Հայաստանի մոռացված գյուղերը՝ արցախցիների վերաբնակեցման հնարավոր հասցեներ
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը արգելափակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 10 ամիս տևած շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծվեց։
Հետք Մեդիա Գործարանի մի խումբ ուսանողներ շրջափակման 6-րդ ամսում սկսեցին ուսումնասիրել փոքրաթիվ բնակչություն ունեցող հայաստանյան գյուղերը։ Ծրագրի նպատակն էր «գույքագրել» Հայաստանի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը, ներկայացնել դրանց աշխարհագրությունը, ռեսուրսները, ենթակառուցվածքները, մարդկանց կյանքը, բնակչության դինամիկան։ Փորձում էինք նաև հասկանալ՝ արդյոք դիտարկվո՞ւմ են այս գյուղերը արցախցիների հնարավոր վերաբնակեցման համար, և ինչ է արվում այդ ուղղությամբ։
Հայաստանում կա 953 գյուղ, որոնցից 122-ը՝ գրեթե 13%-ը, կա՛մ չունեն բնակչություն, կա՛մ ունեն 100-ից պակաս բնակիչ։
Ծրագրի առաջին փուլն սկսեցինք Վայոց ձորից։ Մարզում կա 100-ից պակաս բնակիչ ունեցող կամ դատարկված 12 գյուղ. Վայք համայնքում՝ Կապույտ, Նոր Ազնաբերդ, Հորադիս, Ախտա, Ուղեձոր, Արենի համայնքում՝ Գնիշիկ, Մոզրով, Ամաղու, Եղեգիս համայնքում՝ Սևաժայռ, Արատես, Գետիկվանք, Կալասար։
Կարդացեք նաև՝ Վայք համայնքի մասին
Վայոց ձորի մարզ, Արենի համայնք
Արենիում եղել ենք Գնիշիկ և Մոզրով գյուղերում, որտեղ գումարային մինչև 100 մարդ է ապրում։ Անմարդ ու անճամփա Ամաղու չկարողացանք գնալ։
Հունիսին մեզ տված հարցազրույցում, որպես Գնիշիկ և Մոզրով գյուղերի գլխավոր խնդիր, համայնքի ղեկավարի օգնական Գագիկ Հովսեփյանը նշել էր քարուքանդ ճանապարհը։ Հիմա հիմնանորոգում են Գնիշիկ-Ագարակաձոր ճանապարհը։ Այս գյուղերում ջրի խնդիր չկա։ Երկու գյուղերն էլ չունեն դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, խանութ, գազ։ Գնիշիկում երեք հյուրատուն է գործում․ զբոսաշրջիկները սովորաբար գալիս են տեսնելու Մոզրովի քարանձավը, Գնիշիկի՝ 9-13-րդ դարերում կառուցված եկեղեցին, խաչքարերը, հազարաշեն տների փլատակները։ Արենի համայնքի ղեկավարի օգնականը գյուղերի զարգացման հեռանկարը պայմանավորում է տուրիզմի զարգացմամբ։
Հատված Գագիկ Հովսեփյանի հետ զրույցից․ հունիս, 2023թ․
— Գնիշիկը և Մոզրովը դիտարկո՞ւմ եք որպես արցախցիներիի հնարավոր վերաբնակեցման հասցեներ, այդ ուղղությամբ աշխատանքներ արվո՞ւմ են։
— Գնիշիկում տնամերձ տարածք ենք առանձնացրել նրանց համար։ Աստված չանի, նման բան լինի, իրենց կտանք, պետության օգնությամբ տներ կկառուցեն, կապրեն։
— Դատարկ տները դիտարկո՞ւմ եք։
— Քանի որ դատարկ տները սեփականատերեր ունեն, ոչ մի խոսակցություն չկա այս պահին։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց շրջափակված Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Սեպտեմբերի 20-ին հրադադար կնքվեց՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծման և զինաթափման պայմանով։ Բնակչությունը բռնի տեղահանվեց, և սկսվեց արցախցիների մեծ հոսք դեպի Հայաստան։ Սեպտեմբերի 29-ին ժամը 20:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված ավելի քան 98 հազար անձ։
Վայոց ձորի Արենի համայնքում, սեպտեմբերի 29-ի տվյալներով, 244 տեղահանված է գրանցվել։
Կոռնիձորի կայանից հետո տեղահանվածները հաշվառվում են Գորիսի կամ Վայքի հաշվառման կենտրոններում։ Նրանց կարիքները Վայքում գնահատելուց հետո Արենիի համայնքապետարանից ճշտում են, թե քանի տեղահանված ընտանիք կարող են տեղավորել։ Արենի համայնքում հյուրատները քիչ են։ Երբ արցախցիները գալիս են, նրանց ուղեկցում են հյուրընկալող ընտանիքներ։ Համայնքն է որոշում՝ որ ընտանիքին ուր տանել․ կարևոր է, որ հյուրընկալող ընտանիքը գույքով, սննդով և այլ պայմաններով կարողանա ապահովել տեղահանվածներին։ Սննդի մի մասը համայնքապետարանն է հոգում: Որոշ ընտանիքների տեղավորել են դատարկ, բայց գույք ունեցող տներում՝ հիմնականում Արենի, Արփի, Ռինդ, Ելփին, Չիվա բնակավայրերում։
Տեղահանվածների հոսքը շարունակվում է։ Եղել են դեպքեր, երբ եկածները չեն հարմարվել գյուղի պայմաններին, մեկ գիշեր են մնացել, հետո սեփական նախաձեռնությամբ տեղափոխվել են այլ բնակավայրեր։
«Անխտիր բոլոր այն անձանց, որոնք Լեռնային Ղարաբաղից տեղափոխվում են ՀՀ, Կառավարությունը առաջարկում է այս պահին ժամանակավոր կացության վայրեր։ Այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են այդ վայրերից, միանգամից տեղափոխվում են իրենց ցանկացած, իրենց մատնանշած կեցության վայրեր, բայց մենք հետադարձ կապ պահելու ենք, որպեսզի հաջորդիվ կարիքների գնահատում իրականացնենք և կարողանանք այս մարդկանց խնդիրները վեր բարձրացնել, հստակ լուծում տալ»,— վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան։
Տեղահանվածներից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից միանվագ 100 հազար դրամ է հատկացվելու։
Տեղահանվածների առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 360 մլն դրամ է հատկացվել մարզպետարաններին, որից 50 մլն դրամը՝ Վայոց ձորին։
Հատված Արենի համայնքում տեղահանվածների հարցերի շտաբի պետ Մհեր Ասատրյանի հետ զրույցից․ 28 սեպտեմբերի, 2023թ.
— Համայնքապետարանը ի՞նչ աշխատանքներ է իրականացնում, որ մարդիկ տնավորվեն, հետագայում ապրեն համայնքում։
— Այս պահին համայնքապետարանի առաջնահերթ խնդիրը մարդկանց կեցավայրով ապահովելն է։ Ներհոսքի ավարտից հետո կմտածենք հետագա ծրագրերի մասին։ Հեռանկարում նման մտքեր ունենք։
Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արենիում հաշվարկել են ու պարզել՝ համայնքում կարող են ընդունել առավելագույնը 500 մարդու։
Գնիշիկում և Մոզրովում այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանվածներ չկան, բայց նրանց համար Մոզրովում՝ 7, Գնիշիկում 14 դատարկ տուն են առանձնացրել։ Դրանց դռները, ավելի քան 10 տարի, չեն բացվել։ Տների մեծ մասը, մինչև բնակեցնելը, պետք է նորոգել։
Այս պահին հիմանորոգվում է Գնիշիկ-Ագարակաձոր ճանապարհը։ Շինաշխատանքներով պայմանավորված՝ առավոտից երեկո ճանապարհը փակ է։ Գյուղ տանող մյուս՝ Արփի-Մոզրով-Գնիշիկ ճանապարհը տարեսկզբի սելավներից հետո չի բարեկարգվել, թեթև մարդատարների համար անանցանելի է։
Համայնքի ղեկավարի օգնական Գագիկ Հովսեփյանի խոսքով՝ տեղահանվածներին կեցավայրեր են առաջարկում նաև Գնիշիկում, բայց համայանքապետարանից հստակ ուղղորդում չի արվում՝ ճանապարհի շինաշխատանքների և ենթակառուցվածքների բացակայության պատճառով։
Ներկայացնենք, թե ինչ կա Արենի համայնքի 100-ից պակաս բնակիչ ունեցող կամ դատարկված գյուղերում, ինչ առաջնային խնդիրներ ունեն այստեղ ապրողները։
Ամաղուն ընկուզենիներով, տանձենիներով, այլ պտղատու ծառերով հարուստ գյուղ է եղել։ 90-ականների «մութ ու ցուրտ տարիներին» բոլոր ծառերը հատվել են։ Գյուղն ամայի է, ուրվագծվում են միայն տների հիմնաքարերը։
Գնիշիկ և Մոզրով գյուղերում գրանցված է 170 մարդ, փաստացի, Գնիշիկում ապրում է 34, Մոզրովում՝ 60 մարդ։
Մոզրովի 33 տներից միայն 6-ն ունեն մշտական բնակիչներ։ Ամռանը գյուղում մինչև 10 ընտանիք է լինում, ցրտերն ընկնելուն պես գնում են Արփի՝ մարզկենտրոնին ավելի մոտ։ Հունիսի մեր այցելության ժամանակ դպրոցը դեռ գործում էր՝ երկու աշակերտով և երկու ուսուցչով։
«Գյուղում 28 տուն կա, ապրող չկա։ Կարելի է ինչ-որ ճամբարներ ստեղծել, տուրիստական կետեր, տնակներ։ Այ, այս տները վերցնեն, կառուցեն, որ ընտանիքներ գան, որ աշակերտ լինի, որ գյուղը լինի»,— ասում էր դպրոցի 33 տարվա տնօրեն Արամ Մելքոնյանը։
Նախորդ երկու տարիներին դասերը հեռավար են եղել՝ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչների հետ։ Երկու աշակերտներից մեկն այս տարի 9-ամյա դպրոցն ավարտել ու տեղափոխվել է Արփիի ավագ դպրոց, իսկ մեկ երեխայի համար դպրոցն էլ չի գործում։ 8-րդ դասարանցի Գևորգ Մուրադյանը հաշվառվել է Արփիի դպրոցում։ Մոզրովից Արփի 11 կմ քարուքանդ ճանապարհով ծնողներն ի վիճակի չեն ամեն օր տանել-բերել, իսկ համայնքապետարանի բյուջեով տրանսպորտային միջոց նախատեսված չէ։ Արփիի դպրոցի հետ պայմանավորվել են, որ Գևորգը դասերին հեռավար մասնակցի, բայց տեխնիկական խնդիրներ են լինում և դասերի մի մասը Գևորգը բաց է թողնում։
Դիտեք նաև Մոզրովի վերջին ուսուցիչների պատմությունը՝ Զանգակն ու բամբակը
Ձմռանը Գնիշիկում համարյա մարդ չի մնում։ Տարիներ շարունակ գյուղի անլուծելի խնդիրն այս տարի լուծում կստանա. Կառավարությունը հիմնանորոգում է Ագարակաձոր - Գնիշիկ 18 կմ ճանապարհի 12 կմ-ը։
Գնիշիկ գյուղը պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է։ Վերջին անգամ դատարկվել է 1960-ականներին՝ սողանքի պատճառով, բնակչությունը տեղափոխվել է Արփի և նորաստեղծ Մոզրով գյուղեր։
Արենի համայնքի ղեկավարի օգնական Գագիկ Հովսեփյանը վստահեցնում է, որ գյուղում այլևս սողանքներ չկան։
Ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի նոյեմբերին։ Գնիշիկը Մոզրովին կապող 3 կմ խճապատ ճանապարհը այս ծրագրից դուրս է մնացել. այստեղ աշխատանքներ են նախատեսվում 2026-ին։
Գնիշիկը Վայոց ձորի մեր այցելած միակ գյուղն էր, որ ոչ թե դատարկվում էր, այլ լցվում (մինչ արցախահայության բռնի տեղահանումը)։ 2022 թվականից 27 տնամերձ հողակտոր է վաճառվել գյուղում։ Մեկ հողակտորի մակերեսը միջինը 600-800 քմ է, արժեքը՝ 60-120 հազար դրամ։ Միակ պայմանը՝ 5 տարվա ընթացքում հողամասում պետք է որևէ շինություն կառուցվի։ Չափագրած ևս 8 հողակտոր կա, դրանց աճուրդի հայտարարությունը համայնքապետարանի էջում կտեղադրվի առաջիկա ամիսներին։
Գնիշիկում 1970-ականներից հետո առաջին տունը կառուցել է նախկին գյուղապետ Արայիկ Լևոնյանը։ 2018-ին 1200 քմ հողակտոր է գնել։ Շինարարությունը ամբողջությամբ դեռ չի ավարտել։ Բանկից 22 մլն դրամ վարկ է վերցրել, որովհետև Գնիշիկում տուն կառուցելը, մայրուղուն մոտ բնակավայրերի համեմատ, ավելի թանկ է՝ գյուղը բարձր լեռնային է, ճանապարհն էլ, մինչ հիմնանորոգումը, քարուքանդ էր։
«Եթե մեկ մեքենա ավազը Արենիում արժե 30 հազար դրամ, Գնիշիկ հասնելուց հետո դառնում է 60 հազար»,— ասում է Արայիկ Լևոնյանը։
2014-ից Կառավարությունը իրակականացնում է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու աջակցության ծրագիր։ Շահառուն բանկից կարող է ստանալ մինչև 16 միլիոն դրամ վարկ՝ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, և ամբողջ վարկը մարում է պետությունը։ Եթե վարկի չափն ավելին է, տարբերությունը՝ ամսական վճարումներով, փակում է շահառուն։ Ծրագրից կարող է օգտվել Հայաստանի ցանկացած ընտանիք՝ անկախ բնակության վայրից։ Պարտադիր պայման է, որ տունը կառուցվի կամ կառուցապատումը շարունակի սահմանամերձ բնակավայրում։ Տան կառուցման ժամկետը 3 տարի է։ Ծրագիրը գործելու է մինչև 2024-ը։
Բայց Գնիշիկն այս ծրագրից դուրս է՝ չնայած, որ սահմանամերձ է։ Աջակցությունը ստանում են ոչ թե սահմանամերձ 186 բնակավայրերը, այլ, Կառավորության N 1444-Ն որոշմամբ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված 32 բնակավայրերը։ (*)
Գնիշիկում հողակտոր է գնել նաև Ռազմիկ Վարդանյանը՝ արմատներով Գնիշիկից է, բայց ծնվել է Արփիում։ Շինարարությունը դեռ չի սկսել.
«Մոտ 1000 քառակուսի մետր հող եմ վերցրել, դեռ հնարավորություն չունեմ շինարարություն սկսելու։ Եթե հնարավոր լինի գյուղը ներառել այդ ցանկում, շատ արագ շինարարություն կսկսվի, գյուղը կվերականգնվի։ Եթե տուն լինի, ապրող էլ կլինի։ 40-50 ընտանիք լինի, դպրոցը կբացվի, գյուղը կապրի»։
Գյուղերում խնդիրները փոխկապակցված են. դպրոցները, մանկապարտեզները, մյուս ենթակառուցվածքները փակվում են, որովհետև բնակչությունը քիչ է։ Մարդիկ էլ չեն ուզում ապրել այնտեղ, որտեղ տարրական ենթակառուցվածքներ չկան։
Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Խարազյանի
Շարունակելի
(*) Նյութի նախնական տարբերկում կար «Գնիշիկի բնակիչներն օգտվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոս զեղչից, հողի և անշարժ գույքի հարկից ազատված են, բայց տուն կառուցելու հարցում պետությունը չի աջակցում», որը խմբագրվել, հեռացվել է անճշտության պատճառով։
Նյութում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել Հայաստանում ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և DT Global-ի տեսակետների հետ։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Անուշ
Մկրտչյան
Ուսանողներ
Ժաննա
Բեքիրյան
Ուսանողներ
Էմիլյա
Հոսյան
Ուսանողներ
Արեն
Նազարյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Սարգիս
Խարազյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Կատյա
Մամյան
Դասախոսներ
Ստեփան
Խաչատրյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան
Թիմ
Լիլիթ
Թարխանյան
Թիմ
Դաթո
Աբուլաձե