aren-nazaryan-memories
ՏեքստՀունիս 4/2023

Հուշերի բերքահավաք իմ գյուղում

Ծանր խոտի տուկերը բեռնատարի թափքի մեջ բարձելը հիշեցնում է ըմբշամարտ՝ այրող արևի տակ։

Եղանից պոկվող ու մեքենան ընկնող տուկը չի հանձնվում․ դրա ծակծկող մասերը, խառնվելով քրտինքի հետ, շարունակում են պայքարը՝ սաստիկ քոր առաջացնելով։

Դեղնավուն վերնաշապիկով, կուրծքը բաց, սպիտակ մորուքով յոթանասունվեցամյա տղամարդը պապս է՝ Բորիսը․ այս գործում նա փորձառու ըմբիշ է։

«Ոսկա՛ն, քշի՛, նստել ենք»,— ասում է պապս փոքր եղբորը։ «Նստել» այս դեպքում նշանակում է մեքենայի դռներից կախված կամ խոտի տուկերի վրա նստած։

«Բորի՜ս, հացը դրել եմ, էկեք»,— կանչում է Ռոզա տատս։ Պապս, եղբայրները ու եղբորորդիները գնում են մի կտոր հաց ուտելու։ Սեղանը լիքն է՝ իսկական գյուղական։ Գյուղի սեղանը հողի ծնունդ է, յոթանասունչորսամյա տատիս ձեռքերի շնորհքը։ Քարի ամրություն ու դարբնի ուժ ունեցող այս տղամարդկանց սեղանակիցը լինելը պատիվ է: Ես ուշադիր լսում եմ նրանց զրույցները՝ անտառների, որսի, աշխարհի մասին, ու պատկերացնում եմ մի իրականություն, որը, թվում էր՝ էլ չկա։

Մեր տունը գյուղի հակառակ կողմում է, բայց գյուղն ինձ համար սկսվում է հենց մեր փողոցից, որը հայտնի է «Նզարանց թաղ» անունով։ Փողոցի բնակիչների մեծ մասը Նազարյաններն են՝ մենք ենք։ Այդ թաղը իմ մանկության և պատանեկության անբաժանելի մասն է, որը հիմա մռայլվել է, դատարկվել. տատս մահացել է, պապս տարիքն առել ու, ինձ նայելուց, զգում է, որ հարազատներ ենք, հետո հիշում՝ թոռն եմ։ Գյուղը մռայլ է, տների տանիքներն ու պատերը մոխրագույն են և հին, իսկ մարդկանց դեմքերը տխրության կենդանի դրոշմներ են։

Իմ գյուղն իմ մտքում է՝ ոչ ֆիզիկական մի գոյություն, որտեղ ես փոքր եմ, տատս ողջ է ու հացի կեսով պատրաստած բրդուճը ձեռքին՝ ինձ է կանչում, ու պապս՝ քարակերտ ու խստահայաց, բայց բարության մարմնավորում։

Հեղինակ՝

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան