ առ ժամանակ հորդորել է դրանք դուրս բերել պահարանից, զգուշորեն մաքրել փոշին ու նորից տեղավորել: Շատ ուշադիր է եղել իր իրերի՝ գրքերի, մեդալների նկատմամբ, իսկ նոտաներն ու փաստաթղթերը պահել է առանձին թղթապանակում։ Վալենտինան ջերմ ժպիտով է հիշում.

«Շատ էր սիրում իր էգոն։ Ամբողջ տունն իր իրերն են, իմ իրերի համար տեղ չի մնացել»:

4.png

Մորս հետ հաճախ են թերթել «Աֆորիզմներ» գիրքը, վերլուծել են, խոսել կյանքի ու մահվան շուրջ։ 89-ամյա Լուսինյանը հաճախ է մահվան մասին հիշել, գրառումներ արել։ Մեկ–մեկ էլ կարդացել է գրածն ու թե՝ ճիշտ խոսքեր են, չէ՞, Սյուզի: Հաճախ չսպասելով պատասխանի՝ շարունակել է միտքը՝ կյանքից տարբեր պատմություններ հիշելով։ Նաև լռել է՝ մորս ձեռքը բռնելով։

Սիրել է, երբ տանը երիտասարդներ են հավաքվել։ Հաճույքով, առանց հոգնելու զրուցել է նրանց հետ՝ մի քանի րոպե մոռանալով տարիքը, ծերությունը։

3.png
8.png

Ինձ բախտ վիճակվեց տեսնել Արեգ Լուսինյանին։ Նա անգամ համաձայնեց, որ նկարեմ իրեն։ Առանց օգնության նա արդեն չէր կարողանում տեղաշարժվել։

Վերջին ամիսներին վիճակը կտրուկ վատացավ, ծերությունը խլում էր կյանքը։ Չէր ուտում, չէր խոսում, քայլերը դանդաղեցին, հետո արդեն սայլակից չէր էլ վեր կենում, տխրությունը պատել էր դեմքը։ Անտարբեր էր դարձել, էլ չէր լսում իր գրած աֆորիզմները, որոնք մայրս կարդում էր։ Աչքերը բացում էր միայն, երբ իր ստեղծագործություններն էին հնչում։ Վայրկյաններ անց արագ փակում էր՝ կոպերը սեղմելով։

9.png.  2022 թ. դեկտեմբեր.png
2022 թվականի դեկտեմբեր

Ես սիրով, բայց տխրությամբ եմ նկարել Արեգ Լուսինյանին, որովհետև գիտեի՝ նա այլևս չի նստելու դաշնամուրի առաջ, երաժշտություն չի գրելու, չի ստեղծագործելու, չի ապրելու… Չնայած նրա ստեղծագործությունները կհարատևեն։

89-ամյա կոմպոզիտորը վախճանվեց 2024-ի հոկտեմբերի 2-ին։

5.png. 1911թ., Ախալցխա, Արեգ Լուսինյանի տատն ու պապը.png
1911թ., Ախալցխա
Արեգ Լուսինյանի տատն ու պապը

Արեգ Լուսինյանի ծնողները եղել են Արևմտյան Հայաստանից, գաղթել են Վրաստան։ Կոմպոզիտորը ծնվել է Ախալցխայի շրջանի Նորաշեն գյուղում։ Փոքր հասակում վարսավիրություն է սովորել: Մի քանի տարի վարսավիրանոցում անցկացնելուց հետո մայրը որոշել է, որ երեխաները բարձրագույն կրթություն պետք է ստանան Հայաստանում:

6.png

Արեգ Լուսինյանն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նա կամերային-գործիքային, վոկալ երկերի, մանուկների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։

10.png

Հեղինակ՝

Ուսանողներ

Էդիտա

Նասիբյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան